Իր վերջին հարցազրույցներից մեկում երգահան Ռուբեն Հախվերդյանն, արտահայտվելով երկրում տեղի ունեցողի հանդեպ Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշման մասին, ասել էր հետևյալը. « …Իսկ ավելի կոպիտ ասած՝ ես պավլիկյան եմ, պավլիկյան շարժման կողմնակից եմ, նրանք պայքարեցին նույնիսկ Հռոմի դեմ և հաղթեցին, որովհետև էդ փթած եկեղեցին էն ժամանակ էլ ա փթած եղել, իր ակտիվությունը քաղաքական հարցում ցույց չի տվել…Սա էլ որերորդ դեպքն ա, երբ տեսնում ենք, մեր կաթողիկոսի, եկեղեցու պասիվությունը, մինդեռ, օրինակ, վրացի կաթողիկոսը միշտ շատ ատիվ ա, նույնիսկ դեռ մի բան էլ ավելին…»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը արձագանքել է Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերին. Հոգևորականի արձագանքը ներկայացնում ենք ստորև.
Այն, որ վերջին շրջանին Ռուբեն Հախվերդյանը հասարակության ուշադրության կենտրոնում ավելի հաճախ հայտնվում է գռեհիկ բառապաշարով և արտահայտած տարօրինակ մտքերով, քան երբեմնի իր գեղեցիկ երաժշտությամբ ու երգերի իմաստուն խոսքերով, նորություն չէ: Սակայն վերջին նրա վիրավորական արտահայտությունը, որն ուղղված էր Եկեղեցուն, ընդ որում՝ ոչ միայն մեր օրերում, այլ պատմական ամբողջ հոլովույթում, դա արդեն անհարիր է արվեստագետին և անընդունելի հայության այն հիմնական հատվածի համար, որն աներկբայորեն ընդունում է Եկեղեցին՝ իբրև ազգային կարևորագույն կառույց և բարձրորեն գնահատում նրա դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում:
Առաջին հերթին դիմելով երգչի երկրպագուներին՝ միանգամից նշենք, որ բացարձակապես նպատակ չունենք անգամ փորձ անելու թերագնահատել և քննադատել նրա երգարվեստը: Մենք էլ ունկնդրում ենք նրա երգերը և գնահատում նրա արվեստը: Սակայն երգարվեստի ու մշակույթի հետ առնչվող անձը չի կարող իրեն թույլ տալ նման արտահայտություններ մի կառույցի հասցեին, որի դերակատարությունը ինչպես անցյալում, այնպես և այսօր, ազգային մշակույթի սրբազան արժեքների ստեղծման ու պահպանման տեսանկյունից, կասկածի ենթակա չէ, իսկ պետականաշինության գործում բերած ջանքերը՝ անուրանալի են և ակներև:
Հրապարակման նպատակը, երգչին նախ հիշեցնելն է, որ Եկեղեցին եթե փտած լիներ, ապա չէր կարող 1700 տարի գոյատևել, քանզի փտած որևէ կառույց շատ կարճ կյանք է ունենում, և երկրորդ՝ նրան անդրադառնալու առիթ ընծայել, թե Եկեղեցին որքան կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում հենց նրա լեզվի, ազգային սրբազան արժեքների և մշակույթի ստեղծման և ինքնության կերտման ու պահպանման նվիրական գործում:
Այդ «փտած» Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր պարոն Հախվերդյանը կարողանում է հայերեն ստեղծագործել և ուրախացնել իր երկրպագուներին, քանզի եթե չլիներ Մեսրոպ Վարդապետը, ապա պարոն Հախվերդյանը ստիպված կլիներ իր երգերը կատարել ասորերեն, պարսկերեն կամ հունարեն, կամ որևէ այլ լեզվով:
Այդ «փտած» Եկեղեցին էր, որ ծնեց Կոմիտաս Վարդապետին, ում գործունեության շնորհիվ հարստացավ հայ հոգևոր և դասական երաժշտությունը, և գրի առնվեցին ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ:
Այդ «փտած» Եկեղեցու սպասավորը՝ Մխիթար Գոշը, ստեղծեց Դատաստանագիրքը և հայ գրականության մեջ հիմնեց արձակ գեղարվեստական ժանրը:
Այս շարքը կարելի է անվերջ թվարկել, բայց որպեսզի չթվա, թե Եկեղեցու ձեռքբերումները և փառքը միայն անցյալում են, կարող ենք ներկայացնել նաև մեր շրջանի կարևոր իրագործումներից մի քանիսը:
Ի դեպ, իբրև անցյալի նշանավոր դեմք, որը նորովի արժևորվեց և համայն աշխարհում հայ ազգին մեծ պատիվ ընծայեց նաև այսօր, Սուրբ Գրիգոր Նարեկացի Վարդապետն է, որը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվեց Տիեզերական Վարդապետ:
1915 թ. Հայոց ցեղասպանության օրերին առաջինը, որն իբրև ծնող ընդունեց մահվանից մազապուրծ եղած իր զավակներին՝ Մայր Աթոռն էր իր վշտակիր Գևորգ Ե Սուրենյանց Հայրապետով: Վերջինիս կոնդակով առաջին անգամ ապրիլ 24-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության օր, իսկ Վազգեն Ա երջանկահիշատակ Հայրապետի օրոք՝ 1965-ին, Հայաստանում կառուցվեց Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված առաջին հուշարձանը:
Այդ «փտած» Եկեղեցու գահակալը՝ երջանկահիշատակ Վազգեն Ա-ը, 1992-ին, երբ ստեղծվեց Հայաստան համահայկական հիմնադրամը, նվիրատվություն կատարելու կոչով դիմեց աշխարհասփյուռ հայությանը: Մինչ օրս էլ նշանակալի է Մայր Աթոռի և աշխարհասփյուռ իր թեմերի մասնակցությունը հիմնադրամի միջոցների հավաքագրման գործում:
Այդ փտած Եկեղեցին իր եկեղեցականներով մասնակցեց Սարդարապատի և Արցախի հերոսամարտերին, ինչպես այն ժամանակ, այնպես էլ ապրիլյան հերոսամարտի մեր օրերին:
Ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շրջանին Մայր Աթոռի կողմից իրականացվում են մեծ ծավալի հոգևոր-սոցիալական խնամատարության ծրագրեր:
Այդ փտած Եկեղեցին ապրիլյան պատերազմից հետո և սիրիական ճգնաժամի ընթացքում շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլար աջակցություն է ցուցաբերել արցախահայությանը և սիրիահայությանը:
Միայն 2016 թ. ընթացքում Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տարբեր ծրագրերի միջոցով աջակցություն է ցուցաբերել ութ հարյուր քսան միլիոն ՀՀ դրամ գումարի չափով։
Սա ընդամենը շատ փոքր անդրադարձ է Հայ Եկեղեցու անցյալի և ներկայի գործունեության արդյունքներից մի քանիսին, բայց այսքանն էլ, կարծում ենք, բավական է փաստելու համար, որ մեր Եկեղեցին փտած չէ: Չենք ցանկանում անդրադառնալ նաև հոգևոր ծառայությանը և բարոյահոգեբանական կարևոր քարոզչությանը, որը եկեղեցին դարեր շարունակ իրականացնում է հավատավոր իր հոտի կյանքում, քանզի դրանք դժվար թե ընկալելի և գնահատելի լինեն պարոն Հախվերդյանի համար:
Այս հսկայական ազգանպաստ առաքելության արդյունքը անգամ չի էլ կարելի նժարի վրա դնել մի եկեղեցականի արարքի հետ, որի պատճառով պարոն Հախվերդյանը նվիրական մեր դարավոր կառույցը վիրավորում է:
Դո՛ւք, պարոն Հախվերդյան, կարող եք քննադատել որևէ եկեղեցականի, ում վարքը կամ գործունեությունը անընդունելի եք համարում, սակայն վիրավորելը և անհարիր բառապաշար օգտագործելը Եկեղեցու հասցեին, առավել ևս արվեստագետի կողմից, պատշաճ չէ: Մի եկեղեցականի արարքով Եկեղեցու առաքելությունը չի բնութագրվում, ինչպես որ այս դեպքում ձեր մի արտահայտությամբ չի կարելի բնութագրել ամբողջ հայ երգարվեստը:
Հայ ժողովրդի պատմության գանձարանը հարուստ է եկեղեցականներով, որոնք կերտել են այդ պատմության ոսկետառ էջերը: Հայ մշակույթի գանձարանում ահռելի բաժինը ներդրել է Եկեղեցին՝ եկեղեցականների միջոցով:
Թերևս փտած են եղել պավլիկյանները, որոնք այսօր գոյություն չունեն, քանզի իրենց աղանդավորական և պառակտիչ գործունեությամբ որևէ օգտակարություն չեն բերել ոչ հայոց պետությանը և ոչ էլ հայ ժողովրդին: Ու թեև դուք ձեզ համարում եք պավլիկյան, միևնույն է մենք հարգում ենք ձեզ՝ անկախ այդ շարժման երբեմնի ազգակործան գործունեությունից և մեր Եկեղեցու հասցեին ձեր թույլ տված արտահայտություններից: Ուրեմն դուք էլ, բարի եղեք, հարգել մեր դարավոր նվիրագործված կառույցը՝ զգուշավոր լինելով ձեր արտահայտություններում:
Մեր ժողովրդի գերակշռող մասի ընկալմամբ Եկեղեցին սրբագործված է և Աստծո տունն է, հետևաբար չի կարելի այդ սուրբ կառույցը վիրավորական խոսքերով անվանել, նույնիսկ եթե այդ կառույցի ներկայացուցիչներից մեկը սխալվում է: Թերևս, այդ սրբության գաղափարը անընկալելի է ձեզ համար, սակայն, եթե նույնիսկ այդպես է, ապա իբրև հայ, առավել ևս կրթված և երգարվեստի ներկայացուցիչ, զուտ քաղաքավարության սահմաններում դուք իրավունք չունեք վիրավորել մեր ժողովրդի սրբազան արժեքները:
Մանրամասները asekose.am կայքում