Հայրենիքի վերջին շրջանի քաղաքական զարգացումների և դրանց հաջորդող շրջանում հրապարակ եկան տարբեր ուժեր, ստեղծվեցին սոցցանցային խմբեր, իրենց «առաքելության» գերնպատակ սահմանելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա գահակալին ու հոգևոր դասին հետևողականորեն վարկաբեկելը:
Հայոց Եկեղեցու հավատացելոց անվան տակ հանդես եկող սեփական նեղ շահերը հետապնդողները միտումնավոր կերպով անհանդուրժողություն և ատելություն են սերմանում հոգևորականաց և հատկապես Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ` իրենց պախարակելի եզրաբանությամբ, տարաբնույթ ակնհայտ անհիմն մեղադրանքներով ու շնչակտուր գրված հայտարարություններով, կոչերով ու բաց նամակներով փորձելով այլափոխել իրողությունները, գայթակղություն դառնալով նաև Եկեղեցու իրական հավատացելոց համար:
Այլևս ոչ մի խտրականություն չի դրվում միջոցների միջև. վերաթարմացվում են անցյալում հեղինակված բազում հոդվածներ, որոնք վաղուց ի վեր ստացել են իրենց սպառիչ պատասխանները, հերքվել և կամ պարզաբանվել, ձեռնարկված արշավի ընդգրկունության պատրանք ստեղծելու ցածրամիտ ձգտումով անգամ շահարկվում են եկեղեցականների անուններ:
Դատապարտելի և մերժելի նկատելով մի շարք անհատների նման անպատասխանատու վարքագիծը` այսու կոչ ենք անում Հայ Եկեղեցու հետևորդներին տուրք չտալ նման հայտարարությունների` պահպանելով հոգևոր-եկեղեցական կյանքի խաղաղությունն ու անդորրը: Հորդորում ենք նաև հիշյալ խմբերի ազդեցության ներքո հայտնված հայորդիներին հավատ չընծայել և այս անընդունելի գործընթացներին մասնակից չդառնալ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` գիտակից իր սրբազան առաքելությանը` Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ շարունակելու է իր ծառայությունը բերել մեր բարեպաշտ ժողովրդին:
Վահրամ քահանա Մելիքյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Տեղեկատվական համակարգի տնօրեն