Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Սփյուռքում դրանից բխող հետևանքների վերաբերյալ պաշտոնական նամակ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ գեներալ Ռումեն Ռադեվին, Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին, Արտաքին Գործերի նախարար, փոխվարչապետ Էկատերինա Զախարիեվային, Ազգային Ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեվային, Բուլղար Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտին, Դավանանքների Տնօրինության տնօրեն Էմիլ Վելինովին:
Այս մասին հայտնում են Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից։
Հայտարարությամբ հանդես է եկել նաև «Բուլղարիայի հայ համայնք» ընկերակցությունը՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեվին ուղղված նամակը
Մեծարգո նախագահ
Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Ադրբեջանական իշխանությունները, չնայած համավարակի հետևանքվ ստեղծված համաշխարհային նոր իրադրությանը, մի քանի օր շարունակ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացրեցին Հայաստանի հետ սահմանին, ինչի հետևանքով երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:
Մենք ոչ միայն խստորեն դատապարտում ենք ադրբեջնական կողմի ագրեսիան և ռազմաշունչ, հայատյաց հայտարարությունները, այլև կոչ ենք անում Բուլղարիոյ և համայն Եվրոպայի հոգևոր, քաղաքական, պետական ու դիվանագիտական ներկայացուցիչներին արձագանքել ու դատապարտել Ադրբեջանին և իր աջակից Թուրքիոյ իշխանությունների ցանկացած ռազմական գործողություն կամ պատերազմ հայ ժողովրդի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության, ձախողման և տիրող ճգնաժամի մասին:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։
Ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը, ինչն անթույլատրելի է: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ գործողություն ստանալու է իր համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Մենք հույս ունենք, որ այս պահին տիրող հարաբերական անդորրը կշարունակվի, բայց միևնույն ժամանակ վստահ ենք, որ պատերազմի վերսկսման պարագային ռազմական գործողություններն ավարտվելու են բացառապես հակառակորդի տարածքում:
Իբրև քաղաքակիրթ ազգ, Մենք դեմ ենք այդ ճանապարհով խնդրի կարգավորմանը և կոչ ենք անում միջազգային հանրությանը զսպել Ադրբեջանի ագրեսիան, կոշտ արձագանքել և խնդիրը բերել բանակցությունների սեղանի շուրջ: Հայկական կողմը խաղաղության երկխոսությունից դուրս այլընտրանք չի տեսնում և համոզված է, որ դա է ճգնաժամի կարգավորման միակ և ճշմարիտ ճանապարհը: Հուսով ենք, որ ոչ միայն Բուլղարիոյ իշանությունները, այլ նաև համայն քաղաքակիրթ աշխարհը կարձագանքի և իր գնահատականները կտա ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծման, ռազմատենչ հայտարարությունների և տարածաշրջանում արհեստական լարվածություն, պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու և պատերազմ հրահրելու համար:
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ և Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ, չենք կարող չբարձրաձայնել մեր անհանգստությունն ու մտահոգությունը մի հանգամանքի առիթով, ինչը չպետք է լռությամբ անտեսվի: Մենք միանշանակորեն չենք կարող ընդունել որոշ հայտարարություններ, որոնք բուլղարական լրատվամիջոցների միջոցով կատարում է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունը և հայերի հանդեպ ատելության և բացասական վերաբերմունք սերմանելու փորձեր են արվում՝ ներկայացնելով նրանց որպես ագրեսորներ և օկուպանտներ: Չենք կարող հանգիստ և լռությամբ ընդունել այն պնդումները, որ հայեր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի քրիստոնեական ժառանգությունը «հայկականացնում են» կամ որ դրանք ոչնչացնում են: Դա ոչ այլ ինչ է, քան պատմական փաստերի անամոթ խեղաթյուրում և հասարակական կարծիքի մանիպուլյացիա: Բավականաչափ հին աղբյուրներ կան, որոնք հաստատում են այսօրվա Արցախի (Ղարաբաղի) տարածքում գտնվող բոլոր վանքերի և եկեղեցիների հայկական էությունը, ինչը անհնար է վիճարկել: Եվ դրանցում ոչ մի տեղ չի նշվում, որ այս հայկական սրբավայրերը եղել են կամ ադրբեջանական են: Որպես հոգևորական, որպես հայ ժողովրդի մաս կազմող մի անձնավորություն, որի երկիրը աշխարհում առաջինն էր, ով ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, զզվանք ենք զգում նման անհեթեթ հայտարարություններից: Եվ մենք հավատում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է բարձրաձայն ասել, որ ոչ ոք իրավունք չունի յուրացնելու ուրիշի մշակութային ժառանգությունը կամ շահարկելու հասարակական կարծիքը՝ խեղաթյուրելով կամ կեղծելով պատմությունը: Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք, որ թույլ չտրվի, որպեսզի դա տեղի ունենա՝ օգտագործելով բուլղարական լրատվամիջոցները:
Մեր երկու քրիստոնյա ժողովուրդները ոչ միայն կիսել են ընդհանուր պատմական ճակատագիր, այլ նաև ունեն շատ սերտ, բարեկամական, ապացուցված ջերմ հարաբերություններ բոլոր ոլորտներում: Եվ այսօրվա աշխարհում չկա ավելի արժեքավոր բան, քան բարի կամքը, մաքուր բարեկամությունը և ճշմարտությունը: Եկեք դրանք պահպանենք:
Աղոթում ենք անցնող օրերին նահատակված Մեր հերոսների հոգիների համար, հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց ընտանիքներին: Միևնույն ժամանակ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
Թող Աստված խաղաղ ու անառիկ պահի Հայաստան և Արցախ աշխարհները, Բուլղարիոյ Հանրապետությունն ու բուլղար բարեկամ ժողովրդին:
«Բուլղարիայի Հայ Համայնք» Ընկերակցության
ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
«Բուլղարիայի Հայ Համայնք» Ընկերակցությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի ծայրահեղ ագրեսիան և հաստատված զինադադարի կոպիտ խախտումը: Հերթական անգամ փորձ է արվել հարձակվել հայկական ինքնիշխան տարածքների վրա. այս անգամ հյուսիսարևելյան հատվածում Տավուշի մարզի ուղղությամբ: Հակառակորդը հանդիպել է Հայկական բանակի կոշտ հակադրությանը և ետ շպրտվել: Երկու կողմից էլ պատճառվել է ծանր կորուստներ՝ մարդկային և նյութական: Ցավոք սրտի ադրբեջանցիները չեն դադարեցրել իրենց հարձակումները և այն ուղղել են հայ խաղաղ բնակչության դեմ, որոնք ապրում են այդ տարածաշրջանում:
«Բուլղարիայի Հայ Համայնք» Ընկերակցությունը դիմում է Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը և երկրի այլ պետական կառույցներին, նրանց ուշադրությունը սևեռելով շարունակվող ագրեսիայի վրա, ինչպես անկախ և ինքնիշխան մի պետության սահմանային գոտում, այնպես էլ նրա խաղաղ բնակչության հանդեպ: Ցավոք սրտի այդ ամբարտավան կեցվածքը ներմուծվում է նաև մեր երկիր Բուլղարիա՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանության ծայրահեղ անընդունելի գործողությունների միջոցով: Օգտագործելով ստեղծված իրավիճակը ներկայացվում են ակնհայտ կեղծիքներ, խեղաթյուրվում են պատմական փաստերը և չարաշահվում են քրիստինեական սրբությունները, դրանք հայտարարվելով ադրբեջանական: Անողոք կերպով յուրացվում են դարավոր հայկական տաճարները, տարածելով կեղծիքներ, որոնք յուրաքանչյուր տեսակետից հնչում են անհեթեթ: Առկա է նաև անմիջական և միջնորդավորված ճնշում բուլղարական անկախ լրատվամիջոցների վրա իրադարձությունների ներկայացման առումով, ինպես նաև Բուլղարիայի պետական հաստատությունների վրա:
Սույն Հռչակագրով դիմում ենք նաև բուլղարական լրատվամիջոցներին պահանջելով, որ իրադարձությունները չներկայացվեն միայն մեկ կողմի տեսանկյունից, լինեն անկողմնակալ և փնտրեն Բուլղարիայում ապրող հայերի տեսակետը:
Աղբյուր` yerkirmedia.am