Աստծուն չհավատացող մի մարդ զբոսնում էր անդունդի եզրով: Հանկարծ սայթաքեց ու վայր ընկավ: Ընկնելու ընթացքում նրան հաջողվեց բռնվել փոքր ծառի ճյուղից, որն աճել էր ժայռի խոռոչում: Ճյուղից կախված և օրորվելով սառը քամուց՝ նա հասկացավ իր անելանելի վիճակը. անդունդի ներքևում մամռակալած գլաքարերն էին, իսկ վեր բարձրանալու հնարավորություն չկար: Ճյուղից բռնած նրա ձեռքերը թուլանում էին:
-Այժմ միայն Աստված կարող է ինձ փրկել, -մտածեց նա: -Ես երբեք Աստծուն չեմ հավատացել, բայց հավանաբար սխալվել եմ: Ի՞նչ եմ կորցնելու:
Նա կանչեց.
-Աստվաˊծ, եթե դու գոյություն ունես, փրկիʹր ինձ և ես կհավատամ քեզ:
Սակայն պատասխան չկար: Նա նորից կանչեց.
-Խնդրո՜ւմ եմ քեզ Աստվաʹծ: Ես երբեք չեմ հավատացել քեզ, բայց եթե դու ինձ հիմա փրկես, ես այս պահից իսկ կհավատամ քեզ:
-Ո´չ, չես հավատա,- հանկարծ ամպերից հնչեց Բարձրյալի ձայնը:
Մարդն այնպես զարմացավ, որ քիչ էր մնում բաց թողներ ճյուղը:
-Խնդրում եմ քեզ Աստվա´ծ, -հազիվհազ շարունակեց մարդը, -դու սխալվում ես: Իրականում ես մտածում եմ, որ կհավատամ քեզ:
-Ո´չ, չես հավատա, -կրկին որոտաց Աստծո ձայնը:
Մարդն աղաչում, պաղատում ու համոզում էր: Վերջապես Աստված ասաց.
-Լավ, ես կփրկեմ քեզ, բայց դրա համար դու պետք է բաց թողնես ճյուղը:
– Ի՞նչ, բաց թողնե՞լ ճյուղը, -ապշահար բացականչեց մարդը: -Կարծում ես՝ ես խելագա՞ր եմ:
Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը