Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրա¬գույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորեց տիկ. Մայա Դաղերին և բերեց իր բարեմաղթանքները: Այնուհետև, անդրադառնալով երկու երկրների միջև առկա սերտ գործակցությանը, Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր առաքելության րնթացքում կնպաստի առկա բարեկամական փոխհարաբերությունների առավել ամրապնդմանը:
Լիբանանի դեսպանը ևս խոսեց հայ-լիբանանյան հարաբերությունների պատմական ակունքների մասին` բարձր գնահատելով դրանց վրա խարսխված այժմյան համագործակցությունը:
Վեհափառ Հայրապետն ու դեսպան Մայա Դաղերն անդրադարձ կատարեցին նաև Լիբանանի հայ համայնքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Լիբանանում արաբ ժողովրդի բարյացակամ վերաբեր¬մունքի շնորհիվ հայ ժողովրդի զավակները կարողացան կարճ ժամանակահատվածում վերակազմակերպել իրենց ազգային, հոգևոր-մշակութային կյանքը:
Լիբանանի դեսպանը նույնպես հաստատեց, որ Լիբանանի իշխանությունները հետամուտ են, որպեսզի հայկական համայնքն ազատորեն պահպանի իր ավանդույթներն ու կառուցի իր ազգային կյանքը: Նա փաստեց, որ հայ համայնքը մեծ ներդրում ունի երկրի կյանքի տարբեր բնագավառներում:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Միջին Արևելքում տիրող իրավիճակի մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: