Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին:
Վեհափառ Հայրապետը ողջունեց պատգամավորի այցը Հայաստան` շնորհակալություն հայտնելով նրան ղարաբաղյան հակամարտության առնչությամբ դրսևորած իր քաջարի ու արդար կեցվածքի և մարդասիրության համար:
Նորին Սրբությունը հաստատեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրված ժխտողականությունը երբեք չի կարող լինել խնդիրների լուծման, ժողովուրդների և երկրների համերաշխության հաստատման ճանապարհ:
Իր հերթին պատգամավորը անդրադարձավ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս կարևորեց խաղաղության հաստատումը շփման գծում, սահմաններից դիպուկահարների հեռացումը, որպեսզի չընդհատվեն երիտասարդ կյանքեր ու չդժբախտանան նորանոր ընտանիքներ:
Նորին Սրբությունը պրն. Վայներին տեղեկություններ փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ի նպաստ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների մասին:
Այս կապակցությամբ զրուցակիցները բարձր գնահատեցին խաղաղասեր և բարեսեր բոլոր մարդկանց և պետությունների ջանքերը ի խնդիր խաղաղ ու ապահով աշխարհի կերտման:
Վեհափառ Հայրապետը նաև շնորհակալություն հայտնեց Գերմանիայի իշխանություններին այն զորակցության համար, որ ցուցաբերվում է պատերազմների արհավիրքներից տուժածներին: