Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ ավարտվել են հունիսին վերսկսված Հաղբատավանքի Սուրբ Նշան եկեղեցու հարավային պատի և մայր խորանի 13-րդ դար թվագրվող պատմական որմնանկարների մաքրման, ու սվաղի ամրակայման, պահպանման և վերականգնման աշխատանքները: Աշխատանքները սկսվել էին դեռևս 2018 թ.-ի աշնանը:
Աշխատանքները իրականացրել են Իտալիայից ժամանած ճարտարապետ Արա Զարյանը և որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիստին Լամուռեն: Աշխատանքների ընդհանուր արժեքը 25.000 եվրո է: Մեկենասությամբ՝ պոլսահայ Նազար Պինաթլընի, Գրիգոր Քուրթյանի և երևանաբնակ գործարար Վահե Պետրոսյանի:
Գործակցությամբ Գուգարաց թեմի, վերոնշյալ մասնագետները 2018թ-ի ամռանը, իրենց անձնական միջոցներով իրականցրեցին Հաղբատ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու հարավային պատի վերականգնման աշխատանքները:
Հաղբատավանքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում և վերականգնված որմնանկարները հանդիսանում են հայ որմնանկարչության դպրոցի եզակի ու անփոխարինելի գոհարները, որոնք վերականգնվել են շնորհիվ եկեղեցասեր հայորդիների:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
2019.08.05