Մեծ բարերար Քըրք Քըրքորյանի կտակ-ֆիլմը` Թերրի Ջորջի «Խոստումը» պատմական մելոդրաման, որը Հայոց ցեղասպանության թեման շոշափող առաջին հոլիվուդյան ֆիլմն է, շարունակում է իր հաղթարշավը աշխարհի մեծ էկրաններին: Ֆիլմում, թերեւս անվիճելի է, որ ամենահայկական ու պատմական ամենաիրական դրվագները կապված էին Կոմիտաս վարդապետի կերպարի հետ, որը կերտել է Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ, Հոգեշնորհ ՏԵՐ ՇՆՈՐՀՔ աբեղա ՍԱՐԳՍՅԱՆԸ: «Իրավունքն» առիթ ունեցավ բացառիկ զրույց ունենալու հենց Հայր սուրբի հետ, ում համար մեծ պատիվ էր հոլիվուդյան նման բարձրակարգ ֆիլմում հանդես գալը, առավել եւս, հայ իրականության մեջ պաշտամունքի հասնող Կոմիտաս վարդապետի կերպարը մարմնավորելը:
«ՋՈՐՋ ԹԵՐՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԷՐ, ՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՄ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻՆ»
– Հայր սուրբ, հետաքրքիր է` ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք նկարահանվել ֆիլմում:
– Ֆիլմում հանդես գալն ինձ համար հաճելի անակնկալ էր եւ ավելին` իմ անձի ընտրությունը տվյալ դերի համար` առեղծված: Դեռեւս ֆիլմի նկարահանումներից երկար ժամանակ առաջ, իմ շրջապատում բոլորն ինձ արդեն նմանեցնում էին Կոմիտաս վարդապետին, ինչն ինձ համար ուրախալի էր ու պատվաբեր, մի անհատականություն, ով իր հանճարով անգերազանցելի է ոչ միայն իբրեւ երաժիշտ, այլ իբրեւ հայ մարդու իրական տեսակ եւ, ընդհանրապես, իբրեւ ֆենոմեն: Իսկ ֆիլմում նկարահանվելու հրավերը ստացա շատ անսպասելիորեն: 2015 թվականին ուսումնական ու հովվական բազմազբաղ, ծանրաբեռնված աշխատանքից հետո (ի դեպ, սովորել եմ Մադրիդի կաթոլիկ` Comillas-ի անվան պապական համալսարանում` ստանալով մագիստրոսի կոչում եւ հիմա պատրաստում եմ դոկտորական թեզս` «Աստվածաշնչի մեկնաբանությունն ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» թեմայով), հերթական ամառային արձակուրդներն էի անցկացնում հայրենիքում, երբ անհայտ որեւէ անձից էլեկտրոնային փոստիս ստացա մի նամակ: Նամակագիրը գրում էր, որ տեղեկացել են իմ մասին ու համացանցի միջոցով ծանոթացել իմ նկարներին եւ խնդրում են, որպեսզի մասնակցեմ առաջիկայում Հոլիվուդի կողմից Հայոց ցեղասպանության մասին նկարահանվելիք «Խոստումը» ֆիլմում` կատարելու Կոմիտաս վարդապետի դերը: Անկեղծորեն առաջին տպավորությունս այնքան էլ դրական ու ոգեւորիչ չէր, պարզապես ուշադրություն չդարձրի եւ մոռացա դրա մասին: Գրեթե մեկ շաբաթ հետո ստացա մեկ այլ նամակ եւս, որտեղ ֆիլմի ռեժիսորներից մեկը խնդրում էր, որ անպայման հանդիպենք: Այս անգամ քաղաքավարությունից ելնելով` չմերժեցի ու Մադրիդ վերադառնալուց անմիջապես հետո գնացի այդ հանդիպմանը: Եվ ինձ խնդրեցին, որպեսզի կատարեմ Կոմիտաս վարդապետի մշակմամբ որեւէ հատված Սբ. պատարագից, ինչպես նաեւ նրա ժողովրդական երգերի մշակումներից: Այդ օրը երգեցի Կոմիտաս վարդապետի «Տեր Ողորմեան» եւ «Հորովելը»: Նպատակն ինձ ձայնագրելն ու գլխավոր ռեժիսորին այն ուղարկելն էր: Դեռեւս հույս ունեի, որ այդ հանդիպումից հետո վերջնականապես կմոռանան իմ մասին եւ կփորձեն գտնել այլ դերակատար: Սակայն իմ «հույսերը» չարդարացան, արդեն իսկ հաջորդ օրը գլխավոր ռեժիսորի` Ջորջ Թերրիի կողմից ստացա մի նամակ, որտեղ պարզապես ինձ խնդրում էր, որ մասնակցեմ ֆիլմի նկարահանումներին, որովհետեւ, ըստ նրա, տվյալ դերի համար չկար ավելի համապատասխան դերակատար:
«ՊԵՏՔ ԷՐ ՀԻՇԵԼ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ՈՐԻ ՄԻՋՈՎ ԱՆՑԵԼ ԷԻՆ ՆԱԵՎ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ»
– Ի՞նչ զգացումներ ունեցաք` ֆիլմում անցնելով Դեր Զորի անապատով եւ սեփական մաշկի վրա զգալով` վարդապետի վերապրածը:
– Հիշատակված երրորդ նամակի ստանալուց հետո, սկսեցի ավելի շատ ու խորը մտածել ֆիլմի շուրջ: Իրականում հակասական զգացումներ էին առաջացել ներսումս. մասնակցել նման մի լայնամասշտաբ ու մեծ ծրագրի, համաշխարհային կինոարտադրողի կողմից, որին գուցե շատ պրոֆեսիոնալ դերասաններ անգամ չեն էլ կարող երազել: Եվ երկրորդ ու ինձ համար ամենակարեւոր մտահոգությունը` ստանձնել մի կերպարի դերակատարություն, ով հայ իրականության մեջ իբրեւ անհատականություն, պաշտամունքի աստիճանի սեր ու հարգանք է վայելում: Միշտ մտատանջում էր ինձ, որ գուցե չկարողանամ լիարժեք կերպով ներկայացնել լուսավոր Կոմիտասի կերպարը, ում մեջ մարմնավորված են մարդկային առաքինություններն իրենց բարձրագույն դրսեւորումներով, նաեւ իր տառապած ժողովրդի ապրումներն իր անձի մեջ ու իր ճակատին դրոշմված մի անհատականության: Ու երբ սկսվեցին նկարահանումները, սկզբում ամեն կերպ ջանում էի կենտրոնանալ, զգալ ու ապրել այն ամենը, ինչ մեծն Կոմիտասն էր զգացել ու ապրել, մեր ժողովրդի կյանքում եղած այդ կենաց ու մահու օրերին: Սակայն անմիջապես հասկացա, որ արհեստական խաղի կարիք չկա, պարզապես պետք էր հիշել այն ամենը, որի միջով անցել էին նաեւ իմ ընտանիքի անդամները` մասնավորապես հորս պապը եւ նրա քույրը, որոնց պատմությունները մանկուց լսել էի:
«ԵՐԲ ՍԿՍԵՑԻ ԵՐԳԵԼ, ՕՍԿԱՐ ԱՅԶԵՔԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ…»
– Ֆիլմում հայերեն, կոմիտասյան շարականներ եք երգում եկեղեցում, իսկ ներկաները հոլիվուդյան աստղեր էին… Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը:
– Իմ մասնակցությամբ նկարահանումների առաջին դրվագը Կոմիտաս վարդապետի եւ իր երգչախմբի համերգն էր, որին ներկա էին գլխավոր դերակատարները: Ի սկզբանե, որոշված էր, որ պարզապես պետք է ֆիզիկապես ներկա գտնվեմ այդ դրվագում այն պահին, երբ տեսախցիկները ուղղված էին գլխավոր դերակատարներին: Իսկ երաժշտությունը պետք է լիներ ձայնագրություն` որեւէ օպերային երգչի կատարմամբ: Եվ ահա սկսվեցին նկարահանումները, ու որեւէ կերպ չէր ստացվում այդ հատվածը` գլխավոր ռեժիսորն ուզում էր, որ դերասանները փոքր ինչ հուզվեն: Երեք ժամ նկարահանումից հետո, գլխավոր ռեժիսորն ինձ խնդրեց, որ կենդանի ձայնով երգեմ կոմիտասյան պատարագի այս հատվածը, որպեսզի դրվագը ստացվի ավելի էմոցիոնալ ու բնական, ինչպես ինքն էր պատկերացնում: Երբ սկսեցի երգել, առաջին կատարումից հետո, գլխավոր դերակատար Օսկար Այզեքը դադարեցրեց նկարահանումը եւ անսպասելի կերպով մոտեցավ ինձ` ուղղելով իր ձեռքը` ողջունելու համար ու իսպաներենով ասաց. «Անչափ շնորհակալ եմ, հիանալի եք երգում»: Այդ դրվագը շատ արագ կերպով նկարահանվեց, եւ հաջորդ դրվագում, երբ արդեն տեսախցիկներն ինձ էին ուղղված, ավելի դժվար էր, սակայն ամեն անգամ երգելուց հետո բոլոր ներկաները սկսում էին ծափահարել, ինչը, բնականաբար, ֆիլմում չպետք է լիներ:
ՋՈՐՋ ԹԵՐՐԻՆ ԶԱՐՄԱՑԵԼ Է ՀԱՅՐ ՍՈՒՐԲԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՄԲ
– Մեծ պրեմիերայից հետո` շատ խոսվեց, որ ֆիլմում կարելի է տեսնել Կոմիտասի ոգին: Ըստ Ձեզ, սա պայմանավորված է ռեժիսորի արհեստավարժությա՞մբ, Ձեր եւ վարդապետի անչափ նմանությա՞մբ, թե՞, պարզապես, Կոմիտասը Ցեղասպանության սուրբ նահատակների հավաքական կերպարն է դարձել այսօր:
– Վստահաբար, Կոմիտասի կերպարի դերակատարության ընդգծումը ֆիլմում չի կարելի միանշանակ կերպով միակողմանիորեն վերագրել միայն որեւէ հանգամանքի: Ըստ իս, թե՛ գլխավոր ռեժիսորի արհեստավարժությունը, թե՛ ֆիլմի սցենարը, թե՛ Կոմիտասի հավաքական կերպարը եւ թե՛ իմ համեստ ներկայությունը, ամեն մեկը յուրովի լրացնում, կատարելագործում ու հանդիսատեսին փոխանցում են Կոմիտասի մնայուն ոգին` ֆիլմում: Ի դեպ, չեմ կարող չհիշել, որ Ջորջ Թերրին, ամեն անգամ, զարմացած ասում էր. «Հայր սուրբ, միակ դերակատարն եք այս ֆիլմում, որին չեմ կարողանում որեւէ դիտողություն անել, կամ ուղղություն ցույց տալ: Ձեր ամեն մի շարժումն այնքան իրական է, որ զարմացնում է ինձ: Միգուցե նախկինում խաղացե՞լ եք որեւէ տեղական թատրոնում կամ կինոյում»: Պատասխանս այն էր, որ դերասանական արվեստը ժառանգել եմ հորիցս, ով մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր է, եւ գրեթե ողջ մանկությունս անցկացրել եմ թատրոնի դերասաններով շրջապատված միջավայրում: Սակայն այս պարագային, ինչպես արդեն ասացի, ինձ համար դերը խաղալու ու այդ առումով արհեստական ճիգ ու ջանք թափելու խնդիր չկար:
«ԲՈԼՈՐՆ ԻՆՁ ԴԻՄՈՒՄ ԷԻՆ ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ ԱՆՈՒՆՈՎ»
-Կհիշե՞ք որեւէ դեպք կամ միջադեպ, որը եղել է նկարահանումների ժամանակ:
– Շատ են եղել դեպքեր, բայց ինձ համար արժանահիշատակ են դրանցից մի քանիսը: Առաջին օրը, երբ այցելեցի նկարահանման վայր, ուր յուրաքանչյուր դերասան պետք է անցներ համապատասխան բաժիններով, ստանալու իր հագուստը, դիմահարդարումն ու վարսահարդարումը, այնտեղ բոլորն ինձ դիմում էին հայր Կոմիտաս անունով, ինչը շատ հաճելի էր, բայց եւ զարմանալի: Երկրորդ հիշատակելի դեպքն այն էր, երբ առաջին նկարահանումից հետո առաջին հանգստի դադարը եղավ, դուրս եկա եկեղեցուց` մաքուր օդ շնչելու, եւ մի քանի կանայք, ծագումով ոչ հայեր, խոսում էին իմ մասին: Նրանցից մեկը համարձակություն ունեցավ մոտենալու ինձ եւ հարցրեց, թե ե՞ս եմ Կոմիտասի դերակատարը: Երբ լսեց իմ դրական արձագանքը, նախ շնորհավորեց ու եզրակացրեց, որ մասնագիտությամբ դերասան եմ: Երբ ասացի, որ իրականում հոգեւորական եմ, կարծեց թե կատակում եմ, ու սկսեց ծիծաղել: Սակայն ամենահիշատակելի դեպքն ինձ համար տեղի ունեցավ նկարահանումներից ժամեր առաջ: Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ լրագրողն ինձ հարցրեց, թե ո՞վ է ինձ համար Կոմիտասը ու նրա կերպարը այս ֆիլմում, պատասխանեցի, որ առանց Կոմիտասի հայ ժողովուրդը չէր ներկայանա աշխարհին այնպես, ինչպես որ կա այսօր, եւ որ Կոմիտաս ֆենոմենը գոյություն չէր ունենա առանց հայ ժողովրդի ու Հայաստանի, քանզի Կոմիտասը իր անձում պարփակում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ նույնիսկ մեր երկրի չնաշխարհիկ բնությունը, որոնք արտացոլված են նրա ստեղծագործություններում: Եվ խոսքս եզրափակելու համար հիշեցի մեծն վարդապետի այն խոսքը, երբ նրան մի առիթով հարցնում են, թե գեղեցի՞կ է Իտալիան, եւ Կոմիտասն արձագանքում է. «Գեղեցիկ է Իտալիան, սակայն ինձ համար ավելի գեղեցիկ է իմ տառապած հայրենիքը»: Երբ հիշատակեցի Կոմիտասի այս խոսքերը, թարգմանչուհին, ով ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի կինն էր, սկսեց լաց լինել… Հարցազրույց վերցնող լրագրողը, ով անգլախոս էր, սպասում էր տվյալ հատվածի թարգմանությանը, մի պահ շփոթվեց` չհասկանալով թե ինչ է կատարվում:
«ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ, ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿԵՐ ԱՊՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ»
– Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր ֆիլմիհաջողության գաղտնիքը, որ գրավեց ողջաշխարհն ու դարձավ Թուրքիայի սարսափը:
– Կարծում եմ՝ ֆիլմի հաջողության գաղտնիքը մի քանի իրողություններով է պայմանավորված: Նախ եւ առաջ ֆիլմը նկարահանվում էր աշխարհահռչակ կինոարտադրողի, Հոլիվուդի (Hollywood) կողմից, երկրորդը՝ գլխավոր ռեժիսոր Ջորջ Թերրի ընտրությունն էր, որն արդեն Օսկար մրցանակաբաշխության ժամանակ շահել էր մրցանակ, իր՝ «Hotel The Ruanda» ֆիլմով եւ եւս մեկ կարեւոր հանգամանք՝ աշխարհահռչակ դերասանների ընտրությունը:
Բնականաբար այս ամենը իրականություն դարձավ Ազգային հերոս եւ ազգային բարերար երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ, ում, ըստ իս, ազգովի երախտապարտ պետք է լինենք:
– Ֆիլմում կարեւոր գաղափար կա` հերոսները վերջում վրեժ են լուծում ապրելով, անկախ նրանից հայրենիքում, թե` սփռված, բայց չուրանալով ազգությունը: Դուք այսօր հոգեւոր ծառայության եք Իսպանիայում, որտեղ եւս ունենք հայկական համայնք, ինչպիսի՞ն է Սփյուռքում ապրելով վրեժ լուծող նոր սերունդը եւ ինչ խնդիրներ ունի:
– Այո, ֆիլմն ավարտվում է ոչ թե ռազմական վրեժխնդրության կոչով, ինչը անընկալելի կլիներ համաշխարհային հանրության համար եւ ավելին` կդատապարտվեր նրա կողմից, այլ ավարտվում է ավելի կարեւոր մի պատգամով` ապրելու եւ արարելու: Ինձ թվում է՝ Ցեղասպանություն տեսած հայությունը կդադարեր գոյություն ունենալ, եթե շարունակեր ապրել ատելությամբ ու թշնամանքով, քանզի դրանք հոգեբանորեն ինքնասպառող ու ինքնահյուծող զգացմունքներ են, որոնք թույլ չեն տալիս լինել ստեղծագործ ու լավատես:
Ինչ վերաբերում է սփյուռքում ապրող մեր նոր սերնդին: Իրականում Իսպանիայում ապրում են Հայաստանից արտագաղթած հայեր, որոնց հայրենիքից հեռանալու դրդապատճառները զանազան են եւ շատ հաճախ կամովի: Բնականաբար, այս ամենի լույսի ներքո փոխվում են ընկալումները թե՛ հայրենիքի եւ թե՛ հայության ու հայապահպանության վերաբերյալ: Ինձ բախտ է վիճակվել ծառայել նաեւ ավանդական սփյուռքի համայնքներից մեկում՝ Հունաստանում, ուր այլ են ընկալումներն ու նպատակները հայության շրջանակում: Ապրելով եւ գործելով իրարից ընդհանրապես տարբեր՝ ավանադական եւ արդի ձեւավորվող համայնքներում, կարող եմ միայն մեկ եզրակացութուն անել, յուրաքանչյուրն ունի թե՛ իր դրական եւ թե՛ բացասական կողմերը: Սակայն երկու տեսակի համայնքներում էլ այսօր նոր սերունդի առջեւ ծառացած գլխավոր հարցումը սա է. «Ո՞վ է հայը, եւ ինչո՞ւ պետք է շարունակել ապրել իբրեւ հայ»: Եվ ահա այստեղ է սկսվում գաղափարական ու մտավոր պայքարը, ցույց տալու համար քո տեսակի ու նրա ստեղծած մշակույթի տարբերությունն ու յուրահատկությունը, որը յուրաքանչյուր գիտակից հայ երիտասարդի կարող է փոխանցել հպարտության զգացում եւ նաեւ պատասխանատվություն՝ շարունակողը լինելու այդ հարուստ ու բացառիկ ժառանգության:
Սկզբնաղբյուր՝www.iravunk.com
Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ