Հոկտեմբերի 27-ի առավոտյան ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների, ինչպես նաև հայ վարժարանների աշակերտների հետ։
Հայորդիները Վեհափառ Հայրապետին դիմավորեցին խանդավառությամբ, ծափողջույններով և Հայրապետական մաղթանքի երգեցողությամբ: Ողջույնի խոսքից հետո կրթական հաստատությունների ուսուցիչները և սաները շնորհավորեցին Վեհափառ Հայրապետին ընտրության տասնութերորդ տարեդարձի առիթով և հուշանվերներ հանձնեցին:
Կրթական հաստատությունների սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով, հայրենասիրական երգ ու պարով: Այնուհետև Հայոց Հայրապետն իր օրհնությունը, բարեմաղթանքները և եկեղեցասիրության, ազգասիրության ու հայրենանվիրումի հորդորները փոխանցեց աշակերտներին, ուսուցչական կազմին, ներկա հավատացյալներին:
Մանուկներին ու պատանիներին ուղղված խոսքում Նորին Սրբությունն ի մասնավորի ասաց. «Հայաստանը, Սուրբ Էջմիածինը դուք եք, սիրելիներ, ձեզնով է հզորանալու հայրենիքը, շենանալու ազգային-եկեղեցական կյանքը: Այսօր այս հանդիպման ընթացքում Մենք խնդությամբ տեսանք, թե որքան քաջ եք դուք մայրենի լեզվի իմացության մեջ, որքան սիրում եք Սուրբ Էջմիածինն ու Հայաստանը, թեպետև հեռու եք հայրենիքից: Ձեր սիրելի ծնողները, ձեր պատվական մանկավարժները խնամում ու դաստիարակում են ձեզ իբրև հարազատ զավակները մեր ժողովրդի և այն լուսավոր տեսիլքով, որ դուք մարմնավորելու եք մեր ժողովրդի նվիրական իղձերը: Լավ սովորեք, աճեք ու զորացեք գիտելիքներով և իմացությամբ: Ձեր հոգիներում վառ պահեք սերը Աստծու հանդեպ, հետևեք Տիրոջ պատվիրաններին, եղեք նախանձախնդիր ու պատասխանատու զավակներ ձեր ծնողների համար և մեր Եկեղեցու ու ազգի համար: Հորդորում ենք նաև, որ այցելեք հայրենիք, Սուրբ Էջմիածին, ձեր աչքերով տեսնեք մեր նախնյաց հիշատակները և ձեր սրտով զգաք նրանց պատգամը հավատքի ու հայրենասիրության: Մենք հանապազ աղոթում ենք ձեզ համար՝ հայցելով, որ Փրկիչ մեր Տերը պահապան Իր Աջի հովանու ներքո օրհնի ու շնորհազարդի ձեզ, որպեսզի ուշիմ մտքով ու պայծառ հոգով աճեք ու կատարելագործվեք և ձեր ավանդը բերեք ազգային ու հայրենական մեր կյանքին»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծու օրհնությունը հայցեց պատանիների և նրանց ընտանիքների համար։ Գարեգին Բ Կաթողիկոսը նաև մաղթեց, որ Տերը հանապազ պահապան լինի բոլոր դպրոցների պատասխանատուներին ու մանկավարժներին՝ պայծառ պահելու հայկական կրթօջախները հանուն ազգային և հոգևոր կյանքի զորության, մեր ժողովրդի բարի հույսերի և լուսավոր գալիքի:
Նորին Սրբությունը պատասխանեց աշակերտների կողմից տրված հարցերին: Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը նվերներ փոխանցեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հայկական դպրոցներին ու վարժարաններին: