Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին և մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով:
Արդեն 28-րդ տարին անընդմեջ ազգովի տոնախմբում ենք պատմական անարդարությունների դեմ նորագույն շրջանում հայ ազգի հաղթանակն ազդարարող` Արցախի անկախության հռչակման տարեդարձը։ Տոնում ենք արդար հպարտությամբ հաղթությունը մեր զավակների հերոսական պայքարի, որի շնորհիվ Արցախը դարձավ համայն մեր ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքի նոր հույսերի փարոսը: Պատերազմական դժվարին տարիներին մեր ժողովրդի զավակների հեղած արյամբ նվիրագործվեց արցախյան հողը, որի երջանիկ ու անվրդով կյանքի համար տակավին հարկադրված ենք պայքարել, երբեմն անգամ մեր զավակների կյանքի գնով:
Բարձրորեն գնահատում ենք խիզախ ոգին ու նվիրումը արցախաբնակ մեր զավակների, հայրենի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինվորների, որոնց հանձնառության շնորհիվ զորեղ ու լավատես է նաև աշխարհասփյուռ հայոց հոգին և կյանքը:
Ադրբեջանի բռնությունից ազատագրման այս օրը վերստին հաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու զորակցությունը Արցախին և նրա բարեսեր ժողովրդին: Հայոց Եկեղեցին իր օրհնությամբ և ողջ ներուժով շարունակելու է սատարել հայրենի պատմական հողի վրա վերականգնված ազատ ու անկախ պետականության ամրապնդման սրբազան առաքելությանը: Դրա անուրանալի վկայությունը նաև հոգեփրկչական օրհնաբեր գործունեությունն է Արցախի թեմի, որի հիմնադրման 30-ամյա տարեդարձը նշանավորվեց Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծումով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր հայցն ենք առ Աստված բարձրացնում, որ Երկնավոր Տերը ին զորակից լինել Արցախի մեր հերոս ժողովրդին՝ պարգևելով աննկուն կամք ու ոգի՝ հաղթահարելու պարտադրյալ պատերազմի բոլոր դժվարությունները: Թող Բարձրյալ Տերը խաղաղ ու անսասան պահի Արցախ աշխարհը, շեն ու պայծառ՝ արցախահայության կյանքը», – ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում: