Առաջին հայերը Բուլղարիա են եկել 5-րդ դարում: Այնուհետև դեպի Բալկաններ հայերի նոր գաղթ է տեղի ունեցել 13-18-րդ դդ.՝մոնղոլական և թուրքական արշավանքների ժամանակ: Հայերի թիվն այստեղ զգալիորեն ավելացել է 1894–1915 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներից հետո: Ներկայումս Բուլղարահայ համայնքը ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 30.000 մարդ: Բուլղարիայի կառավարությունը Բալկանյան պատերազմներից առաջ (1912-1913թթ.) տվել է իր համաձայնությունը Բուլղարիայում հայկական թեմ և առաջնորդարան ստեղծելու համար: 2010թ. Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Բուլղարիայի հայոց թեմն առանձնացել է Ռումինիայից: Այժմ Բուլղարահայոց թեմի առաջնորդը Հոգեշնորհ Տ. Իսահակ վրդ. Պողոսյանն է: Հայր Սուրբը մեզ հետ զրուցում է համայնքային կյանքի և թեմի գործունեության մասին:
–Պատմեք, խնդրում եմ, ներհամայնքային կյանքի մասին. քանի՞ ծուխ ունի թեմը, բավարա՞ր է արդյոք հոգևորականների թիվը:
-Նախ պետք է նշել, որ սփյուռքը` Հայաստանից դուրս գոյություն ունեցող հայկական միջավայրն իրեն ներհատուկ զարգացման դինամիկան ունի: Սրանից զատ, այդ յուրօրինակությունն էլ ամեն թեմում տարբեր է: Բայց կա համայնապատկեր, որ ինչ-որ չափով ընդհանրական բնորոշում ունի: Բուլղարիայում, հակառակ որ հայությունը, ցավ ի սիրտ, բավական ցաքուցրիվ է, այդուհանդերձ առկա է բավական աշխույժ ազգային-եկեղեցական, թեմական, հանրային ու համայնքային կյանք: Սրա երաշխավորությունը գալիս է եկեղեցուց, որովհետև ավանդույթով հայ մարդը կապված է եկեղեցական միջավայրին. բայց նաև արժանին պետք է մատուցել կազմակերպություններին և բոլոր այն անհատականություններին, ովքեր արյունով ու դաստիարակությամբ ժառանգել ու շարունակում են հայ լինելու պատիվը: Եվրոպան, առհասարակ, չնայած որ ջատագովում է համամարդկային ու բարձր արժեքներ և դա այդպես է, այդուամենայնիվ, ունի իր դժվարությունները, որպիսիք ուղղակի-անուղղակի ներազդում ու անդրադառնում են մարդկանց կենցաղավարության վրա: Մշակութային համասերումը, կյանքի զգալի ժամանակը խլող աշխատանքն ու բևեռացված միջավայրը, որքան որ հարմարավետ ու հետաքրքրական կենսակերպ են խոստանում, նույնքան էլ բթացնում ու խլում են մարդուց իրեն ներհատուկ-աստվածային նկարագիրը: Եվ սա, որքան էլ որ տարօրինակ հնչի, ինչ որ առումով նաև բնական գործընթաց է: Որովհետև մշակութային բախումների այսօրինակ համախառնուրդում այլ կերպ չի էլ կարող լինել:
Ունենք տասներեք ծուխ: Ծխերը բնականորեն կազմավորվել են այն տարածքներում, որտեղ որ կենտրոնացած են եղել կամ համախմբվել են մեր հայրենակիցները: Հայերը ներկա են Բուլղարիայի՝ թե՛ երբեմնի կենտրոններում, թե՛ ներկայիս մեծ քաղաքներում: Ունենք տասնմեկ եկեղեցի, նախատեսում ենք ևս երկուսի, այդ թվում` Սոֆիայի Առաջնորդանիստ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բացումը: Ունենք ութը հոգևորական, որոնցից հինգը` երիտասարդ: Առաջիկային նպատակ ունենք հավելելու եկեղեցականների թիվը:
-Ի՞նչ առաջնահերթություններ կան Ձեր աշխատանքում: Ի՞նչ միջոցառումներ ու ծրագրեր եք իրականացնում:
-Եթե կարճ`առաջնահերթությունը մեկն է` հային հայ պահել: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մարդկանց առավել մոտեցնել իրենց արմատներին կամ մշակույթին, ինչն իրագործելի է դպրոցի ու եկեղեցու միջոցով: Մոտ ապագային Հայոց Հայրապետի ուշադրությանը կհանձնենք եկեղեցական նոր կանոնադրության բուլղարերեն տարբերակը: Արդեն ընթացքի մեջ է բանախոսությունների շարք, որտեղ ներառված են եկեղեցական-աստվածաբանական, պատմա-գրական ու փիլիսոփայական թեմաներ հայ ինքնության մասին: Անխախտ կերպով իրականացվում են ազգային-եկեղեցական ծիսակատարություններն ու զանազան միջոցառումներ: Նախատեսել ու տպագրում ենք աղոթագրքեր, բրոշյուրներ. այս տարի կհրատարակենք պահքի ու մասնավորապես Մեծ պահքի մասին եռալեզու գրքույկ, իսկ եկող տարի կանդրադառնանք խորհուրդներին: Հրատարակելու ենք նաև թեմի համահավաք պատմությունը, թեմի եկեղեցական գանձերի պատկերազարդ ալբոմ, եռալեզու պատարագամատույց: Կազմավորում ենք երգչախմբեր: Հետևում ու մասնակցում ենք հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին:
Ունենք նաև կիրակնօրյա դպրոցներ և նպատակ ունենք առավել աշխուժացնելու տարվող աշխատանքը: Ներկայիս ցուցանիշը մեզ չի բավարարում, սակայն սխալ չընկալվելու և մարդկանց չթերագնահատելու համար պետք է նկատել, որ կան օբյեկտիվ հանգամանքներ ու պատճառներ: Մեզ լավ սերունդ է հարկավոր. Եվրոպային ու մասնավորապես Բուլղարիային քաջածանոթներն ավելի լավ կհասկանան:
-Ի՞նչ խնդիրներ և դժվարություններ կան թեմում:
-Ինչպես ամենուր, մեզանում էլ դժվարությունները կապված են ռեսուրսների հետ: Ունենք թե՛ մարդկային, հատկապես երիտասարդների ու պատանիների, և թե՛ դրամական ռեսուրսի խնդիր: Այդուհանդերձ, հույսով, հավատով ու լավատեսությամբ հաղթահարում ենք դժվարություններն ու առաջ շարժվում, ինչը ենթադրում է բառացիորեն ամենօրյա, հետևողական և բազմաճյուղ աշխատանք:
-Պատմեք, խնդրում եմ, երիտասարդների հետ տարվող աշխատանքի մասին. գործո՞ւմ են արդյոք երիտասարդական կազմակերպություններ:
-Մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում Թեմական ու ծխական խորհուրդները, որոնք համագործակցում են բոլոր /այդ թվում`ՀԲԸՄ, ՀՄԸՄ ու ՀՕՄ պատմական/ կառույցների երիտասարդների ու Տիկնանց միությունների հետ: Ամենքն էլ գործունյա ու բոլորանվեր մասնակցություն են բերում ընդհանրական-համայնական կյանքին: Մանուկներին ու երիտասարդներին ուսուցանվում է Մայրենի լեզու, գրականություն, պատմություն. երբեմն` բուլղարերեն լեզվով, որովհետև լեզվի իմացությունը, դժբախտաբար, հաճախ ամենաբարձր մակարդակի վրա չէ: Կամոքն Աստծո, ապագայում ձևավորելու ենք նաև եկեղեցու երիտասարդաց միիություն: Թեև ազնվորեն ասած, ամեն բան մեր ցանկացած եզրագծի վրա չէ, սակայն առիթով մեր սրտագին գնահատանքն ու օրհնությունը թեմիս բոլոր ազնիվ սպասավորներին ու ծառայողներին, ովքեր իրավմամբ լծակից են մեզ առաքելության ճանապարհին: Արդեն նախատեսված են ուխտավորաբար այցելություններ Ռումինիայի հայոց թեմ, Մայր Հայաստան ու Երուսաղեմի Պատրիարքություն:
-Հայր Սուրբ, կա՞ն կազմակերպություններ, մշակութային կամ այլ կենտրոններ, որոնք աջակցում են եկեղեցուն: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք համայնքի հետ «համագործակցությունը»:
-Մեկ բառով`նորմալ: Կազմակերպություններն էլ անհատականություններն էլ աջակից են մեզ. միայն թե շատ գործ կա անելու և ամեն բան ժամանակ է ենթադրում:
-Համախմբվա՞ծ է արդյոք համայնքը:
– Համայնքը թե՛ բաժանված է և թե՛ միավորված, ինչպես ամենուր: Բայց մեկ բան ակնհայտ է՝ համայնքը վերաձևավորվելու և նոր զարթոնք ապրելու բնական պահանջ ունի: Եվ այս ճանապարհին էլ մենք ճիգ ու ջանք չենք խնայում:
Զրուցեց Մարիամ Ավետիսյանը
Աղբյուր՝ armchurch.info