Հունիսի 6-ին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները ներխուժել էին Մայր Աթոռի Վեհարան եւ կրկին պահանջել կաթողիկոսի հրաժարականը: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկացել են իրականացնել սադրիչ գործողություններ, սակայն հոգեւորականների ճիշտ գործողությունների հետեւանքով նման բան տեղի չէր ունեցել: Փոխարենը բողոքի մասնակիցները օրեր շարունակ զավթած էին պահում Վեհարանը: Միայն այսօր առավոտյան ոստիկանությունը Վեհարանն ազատեց նրանցից:
Օձունի եւ հարակից շրջանների հոգեւոր հովիվ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ՔԱՀԱՆԱ ԲԱՂԱԼՅԱՆԸ անդրադառնալով այս դեպքին, նշեց, որ ցավալի է տարել այն ամենը, ինչ վերջին օրերը կատարվել է եկեղեցու շուրջ. «Ցավում եմ, որ մարդիկ կարող են ներկայանալ որպես քրիստոնյաներ, հայ եկեղեցու զավակներ եւ ներխուժել եկեղեցի: Խորապես ցավում եմ այդ մարդկանց ոչ քրիստոնեական կեցվածքի համար, այն ահաբեկչության նման կեղտոտ ներխուժում էր, խստագույնս դատապարտում եմ դրա կազմակերպիչներին: Անձնապես ճանաչելով որոշ մարդկանց, ցավում եմ, որ նրանք կարող են այդպիսի սխալ պահվածք որդեգրել», -«Իրավունքի» հետ զրույցում նշեց քահանա Բաղալյանը: Նրա խոսքով` բողոքի ակցիայի մասնակիցներին եկեղեցու հոգեւոր դասն իր հորդորներով բազմիցս փորձել է ճիշտ ուղղու վրա, սակայն այդ հորդորները նրանք չեն ընդունել: Այս դեպքում մնում է միայն վերջիններիս խնդրել, որ հոգեւոր հոր նկատմամբ իրենց զավակի նման պահեն. «Խորը ցավ ապրեցի, տեսնելով, թե ինչպես են բողոքողները Հովնան եւ Գեւորգ սրբազաններին հրմշտում, իրենց անհարգալից պահում հոգեւորականների եւ Վեհարանի աշխատակիցների նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է մտնել Դիվանատուն` Վեհափառի կառուցած շինություն եւ բոլորին անվանել ձրիակերներ եւ հայտարարել, թե այդ ամենի փոխարեն կարելի է մի սուպերմարկետ կառուցել, այսինքն, նրանց համար սուպերմարկետն ավելի կարեւոր է: Նրանց բարձրացրած հարցերն անլուրջ են, ամբողջությամբ հերյուրանք ու զրպարտություն մեր եկեղեցու նկատմամբ: Այս ամենն ուղղված է բոլորիս դեմ: Վեհափառը մեր ազգի կյանքում մեծագույն վաստակ ունեցող անձերից մեկն է, մի թե մենք իրավունք չունենք սիրել մեր Վեհափառին եւ եկեղեցուն, թե միայն իրենք իրավունքներ ունեն»,-նշեց քահանան:
Տեր քահանա Վրթանես Բաղալյանը տեղեկացրեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը նույնիսկ զանգահարել է իրեն եւ փողոցային պառապաշարով փորձել դրսեւորել անհարգալից վերաբերմունք. «Զանգահարողը նույնիսկ բանակում էլ չի ծառայել, երբ ես կառավարության որոշմամբ բանակից ազատվել էի, Վեհափառի կողմից դարձյալ նշանակվել եմ բանակում ծառայության, ավելին` հայոց բանակում ծառայել եմ երկու տարուց ավելի, այսօր էլ խոնարհաբար ծառայում եմ Աստծուն եւ իմ հավատացյալ ժողովրդին: Ինձ համար այս մարդկանց պահվածքն անսովոր է, քանի որ ես գտնվում եմ այնպիսի մարդկանց շրջապատում, որոնք ինձ հարգում են եւ մեր հարգանքը փոխադարձ է: Այս սիրո եւ հարգանքի մթնոլորտում հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են համայնքի բարեպաշտ ներկայացուցիչներին լարել եկեղեցու եւ հոգեւոր հովվի դեմ: Մենք արդեն երկու անգամ ուխտով հավատացյալների հետ գնացել ենք սուրբ Էջմիածին: Վեհափառի եւ մեր համայնքի երեխաների նկարների տակ համացանցում ֆեյքերի միջոցով հայհոյանքներ էին գրում, երբ դրանք կարող էին լինել մեր մայրերն ու քույրերը, նրանց այս պահվածքը նորմալ չէ: Նույն Պետրոսյանը եւ Արտակ Ալավերդյանը ինչու չեն ծառայել հայոց բանակում, թող գնան ծառայության: Եթե մեր երկրի պաշտպանության գործում չկան, թող իրենց իրավունք չվերապահեն Վեհարան գրավելու: Լավ կլինի գնան մեր պատմական հայրենիքը ազատագրեն, Դիվանատանն իրենց կարիքը չկա»,-եզրափակեց քահանան:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Աղբյուր՝ iravunk.com