ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցել է 120-ից ավելի պաշտոնական հանդիպումներ եկեղեցական ու պետական բարձրաստիճան պատվիրակությունների, ազգային, հասարակական և մշակութային գործիչների հետ:
ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿՆԵՐ, ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԳՐԵՐ
2019 թվականին հրապարակվել է Հայրապետական 41 կոնդակ, որոնցից 4 կոնդակով Արքության պատիվ է շնորհվել Գերշ. Տ. Մովսես արք. Մովսիսյանին, Գերշ. Տ. Սիոն արք. Ադամյանին, Գերշ. Տ. Միքայել արք. Աջապահյանին և Գերշ. Տ. Սահակ արք. Մաշալյանին, 5 կոնդակ՝ «Ս. Գրիգոր Լուսավորիչ», 7-ը` «Ս. Սահակ-Մեսրոպ», 25-ը` «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանների տվչության առիթով:
Շնորհվել է Հայրապետական 73 օրհնության գիր, խոսքեր են հղվել ազգային և պետական տոների, միջեկեղեցական հանդիպումների և մի շարք հանդիսությունների, միջոցառումների ու գիտաժողովների առիթով:
ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 743 է, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 53-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 23-ը` աբեղա, 479-ը` քահանա, 136-ը` սարկավագ: Անցյալ տարի կատարվել են` քահանայական 1 և սարկավագական 1 ձեռնադրություն, որոնց ընթացքում ձեռնադրվել են 12 ամուսնացյալ քահանա և 26 սարկավագ: Կատարվել է նաև ծայրագույն վարդապետական աստիճանի մեկ տվչություն:
2019 թվականին արտասահմանում ուսանող Մայր Աթոռի միաբանների թիվը համալրվել է ևս մեկով. Տ. Վաչե աբղ. Մկրտչյանը մեկնել է Իտալիա Հռոմի Պապական Արևելյան ինստիտուտում Եկեղեցական իրավունք ուսանելու նպատակով:
2019 թվականի տվյալներով` Մայր Աթոռի բաժիններում և ենթաբաժիններում աշխատել է 1194 անձ:
ՀՈԳԵՎՈՐ-ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 թվականին Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանում են 138 սաներ, որոնցից 90-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում, 38-ը` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 16-ը` Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 9-ը` Քահանայից պատրաստման եռամյա լսարանում:
ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2019 թվականին Մայր Աթոռը շարունակել է ընդգրկուն կրթական առաքելություն իրականացնել ազգային մեր կյանքի տարբեր ոլորտներում:
ա. Հանրակրթության ոլորտ
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) անցյալ տարվա ընթացքում շարունակել է իր գործունեությունը նախադպրոցական, միջնակարգ և կիրակնօրյա կրթութական ոլորտներում` մասնավոր ուշադրություն դարձնելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը։
Ուսուցիչների որակավորումը բարձրացնելու նպատակով կազմակերպվել են 17 սեմինար դասախոսություններ՝ Հայոց Եկեղեցու դավանանքի, խորհուրդների, տոների, բարեպաշտական սովորությունների վերաբերյալ։ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության հետ դպրոցներում անցկացվել է աստվածաշնչյան գիտելիքների վիկտորինա, կազմակերպվել են ՀԵՊ առարկայի մարզային և հանրապետական օլիմպիադայի փուլերը։ ՀՀ գրեթե բոլոր դպրոցներում ՔԴԿ նախաձեռնությամբ մեծ շուքով նշվել են Կոմիտաս վարդապետի՝ 150, Հովհաննես Թումանյանի՝ 150 և Գևորգ Էմինի 100-ամյակները: Մայր Աթոռի ֆինանսավորմամբ նաև տպագրվել ու բաշխվել են 2-4-րդ դասարանների գիրք-տետրեր։
2019 թվականի դրությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» 34 դասարաններում ուսանել է 501 աշակերտ:
«Էօրնեկեան մանկապարտեզ» հաճախել է 3-5 տարեկան 47 երեխա։
Հառիճի Թրբանճյան ընծայարանում (ավագ դպրոց) 2018-2019թթ․ ուս․ տարում ուսանել է 28 աշակերտ:
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում ուսանել է 64 աշակերտ (24 աղջիկ և 40 տղա)՝ Հայաստանից, Իրանից, Իրաքից, Միանմարից, Ռուսաստանից և Հնդկաստանից։ 2021 թ. ճեմարանը պատրաստվում է նշել հիմնադրման 200-ամյակը, որի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
բ. Հայորդյաց տներ
Մայր Աթոռի առաքելության մեջ կարևոր տեղ են գրավում նաև 7 Հայորդյաց տները (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա և Արաբկիր) և Մանրանկարչության արվեստի կենտրոնը:
Հայորդյաց տներում, ուր հաճախում է շուրջ 5000 երեխա, կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համույթների մենահամերգներ, հանդիսություններ, մրցույթներ և այլ ծրագրեր: Սաները հանդես են եկել եկեղեցական և պետական տոներին նվիրված բազմապիսի միջոցառումներով:
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԽՆԱՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ա. Քարոզչություն երիտասարդության շրջանում
Անցյալ տարի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորումը (ՀԵՀԵՄ), որ համախմբում է թեմական երիտասարդական խորհուրդներին, կազմակերպել է մի շարք գիտաժողովներ, հանդիպումներ և ուխտագնացություններ դեպի տարբեր սրբավայրեր: Կառույցի ներկայացուցիչները մասնակցել են զանազան բարեգործական, հասարակական միջոցառումներին:
բ. ՀՀ Զինված Ուժեր
ՀՀ Զինված Ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 69 հոգևոր սպասավորներ` 1 եպիսկոպոս, 16 քահանա և 52 սարկավագ:
Բանակի օրվա առիթով ՀՀ Զինված Ուժերի բարձրաստիճան 8 սպաներ արժանացել են Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի պարգևատրման, իսկ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից գերատեսչական մեդալներով պարգևատրվել են 11 գնդերեցներ:
Բանակում իրենց հոգևոր ծառայությանը զուգընթաց գնդերեցները նաև ջանքեր են գործադրել իրենց զորամասերում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների և անցանկալի երևույթների կանխման ուղղությամբ։
գ. Քրեակատարողական հիմնարկներ
ՀՀ քրեակատարողական (ՔԿՀ) 12 հիմնարկներում իրենց հոգևոր սպասավորությունն են բերում 11 հոգևորականներ` 1 վարդապետ, 9 քահանա և 1 սարկավագ:
Այս ոլորտներում աշխատանքներ և տարատեսակ օժանդակություններ են իրականացվել ոչ միայն դատապարտյալների, այլ նաև նրանց ընտանիքների և նախկին դատապարտյալների համար: Առանձին աշխատանքներ են տարվել նաև ՔԿ վարչության հիմնարկների աշխատակիցների հետ:
դ. Հրատարակչություն, զանգվածային լրատվության միջոցներ
Հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով համապատասխան գրականության լույս ընծայումներով արդյունավետ քարոզչություն է իրականացվել նաև Մայր Աթոռի հրատարակչական բաժնի կողմից: Անցյալ տարում տպագրության են հանձնվել 27 անուն գրքեր:
Կանոնավոր կերպով տպագրվել են «Էջմիածին» ամսագիրը, «Քրիստոնյա Հայաստան» թերթը, ինչպես նաև քարոզչություն է իրականացվել համացանցի, հեռուստառադիո հաղորդաշարերի, «Շողակաթ» և «Լույս» հեռուստաընկերությունների միջոցով:
Նախորդ տարի Մայր Աթոռի թանգարաններ են այցելել 61,931 այցելու:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անցնող տարում Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի, Հայաստանի ու Արցախի թեմերի համապատասխան կառույցների կողմից իրականացվել է ընդհանուր 1,175 000 դոլարին համարժեք 558.211.581 ՀՀ դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր: Մասնավոր ուշադրություն է դարձվել ազգաբնակչության կարիքավոր խմբերին` փախստականներին, սիրիահայերին, իրաքահայերին, ազատամարտիկներին, զոհված զինվորների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից
օգնություն է տրամադրվել 219 անձի:
Անցյալ տարի 24.050.000 դրամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Լիբանանի
Հայոց թեմին՝ Լիբանանի ներքաղաքայաբ տագնապալի իրավիճակներում դժվարություններ ունեցող հայորդիներին աջակցելու համար:
Աջակցություն է ցուցաբերվել ծնողազուրկ և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաների, կրթաթոշակներ են տրամադրվել սահմանմերձ գյուղերի ուսանողների:
Նախորդ տարի ընդհանուր առմամբ 1663 ընտանիքների ցուցաբերվել է դրամական օգնություն, իրային աջակցությունն են ստացել 6223 ընտանիքներ: Բնականոն աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող 5 բարեգործական ճաշարանները, որոնցում առ այսօր ամենօրյա սնունդ է ստանում շուրջ
900 անձ:
Բարեգործական ծրագրերից պիտի առանձնացնենք նաև Իզմիրլյան ԲԿ-ում կատարվող
«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը, որից
օգտվել են 292 սիրիահայեր:
«Ծաղկազարդը Մայր Աթոռում» ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են հրավիրվել Հայաստանի տարբեր մանկատների և երեխաների աջակցության կենտրոնների շահառու երեխաներ՝ մասնակցելու մանուկների օրհնության կարգին և ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
2019 թվականին ևս շարունակվել է «Բնակարանային ապահովման» ծրագիրը, որի
շրջանակներում գնվել են 10 բնակարաններ:
Շուրջ 2.000.000 դրամի չափով օգնություն է տրամադրվել Ռ. Յոլյանի անվան
արյունաբանական կենտրոնում բուժվող 19 երեխայի:
«Ընտանիքի տարվա» շրջանակներում Մայր Աթոռում և աշխարհասփյուռ թեմերում
իրականացվել են տարբեր միջոցառումներ ու ծրագրեր՝ խրախուսելով բազմազավակ
ընատնիքներին:
ՎԱՆՔԵՐ ԵՎ ԹԵՄԵՐ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անմիջական ենթակայության ներքո գործում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Խոր Վիրապի, Սևանի Ս. Առաքելոց և Գեղարդի վանքերը և Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսության կանոնական տարածքներում գործում է 33 թեմ և 3 Հայրապետական պատվիրակություն: Համաձայն թեմերից ներկայացված տվյալների, այդ կանոնական տարածքներում գործում է 650 եկեղեցի ու վանք:
Գործում է 812 ծուխ և ծխական առաքելություն, որտեղ կան 263 կիրակնօրյա դպրոցներ, նաև տիկնանց 75 և 114 երիտասարդաց միություններ:
Թեմերը 2019 թվականին իրականացրել են հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնույթ ծրագրեր: Հոգևոր սպասավորներն այցելել են մանկախնամ և ծերախնամ կենտրոններ, դպրոցներ, հիվանդանոցներ, քրեակատարողական հիմնարկներ, իսկ քարոզչադաստիարակչական կենտրոնները կազմակերպել են Ս. Գրքի սերտողություններ, դասախոսություններ, գիտաժողովներ, եկեղեցասիրաց երիտասարդաց միությունների հավաքներ, երգչախմբեր, դպրոցական և համալսարանական միջոցառումներ ու հոգևոր թեմատիկ մրցույթներ, հրատարակվել են գրքեր ու քարոզթերթիկներ: Հեռուստառադիոալիքներով հեռարձակվել են հոգևոր բովանդակությամբ հաղորդաշարեր, լույս են տեսել թեմերի պաշտոնական թերթեր:
Հաշվետու տարում արդյունավոր են եղել նաև եկեղեցաշինական աշխատանքները: Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նախորդ տարում օծվել են թվով 19 եկեղեցիներ, որոնցից` 2-ը` Արարատյան Հայրապետական թեմում, 2-ը` Շիրակի թեմում, 1-ը` Գուգարաց թեմում, 2-ը` Արագածոտնի թեմում, 2-ը` Գեղարքունյաց թեմում, 1-ը` Տավուշի թեմում, 3-ը` Կոտայքի թեմում, 2-ը` Սյունիքի թեմում, 2-ը` Արցախի թեմում, 1-ը` Վիրահայոց թեմում, 1-ը` Իրաքի հայոց թեմում:
Տարեցտարի ընդլայնվող սոցիալական ծրագրերի շրջանակներում թեմերում գործող հիմնադրամների միջոցներով սոցիալական աջակցություն է ցուցաբերվել անապահով ընտանիքների, հաշմանդամների, ծնողազուրկ երեխաների, ծերախնամ կառույցների, բանտարկյալների ու զոհված զինծառայողների ընտանիքների: Սոցիալական ոլորտում համագործակցությունը շարունակվել է պետական կառույցների, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ: