Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Կոստանդնուպոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գահակալության արարողությանը և հունվարի 12-ին մատուցված անդրանիկ Սուրբ Պատարագին:
Գահակալության արարողությանը Մայր Աթոռի միաբան Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն ընթերցեց նորընտիր Պատրիարքին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանաց գիրը, ապա հանձնեց Վեհափառ Հայրապետի կողմից ընծայված պանակեն:
ԳԻՐ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԳՆԱՀԱՏԱՆԱՑ
ԱՌ ՍԻՐԵՑԵԱԼ ՈՐԴԻՆ ՄԵՐ ԵՒ ՎԱՍՏԱԿԵԱԼ ՍՊԱՍԱՒՈՐՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ
ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՍԱՀԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՇԱԼԵԱՆ
ՈՐ Ի ՍՏԱՄԲՈՒԼ, ԹՈՒՐՔԻԱ
Սիրելի Սրբազան Պատրիարք,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք յղում Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակեալ սպասաւորիդ:
Շուրջ երեք տասնամեակ, իբրև կուսակրօն հոգևորական, Դուք Քրիստոսին էք վկայում տէրունապատուէր Ձեր առաքելութեամբ և Տիրոջ կենարար խօսքի քարոզչութեամբ՝ հոգևոր սնունդ մատուցելով հաւատաւոր մեր ժողովրդին և արդիւնաշատ սպասաւորութեամբ առաւել լուսաւոր դարձնելով Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անդաստանը:
Ձեր ծառայագործութեան ընթացքին Դուք բազմաթիւ յանձնառութիւններ էք ստանձնել Կոստանդնուպոլսի և Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւններում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իրականացնելով վարչական, հովուական և կրթական գործունէութիւն: Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր ճեմարանում Ձեր պաշտօնավարութեան տարիներին Մենք ականատես ենք եղել Ձեր նուիրեալ ծառայութեան բարի արդիւնքներին, Ձեր հանդէպ մեր ուսանողների և հաւատացեալների բացառիկ սիրուն ու յարգանքին, որոնց համար օրինակ դարձաք հոգևոր նկարագրով, աշխատասիրութեամբ, եկեղեցասիրութեամբ ու ազգասիրութեամբ:
Մեզ համար գոհունակութիւն է, որ Աստուծոյ կամօք և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան Մեր զաւակների ընտրութեամբ Դուք ստանձնեցիք Պատրիարքի պատասխանատու պաշտօնը` հաւատալով Ձեր կարողութիւններին, Ձեր նուիրումին ու նախանձախնդրութեանը: Մենք վստահ ենք, որ պիտի ջանաք առաւելագոյնն ի գործ դնել` դժուարին այս ժամանակաշրջանում վերականգնելու Պատրիարքութեան խաթարուած գործունէութիւնը և նորոգութեան ու զարթօնքի նոր շունչ ու ոգի բերելու պոլսահայ կեանքին:
Սիրելի Սրբազան, բարձր գնահատելով Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում տարիների Ձեր վաստակը և նուիրեալ ծառայութիւնը, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ
Ա Ր Ք Ո Ւ Թ Ե Ա Ն Պ Ա Տ Ի Ւ
Ի խորոց սրտի հայցում ենք, որ Բարձրեալն Աստուած Իր Սուրբ Աջով պահի ու պահպանի Ձեզ, զօրակից լինի բարձր ու պատասխանատու Ձեր կոչման մէջ` շնորհելով քաջառողջութիւն, արևշատութիւն և նորանոր յաջողութիւններ:
Թող Տէրն Ամենակալ միշտ պայծառ պահի Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնը և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:
Ողջ լերուք ի Տէր, զօրացեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն և յաւէտ օրհնեալ ի Մէնջ. ամէն:
Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս յ8-ն Յունուարի
յամի Տեառն 2020 և ի թուին հայոց ՌՆԿԹ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 1095