2019 թվականը հռչակվեց Ընտանիքի տարի
Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, պետական այրեր, ինչպես նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, տարբեր համայնքներից ժամանած հարյուրավոր ուխտավորներ:
Հայրապետական խաչվառազարդ թափորը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսավոր երգեցողության ներքո Սուրբ Տրդատի մատուռից ուղղվեց դեպի ամպհովանու ներքո ամփոփված հայոց հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, որտեղ կատարված երկրպագությունից հետո իր հայրական օրհնությունը ժողովրդին բաշխող Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի խորան:
Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորում Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Արարողության ընթացքում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» կենդանարար ավետիսը հղեց համայն հայությանը և տոնի առիթով փոխանցեց իր պատգամը:
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
Փառք հրաշափառ Ծննդեան և
Յայտնութեան Քո, Տէր:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին և խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ և կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24):
Մսուրում ծնված և աշխարհ եկած Մանկան մասին հրեշտակն ավետում է. «Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ Օծեալ Տէրն է» (Ղուկ. Բ 11): Քրիստոս ծնվեց Աստծո երկյուղով լեցուն, երկնային առաքինություններով զարդարված Սուրբ Կույսից: Աստծո Որդին հասակ առավ բարեպաշտ ընտանեկան հարկում Սուրբ Տիրամոր և Սուրբ Հովսեփի, ովքեր ամեն նեղության ու հալածանքի համբերեցին, հոգ տարան Մանուկ Հիսուսին՝ իրենց հավատավոր կյանքով դառնալով Նրա աստվածային առաքելության մասնակիցը:
Սուրբ Ծննդյան հրաշազարդ պատկերի մեջ, սիրելիներ, տեսնում ենք, որ փրկության ուղին սկիզբ առավ ընտանիքից: Ընտանիքից ծագեց մարդկանց երկնային արքայության ժառանգորդը դարձնելու լուսեղեն ճանապարհը: Քրիստոսով, արդարև, մենք որդեգիրներն ենք Աստծո: Քրիստոսով մեզ Հայր է Արարիչն Աստված, Ով սիրում է մեզ և նորոգում է մեր կյանքը Սուրբ Ծննդյան հուսառատ ու օրհնաբեր ուրախությամբ: Փրկչի Ծննդյան ավետիսը ոռոգում է մեր հոգիները, լիացնում մեր հոգևոր ապրումներն ու զգացումները, պարգևում է ուժ ու զորություն աստվածային կամքի մեջ մնալու, մեր կյանքում ու գործերում զորացնելու խաղաղության, արդարության, սիրո, համերաշխության ուղիները և մշտահունչ պահելու առ Աստված փառաբանությունը. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:
Սուրբ Ծննդյան հոգեպարար զգացումների մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր աղոթական մտքերն ուղղված են նաև աշխարհի մեծ ընտանիքի հավատակից մեր այն քույրերն ու եղբայրները, ովքեր նվիրական այս տոնը դիմավորում են վշտի ու նեղությունների մեջ: Մեր մտածումներն ուղղված են այնտեղ, որտեղ մարդկության կյանքը տևականորեն ալեկոծում են անարդարությունը, գերիշխելու անհագուրդ տենչը, ագահությունը, որտեղ մարդիկ շարունակում են կրել աղքատության, իրավունքների ոտնահարման, պատերազմների առաջ բերած ավերներն ու ցավերը, որտեղ բռնությունը բռնություն է ծնում, ատելությունը՝ ատելություն, խաբեությունն ու սուտը բազմապատկվում են նոր կեղծիքներով: Այս չարիքները, լինեն դրանք միջանձնային հարաբերություններում, ընտանիքներում, թե ազգերի ու պետությունների միջև, տանում են դեպի փակուղիներ ու ճգնաժամեր, որոնց հաղթահարման համար շարունակ մեծ ջանք ու ճիգեր են պահանջվում: Փակուղիների են տանում նաև կեղծ ազատականության աստվածամարտ ընթացքները՝ հեռացնելով տերունապատվեր կյանքից, հոգևորից, խաթարելով հիմերը առողջ հասարակության և ամուր ընտանիքի: Քրիստոսի պարգևած փրկության աստվածպատվեր ուղիներով է, որ մարդկությունը պիտի կարողանա Երկիր մոլորակի վրա լինել ու մնալ որպես մեծ ընտանիք՝ փոխադարձ սիրով ու օգնությամբ ամոքելով իր վերքերը, հոգալով կարիքները, կարգավորելով այս աշխարհի խնդիրները և ծառայելով «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» հրեշտակաձայն պատգամին, որը հնչեց շնորհաբեր ժամին Քրիստոսի Սուրբ Ծննդյան:
Մեր պատմության օրհնյալ ժամանակաշրջանում մեր ժողովուրդը Քրիստոսով դարձել է հավատավոր մեկ ընտանիք՝ լուսավորվելով Տիրոջ կենարար շնորհներով: Առ Տերը հավատարիմ ընթացքը բարեպաշտ մեր նախնյաց, մենք, որպես նրանց հարազատ զավակները, պիտի շարունակենք պահպանել անսասան հավատով և ապրել ու գործել առաջընթացի վճռականությամբ: Այսօր մեր կյանքի նոր փոփոխություններում թևածում են հույսն ու լավատեսությունը՝ նորանոր ձեռքբերումներ արձանագրելու, հաջողություններ ու հաղթանակներ կերտելու: Միմյանց ապավինելով ու սատարելով ի զորու ենք շենացնել մեր կյանքը հայրենիքում ու սփյուռքում, պաշտպանել մեր սահմանները, ազգային արդար իրավունքները, հզորացնել Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը: Հայրենիքի արժանավոր զավակ դաստիարակելու, պետության քաղաքացի կրթելու առաջին հանգրվանը ընտանիքն է: Ընտանիքում է կերտվում ազգի ապագան, դրվում հիմերը հզոր պետության: Ընտանիքի գորովաշատ միջավայրում են մանուկ հոգիներում պտղաբերում Աստծո խոսքի սերմանված հունդերը, սնուցվում հոգևոր-բարոյական արժեքները, բարին ընտրելու աներկյուղ ոգին: Ընտանիքում մատուցված օրինակով կրթվում են միմյանց հանդեպ սերը, վստահությունը և հոգատարությունը: Արդ, նախանձախնդիր մնանք նվիրականությանն ու ամրությանը ընտանիքի: Անխաթար պահպանենք աստվածահաստատ ընտանիք հասկացությունը, նրա սրբությունը, ազգային ավանդույթները, խնամենք ու բարձրացնենք մեր հոգևոր ու ազգային կյանքը և մնանք մշտապես Տիրոջ որդեգրության շնորհի մեջ՝ որպես հավատավոր մեկ ընտանիք, որպես Աստծո սեփական ժողովուրդ:
Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը կարևորելով ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում՝ 2019 թվականը հռչակում ենք ընտանիքի տարի: Հորդորում ենք եկեղեցական և թեմական մեր կառույցներին և հոգևոր սպասավորներին նախաձեռնել ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրեր ու միջոցառումներ, կազմակերպել ուխտագնացություններ մայր հայրենիք, Սուրբ Էջմիածին, Տերունական և հայրենական սրբավայրեր՝ զորանալու հավատքով, տոգորվելու հայրենյաց սիրո ջերմությամբ և ազգի ու հայրենիքի զավակը լինելու նվիրական գիտակցությամբ:
Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյան Պատրիարքի համար: Փրկչի շնորհների հայցով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնակատար տիար Նիկոլ Փաշինյանին և նրա ազնիվ տիկնոջը: Ողջույն ենք հղում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Արմեն Սարգսյանին, Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին:
Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը աղոթում և հայցում ենք, որ աշխարհում բազմապատկվեն երկնային շնորհները, մարդիկ առատությամբ պտղաբերեն բարի գործեր, սեր, արդարություն, խաղաղություն, գութ ու ողորմածություն, որոնք դիմադարձում են չարիքներին և ճանապարհ հարթում դեպի լուսավոր գալիքը մարդկության: Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Իր ամենախնամ հոգածության և սիրո մեջ պահի մեր ժողովրդին և պարգևի ուժ ու զորություն՝ կերտելու նոր օրը իր կյանքի և մնալու օրհնյալ, նվիրյալ ընտանիքը Քրիստոսի` հավատարիմ սրտով միշտ փառաբանելու. «Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր»:
Գոհաբանական այս զգացումով աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին ցնծությամբ ավետում ենք՝
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս:
Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը: Սուրբգրային ընթերցումներից, ջրօրհնյաց շարականների երգեցողությունից և աղոթասացությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Օրհնությունից հետո սուրբ խաչը փոխանցվեց խաչի այս տարվա կնքահորը` ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու Սուրբ Ծննդյան բարեմաղթանքները փոխանցեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված ջուրը բաշխվեց հավատացյալներին: