Տարիներ առաջ մասնակցում էի ուսուցիչների համար նախատեսված մի վերապատրաստման, ուր հարգարժան դասախոսը, խոսելով երեխայի դաստիարակության մասին, իր ասածները հիմնում էր օտարազգի հոգեբանների, հոգեբույժների, մանկավարժների կարծիքների վրա: Իհարկե, հետաքրքիր էր, սակայն այդ պահից իմ մեջ նեղվեց Հայը և որոշեցի կատարել մի փոքրիկ ուսումնասիրություն:
Գրադարանից վերցրեցի հայ մանկավարժների գործերը և սկսեցի կարդալ: Եվ ուսումնասիրում էի միայն աշխարհիկ մանկավարժներին՝ բաց թողնելով պատվարժան հոգևորականների գործերը՝ խնդրի մասին համակողմանի հիմնավորումներ ունենալու համար:
Խաչատուր Աբովյան, Մեսրոպ Թաղիադյան, Նիկողայոս Զորոյան, Սեդրակ Մանդինյան, Ստեփանոս Նազարյան, Ղազարոս Աղայան: Անուններ, որ հայ մարդուն, ասելիք ունեն միշտ:
Ուրախալի էր, որ թվարկածս վաստակավոր մանկավարժների մոտ կարմիր թելի պես ձգվում է մի գաղափար՝ երեխայի, պատանու, երիտասարդի մեջ պետք է սեր սերմանել Արարչի նկատմամբ:
Խաչատուր Աբովյանը կարծում է, որ երեխան պետք է իմանա, որ ամեն բան Աստված է ստեղծել, երեխան պետք է երկյուղ ունենա Աստծուց, ամեն առավոտ արթանալուց հետո պետք է աղոթք անի՝ շնորհակալություն հայտնի Նրան և համբուրի ծնողների ձեռքերը, եկեղեցի հաճախի և մասնակցի հոգևոր արարողություններին: Աբովյանը գրում է. «Միտքդ բեր միշտ, սիրելի երեխա, որ Աստված քո գործը միշտ տեսնում ա և գիտե: Կուզե՞ս որ նրա քաղցր աչքիցն ընկնիս»:
Աստծու հանդեպ երկյուղը կարևորում է Մեսրոպ Թաղիադյանը: Նա գրում է. «զո՞ր երջանկութիւն կարիցեն տալ մահացուք, եթէ անհրահանգ պահելով զզաւակունս իւրեանց ի գիտութենէ Սուրբ Գրոց` զրկիցեն զնոսա ի փառաւոր աստուածախօսութեանց յաստի կեանս, և յԱստուծոյ միանգամայն ի հանդերձեալսն»:
Ըստ Նիկողայոս Զորոյանի երեխայի նախնական կրթության մեջ մտնում են. «կարդալ, գրել, թվել, կրոնք, բարոյական, ազգային պատմություն…»:
Ստեփանոս Նազարյանը վստահ է, որ պետք է երեխայի մեջ սերմանել «կրոնապաշտությունը»` առավոտյան և երեկոյան եկեղեցու ժամերգությանը մասնակցելով, հացից առաջ և հետո աղոթելով, որպեսզի երեխան տեսնի, որ ծնողները կատակ չեն անում, այլ լուրջ են: Երեխան պետք է իմանա, որ գոյություն ունի գերագույն Հայր, որ սիրում է մարդուն, և որ իր ծնողներն էլ Նրա օրինակին են հետևում:
Վերջապես յուրաքանչյուր հայի կողմից շատ սիրված և ընթերցված մանկավարժ, հեքիաթագիր Ղազարոս Աղայանը գրում է, որ քանի որ մարդը յուրօրինակ եռամիասնություն է՝ կազմված մարմնից, մտքից և հոգուց, ուստի պետք է կրթել այդ երեքը հավասարապես, « որպեսզի նա լինի ուժեղ, խելոք և առաքինի»:
Այս փոքրիկ անդրադարձն ունեցա, քանի որ այսօր, ցավոք սրտի, քննարկման սեղանին է դրված դպրոցներից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հանել-չհանելու հարցը: Եվ կարծում եմ՝ որոշում կայացնելուց առաջ հարկ է հարցնել Խաչատուր Աբովյանի, Մեսրոպ Թաղիադյանի, Նիկողայոս Զորոյանի, Սեդրակ Մանդինյանի, Ստեփանոս Նազարյանի, Ղազարոս Աղայանի տեսակետերն ու կարծիքները:
Աստված օրհնի ամենքիդ, առողջ եղեք: