Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և ՀԱԸ ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանի:
Հանդիպմանը Եզնիկ արքեպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց պատվիրակության Հայաստան այցի նպատակները և երկու կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` մասնավորապես նշելով, որ հյուրերն այս օրերին այցելել են տարբեր սրբավայրեր, ծանոթացել Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին և առաջիկա օրերին մասնակցելու են «Քայլող Ավետարան» ծրագրին և ժեստերի լեզվով թարգմանված Աստվածաշնչի երրորդ տեսասկավառակի շնորհանդեսի արարողությանը:
Այնուհետև Նորին Սրբությանը ողջունեց և գահակալության 20-ամյակի կապակցությամբ շնորհավորեց նաև տիկին Էվա Թոմին՝ երախտագիտությամբ անդրադառնալով Հայաստանի Աստվածաշնչային ընկերության օգտաշատ ծառայությանը տարբեր ծրագրերի միջոցով Սուրբ Գրքի տարածման գործում: Տիկին Թոմին իր ուրախությունն արտահայտեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ ձևավորված գործակցության առիթով` նշելով, որ սա արդեն իր երրորդ այցելությունն է Հայաստան:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Կարևորելով Աստվածաշնչային ընկերությունների դերն ու առաքելությունը Աստծո խոսքի տարածման հարցում՝ Վեհափառ Հայրապետը ողջունեց այն սերտ գործակցությունը, որը ձևավորվել է Շվեյցարիայի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունների միջև, որի արդյունքում իրագործվել են բազմաթիվ աստվածահաճո նախաձեռնություններ: Այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես բարձր գնահատեց «Աստվածաշունչը ժեստերի լեզվով» և Քայլող Ավետարան» ծրագրերը, ինչպես նաև Մայր Աթոռի կառույցների և թեմերի հետ համագործակցաբար Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
Ի դեմս ներկաների, Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Միացյալ Աստվածաշնչային ընկերություններին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին շարունակել ընդլայնել համագործակցությունը և նպաստել օգտակար ծրագրերի իրականացմանը` հաստատելով, որ Սուրբ Գրքի և աստվածաշնչյան պատվիրանների վրա պետք է խարսխվի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքը, որպեսզի այն լինի պտղաբեր և խաղաղ: