Հոգեգալստյան վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է տասներկու առաքյալների և տասներեքերորդ առաքյալի` Պողոսի տոնը:
Հունարենից առաքյալ բառը թարգմանաբար նշանակում է ուղարկված, պատգամավոր: Ուղարկված Քրիստոսի կողմից քարոզելու բարի լուրը, Աստծո թագավորության հաստատումը երկրի վրա:
Կարդալով Սուրբ Գիրքը տեսնում ենք առաքելության բազում օրինակներ. Մարգարեն առաքվում է ինչ-որ հանձնարարությամբ, հրեշտակը առաքվում է Մարիամ Աստվածածնի մոտ կամ Հովհաննես Մկրտչի առաքումը Քրիստոսի առջևից, և այլն: Սակայն Աստծու գերագույն առաքյալը Իր միածին Որդին էր` Հիսուս Քրիստոս, Ում Աստված ուղարկեց լինելու Քահանայապետ, ինչպես ասում է Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված նամակում:
Ավետարաններում տեսնում ենք, որ Քրիստոս ընտրեց յոթանասուներկու աշակերտ և տասներկու առաքյալ: Տասներկուսի անունները և առավել ևս առաքելությունը ավետարաններում հստակորեն տեսնում ենք: Նրանք կոչվեցին «Մեծ Առաքյալներ»: Նրանք էին. Սիմոն Պետրոսը և նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդիներ Հակոբոսն ու Հովհաննեսը, Փիլիպպոսն ու Բարթողոմեոսը, Թվմասն ու Մատթեոս մաքսավորը, Ալփեոսի որդիներ Հակոբոսն ու Ղեբեոսը, որ Թադեոս կոչվեց, Սիմեոն Կանանացին և Հուդա Իսկարիովտացին, ով մատնեց Հիսուսին և ում փոխարինեց Մատաթիան (Գործք 1:15-26): Եվ նաև Պողոս առաքյալը, ում ընտրության մասին տեղեկանում ենք Գործք առաքելոցից, ով քրիստոնյաների բուռն հալածիչն էր, սակայն Դամասկոսի ճանապարհին դարձի եկավ դեպի Քրիստոս:
Քրիստոս առաքյալներին իշխանություն տվեց «Պիղծ դևերի վրա» և իր անունով հիվանդություններ բուժելու զորություն տվեց (Մատթ. 10:1): Իր մարմնի՝ որպես երկնավոր հացի, և իր արյան՝ որպես երկնավոր գինու բաշխումը կատարեց նրանց մեջ, հարություն առնելով՝ նրանց օծեց երկնքում և երկրի վրա մեղքերը կապելու և արձակելու արտոնությամբ՝ նրանց վրա Սուրբ Հոգու փչմամբ (Հովհ. 20:21–23), ապա, հարությունից հիսուն օր հետո, երբ արդեն համբարձվել էր, նրանց մկրտեց Հորից շնորհված Սուրբ Հոգով ու հրով, որից հետո միայն զորություն հագնելով, նրանք կարողացան կատարել Հիսուսից տրված առաքելական հանձնարարությունը. «…Գնացե՜ք ուրեմն աշակերտ դարձրե՜ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՜ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:8–19, տես նաև Մարկ. 16:14–20, Ղուկ. 24:46–48, Հովհ. 20:19–23, Գործք 1:6–8): Այս շնորհները և այս առաքելությունները, առաքելական հաջորդականության, ձեռնադրության խորհրդի շնորհիվ փոխանցվեց եկեղեցիներին, որոնք հիմնեցին առաքյալները և Եկեղեցին էլ դարձավ Աստվածային ճշմարտությունների կրողն ու պահպանողը:
Սևանի Վազգենյան դպրանոցի ֆեյսբուքյան էջից
Հակոբ դպիր Գևորգյան