ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ
1
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ
1 Փիլիպպոսի որդի Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը Քետիմացիների երկրից դուրս գալով՝ ծնկի բերեց պարսիկների եւ պարթեւների արքայ Դարեհին, թագաւորեց նրա փոխարէն, իշխեց յոյների եւ հռոմէացիների երկրների վրայ: 2 Այնուհետեւ զօրք հաւաքելով՝ մեծ պատերազմներ մղեց, բերդեր գրաւեց, բազում թագաւորներ սպանեց, 3 հեթանոս տարբեր ազգերից մեծ աւար վերցրեց: Ամբողջ երկիրը դողում էր նրա առաջ: 4 Նա բազմաթիւ զօրք հաւաքեց, յարձակուեց բոլոր հզօր երկրների վրայ 5 ու ողջ աշխարհը հարկատու դարձրեց:
6 Դրանից յետոյ նա մահացու ախտով հիւանդացաւ եւ անկողին ընկաւ: 7 Երբ տեսաւ, որ մեռնում է, կանչեց մանկուց իր հետ սնուած-դաստիարակուած ծառաներին՝ իր կողմից փառքի արժանացած իր չորս կաթնեղբայրներին, ու քանի դեռ կենդանի էր, իր թագաւորութիւնը բաժանեց եւ տուեց նրանց: 8 Ալեքսանդրը տասներկու տարի թագաւորելուց յետոյ մեռաւ: 9 Նրանից յետոյ իր կաթնեղբայրները իշխեցին իրենց բաժին հասած տարածքում. 10 նրա մահուանից յետոյ իւրաքանչիւրը թագ կապեց իր գլխին: Սրանց հետեւեցին նաեւ իրենց որդիները: Եւ այսպէս՝ երկար տարիներ: Սրանք բազմացրին անօրէնութիւններն ու երկիրը լցրին իրենց չարագործութիւններով:
11 Սրանցից է սերում չարիքի արմատ, դառնութեան շառաւիղ, անօրէն Անտիոքոսը՝ Անտիոքոս արքայի որդին, որ պատանդ էր մնացել Հռոմ քաղաքում: Նա թագաւորեց յոյների թագաւորութեան հարիւր երեսունեօթներորդ տարում:
12 Սրանց ժամանակ էր, որ իսրայէլացիներից ծնուեցին անօրէն մարդիկ, որոնք շատերին դիւթելով պատիր ու շողոմ խօսքերով՝ ասացին. «Եկէք մեր շուրջը բնակուող բոլոր հեթանոս ազգերի հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք, որովհետեւ այն օրից ի վեր, երբ մենք անջատուեցինք նրանցից ու մեկնեցինք, բազում մեծ չարիքներ պատահեցին մեզ»: 13 Շատերին հաճելի թուացին այս խօսքերը, 14 ժողովրդի միջից ոմանք համաձայնեցին գնալ հանդիպել թագաւորին, եւ թագաւորը նրանց իրաւունք տուեց ապրել հեթանոսների բոլոր օրէնքներով: 15 Նրանք Երուսաղէմում ըստ հեթանոսների օրէնքների մեհենական հրապարակներ կառուցեցին, 16 իրենց համար անթլփատութեան օրէնք հաստատեցին, շեղուեցին սուրբ կտակարանների ուխտից, միաբանեցին հեթանոսների հետ եւ յօժարեցին չարիքներ գործել:
ԱՆՏԻՈՔՈՍԸ ՅԱՐՁԱԿՒՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՎՐԱՅ
17 Երբ Անտիոքոսի թագաւորութիւնը հզօրացաւ, նա մտադրուեց թագաւորել նաեւ Եգիպտացիների երկրի վրայ, որպէսզի միացնի երկու թագաւորութիւնները: 18 Նա մեծ զօրքով, ռազմակառքերով, փղերով ու բազում նաւերով արշաւեց Եգիպտացիների երկրի վրայ, 19 որպէսզի պատերազմի Եգիպտոսի Պտղոմէոս թագաւորի դէմ: Պտղոմէոսը պարտութիւն կրեց նրանից ու փախուստի դիմեց: Այդ կռւում բազմաթիւ մարդիկ վէրքեր ստանալով մեռան: 20 Անտիոքոսն ասպատակեց ամբողջ երկիրը. նրա զօրքերը յանկարծակի վրայ էին հասնում, արագ հաւաքում էին աւարն ու գրաւում ողջ Եգիպտացիների երկրի բերդերը:
21 Եգիպտացիներին յաղթելուց յետոյ Անտիոքոսը հարիւր քառասուներեք թուականին վերադարձաւ 22 եւ մեծ զօրքով յարձակուեց Երուսաղէմ քաղաքի վրայ, 23 յանդուգն գոռոզութեամբ մտաւ սուրբ տաճար, յափշտակեց ոսկէ զոհասեղանը, լոյսի աշտանակը, գանձատան բոլոր իրերը, առաջաւորութեան հացի սեղանը, սկիհներն ու տաշտերը, բոլոր խնկամաններն ու վարագոյրները, պսակներն ու ոսկէ զարդերը: 24 Առաջինն ինքը մտաւ տաճար, յափշտակեց ու ձուլեց ամէն ինչ, վերցրեց արծաթն ու ոսկին, զէնքն ու զրահը, ռազմական բոլոր իրերը, գտաւ ու վերցրեց թաքցրած գանձերն ու սրբազան բոլոր անօթները եւ գնաց իր երկիրը: 25 Նա շատ արիւն թափեց, շատ մարդկանց սպանեց, մեծ ամբարտաւանութեամբ խօսեց շատերի հետ: 26 Մեծ սուգ պատեց Իսրայէլին:
27 Իրենց բոլոր տեղերում հեծեցին իշխաններն ու ծերերը,
թուլացան աղջիկներն ու երիտասարդները,
խամրեց կանանց գեղեցկութիւնը,
28 բոլոր փեսաների դէմքերից անպակաս դարձաւ ողբն ու լացը,
սգոյ բանտի վերածուեցին բոլոր հարսների ննջասենեակները,
29 երկիրը սարսռաց իր բնակիչների համար,
եւ անարգանքն ու ամօթը համակեց Յակոբի ամբողջ տունը:
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՄՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
30 Այդ դէպքերից երկու տարի յետոյ Անտիոքոս արքան հարկահան մի իշխան ուղարկեց Հրէաստանի քաղաքները: Սա Երուսաղէմ եկաւ բազմաթիւ զօրքերով 31 եւ սկսեց նենգութեամբ խաղաղութիւն քարոզել: Նրանք հաւատացին սրան, 32 բայց սա յանկարծակի յարձակուեց քաղաքի վրայ, մեծ հարուածներ հասցրեց բնակիչներին եւ բազմաթիւ իսրայէլացիներ սպանեց: 33 Նա աւարի մատնեց քաղաքը, հրկիզեց նրա բոլոր փայտակերտ շինութիւնները, քանդեց, աւերեց քաղաքը շրջափակող պարիսպներն ու նրա ապարանքների բոլոր պատերը: 34 Գերեվարեցին կանանց ու մանուկներին, տիրացան նրանց բոլոր անասուններին: 35 Նրանք քաղաքի վերին կողմը հզօր աշտարակներով ամուր պարիսպ շինեցին, եւ դա նրանց համար ամրացուած քաղաքի միջնաբերդը եղաւ: 36 Այնտեղ լցրին մեղսագործ, անօրէն մարդկանց, զէնքերով զինեցին նրանց, մթերքներով ապահովեցին եւ Երուսաղէմի ողջ աւարը կուտակեցին ներսում: 37 Դրանք Իսրայէլի երկրի համար մշտապէս եղան մեծ որոգայթ, 38 սրբութեան արգելքներ ու չար սատանայ: 39 Նրանք սուրբ տաճարի շուրջը անմեղ արիւն թափեցին եւ պղծեցին սրբավայրերը: 40 Դրանից յետոյ Երուսաղէմի բնակիչները նրանց պատճառով փախստական դարձան: Երուսաղէմը օտարների բնակավայր դարձաւ եւ օտարացաւ իր հարազատ զաւակներից, որովհետեւ նրա որդիները հեռացան այնտեղից:
41 Աւերուեց նրա սրբարանն ու վերածուեց անապատի:
Նրա տարեկան տօները սգի վերածուեցին,
իսկ նրա շաբաթ օրերը՝ նախատինքի ու ամօթի:
Արհամարհուեց նրա պատիւը,
42 նրա փառքը լցուեց անարգանքով,
նրա վեհութիւնը դարձաւ սգի արժանի:
ԱՆՏԻՈՔՈՍԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՊԱՇՏԵԼ ԿՈՒՌՔԵՐԻՆ
43 Ողջ աշխարհում հրովարտակներ արձակուեցին, որ երկրի բոլոր բնակիչները հրաժարուեն իրենց օրէնքներից եւ ընդունեն մէկ օրէնք՝ նրա՛ օրէնքը: 44 Բոլոր ազգերը ենթարկուեցին արքունի հրամանին: 45 Իսրայէլացիներից շատերը նոյնպէս դաւանեցին անօրէն կրօնը, զոհեր մատուցեցին նրանց կուռքերին ու պղծեցին իրենց շաբաթ օրերը: 46 Թագաւորը բանագնացների միջոցով հրովարտակներ ուղարկեց Երուսաղէմ եւ Հրէաստանի քաղաքները՝ նրանց ընդունել տալու համար օտարոտի օրէնքներ, 47 վերացնելու ողջակիզումն ու սուրբ զոհերը, 48 պղծելու շաբաթ օրերն ու ամենամեայ տօները, ապականելու սրբարանը, 49 որպէսզի դրանց փոխարէն կռապաշտական զոհասեղաններ կանգնեցնեն, մեհեաններին արտեր յատկացնեն, 50 նաեւ խոզեր ու խառնածին անասուններ մորթեն, 51 որդիներին անթլփատ թողնեն, իրենց անձը պղծեն ամէն տեսակ անօրէն պղծութիւններով եւ բոլորովին մոռանան իրենց հաւատն ու փոխեն օրէնքները: 52 Եւ նա, ով չէր ենթարկուի թագաւորի հրամանին, կը դատապարտուէր մահուան: 53 Բոլոր վայրերում ոստիկանն արեց այն ամէնը, ինչ գրել էր թագաւորը: 54 Հրէաստանի քաղաքացիներին պարտադրեց, որ ամէն մէկը զոհեր մատուցի իր քաղաքում: 55 Նրանց մօտ հաւաքուեցին նախկին օրէնքներից դժգոհ բոլոր մարդիկ եւ չարագործութիւններով լցրին երկիրը: 56 Նրանք ստիպեցին Իսրայէլին քաշուել աւելի ամուր տեղեր եւ ապաստարաններ:
57 Հարիւր քառասունհինգ թուականի քասղեւ ամսի քսանհինգին նա զոհասեղանի վրայ բարձրացրեց անապատի մի պիղծ կուռք: 58 Ամբողջ Հրէաստանի քաղաքների շուրջը մեհեաններ կառուցեցին եւ ապարանքների բոլոր դռների, քաղաքների բոլոր ճանապարհների վրայ խունկ ծխեցին: 59 Պատառոտում ու կրակն էին նետում իրենց ձեռքն ընկած Կտակարանի բոլոր գրքերը: 60 Ում մօտ Կտակարանի գիրք էին գտնում, կամ ով իր հաւատն էր դաւանում, թագաւորի հրամանի համաձայն նրան մահապատժի էին ենթարկում: 61 Այսպէս ամսէամիս սաստկանում էր հրամանը այն իսրայէլացիների նկատմամբ, որոնք գտնւում էին քաղաքներում: 62 Ամսի քսանհինգին զոհասեղանի վրայ կառուցուած հեթանոսական բագինների վրայ զոհ էին մատուցում: 63 Հրամանի համաձայն՝ սպանում էին այն կանանց, որոնք թլփատել էին իրենց երեխաներին 64 եւ, ըստ արքունի հրամանի, երեխաներին կախում էին իրենց իսկ մայրերի պարանոցներից: Նոյն կերպ էին վարւում թլփատողների եւ նրանց որդիների հետ: 65 Բազմաթիւ իսրայէլացիներ որոշեցին չուտել պիղծ բաներ, գերադասեցին յօժար կամքով մեռնել, բայց երբեք իրենց անձը չպղծել անմաքուր կերակուրներով, 66 որպէսզի չպղծեն սուրբ ուխտը: Դրա համար էլ շատերը մեռան: 67 Իսրայէլը դա համարեց իր համար մեծ տօն եւ ուրախութիւն491:
2
ՄԱՏԱԹԻԱ ՔԱՀԱՆԱՅԻ ՈՂԲԸ
1 Այդ ժամանակներում ասպարէզ իջաւ Շմաւոնի որդի Յովհաննէսի որդի Մատաթիան՝ երուսաղէմացի Յովարիմի տոհմից սերած մի քահանայ: Նա եկաւ ու նստեց Մոդիիմի քարայրների մօտ գտնուող բերդերում: 2 Նա ունէր հինգ որդի. Կադդիշ մականունով Յովհաննէսը, 3 Թարսսի մականունով Շմաւոնը, 4 Մակաբէ մականունով Յուդան, 5 Աւարան մականունով Եղիազարը եւ Յովնաթանը, որ կոչուեց Սափութ: 6 Երբ Մատաթիան տեսաւ Հրէաստանում եւ Երուսաղէմում կատարուող սրբապղծութիւնները, սկսեց ողբալ իր անձի վրայ՝ ասելով.
7 «Վա՜յ ինձ, ինչո՞ւ ականատես եղայ իմ ժողովրդի կոտորածին,
կամ ինչո՞ւ տեսայ սուրբ քաղաք Երուսաղէմի աւերումը:
Ինչո՞ւ նա մատնուեց թշնամու ձեռքը,
8 եւ սրբութիւնն ընկաւ օտարների ձեռքը:
ինչպէ՜ս տաճարը նմանուեց փառքից ընկած մի տղամարդու,
9 իսկ նրա փառաւոր սպասքը՝ գերութեան մատնուած մի մարդու:
Նրա պատանիները կոտորուեցին իր փողոցներում,
իսկ նրա երիտասարդներն ընկան թշնամու սրից:
10 Կա՞յ մի ազգ, որ ժառանգած չլինի մի մաս նրա տէրութիւնից,
կամ կա՞յ մի մարդ, որ չի կողոպտել նրան ու չի տիրել նրա ունեցուածքին:
11 Սպառուել են նրա զարդերը:
Ազատութեան փոխարէն նա մատնուել է ստրկութեան:
12 Մեր բոլոր գեղեցիկ զարդերը, մեր սրբավայրն ու մեր փառքը կործանուել են:
Եւ այդ բոլորը պղծել են հեթանոսները:
13 Այլեւս մեր ինչի՞ն է պէտք կեանքը»:
ՄԱՏԱԹԻԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԵԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
14 Այն ժամանակ Մատաթիան ու նրա որդիները ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին իրենց պատմուճանները, քուրձ հագան ու սուգ պահեցին: 15 Թագաւորի մօտից մարդիկ եկան, որոնք ստիպում էին նրանց դիմելու ապստամբութեան: Նրանք եկան Մոդիիմ քաղաքը, որ այնտեղ զոհեր մատուցեն: 16 Նրանց մօտ եկան ու հաւաքուեցին բազմաթիւ իսրայէլացիներ, որոնց թւում նաեւ՝ Մատաթիան ու իր որդիները: 17 Ապա թագաւորի մօտից եկած մարդիկ սկսեցին խօսել ու ասացին Մատաթիային. «Դու հռչակաւոր իշխան ես, դու մեծաւոր ես այս քաղաքում: Դու սրանց մէջ ես հաստատուել քո որդիների ու եղբայրների հետ: 18 Արդ, նախ դո՛ւ մօտեցիր, կատարի՛ր թագաւորի հրամանը, ինչպէս կատարեցին Հրէաստանում բնակուող բոլոր ազգերի մարդիկ ու բոլոր նրանք, ովքեր բնակւում են Երուսաղէմում. դուք կը դառնաք արքայի բարեկամները, դու եւ քո որդիները պատիւ կը ստանաք ոսկով, արծաթով եւ արքունի հրովարտակներով»:
19 Մատաթիան պատասխան տուեց ու բարձր ձայնով ասաց. «Եթէ թագաւորի երկրի բոլոր մարդիկ ենթարկուել են թագաւորի հրամաններին, ընկրկել եւ հրաժարուել են իրենց հայրերի օրէնքներից ու կատարում են թագաւորի հրամանները, 20 ապա ես, իմ որդիներն ու իմ եղբայրները կը հետեւենք մեր հայրերի պատուիրաններին: 21 Մենք չենք հրաժարուի Աստծու օրէնքներից ու կանոններից, 22 չենք ենթարկուի թագաւորի հրամաններին: Մենք չենք փոխի մեր հայրերի կրօնը, աջ ու ձախ չենք շեղուի եւ թագաւորի հրամանին չենք անսայ»:
23 Հազիւ էր նա այս խօսքերն ասել, որ հրեաներից մի մարդ, թագաւորի հրամանի համաձայն, բոլորի ներկայութեամբ առաջ եկաւ, որպէսզի Մոդիիմի բագինում, մեհեանի առաջ զոհ մատուցի: 24 Երբ դա տեսաւ Մատաթիան, այնքան զայրացաւ, որ դողացին իր երիկամները: Նա դատաստան անելու համար բարկութեամբ լցուեց, բարձրացրեց ոտքը ու այնպէս հարուածեց հրեային, որ սպանեց նրան բագինի առաջ: 25 Նա սպանեց նաեւ այն մարդուն, որ արքունի հրամանով ստիպում էր զոհեր մատուցել: Նա կործանեց բագինը, աւերեց մեհեանը: 26 Նա օրէնքի նախանձախնդիր եղաւ այնպէս, ինչպէս Փենէէսն էր վարուել Եդոմի որդու՝ Զամբրիի նկատմամբ:
ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
27 Նա սկսեց բարձրաձայն աղաղակել ու ասաց. «Իւրաքանչիւր ոք, ով կարող է օրէնքի նախանձախնդիր լինել, ով ուզում է հաւատարիմ մնալ օրէնքներին, թող հետեւի ինձ»: 28 Նա ու իր եղբայրները փախան գնացին լեռները՝ իրենց բոլոր ունեցուածքը թողնելով քաղաքում:
29 Այն ժամանակ անապատ իջան իրաւունք եւ արդարութիւն որոնող շատ մարդիկ, 30 որ բնակուեն այնտեղ իրենց կանանցով, որդիներով ու անասուններով, որովհետեւ չարագործութիւնը սաստկանում էր նրանց նկատմամբ:
31 Թագաւորի իշխաններն ու Դաւթի քաղաքում գտնուող զօրքը իմացան, որ թագաւորի հրամանը չկատարող մի քանի հոգի իջել են անապատի մօտ գտնուող ապաստարանները, իսկ շատերը նրանց միանալով՝ գնացել են նրանց հետ: 32 Ժամանակ նշանակեցին, պատրաստութիւն տեսան, ձի հեծած եկան ու պաշարեցին անապատի մօտ գտնուող ապաստարանները: Նրանք պատերազմի պատրաստութիւն տեսան ու շաբաթ օրը պաշարեցին նրանց: 33 Նախ բանագնաց ուղարկեցին, սկսեցին բանակցութիւններ վարել՝ ասելով. «Գոնէ սրանից յետոյ ենթարկուեցէ՛ք թագաւորի հրամանին, որ կենդանի մնաք»: 34 Պաշարուածներն այնտեղից խօսել սկսեցին ու ասացին. «Ո՛չ դուրս կ՚ելնենք ապաստարաններից, ո՛չ թագաւորի հրամանին անսալով կը պղծենք մեր շաբաթ օրերը, ո՛չ էլ կը շեղուենք մեր օրէնքներից»: 35 Երբ նրանք այս խօսքերը լսեցին, աւելի սաստկացրին հակառակութիւնը նրանց նկատմամբ եւ ուզեցին աւելի սեղմել ապաստարանները պաշարող օղակը, որպէսզի գերի վերցնեն նրանց: 36 Սրանք ո՛չ կիրճերը փակեցին, ո՛չ քար արձակեցին, ո՛չ ապաստարաններն ամրացրին, ո՛չ իսկ նրանց ասածին պատասխան տուեցին, որովհետեւ օրը շաբաթ էր: 37 Սրանք միայն իրար էին քաջալերում՝ ասելով. «Հէնց այստեղ, մեր նեղութեան մէջ էլ կը մեռնենք, որովհետեւ երկինքն ու երկիրը վկայ են, որ իզուր էք մեզ ոչնչացնում: Մեզ համար աւելի լաւ է մեռնել, քան թէ մեր օրէնքները խախտել ու շաբաթ օրերը պղծել»: 38 Երբ նրանք դա լսեցին, շաբաթ օրը սաստկացրին պատերազմը, սպանեցին հազար հոգի, չհաշուած այն, որ մարդկանց ու անասուններին գերի վարեցին:
39 Երբ դա լսեցին Մատաթիան ու իր եղբայրները, խիստ տրտմեցին ու մեծ սուգ արեցին: 40 Նրանք իրար հետ խօսելով ասացին. «Եթէ հետեւենք մեր եղբայրների օրինակին, այսինքն՝ մեր անձն ու իրաւունքները պաշտպանելու համար պատերազմի չելնենք հեթանոսների դէմ, կարճ ժամանակ յետոյ մեզ աւելի շուտ կը սպանեն, քան նախորդ օրերի մարդկանց»: 41 Ուստի հաւաքուեցին, պայմանաւորուեցին, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. «Ով էլ շաբաթ օրը գայ մեր դէմ պատերազմելու, համարձակ մարտնչենք եւ ոչ թէ ամէնքս էլ առհասարակ մեռնենք, ինչպէս մեռան անապատում ապրող մեր եղբայրները»:
42 Այն ժամանակ նրանց մօտ հաւաքուեցին ասիտացի շատ զինուորներ: Սրանք իսրայէլացիների մէջ հզօր ու պատերազմող մարդիկ էին՝ ամէն մէկն իր օրէնքի համար ինքնակամ նահատակուելու պատրաստ: 43 Նրանց միացան նաեւ ամէն տեսակի չարագործութիւններից խուսափած մարդիկ, որով նրանք մեծ զօրք կազմեցին: 44 Զօրք հաւաքեցին, գնդեր կազմեցին, պատրաստութիւն տեսան, իրենց բարկութեան ուժով սպանեցին մեղաւորներին ու անօրէն մարդկանց, իսկ մնացածները փախան հեթանոսների մօտ: 45 Մատաթիան իր եղբայրների ու բարեկամների հետ հետապնդեց նրանց, հասաւ, ջարդեց, աւերեց մեհեանները, 46 կործանեց բագինները, թլփատեց անթլփատ երեխաներին եւ ամրացաւ իսրայէլացիների սահմանների վրայ: 47 Նրանք հալածական արեցին ամբարտաւան մարդկանց: Նրանց ձեռնարկած գործը յաջողութիւն ունեցաւ: 48 Նրանք պաշտպանեցին իրենց օրէնքները, վրէժ լուծեցին հեթանոսներից, մերժեցին թագաւորի անօրէն հրամանը, թոյլ չտուեցին, որ գլուխ բարձրացնի ամբարտաւանութեան եղջիւրը:
ՄԱՏԱԹԻԱՅԻ ԿՏԱԿՆ ՈՒ ՄԱՀԸ
49 Երբ մօտեցան Մատաթիայի մեռնելու օրերը, նա իր մօտ կանչեց իր որդիներին ու ասաց նրանց. «Գոռոզութիւնն ու ամբարտաւանութիւնն են հաստատուել այժմ, բայց ահա հասել է կործանումն ու գոռոզութիւնը վերացնելու ժամանակը: 50 Արդ, զաւակնե՛րս, եկէք առաջնորդուեցէ՛ք օրէնքի հանդէպ նախանձախնդրութեամբ, դուք ձեզ նուիրեցէ՛ք հայրերի Կտակարանների պաշտպանութեանը, 51 յիշեցէ՛ք, թէ ձեր հայրերը քաջութեան ինչ գործեր են կատարել իրենց ժամանակին, եւ աւագութեան փառք կը ստանաք, յաւիտենական անուն կը ժառանգէք: 52 Չէ՞ որ Աբրահամը փորձութեան ժամանակ հաւատարիմ գտնուեց եւ դրա համար էլ արդար համարուեց: 53 Յովսէփն իր նեղութեան ժամանակ պահեց պատուիրանը եւ տէր դարձաւ Եգիպտացիների երկրին: 54 Մեր նախանձախնդիր հայր Փենէէսն արդար վրէժի զգացումով առաջնորդուեց եւ առյաւէտ ստացաւ քահանայութեան ուխտը: 55 Նաւէի որդի Յեսուն Տիրոջ պատգամները կատարելու համար դարձաւ իսրայէլացիների դատաւորը: 56 Քաղեբը ժողովրդի մէջ վկայութիւն տալու համար դարձաւ ժառանգութեան տէր: 57 Դաւիթն իր հեզութեան, արդարամտութեան ու ողորմած լինելու համար յաւիտենապէս ժառանգեց թագաւորութեան գահը: 58 Եղիան օրէնքի նկատմամբ նախանձախնդիր լինելու համար բարձրացաւ երկինք: 59 Անանիան, Ազարիան ու Միսայէլը իրենց հաւատի շնորհիւ փրկուեցին հնոցի կրակից: 60 Դանիէլն անմեղ լինելու պատճառով փրկուեց առիւծների երախից: 61 Արդ, իմացէ՛ք, որ բոլոր նրանք, ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ, սերնդից սերունդ չեն տկարանայ: 62 Ամբարիշտ մարդու խօսքից մի՛ վախեցէք, որովհետեւ նրա փառքը աղբ է ու կեղտ: 63 Այսօր լինի թէ վաղը, այն այլեւս չի մնայ, կը վերածուի հողի, եւ կ՚անէանան նրա մտադրութիւնները: 64 Գօտեպնդուեցէ՛ք, զաւակնե՛րս, հաստա՛տ մնացէք ձեր օրէնքի վրայ, որովհետեւ դրանով պիտի փառաւորուէք: 65 Գիտեմ, որ ձեր եղբայր Շմաւոնը խոհեմ մարդ է: Լսեցէ՛ք նրան, նրան ընդունեցէ՛ք ձեր հօր տեղ: 66 Ձեր զօրքերի սպարապետը թող լինի զօրավար Յուդա Մակաբէն, նա թող պատերազմի ելնի զօրքով, 67 իսկ դուք՝ օրէնքի նախանձախնդիր բոլոր մարդիկդ, միացէ՛ք, որ լուծէք ձեր ժողովրդի վրէժը. 68 հատուցում պահանջեցէ՛ք հեթանոսներից ու հետեւեցէ՛ք օրէնքի հրամաններին»:
69 Նա օրհնեց նրանց, վախճանուեց ու միացաւ իր նախնիներին: 70 Նա մեռաւ հարիւր քառասունութ թուականին: Նրան թաղեցին իր նախնիների գերեզմանատանը՝ Մոդիիմում, եւ ամբողջ Իսրայէլը մեծապէս սգաց նրան:
3
ՄԱԿԱԲԷՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԶՕՐԱՊԵՏ
1 Նրան փոխարինեց Մակաբէ մականուամբ Յուդան՝ նրա որդին: 2 Նրան աջակից եղան իր բոլոր եղբայրները եւ բոլոր նրանք, ովքեր իր հօր հետեւորդներն էին: Նրանք յանուն իսրայէլացիների պատերազմ էին մղում խինդով եւ ուրախութեամբ:
3 Մեծ էր Մակաբէի փառքը ժողովրդի վրայ:
Նա զինուեց իբրեւ մի հսկայ,
պատերազմի զրահ հագաւ,
մեծամեծներին պատերազմի էր առաջնորդում
եւ իր նիզակով հովանի լինում իր զօրագնդերին:
4 Իր գործերով նա նմանուեց առիւծի
ու որսի վրայ մռնչացող առիւծի ձագի:
5 Հետապնդելով հալածեց նա անօրէններին,
կրակի մատնեց իր ժողովրդին անհանգստացնողներին:
6 Անօրէնները սարսափեցին նրա ահից,
ովքեր սատար էին անօրէնութեան, խուճապի մատնուեցին.
նրա շնորհիւ ձեռք բերուեց փրկութիւն:
7 Նա բազում թագաւորների դառնութիւն պատճառեց,
իր գործերով ուրախացրեց Յակոբի տունը,
դրա համար էլ նրա յիշատակը յաւիտեանս օրհնութեամբ է մնալու:
8 Նա յարձակւում էր Հրէաստանի քաղաքների վրայ,
կոտորում այնտեղ գտնուող ամբարիշտներին,
որպէսզի վերացնի Իսրայէլի վրայ իջած բարկութիւնը:
9 Նա հաւաքում էր ցրուած մարդկանց եւ գտնում կորածներին:
ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
10 Այս դէպքերից յետոյ Ապոլոնիոսը հեթանոսներից զօրք հաւաքեց, զէնքի կոչեց նաեւ բազմաթիւ շամրտացիների492, որպէսզի պատերազմի Իսրայէլի դէմ: 11 Երբ դա իմացաւ Յուդան, ընդառաջ ելաւ Ապոլոնիոսին եւ խփեց-սպանեց նրան, նրա զինուորներից շատերին վիրաւորելով կոտորեց, իսկ մնացածներին փախուստի մատնեց, 12 աւարի ենթարկեց նրա ունեցուածքը: Յուդան առաւ Ապոլոնիոսի սուսերն ու իր ամբողջ կեանքում դրանով կռուեց նրանց զօրքերի դէմ: 13 Երբ ասորեստանցիների զօրքերի իշխան Նրէնը լսեց, որ Յուդան զօրք է հաւաքել, եւ բազմաթիւ հաւատացեալներ պատերազմի են գալիս նրա հետ, 14 ինքն իր մէջ մտածեց եւ ասաց. «Ես էլ անուն վաստակեմ ու փառքի տիրանամ իմ արքայութեան մէջ: Պատերազմ մղեմ Յուդայի դէմ եւ պարտութեան մատնեմ նրանց, ովքեր անարգում են թագաւորի հրամանը»: 15 Նա կրկնապատիկ զօրք հաւաքեց: Նրան օգնութեան հասան անօրէնների բազմաթիւ զօրքեր, որպէսզի յարձակուեն ու վրէժ լուծեն իսրայէլացիներից: 16 Նա եկաւ հասաւ մինչեւ Բեթորի կողմերը: Յուդան նրան ընդառաջ գնաց սակաւաթիւ մարդկանցով: 17 Երբ նրանք տեսան, որ գունդ է գալիս իրենց դէմ ճակատելու, Յուդայի մօտ եղած մարդիկ սկսեցին խօսել ու ասացին. «Ինչպէ՞ս կարող ենք մենք սակաւաթիւ մարդկանցով մարտնչել այդքան բազմամարդ բանակի դէմ, մանաւանդ որ թոյլ ու տկար ենք, որովհետեւ արդէն քանի օր է, ինչ քաղցած ենք»: 18 Յուդան սկսեց նրանց քաջալերել ու ասաց. «Աստծու համար դիւրին գործ է շատ մարդկանց մատնել քչերի ձեռքը: Երկնաւորի համար տարբերութիւն չկայ շատի ու քչի միջեւ, 19 որովհետեւ յաղթանակը ձեռք է բերւում ոչ թէ շատ զօրքով, այլ այն զօրութեամբ, որ երկնքից է գալիս: 20 Նրանք մեզ վրայ են գալիս ամբարտաւան գոռոզութեամբ եւ անօրէնութեամբ, որպէսզի կոտորեն մեզ եւ մեր կանանց ու երեխաներին գերեվարեն: 21 Մենք մարտնչում ենք յանուն մեր անձերի ու յանուն մեր օրէնքների, 22 եւ Տէրը նրանց սատակեցնելու է մեր ոտքերի առաջ: Գօտեպնդուեցէ՛ք, քա՛ջ եղէք, մի՛ վախեցէք»:
23 Հազիւ էր նա իր խօսքերը վերջացրել, որ յարձակուեց գնդի վրայ, կոտորեց այն թեւը, ուր կազմ ու զինավառ կանգնած էր Նրէն իշխանը, հալածական արեց բանակն այդ վայրից եւ նրան ու ողջ զօրքը փախուստի մատնեց: 24 Նրանք հետապնդեցին դրանց մինչեւ Բեթորի դաշտի կողմերը, շատերին վիրաւորելով դիաթաւալ գետին տապալեցին: Դրանցից մօտաւորապէս ութ հարիւր մարդ ընկաւ, իսկ մնացածները փախուստի դիմեցին դէպի Փիլիստիիմ: 25 Յուդան ու իր եղբայրները ահ ու սարսափ էին տարածել. այնուհետեւ նրանք որոշեցին ասպատակել իրենց շրջակայքում գտնուող հեթանոսների երկրները: 26 Նրա համբաւը հասաւ թագաւորին, որովհետեւ հեթանոսները պատմում էին նրա պատերազմների մասին:
ԱՆՏԻՈՔՈՍ ԿԱՅՍՐԸ ԼԻՒՍԻԱՍԻՆ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ Է ԿՈՐԾԱՆԵԼ ԻՍՐԱՅԷԼԸ
27 Երբ այս դէպքերի մասին լսեց Անտիոքոս կայսրը, խիստ զայրացաւ: Նա իր բոլոր երկրներից զօրք հաւաքելով՝ շատ մեծ բանակ կազմեց: 28 Նա բաց արեց գանձատունը, զինուորներին մէկ տարուայ պարգեւներ բաշխեց եւ պատուիրեց նրանց, որ պատրաստ լինեն ամէն ինչի: 29 Երբ տեսաւ, որ գանձատունը դատարկուել է, եւ նուազել է երկրի հարկը այն երկպառակութեան եւ հարուածների պատճառով, որ նա հասցրել էր երկրին, եղծել նախնիների օրէնքները, որ սահմանուած էին վաղ ժամանակներից, 30 Անտիոքոսը զարհուրեց, որ գուցէ նուէրներն ու ռոճիկները բաւական չլինեն առաջուայ նման առատաձեռնօրէն բաժանելու համար: 31 Եւ նա վարանեց: Մտածեց մտնել Պարսից աշխարհը, երկրի հարկը հաւաքել այնտեղից, շատ արծաթ կուտակել: 32 Նա այնտեղ թողեց Լիւսիասին՝ թագաւորական տոհմից մի հռչակաւոր մարդու, իբրեւ Եփրատի կողմերի ու եգիպտացիների սահմանների արքունի գործերի վերակացու, 33 որպէսզի սա դաստիարակի իր որդի Անտիոքոսին, մինչեւ որ ինքը վերադառնայ այնտեղից: 34 Նա նրա մօտ թողեց զօրքի կէսն ու փղերը եւ կարգադրեց նրան անել այն ամէնը, ինչ ինքը կամենում էր ու ինչ ինքը խորհել էր ե՛ւ Հրէաստանի բնակիչների, ե՛ւ Երուսաղէմի մասին: 35 Նա նրանց համար գումարտակ յատկացրեց, որ կոտորի նրանց, բնաջինջ անի Իսրայէլի զօրքն ու Երուսաղէմի մնացած բնակիչներին, այնտեղից ջնջի նրանց յիշատակը, 36 այնտեղ, նրանց բոլոր սահմաններում, բնակեցնի օտարազգիների որդիներին եւ չափած հողակտորների բաժանի նրանց ողջ երկիրը: 37 Ինքը վերցրեց զօրքի միւս կէսը եւ հարիւր քառասուն թուականին Անտիոքից՝ իր թագաւորանիստ քաղաքից շարժուեց, անցաւ Եփրատ մեծ գետն ու գնաց վերին գաւառների կողմերը:
ԼԻՒՍԻԱՍԻ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀՐԷԱՍՏԱՆ
38 Լիւսիասն ընտրեց Պտղոմէոսին՝ Դորիմէնի որդուն493, Նիկանորին եւ Գորգիասին, որոնք արքայի հզօր բարեկամներն ու խորհրդականներն էին, 39 նրանց յանձնեց քառասուն հազար հեծեալ եւ եօթը հազար բտած ձի494, որպէսզի, թագաւորի հրամանի համաձայն, յարձակուեն Հրէաստան երկրի վրայ, աւերեն, քանդեն այդ աշխարհը, կործանեն երկիրը: 40 Նրանք իրենց ամբողջ զօրքով եկան ու բանակ դրեցին Ամաուսի մօտակայքում, դաշտավայրի տափարակ մասում: 41 Երբ այդ երկրի վաճառականները լսեցին, որ զօրք է եկել, որպէսզի աւարի մատնի Հրէաստան երկիրը, գերեվարի նրա որդիներին ու դուստրերին, վերցրին իրենց արծաթն ու ոսկին եւ այնքան ձեռնհաս մարդ, որ կարող լինէին օգնել իրենց, որպէսզի գան ու փրկագնեն օտար երկրներում գերի ընկած իսրայէլացիներին: Դրանց միացան նաեւ ասորիների ու այլազգիների երկրների զօրքերը: 42 Երբ Յուդան ու իր եղբայրները տեսան, որ ամէն տեսակ չարիքներ են կուտակւում իրենց վրայ, եւ այս զօրքն էլ եկել, պաշարուած վիճակում է պահել իրենց սահմանները, երբ նաեւ տեղեկացան ժողովրդին կորստի ու բնաջնջման մատնելու վերաբերեալ թագաւորի հրամանի մասին, սկսեցին իրար հետ խօսել եւ ասացին. 43 «Եկէք սրտապնդուենք, կանխենք մեր ժողովրդի անկումը, պատերազմենք յանուն մեր սրբութիւնների, յանուն մեր ազգի»: 44 Եւ ժողովուրդը պատերազմի պատրաստութիւն տեսաւ, աղօթք արեց ու Տիրոջից ողորմածութիւն խնդրեց:
45 Երուսաղէմն աւերակ ու ամայի էր,
նրա բնակիչներից չկար ոչ մէկը, որ մտնէր ու ելնէր այնտեղից:
Նրա սրբութիւնները այլազգիների որդիները ոտնակոխ էին անում,
քաղաքի ամրութիւնները հեթանոսների բնակութեան վայր էին դարձել:
Վերացաւ ուրախութիւնը Յակոբի տնից,
պակասեցին շեփորների ու տաւիղների ձայները,
լռեցին երաժշտութեան ցանկալի եւ ուրախ հնչիւնները:
ՀՐԵԱՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
46 Բոլորը եկան հաւաքուեցին Մասեփայում՝ Երուսաղէմի դէմ յանդիման, որովհետեւ իսրայէլացիների աղօթատեղին առաջ Մասեփայում էր: 47 Ծոմ պահեցին, քուրձ ու ցնցոտի հագան, մոխիր ու հող վերցրին, ածեցին իրենց գլխին, պատառոտեցին օձիքները: 48 Բացում էին Օրէնքի մատեանները, որոնց համար հեթանոսները հալածում էին իրենց, 49 բերում էին քահանայութեան զգեստները, բերքի առաջին պտուղներն ու տասանորդներն էին մէջտեղ դնում, հաւաքում ու բերում էին այն ուխտաւորներին, որոնք վերջացրել էին իրենց ուխտի օրերը: 50 Նրանք բարձր ձայնով իրենց խօսքը երկինք էին առաքում՝ ասելով. «Հիմա ի՞նչ անենք սրանց, կամ ո՞ւր տանենք, 51 որովհետեւ քո սրբութիւնները ոտնակոխ են եղել, քո քահանաները նստել են սգի ու տառապանքի մէջ, 52 բոլոր հեթանոսները ահա հաւաքուել են, որ բնաջնջեն մեզ: Դու գիտես, թէ նրանք ինչ են խորհում մեր մասին: 53 Հիմա մենք ինչպէ՞ս կարող ենք դէմ կանգնել, եթէ դու մեզ չօգնես»: 54 Նրանք շեփոր էին փչում, աղաղակ բարձրացնում, բարձր ձայնով դէպի երկինք դիմում:
55 Դրանից յետոյ Յուդան սկսեց կարգ հաստատել ժողովրդի մէջ: Նա հրամանատարներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ նշանակեց նրանց վրայ: 56 Իսկ շէնքեր կառուցողներին, նոր ամուսնացածներին ու այգի տնկողներին ասուեց եւ վախկոտներին էլ պատուէր տրուեց, որ, Օրէնքի համաձայն, իրենց տները վերադառնան: 57 Ամբողջ զօրքը հասաւ ու բանակ դրեց Ամաուսի թիկունքում: 58 Այնտեղից Յուդան սկսեց քաջալերել զօրքին՝ ասելով. «Զինուեցէ՛ք, պատրաստուեցէ՛ք, գօտեպնդուեցէ՛ք, որ վաղը առաւօտեան պատերազմ մղենք հեթանոսների դէմ, որոնք եկել են բնաջնջելու մեզ ու մեր սրբութիւնները: 59 Աւելի լաւ է մեռնենք պատերազմի դաշտում, քան տեսնենք մեր ազգի ու մեր սրբութիւնների անարգանքը: 60 Ինչ որ է երկնային Տիրոջ կամքը, այդպէս էլ թող կատարուի: 61 Նա թող յիշի մեր հայրերի հետ կնքած ուխտը եւ մեր ոտքերի առաջ թող կոտորի այս զօրքը, 62 որպէսզի հեթանոսները գիտենան, թէ գոյութիւն ունի մէ՛կ Աստուած495, որ փրկում է Իսրայէլը»:
4
ԱՄԱՈՒՌԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
1 12 496 Այլազգիներն իրենց աչքերը բարձրացրին ու տեսան, որ նրանք յարձակուելով գալիս են իրենց վրայ. 13 եւ նրանք պատերազմելու ելան նրանց գնդերի դէմ: 14 Յուդայի զինուորները շեփոր հնչեցրին ու մի տեղ հաւաքուեցին: Յարձակուեցին, կոտորեցին, փախուստի մատնեցին, 15 մի մասին տեղում սպանեցին, ոմանց դաշտում սրախողխող արեցին, փախուստի մատնեցին մինչեւ Գազիրոնի սահմանները, եդոմացիների, Ազոտի ու Յամէնի կողմերը: Այդ օրը խոցուած ընկաւ շուրջ երեք հազար մարդ: 16 Յուդան վերադարձաւ իր զօրքով: Երբ նա եկաւ հասաւ ճակատամարտի վայրը, 17 սկսեց խօսել զօրքի հետ ու ասաց. «Դեռ մի՛ մտածէք ընկած դիակները կողոպտելու մասին, 18 որովհետեւ ահա Գորգիասը սպառազինուած իր զօրքով կանգնած է մեր դէմ: Դիրքե՛ր բռնեցէք, կանգնեցէ՛ք ձեր թշնամիների դէմ, իսկ մարտի յաղթանակից յետոյ համարձակ կերպով կողոպտեցէ՛ք նրանց»: 19 Երբ նա այս խօսքերն էր ասում, տեսան, որ մի գունդ երեւաց լերան կողմից: 20 Գնդի մարդիկ մտածեցին, որ իսրայէլացիները պարտութեան մատնուելով կրակ են գցել ճամբարի մէջ, եւ բարձրացող ծուխը կատարուած դէպքի նշան է: 21 Երբ սրանք դա տեսան, կանգ առան՝ մանաւանդ նկատելով, թէ Յուդայի գունդը ինչպէս էր պատրաստուած ճակատամարտ տալու համար: 22 Սրանք վեր կացան ու փախան Փղշտացիների երկիրը: 23 Յուդան վերադարձաւ ճակատամարտի վայրը, որպէսզի կողոպտի ընկած դիակները: Նա նրանց բանակից վերցրեց ոսկի ու արծաթ, թանկարժէք զգեստներ, կարմիր, կապուտակ, ծովագոյն կտորեղէն, մեծ հարստութիւն: 24 Երբ այնտեղից վերադարձան, սկսեցին գոհութիւն մատուցել, օրհնել երկնային Տիրոջն ու ասել. «Նա բարի է, յաւիտենական է նրա ողորմածութիւնը»: 25 Եւ Իսրայէլն այդ օրը մեծ փորձանքից ազատուեց:
26 Այլազգիներից ովքեր այս անգամ փրկուել էին, եկան պատմեցին Լիւսիասին այն ամէնը, ինչ կատարուել էր: 27 Երբ դա լսեց Լիւսիասը, տրտմեց ու երեսի վրայ ընկաւ գետին, որովհետեւ իսրայէլացիների վերաբերեալ իր ցանկութիւնը չէր կատարուել այնպէս, ինչպէս ինքն էր մտածել. չէր կատարուել այն, ինչ պատուիրել էր իրեն թագաւորը:
ԼԻՒՍԻԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՒԱՆՔԸ
28 Յաջորդ տարի նա մօտ վեց հազարանոց497 հետեւակ զօրք հաւաքեց, հինգ հազարանոց սպառազինուած հեծեալ այրուձի կազմեց, որպէսզի գայ, կողոպտի Հրէաստան երկիրը: 29 Եկան, հասան, ճակատամարտ տուեցին Բեթսորի կողմերում: Յուդան նրան ընդառաջ եկաւ տասնմէկ հազար մարդկանցով: 30 Երբ տեսան բազմամարդ ու հզօր գունդը, սկսեցին աղօթել, օրհնել Աստծուն եւ ասել. «Տէ՛ր Աստուած, դու ես այն Աստուածը, որ քո ծառայ Դաւթի ձեռքով կոտորեցիր յարձակում գործած հզօր ազգի զօրքերին, Սաւուղի որդի Յովնաթանի ձեռքը մատնեցիր այլազգիների բանակները: 31 Արդ, Իսրայէլի ձեռքով խորտակի՛ր այս զօրքի զօրութիւնը: Թող նօսրանան նրանց զօրքերի՝ հեծեալների ու հետեւակների շարքերը: 32 Սարսա՛փ գցիր նրանց մէջ, հալածի՛ր նրանց գոռոզ զինուորներին, նրանք թող դողան իրենց պարտութիւնը տեսնելով: 33 Կործանի՛ր նրանց, յանձնի՛ր քո սիրելիների սրերի բերանը, որպէսզի քեզ օրհնեն նրանք, ովքեր ճանաչում են քո անունը»:
34 Բանակները բախուեցին միմեանց, եւ այդ ժամանակ իրենց առաջ Լիւսիասի գնդից ընկաւ հինգ հազար հեծեալ: 35 Երբ Լիւսիասը տեսաւ իր գնդի պարտութիւնն ու Յուդայի գնդի քաջութիւնն ու յաղթանակը եւ այն, որ նրանք պատրաստ էին քաջ յաղթողի անուն վաստակելու համար ապրել կամ մեռնել, նահանջեց, գնաց Անտիոքի կողմերը: Դարձեալ նա զօրք հաւաքեց, սպառազինուեց, որպէսզի նորից արշաւի դէպի Հրէաստան:
ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ
36 Յուդան ու եղբայրներն սկսեցին խօսել ժողովրդի հետ ու ասացին. «Ահա մեր թշնամիները ջախջախուեցին մեր ոտքերի առաջ: Եկէք գնանք, մաքրենք սրբարանը, մաքրենք տաճարը, որպէսզի նաւակատիք անենք այնտեղ»: 37 Ողջ ժողովուրդը հաւաքուեց, եկաւ հասաւ Սիոն լեռը 38 եւ տեսաւ, որ սրբարանն աւերուած է, զոհասեղանը՝ պղծուած, դռները՝ հրկիզուած: Գաւիթներում թփեր էին բուսել ինչպէս անտառում կամ մի լերան վրայ, կամարակապ սենեակներն աւերուած էին, ներքնախցերը՝ քանդուած: 39 Նրանք ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին պատմուճանները, գլուխներին հող ցանեցին: 40 Թաւալւում էին գետին, շեփոր էին փչում, դէպի երկինք աղաղակ բարձրացնում:
41 Այն ժամանակ Յուդան հրաման տուեց, որ զօրքը հաւաքուի, պաշարի միջնաբերդը՝ մաքրելու համար սրբարանը: 42 Նա ընտրեց անարատ, օրէնքներին հնազանդ քահանաներ եւ մաքրել տուեց սրբարանը: 43 Նրանք հանեցին պղծուած վէմերը, հաւաքեցին մի առանձին տեղ 44 եւ խորհրդի նստեցին թշնամիների պղծած ողջակէզների զոհասեղանի համար, թէ ինչ անեն այն: 45 Քանի որ այն պղծել էին թշնամիները, խորհրդի նստածները որոշեցին քանդել զոհասեղանը, որպէսզի իրենց խիղճը չտանջի ու յաւիտենական նախատինք չլինի: Նրանք քանդեցին զոհասեղանը, 46 քարերը տարան դրեցին յարմար մի տեղ, մինչեւ կը գար մի մարգարէ ու իր խօսքը կ՚ասէր դրանց մասին: 47 Նրանք, ինչպէս սահմանուած է Օրէնքով, վերցրին անկոփ քարեր, 48 կառուցեցին սրբարանը ու այն ամէնը, ինչ պէտք է լինէր տաճարի ներսում, եւ մաքրեցին գաւիթները: 49 Պատրաստեցին սրբութեան նոր սպասքներ, ներս տարան լոյսի աշտանակը, խնկերի սեղանը, տաճարի սեղանը: 50 Զոհասեղանի վրայ խունկ ծխեցին, վառեցին ճրագները եւ լուսաւորեցին տաճարը: 51 Սեղանի վրայ դրեցին հանապազօրեայ հացը, կախեցին վարագոյրները եւ արեցին այն բոլոր արարողութիւնները, որ պէտք է կատարէին:
52 Հարիւր քառասուն թուականի իններորդ ամսի քսանհինգերորդ օրուայ առաւօտեան վաղ վեր կացան, 53 ըստ Օրէնքի զոհ մատուցեցին այդ ժամանակ նոր կառուցուած ողջակէզների սեղանի վրայ: 54 Այն նոյն օրը, որ հեթանոսները պղծել էին զոհասեղանը, տարուայ այդ նոյն օրն էլ այն նորոգուեց օրհնութեան երգերով, շեփոր, քնար ու սրինգ հնչեցնելով: 55 Ողջ ժողովուրդն ընկաւ երեսի վրայ, խոնարհուեց, երկրպագութիւն արեց, օրհնեց իրենց գործին յաջողութիւն պարգեւած երկնային Աստծուն: 56 Ութ օր նրանք կատարեցին զոհասեղանի նաւակատիքը, ուրախութեամբ ողջակէզներ, փրկութեան ու օրհնութեան զոհեր մատուցեցին: 57 Տաճարի ճակատը, կամարակապ դահլիճը ու ներքնախցերը498 զարդարեցին ոսկէ պսակներով ու ոսկէ ճարմանդներով, նորոգեցին դարպասները, տեղադրեցին դռները: 58 Ժողովուրդը խիստ մեծ ուրախութեան մէջ էր, որովհետեւ իրենց վրայից ջնջւում էր թշնամու հասցրած նախատինքը: 59 Յուդան, իր եղբայրներն ու իսրայէլացի ողջ ժողովուրդը որոշեցին, որ զոհասեղանի նաւակատիքի այս օրերը ամէն տարի ութ օր ուրախութեամբ ու ցնծութեամբ նշուեն նոյն այդ ժամանակ՝ իններորդ ամսի քսանհինգերորդ օրը, տարուայ վերջում:
60 Այդ ժամանակ նրանք Սիոն լերան շուրջը կառուցեցին բոլորշի բարձր պարիսպներ, ամուր աշտարակներ, որպէսզի հեթանոսները չգան, ոտնակոխ չանեն այդ վայրը, ինչպէս արել էին առաջ: 61 Յուդան այդտեղ պահապան զօրք թողեց, ամրացրեց Բեթսուրան, որպէսզի եդոմայեցիների կողմից զօրքն ապահով պատնէշ ունենայ:
5
ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Է ՀԱՐԵՒԱՆ ՑԵՂԵՐԻ ԴԷՄ
1 Երբ շրջակայքի հեթանոսները լսեցին, որ զոհասեղանը նորից են շինել ու սրբարանը վերականգնել առաջուայ պէս, խիստ զայրացան: 2 Որոշեցին գալ, բնաջնջել իրենց մօտ բնակուող Յակոբի ցեղը եւ սկսեցին սպանել ու կոտորել նրանց: 3 Յուդան միշտ պատերազմ էր մղում Եսաւի որդիների՝ եդոմայեցիների եւ ակրաբատացիների դէմ, որովհետեւ սրանք եկել էին ու Իսրայէլը պաշարելով նստել: Նա ծանր հարուածներ հասցրեց նրանց, ընկճեց նրանց եւ կողոպտեց նրանց ունեցուածքը: 4 Նա յիշեց Բեանի ցեղի չարագործութիւնները. նրանք գայթակղութեան որոգայթ էին դառնում ժողովրդի համար, դարանակալում էին նրանց ճանապարհներին: 5 Յուդայից փախչելով՝ նրանք ամրացան իրենց բերդերում, բայց նա եկաւ, շրջապատեց նրանց, հրդեհեց նրանց բերդերը բոլոր բնակիչներով հանդերձ: 6 Ինքն այնուհետեւ յարձակուեց ամոնացիների վրայ, բայց այնտեղ նա պատահեց մի հզօր ձեռքի՝ բազմաթիւ զօրքերի ու նրանց զօրագզուխ Տիմոթէոսին: 7 Նրանք բախուեցին իրար: Նրանք բազմիցս էին պատերազմել միմեանց դէմ: 8 Նա հարուածեց, վանեց նրանց, գրաւեց Ազեր քաղաքն ու նրա շրջակայքի գիւղերը եւ վերադարձաւ Հրէաստան: 9 Հրեաների դէմ հաւաքուեցին իրենց մօտիկ՝ Գաղաադում բնակուող բոլոր հեթանոսները, որպէսզի բնաջնջեն իրենց կողմերում գտնուող հրեաներին: Հրեաները փախուստի մատնուելով՝ ընկան Դոթայիմում գտնուող բերդերը: 10 Նրանք բանագնացներ ուղարկեցին Յուդայի ու նրա եղբայրների մօտ եւ ասացին. «Ահա մեզ վրայ են յարձակուել բոլոր հեթանոսները: Նրանք շրջապատել են մեզ եւ ուզում են մեզ բնաջնջել այստեղ: 11 Նրանք պատրաստւում են գրաւել այն բերդերը, ուր մենք պատսպարուել ենք: Նրանց զօրագլուխը Տիմոթէոսն է: 12 Արդ, եթէ քո ձեռքին հնար կայ, շտապի՛ր փրկել մեզ նրանց ձեռքից, 13 որովհետեւ մեզանից շատերն են սպանուել, Տոբայում գտնուող մեր բոլոր եղբայրները կոտորուել են, նրանց կանայք ու որդիները՝ գերեվարուել: Իրենց ունեցած-չունեցածով առհասարակ կորել է այդ կողմերում այնքան մարդ, որչափ լինում է մի հազարապետի իշխանութեան տակ»:
14 Դեռ նամակն իրենց ձեռքին էր, որ գալիլիացիների կողմից օձիքները պատառոտուած, ճակատները պատռուած գուժկաններ հասան: Սրանք գուժելով յայտնեցին. 15 «Պըտղոմէոսի, Ծուրի ու Ծայդանի կողմից մեզ վրայ են յարձակուել Գալիլիայի բոլոր կողմերի այլազգիները, որպէսզի մեզ բնաջնջեն այնտեղ»: 16 Երբ դա լսեցին Յուդան ու ժողովուրդը, անմիջապէս խորհրդի հաւաքուեցին, որպէսզի որոշեն, թէ ինչ ձեռնարկեն՝ փրկելու համար իրենց եղբայրներին, որոնք նեղութեան մէջ էին եւ տառապում էին պատերազմողների ձեռքին: 17 Յուդան սկսեց խօսել իր եղբայր Շմաւոնի հետ ու ասաց. «Ընտրի՛ր կտրիճ տղամարդկանց ու գնա՛ Գալիլիայի կողմերում նեղութեան մէջ գտնուող մեր եղբայրներին փրկելու, իսկ ես ու իմ եղբայր Յովնաթանը կը գնանք Գաղաադի կողմերը»:
18 Նա Զաքարիայի որդի Յովսեպոսին ու զօրագլուխ Զաքարիային յանձնեց ընտիր զօրքեր, որպէսզի սրանք պահպանեն Հրէաստան երկիրը: 19 Նա պատուիրեց նրանց ու ասաց. «Կը ղեկավարէք այս ժողովրդին, բայց մինչեւ մեր այնտեղից վերադառնալը ոչ մի ճակատամարտ չտաք հեթանոսների դէմ»: 20 Զօրք հաւաքեցին ու այն բաժանեցին երկուսի միջեւ: Երեք հազարը Շմաւոնի հետ գնաց Գալիլիայի կողմերը, իսկ ութ հազարը՝ Գաղաադի երկիրը:
ՇՄԱՒՈՆԻ ԵՒ ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
21 Շմաւոնը գնաց Գալիլիացիների երկիրը եւ պատերազմեց հեթանոսների դէմ: Հեթանոսները կոտորուեցին նրա հարուածներից: Նա նրանց հալածեց մինչեւ Պտղոմէոսի դարպասները: 22 Այդ օրը հեթանոսներից կոտորուեց երեք հազար սպառազէն զինուոր: 23 Նա Գալիլիայի ու Արաբաթի կողմերը մատնեց աւարի, գերեց կանանց՝ իրենց որդիների հետ, գրաւեց բոլոր տներն իրենց կահ-կարասիով ու գանձերով: Նրանք այդ բոլորը մեծ ցնծութեամբ եւ ուրախութեամբ բերեցին Հրէաստան երկիր:
24 Յուդա Մակաբայեցին ու նրա եղբայր Յովնաթանն անցան Յորդանան գետի միւս ափը եւ երեք օրուայ ճանապարհ կտրեցին անապատով: 25 Խաղաղութեամբ նրանց առաջ ելան նաբատացիները եւ պատմեցին Գաղաադի երկրում իրենց եղբայրների հետ կատարուած դէպքերի մասին, 26 թէ ինչպէս իրենցից շատերը արգելափակուած են եղել Բոսոր, Բոսալում, Մակեդիայի Սեփոր եւ Զառնասպասի քաղաքներում: Այս քաղաքներն ամուր էին ու մեծ: 27 Յայտնեցին նաեւ, որ Գաղաադի կողմի միւս քաղաքները նոյնպէս պաշարուած են, որ նրանք հաւաքուել են մի տեղ, պայմանաւորուել, որ վաղն եւեթ շրջապատեն բերդերը, գրաւեն, բոլորին սպանեն, բնաջնջեն մէկ օրում: 28 Երբ դա լսեց Յուդան, անմիջապէս մի զօրագունդ կազմեց ու բռնեց անապատի ճանապարհը: Նա շտապ արշաւեց դէպի Բոսոր, յանկարծակի, անսպասելի մի ժամի գրաւեց ողջ քաղաքը: Ինքն այնտեղ իր սուր սուսերով սպանում էր բոլոր երիտասարդներին, բռնագրաւում բոսորացիների քաղաքի ողջ գոյքը եւ ամբողջ քաղաքը կրակի մատնում, 29 իսկ գիշերը ինքն իր զօրագնդով դիմում էր պաշարուած բերդերի կողմը: 30 Երբ գիշերն անցնում, եւ առաւօտը բացուելու վրայ էր, նրանք բարձրացրին իրենց աչքերը եւ անթիւ-անհամար զօրքեր տեսան, որոնք բերում էին սանդուղքներ, ռազմական մեքենաներ եւ այլ յարմարանքներ, որպէսզի բերդերի վրայ բարձրանան, կռիւ տան, պատերազմի մէջ մտնեն: 31 Երբ Յուդան այդ կողմը նայեց, տեսաւ, որ մարտն սկսուած է: Այնտեղ՝ աղաղակող քաղաք, այստեղ՝ շրջապատող զօրքեր: Կռուի աղմուկը, պատերազմի շառաչը, շեփորի կանչը՝ այս ամէնը երկինք էին հասնում: 32 Նա իր զօրքին դիմելով՝ ասաց. «Ապա, զգաստացէ՛ք, պի՛նդ կացէք: Ձեր գործը այսօր մարտնչելն է եղբայրների համար»:
33 Նա ամբողջ զօրքը բաժանեց երեք գնդի եւ նրանց շրջապատելով կռուի պատրաստուեց: Շեփոր հնչեցրին, քաջալերեցին միմեանց, աղօթքներով Աստծուն դիմեցին ու յարձակման անցան: 34 Տիմոթէոսին ու իր զօրքին իմաց տուեցին, թէ Մակաբէն զօրքով յարձակում է գործել: Երբ սրանք տեսան դա, շփոթուեցին, խուճապի մատնուեցին, ընկրկեցին, լքեցին բոլոր մեքենաներն ու փախուստի դիմեցին: Նա այդ օրը սաստիկ մեծ հարուած հասցրեց նրանց, հետապնդեց նրանց, մէկը միւսի յետեւից դիաթաւալ արեց, սրախողխող արեց մօտ ութ հազար սպառազէն զինուոր:
35 Ապա շուռ եկաւ Մայափի կողմը, ճակատամարտ տուեց դրա շրջակայքում, գրաւեց այն, սպանեց այդտեղի բոլոր երիտասարդներին, բռնագրաւեց նրանց կայքն ու ունեցուածքը եւ քաղաքն էլ հրի մատնեց: 36 Այնտեղից շարժուեց, եկաւ պաշարեց Մակեդիայի Քասփօ եւ Բոսոր քաղաքները, ինչպէս նաեւ Գաղաադի մնացած քաղաքները:
37 Որոշ ժամանակ անց Տիմոթէոսը դարձեալ զօրք հաւաքեց, եկաւ բանակ դրեց Ռափոնի դիմաց, գետի այն կողմում: 38 Յուդան հետախոյզներ ուղարկեց, որպէսզի հետախուզեն նրանց բանակները: Եկան, պատմեցին ու ասացին. «Խիստ համախմբուած են մեր շրջապատում բնակուող բոլոր ցեղերն ու ազգերը: Նրանք շատ մեծ զօրք են կուտակել: 39 Նրանք, իբրեւ օգնական, բազմաթիւ արաբներ են վարձել, բանակ դրել գետի այն կողմում եւ պատրաստւում են գալ, յարձակուել քեզ վրայ»: Երբ դա լսեց Յուդան, անմիջապէս ի՛նքը նախայարձակ եղաւ: 40 Երբ Տիմոթէոսը տեսաւ դա, սկսեց խօսել իշխանների հետ ու ասաց. «Երբ նա կը հասնի գետի ափին, ուշադի՛ր եղէք Յուդայի ու նրա գնդի նկատմամբ: Եթէ նա հասնի ու միանգամից անցնի գետը, ապա մենք չենք կարող դէմ կանգնել նրան, որովհետեւ նա մեզ անպայման կը յաղթի, 41 իսկ եթէ հասնի գետի ափին ու բանակ դնի այնտեղ, նշանակում է՝ վախենում է: Այդ դէպքում մենք կ՚անցնենք գետը, մարտի մէջ կը մտնենք ու կը յաղթենք նրան»: 42 Հազիւ էր նա իր խօսքը վերջացրել, որ Յուդան զօրքով հասաւ գետի ափը: Այնտեղ, գետի ափին, նշանակեց գրագիրներ եւ նրանց պատուիրեց, որ ոչ ոքի թոյլ չտան բանակ դնել գետի ափին, այլ պատերազմող ամէն մի մարդ շեփորի ձայնով իրար յետեւից առաջ ընթանայ: 43 Ինքը միանգամից հասաւ, անցաւ գետը ու յարձակուեց. նախ առաջապահ գունդը տեղում ջարդեց, ամբողջ զօրքը փախուստի մատնեց, իսկ բոլոր ցեղերն ու ազգերը, զէնքերը նետելով, փախան-գնացին բերդի կողմը՝ Կառնայինի մեհեանին նուիրուած վայրը: 44 Սրանք եկան, հասան, պաշարեցին քաղաքը, հրդեհեցին բերդը մեհեանով հանդերձ: Կառնայինը ընկճուեց, չկարողացաւ դիմադրել Յուդային:
45 Յուդան հրաման տուեց տեղափոխել Գաղաադի կողմերում ապրող բոլոր հրեաներին իրենց բոլոր կանանցով, երեխաներով, կահ-կարասիով ու բերել, հասցնել Հրէաստան երկիրը: 46 Դա մեծաթիւ մի բազմութիւն էր: Նրանք եկան-հասան Եփրոն քաղաքի դարպասին: Սա ճանապարհի վրայ, ամուր մի վայրում գտնուող մի մեծ քաղաք էր, եւ իրենք աջ կամ ձախ շեղուելու ուրիշ ճանապարհ չունէին, այլ միայն քաղաքի միջով պիտի անցնէին: 47 Երբ քաղաքում գտնուող զօրքերը տեսան զինուորներին ու զօրքի բազմութիւնը, դարպասները փակեցին, դռների յետեւը քարեր լցրին եւ թոյլ չտուեցին, որ նրանք անցնեն քաղաքի միջով: Երբ Յուդան տեսաւ դա, խաղաղութեան առաջարկով դիմեց նրանց եւ ասաց. 48 «Թո՛յլ տուէք, որ անցնենք ձեր երկրով: Թողէ՛ք անցնենք, գնանք մեր երկիրը: Մենք ձեզ ոչ մի վնաս չենք պատճառի, միայն մեր ոտքերը կ՚անցնեն ձեր հողի վրայով»: Նրանք չհամաձայնեցին բանալ դարպասները:
49 Այն ժամանակ Յուդան հրամայեց շեփոր հնչեցնել, ճառ արտասանեց ու ասաց. «Այժմ թող ամէն մի գունդ, որտեղ որ կանգնել է, այդտեղով էլ թող ներս մտնի»: 50 Ամէն մի գունդ, որտեղ որ կանգնել էր, այդտեղ էլ ճակատամարտ տուեց: Կռուեցին ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը, մինչեւ որ քաղաքն անցաւ իրենց ձեռքը: 51 Այստեղ նրանք սրակոտոր արեցին բոլոր երիտասարդներին, հիմնայատակ կործանեցին, կողոպտեցին քաղաքը, դիակները կոխոտելով անցան քաղաքի միջով: 52 Նրանք Յորդանան գետի միջով անցան տափարակ մի վայր՝ մի մեծ դաշտ, եւ այնտեղ բանակատեղի դրեցին Բեթսոնի դէմ յանդիման: 53 Այնտեղ նա հոգ տարաւ յետ մնացած ժողովրդի մասին: Յուդան բոլորին յուսադրում էր: Ճանապարհի ողջ ընթացքում նա այսպէս էր վարւում, մինչեւ որ նրանց բերեց հասցրեց Հրէաստան երկիր: 54 Եկան, հասան, ցնծութեամբ եւ ուրախութեամբ բարձրացան Սիոն լեռը, այնտեղ ողջակէզներ ու զոհեր մատուցեցին, որովհետեւ այնտեղից մինչեւ այստեղ գալը ոչ ոք չէր սպանուել, եւ տեղ էին հասել խաղաղութեամբ:
ՅՈՎՍԵՊՈՍԻ ԵՒ ԱԶԱՐԻԱՅԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
55 Այդ օրերին Յուդան ու Յովնաթանը Գաղաադի երկրում էին, իսկ իրենց եղբայր Շմաւոնը Գալիլիացիների երկրում էր գտնւում, Պտղոմէոսի դիմաց: 56 Երբ Զաքարիայի որդի Յովսեպոսն ու զօրքերի իշխան Զաքարիան լսեցին այդ պատերազմում տարած յաղթութեան մասին, ասացին. 57 «Եկէք մենք էլ գնանք, պատերազմ մղենք մեր շրջակայքում գտնուող հեթանոսների դէմ եւ մենք էլ փառք վաստակենք»: 58 Զօրքերի համար ժամ նշանակեցին, շարժուեցին-գնացին Համնիայի կողմերը: 59 Գորգիոսն իր մօտ գտնուող զօրքով դուրս ելաւ քաղաքից, որ ճակատամարտ տայ: Նրանք բախուեցին միմեանց: 60 Պարտութեան մատնուեցին Յովսեպոսն ու Զաքարիան եւ հալածական դարձած՝ փախան մինչեւ Հրէաստան երկրի սահմանները: Այդ օրը նրանց զօրքից ընկաւ շուրջ երկու հազար մարդ: Այս աղէտը շատ ծանր նստեց ժողովրդի վրայ, 61 որովհետեւ նրանք չլսեցին Յուդային ու նրա եղբայրներին, այլ մտածեցին, որ իրենք էլ նրա նման քաջի անուն կարող են վաստակել: 62 Նրանք, սակայն, այն մարդկանց զաւակներից չէին, որոնց միջոցով Իսրայէլը փրկութիւն պիտի ստանար:
63 Յուդան ինքն ու իր եղբայրները հռչակաւոր դարձան ժողովրդի աչքին, բոլոր հեթանոս ազգերի առաջ: 64 Ուր որ լսում էին նրանց անունները, հաւաքւում էին ու օրհնում նրանց: 65 Յուդան ելաւ իր եղբայրների հետ, որ պատերազմ մղի հարաւային մասում գտնուող Եսաւի որդիների դէմ: Այնտեղ նա յարձակուեց Քեբրոն քաղաքի ու նրա գիւղերի վրայ, քանդեց, կործանեց նրա բոլոր ամրութիւնները, հրի մատնեց նրա շրջակայքում գտնուող աշտարակները: 66 Նա ելաւ գնաց այլազգիների երկիրը, եկաւ հասաւ Մարիսայի կողմերը: 67 Քաջի անուն վաստակելու համար կռուի ելան բազմաթիւ քահանաներ, բայց նրանք սպանուեցին, որովհետեւ ծանօթ չէին պատերազմ վարելու գործին: 68 Յուդան շուռ եկաւ Ազոտի կողմը՝ դէպի այլազգիների երկիրը, աւերեց նրանց մեհեանները, կործանեց նրանց կուռքերը, հրի մատնեց նրանց քաղաքները, բռնագրաւեց նրանց կայքն ու ունեցուածքը եւ վերադարձաւ Հրէաստան երկիր:
6
ԱՆՏԻՈՔՈՍ Դ-Ի ՄԱՀԸ
1 Անտիոքոս կայսրը գնում էր վերին գաւառները: Նրան տեղեկացրին, որ Պարսից աշխարհի Լիմնէոս քաղաքի կողմերում կայ հռչակաւոր, ոսկով ու արծաթով հարուստ մի քաղաք, 2 այնտեղ գտնուող մեհեանը խիստ հարուստ գանձեր ունի, այնտեղ կան ոսկեձոյլ մեծամեծ կուռքեր, բազում զէնքեր, զրահներ ու պատեաններ, որը թողել էր Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը, որ նախ թագաւորել էր Յունաստանի վրայ, 3 ապա եկել հասել էր այդ քաղաքը եւ ուզում էր գրաւել այն՝ կողոպտելու համար: Երբ դա իմացան քաղաքացիները, 4 պատրաստուեցին ճակատամարտ տալու եւ թոյլ չտուեցին, որ նա քաղաք մտնի: Ալեքսանդրը վախեցաւ ու արեւելեան կողմերից գնաց Բաբելացիների երկիրը:
5 Հարաւային կողմերից Անտիոքոս կայսեր մօտ գուժկան եկաւ ու յայտնեց, որ Հրէաստանի վրայ յարձակուած զօրքը կոտորուել է, 6 որ բազմաթիւ զինուորներով առաջից գնացող Լիւսիասը պարտութեան է մատնուել նրանց կողմից, որ նրանք հզօրացել են զէնքերով, զօրքերով, շատ աւար են առել, կոտորել իրենց բանակները, իրենց կայքն ու ունեցուածքը բռնագրաւել, 7 մեհեաններն աւերել, Երուսաղէմում զոհասեղանի վրայ շինուած կուռքերը կործանել, առաջուայ պէս բարձր պարիսպներով փակել սրբավայրը, դրա հետ նաեւ Բեթսոր քաղաքը:
8 Երբ այս բանը լսեց թագաւորը, խիստ զարմացաւ, շուարեց ու զայրացաւ, անկողին ընկաւ ու հիւանդացաւ, քանի որ չէր կատարուել իր հրամանը: 9 Այնտեղ նա մնաց բազմաթիւ օրեր, որովհետեւ նրա ցաւի տագնապները կրկնւում էին եւ նա կարծեց, թէ մեռնում է: 10 Կանչեց իր բոլոր բարեկամներին ու ասաց. «Քունը կտրուել է աչքերիցս: Վախից սիրտս պայթում է: 11 Մտածեցի ու ինքս ինձ ասացի. “Ինչպիսի նեղութիւններ ու բազմաթիւ խռովքներ են պաշարել քեզ այժմ”: Կար ժամանակ, որ իմ զօրքի համար ես քաղցր էի, բարերար ու սիրելի: 12 Հիմա յիշում եմ այն չարիքները, որ գործեցի Երուսաղէմում. բռնագրաւեցի ոսկէ ու արծաթէ բոլոր սպասքները, իզուր զօրք հաւաքեցի, որ յարձակուելով բնաջինջ անեմ նրանց: 13 Հիմա հասկանում եմ, որ այդ պատճառով եկան ինձ վրայ այս բոլոր չարիքները, եւ ահա ես տխուր ու տրտում կորչում եմ օտար երկրում»:
14 Նա կանչեց Փիլիպպոսին՝ իր բարեկամներից մէկին, նրան իր ամբողջ թագաւորութեան վերակացու նշանակեց, 15 նրան յանձնեց իր թագը, պատմուճանն ու մատանին, պատուիրեց բերել իր Անտիոքոս որդուն, սնել ու դաստիարակել եւ իր փոխարէն գահին նստեցնել նրան: 16 Անտիոքոս արքան մահացաւ այնտեղ հարիւր քառասունինը թուականին:
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ
17 Լիւսիասն իմանալով, որ արքան մեռել է, գահին նստեցրեց նրա որդի Անտիոքոսին եւ նրա անունը դրեց Եւպատոր499 Անտիոքոս: 18 Թշնամի զօրքերից նրանք, որոնք արգելափակուած էին միջնաբերդում, նեղում էին իսրայէլացիներին, սրբարանի շուրջը անընդհատ չարիքներ էին գործում, հեթանոսներին աջակցում, ուստի քաղաքի բնակիչները որոշեցին բնաջնջել նրանց: 19 Այն ժամանակ Յուդան հաւաքեց բոլոր զօրքերը, 20 որոնք եկան, հաւաքուեցին մի տեղ ու շրջապատեցին նրանց: Նրանք պաշարեցին միջնաբերդը հարիւր յիսուն թուականին. շինեցին բազմաթիւ պատուարներ, նետաձիգ յարմարանքներ ու մեքենաներ: 21 Պաշարուածներից ոմանք դուրս ելան արգելափակոցից ու միացան մի քանի անօրէն իսրայէլացիների: 22 Նրանք գնացին արքայի մօտ ու ասացին. «Մինչեւ ե՞րբ դատաստան չես անելու եւ մեր եղբայրների վրէժը չես լուծելու: 23 Մենք համաձայնել ենք ծառայել քո հօրը եւ կատարել նրա հրամանները: 24 Դրա համար էլ մեր ժողովրդի որդիները նստում էին միջնաբերդի շուրջը. շատերը օտարանում էին մեզանից. ում էլ գտնում էին մեզնից, մահուան էին դատապարտում, յափշտակում մեր ունեցուածքը: 25 Նրանք ձեռք բարձրացրին ոչ միայն մեզ վրայ, այլեւ իրենց բոլոր սահմաններում բնակուողների վրայ: 26 Այժմ էլ եկել պաշարել են մեզ, փակել եւ շրջապատուած վիճակում են պահում Երուսաղէմի միջնաբերդը, որպէսզի գրաւեն այն, ինչպէս եւ սրբարանը: Անգամ ամրացրել են Բեթսորը: 27 Եթէ չշտապէք, սրանից աւելի վատ գործեր կ՚անեն, եւ դուք այլեւս առաջն առնել չէք կարող»:
ԲԵԹՍԱԿԱՐԻԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
28 Երբ դա լսեց թագաւորը, խիստ բարկացաւ, հրամայեց կանչել իր բարեկամներին ու զօրքի վրայ նշանակուած զօրապետներին: 29 Այլ թագաւորութիւնից ու այլ կղզիներից նրա մօտ եկան բազմաթիւ վարձկան զինուորներ: 30 Նրա զինուորների թիւը հասաւ հարիւր հազար վահանակիր ու նիզակաւոր հետեւակի, քսան հազար սպառազէն հեծեալի, երեսուներկու զինուած, մարտական փղերի: 31 Եկան, անցան Եդոմի միջով, ճակատ կազմեցին, շրջապատեցին Բեթսոր քաղաքը եւ դրա շրջակայքում պատերազմեցին բազմաթիւ օրեր: Շուրջանակի դասաւորեցին ռազմական սարքերն ու մեքենաները, բայց պաշարուածները դուրս եկան քաղաքից, այրեցին մեքենաները եւ քաջաբար մարտի ելան նրանց դէմ: 32 Յուդան ամրոցից շարժուեց գնաց միջնաբերդ, եկաւ բանակ դրեց Բեթսակարիայում, արքայի բանակի դէմ յանդիման: 33 Թագաւորն առաւօտեան կանուխ վեր կացաւ, բանակը տարաւ տեղաւորեց Բեթսակարիայի ճանապարհի երկարութեամբ եւ զօրքերը դասաւորելով՝ պատրաստուեց ճակատամարտ տալու: 34 Փող փչեցին, փղերին կազմ ու պատրաստ վիճակի բերելու համար խաղողի հիւթ, զմուռս ու գինի խմեցրին, 35 դրանց բաժանեցին առանձին գնդերի, ամէն մի փղի մօտ դրեցին հազար սպառազէն զինուոր, իսկ ամէն մի գնդի գլխին իբրեւ պահապան դրեցին հինգ հազար հեծեալ իրենց սպառազէն նժոյգներով՝ իբրեւ գնդերի պաշտպան, 36 որպէսզի փղերը ուր որ կանգնեն, այնտեղ կանգնեն նաեւ իրենք, եւ ուր որ փղերը գնան, այնտեղ գնան նաեւ իրենք: 37 Փղերի վրայ տեղաւորեցին յարմարանքներ ունեցող վանդակակալ մարտկոցներ, փղապաններին նստեցրին նրանց գլուխներին, 38 գնդի աջ ու ձախ թեւերին տեղաւորեցին մնացած այրուձին:
39 Երբ արեգակն իր առաջին ճառագայթներն արձակեց, լեռների վրայ փայլատակեցին առհասարակ զրահաւոր, պատենաւոր, պղնձապատ վահանների շողերը: Ճառագայթները շողարձակում էին կրակի ցոլքերի նման: 40 Ռազմաճակատը երկարեց, ստուարացաւ մասամբ դէպի լեռների բարձունքները, մասամբ դէպի ձորերը, մասամբ դէպի կիրճերն ու դաշտերը: 41 Միահամուռ կերպով առաջ շարժուեցին առհասարակ բոլոր զինուածներն ու դասաւորուած շարքերը: Լսւում էին բազմութեան աղաղակները, զէնքերի շաչիւնը, ձիերի վրնջիւնը, վահանակիրների ոտքերի դոփիւնը:
42 Յուդան եկաւ հասաւ իր բանակով, դասաւորեց գնդերը, պատրաստուեց, յարձակուեց, դէմ յանդիման բախուեց թագաւորի բանակին, նոյն տեղում, թագաւորի աչքի առաջ վեց հարիւր սպառազէն հեծեալների դիաթաւալ արեց: 43 Այդ տեղում Եղիազար Աւարանը500 աչքերը վեր բարձրացնելով տեսաւ, որ զարդարուած ու զինավառ փղերից մէկը արքայական զէնք է կրում եւ տարբերւում է միւսներից: Կարծեց, թէ արքան հէնց դրա վրայ է, 44 յարձակուեց այդ գնդի վրայ, աջ ու ձախ կոտորեց, գնաց հասաւ մինչեւ տարբերանշաններ ունեցող փղին, 45 վերցրեց զէնքը, մտաւ փղի տակ, հարուածեց ու տապալեց նրան: 46 Փիղը տապալուեց, ընկաւ նրա վրայ ու ճզմեց նրան:
47 Երբ հրեաները տեսան թագաւորի բանակի ուժը, խոյս տուեցին նրանցից, 48 սակայն ուր էլ գնում էին, նրանց ընդառաջ էին գալիս արքունի գնդերը, մինչեւ որ եկան հասան Երուսաղէմի կողմերը:
ՍԻՈՆ ԼԵՐԱՆ ՊԱՇԱՐՈՒՄԸ ԵՒ ԲԵԹՍՈՐԻ ԳՐԱՒՈՒՄԸ
Արքան եկաւ, բանակ դրեց Հրէաստանի ու Սիոն լերան մօտ: 49 Նա խաղաղութիւն առաջարկեց Բեթսոր քաղաքին: Նրանք ելան ցրուեցին այդ քաղաքից, որովհետեւ այնտեղ պաշար չունէին երկար ժամանակ շրջափակուած լինելու պատճառով: Բացի այդ, երկրում հանգստեան տարի էր: 50 Թագաւորը գրաւեց Բեթսոր քաղաքը եւ հրամայեց քաղաքում պահապան զօրք թողնել, 51 իսկ ինքը երկար ժամանակ պաշարուած պահեց սուրբ քաղաքը: Նրա շուրջը կանգնեցրել էին մարտական սարքեր ու մեքենաներ, կրակ նետող յարմարանքներ, քարընկեցներ, քարագնդեր, բաբաններ, նետաձգութեան աշտարակներ ու պարսատիկաւորների աշտարակներ: 52 Սրանք էլ իրենց կողմից քաղաքում սկսեցին նրանց ամէն մի յարմարանքի դիմաց մի յարմարանք տեղաւորել: Ճակատամարտ տալով կռւում էին շատ օրեր: 53 Մթերքը պակասեց, որովհետեւ եօթներորդ տարին էր, ինչ երկրի գաղթականները սպառում էին կուտակուած մթերքները: 54 Քիչ մարդիկ էին մնացել այնտեղ, սրբավայրում, որովհետեւ սովը գնալով սաստկանում էր, եւ ամէն ոք ցրուել էր իր տեղը:
ԱՆՏԻՈՔՈՍ Ե-Ն ԿՐՕՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ Է ՏԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻՆ
55 Լիւսիասը լսեց, թէ Փիլիպպոսը, որին Անտիոքոսն ինքն էր հրամայել սնել ու դաստիարակել իր Անտիոքոս որդուն, որպէսզի նրան գահ նստեցնի, 56 վերադարձել է Պարսկաստանից ու Պարթեւների երկրից, եւ որ ամբողջ զօրքը յարել է նրա կողմը, եւ ինքը կամենում է վերահասու լինել իր երկրի գործերին: 57 Դրա համար նա, գալով, ասաց արքային ու բանակի բոլոր մեծամեծներին. «Զօրքերը միշտ նեղութեան մէջ են, մթերքները նուազել են, կերը պակասել: Այն վայրը, որի համար պատերազմ է մղւում, ամուր է ու ապահով, իսկ մենք գահակալական հոգսերով ենք տարուած: 58 Արդ, եկէք հաշտութեան մասին խօսենք, դաշինք կնքենք, խաղաղութիւն հաստատենք այդ ազգի մարդկանց հետ: 59 Մենք նրանց խոստանանք, որ նրանք իրենց բոլոր օրէնքները կը պահպանեն առաջուայ պէս: Նրանք մեզ վրայ բարկացել են այն բանի համար, որ մենք ստիպեցինք նրանց խախտել իրենց օրէնքները: Դրա համար էր, որ նրանք ընդդիմացան ու այս բոլոր բաներն արեցին»:
60 Թագաւորին ու նրա իշխաններին խոհեմ թուացին այս խօսքերը: Նա բանագնացներ ուղարկեց խաղաղութիւն կնքելու համար: Նրանք ընդունեցին պայմանները, 61 թագաւորն ու զօրապետները երդումով հաստատեցին իրենց խօսքը, որից յետոյ նրանք դուրս եկան ամրոցներից: 62 Թագաւորը ելաւ Սիոն լեռը, տեսաւ այդ վայրի ամրութիւնը եւ դրժեց իր տուած երդումը. նա հրամայեց քանդել այն շրջապատող պարիսպները: 63 Նա շտապ գնաց Անտիոքի կողմերը եւ տեսաւ, որ Փիլիպպոսը տիրել է քաղաքին: Նա ճակատամարտ տուեց նրա դէմ եւ բռնութեամբ առաւ քաղաքը:
7
ԴԵՄԵՏՐԻՈՍ ԱՌԱՋԻՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԹԱԳԱՒՈՐ
1 Հարիւր յիսունմէկ թուականին Սելեւկիոսի որդի Դեմետրիոսը ելաւ Հռոմ քաղաքից, սակաւաթիւ զինուորներով եկաւ ծովեզերեայ մի քաղաք եւ թագաւորեց այնտեղ: 2 Երբ Անտիոքոսը ցանկացաւ մտնել իր հայրենի թագաւորական տունը, նրան շրջապատեցին բազմաթիւ զինուորներ, ձերբակալեցին Լիւսիասին, իսկ Անտիոքոսին կալուկապ արած բերեցին Դեմետրիոսի մօտ: 3 Երբ Դեմետրիոսին յայտնեցին եղելութիւնը, նա հրաման տուեց եւ ասաց. «Թող իմ աչքը բնաւ չտեսնի նրանց երեսը»: 4 Նրանց վերցրին, զօրքից դուրս տարան ու սպանեցին: Թագաւորական գահին նստեց Դեմետրիոսը: 5 Նրա մօտ եկան իսրայէլացի անօրէն ու ամբարիշտ մարդիկ, որոնց պարագլուխը Յակիմոսն էր: Նա ինքը ձգտում էր քահանայութեան: 6 Սրանք ամբաստանեցին ժողովրդին ու ասացին. «Յուդան լլկեց, կործանեց մեզ՝ իր եղբայրներին ու քո բարեկամներին, մեզ հալածեց մեր իսկ երկրից: 7 Արդ, հաւատարիմ մարդի՛կ ուղարկիր, որ գան տեսնեն ազգի չարչարանքները եւ այն հարուածները, որ նա հասցրել է մեզ: Նա է ոչնչացրել արքունի երկիրը, վշտացրել նրա պաշտպաններին»:
ԲԱՔԻԴԷՍԸ ԵՒ ՅԱԿԻՄՈՍԸ ՀՐԷԱՍՏԱՆՈՒՄ
8 Կայսրն ընտրեց արքային սիրելի Բաքիդէսին, որը գետի միւս կողմի իշխանն էր, նրա թագաւորութեան հաւատարիմ իշխանը: 9 Սրան ու սրա հետ անօրէն Յակիմոսին ուղարկեցին, նրան յանձնեցին քահանայութիւնը եւ հրաման տուեցին, որ նա լուծի իսրայէլացիների վրէժը: 10 Բաքիդէսը շարժուեց գնաց եւ այդտեղից բանագնացներ ուղարկեց Յուդայի ու նրա եղբայրների մօտ, որ խորամանկ խօսքերով խաղաղութեան դաշինք կնքեն: 11 Սրանք չհաւատացին նրանց խօսքերին, որովհետեւ տեսան, որ բազմաթիւ զօրքերով են եկել:
12 Բաքիդէսի ու Յակիմոսի մօտ հաւաքուեց օրէնսգէտների այն խումբը, որ արդարութիւն էր պահանջում: 13 Իսրայէլացիներից նախ ասիդացիներն էին, որ խաղաղութիւն էին պահանջում, 14 որովհետեւ այսպէս էին մտածում. «Եթէ Ահարոնի զաւակներից մի քահանայ է եկել զօրքի հետ, ուրեմն մեզ վնաս չի պատճառի»: 15 Յակիմոսը խաղաղութեան խօսքեր ասաց նրանց, երդում տուեց նրանց, թէ՝ «Ո՛չ ձեզ վնաս կը պատճառեմ, ո՛չ ձեր բարեկամներին»: 16 Հաւատացին նրան, բայց նա վաթսուն մարդ վերցրեց նրանցից ու մի օրում սպանեց նրանց ըստ Գրքում գրուած այն խօսքի, թէ՝ 17 «Քո սրբերի մարմինները նետեցին երկնքի թռչուններին, նրանց արիւնը հեղեցին Երուսաղէմի շուրջը, եւ ոչ ոք չկար, որ թաղէր նրանց»: 18 Ժողովուրդն ահ ու սարսափի մէջ ընկաւ, որովհետեւ մտածում էին, որ նրանք ո՛չ իրաւունք են ճանաչում, ո՛չ ճշմարտութիւն, քանի որ դրժեցին իրենց իսկ խոստումն ու երդումը: 19 Բաքիդէսը հեռացաւ Երուսաղէմից եւ եկաւ, բանակ դրեց Բերաեթում: Նա մարդ ուղարկեց եւ բռնել տուեց բազմաթիւ փախստականների եւ ժողովրդի միջից բազմաթիւ մարդկանց, հրամայեց փողոտել նրանց ու նետել ջրհորների մէջ: 20 Նա երկիրը յանձնեց Յակիմոսին, Յակիմոսի մօտ թողեց բազմաթիւ զինուորներ իբրեւ նրան օգնական եւ ինքը գնաց արքայի մօտ:
21 Յակիմոսը ջանք էր թափում, որպէսզի քահանայապետ դառնար: 22 Նրա մօտ հաւաքուեցին ժողովրդի բոլոր խառնակիչները, նուաճեցին Յուդայի երկիրը եւ Իսրայէլին մեծամեծ հարուածներ հասցրին: 23 Երբ Յուդան տեսաւ Յակիմոսի ու նրա հետ եղող իսրայէլացիների կատարած չարագործութիւնները, 24 չորս կողմից յարձակուեց Հրէաստանի սահմանների վրայ եւ վրէժ լուծեց այն մարդկանցից, որոնք ինքնակամ կերպով հեթանոսներին էին յարել: Դրանից յետոյ նրանք այլեւս Հրէաստան չէին գալիս: 25 Երբ Յակիմոսը տեսաւ, որ այս անգամ էլ հզօրացաւ Յուդան, եւ հասկացաւ, որ չի կարող նրան դիմադրել, նորից եկաւ թագաւորի մօտ, որպէսզի չարախօսի նրա մասին:
ՆԻԿԱՆՈՐԻ ԵՒ ՅՈՒԴԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
26 Թագաւորն ուղարկեց Նիկանորին՝ իր հռչակաւոր զօրավարներից մէկին, մանաւանդ որ սա ատելութիւն ու թշնամանք էր տածում Իսրայէլի նկատմամբ: Թագաւորը նրան պատուիրեց, որ բնաջինջ անի այդտեղի ժողովրդին: 27 Նիկանորը եկաւ հասաւ բազմաթիւ զօրքերով եւ նենգութեամբ խաղաղութեան պատգամներ ուղարկեց Յուդային ու նրա եղբայրներին. 28 «Կռիւ թող չլինի իմ ու ձեր միջեւ: Ես կը գամ սակաւաթիւ մարդկանցով, որ ձեր երեսները տեսնեմ խաղաղութեամբ»: 29 Նա եկաւ Յուդայի մօտ, նրանք խաղաղութեամբ ողջունեցին միմեանց, մինչդեռ զօրքը դասաւորուել-պատրաստուել էր, որ յարձակուի ու ձերբակալի Յուդային: 30 Երբ Յուդան իմացաւ, որ Նիկանորը նենգ մտադրութեամբ է եկել իր մօտ, հոգին տակնուվրայ եղաւ, վրդովուեց, մօտ չեկաւ նրան ու այլեւս չէր ուզում տեսնել նրա երեսը: 31 Նիկանորը հասկանալով, որ իր գաղտնիքը բացայայտուել է, առաջ շարժուեց, որ հանդիպի նրան ու պատերազմի Փարսալլայի մօտերքում: 32 Նիկանորի բանակից ընկաւ մօտ հինգ հարիւր մարդ, իսկ մնացածները փախան Դաւթի քաղաքը:
33 Այս դէպքերից յետոյ Նիկանորը եկաւ, բարձրացաւ Սիոն լեռը: Տեղի սրբավայրերի քահանաներից ոմանք բարձրացան նրա մօտ, որպէսզի խաղաղութեան ողջոյն տան նրան եւ ցոյց տան նրան այն ողջակէզները, որ ամէն օր մատուցում էին թագաւորի կեանքի համար: 34 Նա անարգեց նրանց, ծիծաղեց նրանց վրայ, անպատուեց ծանր ու ամբարտաւան խօսքերով: 35 Նա հարուածեց նրանց եւ ցասումով ասաց. «Եթէ իմ ձեռքը չյանձնէք Յուդային իր գնդի հետ, դուք կը տեսնէք, որ ես այս տաճարը կրակի կը մատնեմ եւ ձեզանից վրէժ կը լուծեմ, երբ խաղաղութիւնը հաստատուած լինի, եւ ես վերադառնամ այստեղ»: Նա թողեց գնաց խիստ վրդովուած ու զայրացած: 36 Քահանաները եկան, ներս մտան, կանգնեցին զոհասեղանի ու տաճարի դիմաց, սկսեցին լալ ու ասել. 37 «Դո՛ւ ես, որ ընտրեցիր քո այս տաճարը, որպէսզի քո սուրբ անուամբ կոչուի այն, որպէսզի դա քո ժողովրդի ուխտի, աղօթքի տուն լինի: 38 Դու էլ վրէ՛ժ լուծիր այդ մարդուց ու նրա բանակից: Նրանք թող կոտորուեն իրենց իսկ սրով: Յիշի՛ր նրանց հայհոյութիւնները եւ նրանց հանգիստ մի տո՛ւր»:
ՆԻԿԱՆՈՐԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԱՀԸ
39 Նիկանորը ելաւ Երուսաղէմից եւ բանակ դրեց Բեթսորոնում: Նրան ընդառաջ եկան Ասորիքի զօրքերը: 40 Ինքը Յուդան երեք հազար մարդկանցով բանակ էր դրել Ադասայում: Նա սկսեց աղօթել ու ասաց. 41 «Այն ժամանակ, երբ թագաւորի մօտից մարդիկ էին եկել եւ հայհոյում էին քեզ, ելաւ քո հրեշտակն ու հարուածելով նրանց՝ հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց: Նոյն ձեւով այսօր դու կոտորի՛ր այս բանակը, որպէսզի մնացածներն իմանան, որ քո սրբութեան վերաբերեալ սին խօսքեր են ասել: Պատժի՛ր նրանց ըստ իրենց կատարած չարագործութեան»:
42 Երկու բանակները հասան եւ իրար բախուեցին Ադար ամսի տասներեքերորդ օրը: Նիկանորի գունդը պարտուեց, ջախջախուեց, եւ երկու բանակների միջեւ ինքն էլ առաջինը սրախողխող ընկաւ: 43 Երբ թշնամու գունդը տեսաւ, որ Նիկանորն ընկաւ, զէնքերը նետեցին եւ փախուստի դիմեցին: 45 501 Սրանք մէկ օր շարունակ Ադասայից հետապնդեցին նրանց, մինչեւ որ հասան Ազերա: Նրանց յետեւից փող էին փչում իբրեւ յաղթանակի նշան, 46 Հրէաստանի բոլոր քաղաքներից ելնում էին ու սպանում նրանց: Հետապնդուողները դարձեալ հաւաքւում էին ու դիմադրում: Այդ օրը սրախողխող ընկան բոլորը, եւ նրանցից մէկ մարդ անգամ չմնաց: 47 Եկան եւ սկսեցին աւար առնել, կողոպտել բանակի զէնքերը, գանձերը եւ ամբողջ ունեցուածքը: Կտրեցին Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը, որ նա գոռոզութեամբ յանդգնել էր բարձրացնել տաճարի վրայ, եւ բերեցին ու կախեցին Երուսաղէմի դիմաց: 48 Ժողովուրդը խիստ ուրախացաւ եւ այդ օրը նշեց որպէս տարեկան տօն: 49 Այդ օրը, Ադար ամսի տասներեքերորդ օրը, նրանք հռչակեցին ամենամեայ տօն: 50 Յուդայի երկիրը միառժամանակ հանգիստ ապրեց:
8
ՅՈՒԴԱՆ ԴԱՇԻՆՔ Է ԿՆՔՈՒՄ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
1 Յուդան լսեց հռոմէացիների համբաւի մասին, թէ նրանք հզօր են իրենց ուժով, նրանք լաւ են համարում, եթէ մէկը դիմում է իրենց օգնութեանը կամ դաշնակից լինում իրենց: Նա լսեց, որ նրանք խիստ զօրացել են երկրի վրայ, 2 նաեւ պատերազմներ մղելու շնորհիւ գրաւել են գաղատացիների կողմերը, ընկճել նրանց ու հարկատու դարձրել, 3 նաեւ այն, թէ ինչ են արել ժամանակին իսպանացիների կողմերում՝ նրանցից գրաւել են հանքեր, որտեղից ոսկի ու արծաթ էին հանում, գրաւել են այդ վայրերն իրենց խելամտութեամբ ու իրենց համբերատարութեամբ, թէեւ այդ վայրը խիստ հեռու էր նրանցից: 4 Լսեց նաեւ, որ երկրի հեռաւոր ծայրամասից նրանց վրայ յարձակուելու եկած թագաւորներից մի քանիսին կոտորել են, մեծ ջարդ տուել նրանց, իսկ մնացածներին տարեկան հարկի տակ դրել: 5 Նրանք Փիլիպպոսին ու իրենց վրայ յարձակուած կինացիների արքային սպանել են պատերազմի ժամանակ ու ընկճել նրանց: 6 Նրանցից պարտութիւն է կրել նաեւ ասիացիների մեծ արքան՝ Անտիոքոսը, որ եկել էր նրանց վրայ մեծ պատերազմով եւ որն ունէր հարիւր քսան փիղ, բազմաթիւ կառքեր ու երիվարներ: 7 Նրան կենդանի են բռնել եւ ստիպել, որ հարկ վճարի: 8 Ստիպել են նաեւ իրենից յետոյ եկած թագաւորներին պատանդներ ու փրկագին տալ, նրանից խլել են Հնդիկների, Պարթեւների, Լիդացիների երկրներն ու նրանց ընտիր գաւառները յանձնել են Եւմենիի արքային: 9 Երբ լսել են նաեւ, թէ յոյները որոշել են գալ, կոտորել իրենց, երբ տեղեկացել են այդ մասին, ուղարկել են իրենց զօրավարներից մէկին, 10 որն եկել ու ահեղ մի կռուի ժամանակ կոտորել է նրանց, բազմաթիւ մարդկանց սրախողխող արել, գերեվարել նրանց կանանց ու որդիներին, կողոպտել նրանց կայքն ու ունեցուածքը, երկիրն ստրկացրել, բերդերը քանդել, երկիրը հարկատու դարձրել մինչեւ օրս: 11 Կոտորել են նաեւ խռովութիւն բարձրացրած միւս թագաւորութիւնների ու կղզիների մարդկանց, ստրկացրել նրանց: 12 Բայց իրենց բարեկամների եւ նրանց հետ, ովքեր դիմել են իրենց օգնութեանը, անդաւաճան բարեկամութիւն են արել: Նրանք ընկճել են մօտիկ ու հեռաւոր բոլոր թագաւորութիւնները, եւ ովքեր մի անգամ լսել են նրանց անունը, վախեցել են նրանցից: 13 Ում ուզեցել են, թագաւորութիւն են տուել, ում ուզեցել են, զրկել են իշխանութիւնից: Նրանք խիստ հզօրացել են: 14 Հակառակ այս ամենին, նրանցից ոչ ոք յանձն չի առել, ի նշան իշխանութեան, թագ կրել կամ ծիրանի հագնել: 15 Նրանք խորհրդարան են շինել, եւ ամէն օր երեք հարիւր քսան մարդ հոգ է տարել զօրքի մասին, որպէսզի երկիրը շէն պահեն: 16 Ամէն տարի նրանցից մէկը, ով արժանաւոր է եղել, նշանակուել է իշխանութեան ղեկավար, որպէսզի կառավարի իրենց ողջ երկիրը: Բոլորը հնազանդութեամբ լսել են մէկին, նրանք միմեանց նկատմամբ ոխ կամ նախանձ չեն ունեցել:
17 Այն ժամանակ Յուդան ամէն մի գնդից ընտրեց մարդիկ՝ Ակկոսի որդի Յովնաթանի որդի Եւպոլեմոսին եւ Եղիազարի որդի Յասոնին, նրանց ուղարկեց Հռոմ քաղաքը, որպէսզի սրանք նրանցից հաշտութիւն եւ օգնութիւն խնդրեն, 18 որպէսզի իրենց վրայից վերացնեն ստրկութեան այն լուծը, որ յոյները դրել էին իսրայէլացիների վրայ: 19 Նրանք գնացին հռոմէացիների կողմերը: Ճանապարհը երկար էր: Բանագնացները եկան հասան ու նրանց հանդիպեցին խորհրդարանում: Նրանք կանգնեցին մէջտեղում ու սկսեցին յայտնել, թէ ինչ պատգամներով են եկել: 20 «Յուդա Մակաբայեցին, իր եղբայրներն ու Հրէաստանի բոլոր սեպուհները ուղարկել են մեզ, որ ձեզ հետ հաշտութեան մասին խօսենք, ձեզ մեր օգնականը դարձնենք եւ ձեզանից խաղաղութիւն խնդրենք, որ դուք էլ մեզ ձեր նիզակակիցն ու բարեկամը համարէք»:
21 Այս խօսքերը նրանց հաճելի թուացին: 22 Ահա այս է այն հրովարտակի պատճէնը, որ պղնձէ տախտակների վրայ նրանք գրեցին նրանց համար, ուղարկեցին Երուսաղէմ եւ թողեցին նրանց մօտ իբրեւ օգնութեան ու խաղաղութեան վկայագիր.
23 «Խաղաղութիւն եւ բարեգործութիւն թող լինի Հրէաստանի ու հռոմէացիների միջեւ, ծովի ու ցամաքի վրայ, թող սուրն ու թշնամին հեռու լինեն նրանցից: 24 Իսկ եթէ պատերազմ լինի նախ հռոմէաեցիների կամ նրա բարեկամներից որեւէ մէկի դէմ նրանց պետութեան ողջ տարածքում, 25 ապա անմիջապէս նրանց կամովին թող օգնեն հրէական գնդերը ըստ ժամանակի պահանջի: 26 Նրանք թշնամու կողմը չպէտք է անցնեն, արծաթով, ոսկով, զէնքով կամ նաւերով չպէտք է օգնեն թշնամիներին, որովհետեւ այսպէս է ձեռնտու հռոմէացիներին: Այս պատուիրանները պէտք է նրանք պահպանեն առանց հատուցում պահանջելու: 27 Նոյն ձեւով եթէ հրեաների դէմ պատերազմ լինի, հաւատարմութեամբ, կամովին շտապ օգնութեան պէտք է հասնեն հռոմէացիներն էլ ըստ ժամանակի պահանջի, 28 թշնամուն չպէտք է տան ոսկի, արծաթ, զէնք կամ նաւեր, որովհետեւ այսպէս է ձեռնտու հռոմէացիներին: Այս պատուիրանները նրանք պէտք է պահպանեն առանց նենգութեան: 29 Ահա այսպիսի պայմաններ կապեցին հռոմէացիները հրեաների գնդի հետ. 30 իսկ եթէ այդ պայմաններից յետոյ այս կամ այն կողմը որեւէ բան ունի հանելու կամ աւելացնելու, ապա դա թող անեն, ըստ հարկի, երկու կողմերի համաձայնութեամբ եւ պահեն անխախտ: 31 Նրանց նկատմամբ չարագործութիւն կատարող Դեմետրիոս արքային կը գրենք. “Ասա՛, ինչո՞ւ էք լուծ դնում մեր նիզակակից բարեկամների պարանոցին: 32 Իմացէ՛ք, որ եթէ նրանք բողոքեն քեզանից, արդար դատաստան կը տեսնենք, քո դէմ կռուի կ՚ելնենք, լինի ծովի վրայ թէ ցամաքում”»:
9
ԲԵՐԷԹԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՒ ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՄԱՀԸ
1 Դեմետրիոսը չլսեց: Քանի որ Նիկանորն իր բանակով նրանց դէմ պատերազմելով պարտուել էր, ուստի դարձեալ, երկրորդ անգամ, Հրէաստան ուղարկեց Բաքիդէսին եւ Յակիմոսին իր բանակի աջակողմեան թեւի հետ: 2 Նրանք գնացին Գաղգաղայի ճանապարհով, եկան ու դասաւորուեցին Մեսալոթում՝ Արբելացիների երկրում: Գրաւեցին այն ու այնտեղ բազմաթիւ մարդկանց սպանեցին: 3 Հարիւր յիսուներեք թուականի առաջին ամսում բանակ դրեցին Երուսաղէմի մօտ, 4 յետոյ քսան հազար նիզակակիր մարդկանցով ու երկու հազար սպառազինուած հեծեալներով գնացին Բերէթ: 5 Յուդան երեք հազար սպառազէն ընտիր զինուորներով բանակ էր դրել Եղիշայում: 6 Երբ սրանք տեսան զօրագնդի բազմութիւնը, խիստ վախեցան. շատերը լքեցին նրան, Յուդայի մօտ ոչ ոք չմնաց, բացի ութ հարիւր սպառազէն հեծեալներից: 7 Երբ Յուդան տեսաւ, որ զինուորները լքել են իրեն, իսկ պատերազմը նեղում էր իրեն, վրդովուեց իր սրտում, որովհետեւ չէր հասցնի նորից հաւաքել նրանց, 8 թեւաթափ եղաւ, յուսալքուեց, բայց մնացածների հետ խօսելով՝ ասաց. «Եկէք դիմադրենք, գուցէ կարողանանք դիմադրել նրանց»: 9 Ինքը համարձակօրէն առաջ շարժուեց, բայց զինուորները, մօտենալով, շրջապատեցին նրան, որ յետ դարձնեն: Սկսեցին խօսել նրա հետ ու ասացին. «Ո՜վ մարդ, մենք չենք կարող նրանց վնասել, այժմ մեր անձը փրկելու մասին մտածենք, յետոյ կը գնանք, կը հաւաքենք մեր եղբայրներին ու կը կռուենք, թէպէտեւ սակաւաթիւ ենք»: 10 Յուդան պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես այդ բանը չեմ անի, ես նրանց առաջ փախուստի չեմ դիմի: Եթէ հասել է մեր ժամանակը, քաջութեամբ մեռնենք մեր եղբայրների համար եւ վախկոտի անունը չենք խառնի քաջի առաքինութեան հետ»:
11 Երկու կողմի բանակների զինուորները վեր կացան ու պատերազմեցին միմեանց դէմ: Բաքիդէսի սպառազէն բանակը բաժանուեց երկու մասի: Պարսատիկաւորներն ու աղեղնաւորները գնում էին գնդի առաջից, իսկ առաջամարտիկները գնում էին սրանց առաջից: 12 Բաքիդէսն աջ թեւում շտապեցնում էր զինուորներին, տագնապի շեփոր հնչեցնելով առաջ էր տանում նրանց: 13 Յուդայի գունդը շեփոր հնչեցնելով յարձակում գործեց: Երկիրը երկու կողմերի աղմուկ-աղաղակից դղրդում էր: Պատերազմը շարունակուեց առանց դադարի՝ առաւօտից մինչեւ երեկոյ: 14 Երբ Յուդան նկատեց, որ Բաքիդէսն ընտիր զօրքով աջ թեւում է կանգնած, իր գնդի սպառազէն, ընտիր զինուորներին իր մօտ կանչեց, քաջալերեց ու յարձակման անցաւ: 15 Երբ նա արդէն ջախջախել էր աջակողմեան թեւը, նետուեց դէպի ձախ թեւն ու նրանց իր առաջն առած՝ հալածեց մինչեւ Ազոտ լերան կողմը: 16 Երբ ձախակողմեան թեւի զինուորները տեսան, որ աջակողմեան թեւը ջախջախուել է Յուդայի զինուորների առաջ, եկան, միացան ու պաշարեցին Յուդային իր գնդի հետ: 17 Այդ վայրում երկու կողմերի վիրաւորները գետին էին թաւալւում:
18 Այդտեղ ընկաւ Յուդան առաջին նահատակուողների հետ, իսկ մնացածները փախուստի դիմեցին: 19 Երկու եղբայրները՝ Յովնաթանն ու Շմաւոնը, վերադարձան, վերցրին Յուդային, տարան թաղեցին իրենց հայրերի շիրիմում՝ Մոդիիմում: 20 Իսրայէլացիները մեծ կոծով ողբացին, սուգ պահեցին բազում օրեր, 21 յետոյ սկսեցին խօսել եւ ասել. «Ինչպէ՜ս ընկաւ, ինչպէ՜ս տապալուեց Իսրայէլի հզօր փրկիչը»: 22 Այս մատեանում, սակայն, չի գրուել այն բոլոր մարտերի, ճակատամարտերի, պատերազմների մասին, որ մղել է Յուդան, եւ այն քաջութիւնների մասին, որ գործել է նա, որովհետեւ դրանք չափազանց շատ են:
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ՅՈՒԴԱՅԻՆ
23 Յուդայի մահուանից յետոյ անօրէնները յայտնուեցին Իսրայէլի բոլոր սահմաններում աճեցին, բազմացան նրանք, որ անօրէնութիւն էին գործում: 24 Այդ օրերին մեծ սով եղաւ, եւ մարդիկ ինքնակամ գնացին նրանց մօտ. բոլորը նրանց կողմն անցան: 25 Բաքիդէսն ընտրեց անօրէն մարդկանց, նրանց իշխանութիւն տուեց: 26 Նրանք փնտռում, գտնում էին ու Բաքիդէսի մօտն էին բերում Յուդայի բարեկամներին, նրանցից վրէժ լուծում: Իսրայէլացիներին չարչարում, ծաղրում, 27 նեղում, ծանակում էին այնպէս, որ մարգարէի ի յայտ գալուց յետոյ այդպիսի բան չէր եղել:
28 Հաւաքուեցին Յուդայի բոլոր բարեկամները, գնացին Յովնաթան Ափուսի մօտ ու ասացին. 29 «Քո եղբայր Յուդան մեռաւ, եւ չկայ մի մարդ, որ նրա նման ելնի թշնամիների դէմ, պատասխան տայ նրանց, ովքեր թշնամութեամբ գալով նեղում են մեր ազգը: 30 Արդ, նրա փոխարէն մենք քեզ ընտրեցինք, որ դու մեզ վրայ զօրապետ լինես, մեզ առաջնորդես, մեր թշնամիների դէմ ճակատամարտ տաս»:
31 Այդ ժամանակ Յովնաթանն ստանձնեց առաջնորդութիւնը եւ բարձրացաւ իր եղբայր Յուդայի տեղը:
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՎՐԷԺԽՆԴԻՐ Է ԼԻՆՈՒՄ ԻՐ ԵՂԲՕՐ ՀԱՄԱՐ
32 Երբ դա իմացաւ Բաքիդէսը, հնար էր փնտռում սպանելու Յովնաթանին ու նրա եղբայր Շմաւոնին: 33 Սրանք փախան Թակովիի անապատը, եկան, բանակ դրեցին Ասփառ լճի մօտ: 34 Բաքիդէսը այդ մասին իմացաւ շաբաթ օրը եւ եկաւ, ինքն էլ իր զօրքով բանակ դրեց Յորդանան գետի այն կողմում: 35 Նա նրանց մօտ ուղարկեց իր մի եղբօրը՝ բազմաթիւ զօրքերի զօրավարին, եւ խնդրեց իրենց բարեկամ նաբատացիներին, որ իրենց յանձնեն իրենց պատկանող կայքն ու գրաստները եւ այն ամէնը, ինչ մնացել էր իրենց մօտ: 36 Դամասայում գտնուող Յամբրիի որդիները ելան ու բռնեցին Յովհաննէսին եւ կահ-կարասիով հանդերձ վերցրին գնացին իրենց հետ: 37 Դրանից յետոյ նրա եղբայրներ Յովնաթանն ու Շմաւոնը իմացան, որ Յամբրիի որդիները հարսանիք են անում: Սրանք Աբլալաթից մեծ երթով ու անչափ հանդերձանքով հարս էին բերում քանանացի մեծամեծ աւագներից մէկի դստերը: 38 Նրանք յիշեցին իրենց Յովհաննէս եղբօրը եւ վեր կացան, դարան մտան լերան մի ծործորում: 39 Իրենց հայեացքը բարձրացնելով՝ նրանք տեսան, որ մի մեծ երթ՝ հոծ մի ամբոխ է գալիս: Փեսան դուրս եկաւ իր բարեկամների եւ իր եղբայրների հետ շեփորներով, թմբուկներով, տարբեր նուագածուների ու բազում զինուած մարդկանց ուղեկցութեամբ: 40 Սրանք ելան դարանից, շատերին սպանեցին, վիրաւորեցին եւ զինուած մարդկանց փախուստի մատնեցին, աւար առան իրերն ու զգեստները, իսկ երթի մասնակիցներին կողոպտեցին: 41 Հարսանիքը փոխուեց լաց ու կոծի, իսկ երաժիշտների ձայնը սուգի ու ողբի վերածուեց: 42 Նրանք իրենց եղբօր վրէժը լուծեցին ամբողջովին եւ վերադարձան Յորդանան գետին մօտիկ մի մարգագետին:
43 Երբ դա իմացաւ Բաքիդէսը, զօրք վերցրեց, շարժուեց նրանց վրայ, եկաւ հասաւ Յորդանան գետի քարայրների մօտ: 44 Յովնաթանն ասաց իր զօրքին. «Եկէք վեր կենանք ու մարտի մէջ մտնենք յանուն մեր կեանքի, որովհետեւ այս օրը նման չէ երէկուան եւ ոչ էլ նախորդ օրուան: 45 Ահաւասիկ զօրք է դասաւորուել մեր դիմաց: Ո՛չ ամրոց կայ պատսպարուելու, ո՛չ էլ դաշտ կայ փախուստի համար. մեզ Յորդանան գետն է շրջապատել: 46 Արդ, եկէք կանչենք Տիրոջ անունը, յարձակուենք, գուցէ փրկուենք մեր թշնամիների ձեռքից»: Այս խօսքն ասաց ու անմիջապէս յարձակուեց Բաքիդէսի վրայ, 47 ձեռքը բարձրացրեց, որ հարուածի, բայց սա խոյս տուեց: 48 Յովնաթանն ու նրա հետ եղածները անցան այդ բարձունքից:
ՅԱԿԻՄՈՍԻ ՄԱՀԸ
49 Բաքիդէսի զինուորները հարուածեցին, կոտորեցին Յուդայի գնդից հազար մարդ եւ վերադարձան Երուսաղէմ, 50 սկսեցին Հրէաստանում ամուր քաղաքներ կառուցել, Երիքովի, Ամաւուսի, Բեթորի, Բեթէլի, Մինաթարոթի եւ Սթեփի բերդերն ամրացրին ամուր պարիսպներով, հզօր դարպասներով ու հաստատուն նիգերով: 51 Նա թշնամութիւնը բորբոքելու համար պահապաններ կանգնեցրեց իսրայէլացիների վրայ, 52 ամրացրեց Բեթսոր քաղաքը, Գազերան եւ ամրոցը, այնտեղ տեղաւորեց բազմաթիւ զօրքեր ու շատ մթերք: 53 Նա երկրի իշխանների որդիներին պատանդ վերցրեց եւ նրանց բանտարկեց Երուսաղէմի բերդում: 54 Հարիւր տասը թուականի երկրորդ ամսին Յակիմոսը հրամայեց քանդել ներքին սրբավայրի սրահների պարիսպները. նրանք սկսեցին քանդել այն գործը, որ արել էին մարգարէները: 55 Այդ ժամանակ դիւահարուեց Յակիմոսը. ձախողուեցին նրա գործերը, թուլացաւ նրա երախը, պապանձուեց լեզուն. նա ոչ մի բան չէր կարողանում ասել ու իր տան վերաբերեալ կարգադրութիւններ անել: 56 Այդ ժամանակ Յակիմոսը մեռաւ մեծ տանջանքներով: 57 Երբ Բաքիդէսը տեսաւ, որ Յակիմոսը մեռաւ, վերադարձաւ արքայի մօտ, եւ Հրէաստանը երկու տարի խաղաղ կեանք ունեցաւ: 58 Անօրէնները միտք արեցին ու ասացին. «Ահա Յովնաթանն ու նրա մօտ գտնուողները ապրում են խաղաղ ու անհոգ: Եկէք բերենք Բաքիդէսին, որ սա մի գիշերուայ մէջ բռնի բոլորին»: 59 Գնացին ու իրենց մտածածն ասացին նրան:
ԲԱՔԻԴԷՍԻ ԱՆՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԵԿՆՈՒՄԸ ՀՐԷԱՍՏԱՆԻՑ
60 Նա բազմաթիւ զօրքերով արագ ճանապարհ ընկաւ, գաղտնի հրովարտակ ուղարկեց Հրէաստանում գտնուող իր համախոհներին, որ բռնեն Յովնաթանին ու նրա հետ գտնուողներին, բայց սրանք դա անել չկարողացան, քանի որ դաւի գաղտնիքը բացայայտուել էր: 61 Նրանք բռնեցին երկրի չար առաջնորդներից մի յիսուն հոգու եւ խողխողեցին: 62 Յովնաթանը, Շմաւոնն ու նրանց հետ եղող մարդիկ խոյս տուեցին դէպի Բեթբէս, որ անապատում էր, նրա քանդուած պատերը վերանորոգեցին ու ամրացրին: 63 Երբ Բաքիդէսը տեսաւ դա, զօրք հաւաքեց, եկաւ պաշարեց այն: 64 Բեթբէսի շրջակայքում մարտ մղեց, կռիւ արեց բազմաթիւ օրեր, դրա շուրջը մեքենաներ կանգնեցրեց: 65 Յովնաթանն իր Շմաւոն եղբօրը թողեց քաղաքում, իսկ ինքն եկաւ այդ գաւառը: 66 Եկաւ Արթամ, սպանեց Օդոմերային, նրա եղբայրներին ու Փասիրոնի որդիներին իրենց վրանում: Դրանից յետոյ սկսեց կոտորել զինուորներին: 67 Շմաւոնն ու նրա հետ եղող մարդիկ ելան քաղաքից, հրկիզեցին մեքենաները, 68 պատերազմեցին Բաքիդէսի դէմ եւ պարտութեան մատնեցին նրան, որովհետեւ նրա մտադրութիւնն ու նրա արշաւանքն իզուր էին: 69 Սա բարկացաւ այն անօրէն մարդկանց վրայ, ովքեր իրեն խորհուրդ էին տուել արշաւել նրա երկիրը: Բաքիդէսը նրանցից շատերին սպանեց ու որոշեց վերադառնալ այն երկիրը, որտեղից եկել էր: 70 Երբ Յովնաթանն իմացաւ այդ, բանագնացներ ուղարկեց նրա յետեւից, որ նրա հետ խօսեն խաղաղութիւն հաստատելու մասին, դաշինք կնքեն, եւ նա վերադարձնի բոլոր գերիներին: 71 Նա համաձայնեց եւ արեց այնպէս, ինչպէս Յովնաթանը խօսել էր իր հետ: Նա երդուեց, որ, քանի կենդանի է ինքը, այլեւս չարիք չի հասցնի նրանց: 72 Նա վերադարձրեց այն գերիներին, որ վերցրել էր նախկինում Հրէաստանից, իսկ ինքը գնաց իր երկիրն ու այլեւս չարշաւեց նրանց սահմանների վրայ: 73 Կռիւները դադարեցին Իսրայէլում: Յովնաթանը բնակուեց Մաքմասում, սկսեց դատել իր ժողովրդին ու անօրէններին կոտորել Իսրայէլում:
10
ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ՅՈՎՆԱԹԱՆԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ
1 Հարիւր վաթսուն թուականին անտիոքացի Ալեքսանդր Եպիփանը գնաց ու գրաւեց պտղոմէացիների քաղաքը: Ընդունեցին նրան, եւ նա այնտեղ թագաւորեց: 2 Երբ Դեմետրիոս արքան լսեց, բազմաթիւ զօրք հաւաքեց, վեր կացաւ, որ պատերազմի նրա դէմ: 3 Դեմետրիոսը նրան խաղաղութեան պատգամ ուղարկեց, որ նրանք մեծարեն իրեն: 4 «Շտապեցէ՛ք, – ասաց, – նրա հետ խաղաղութեան դաշինք կնքել, քանի դեռ Ալեքսանդրը նրանց հետ դաշինք չի կնքել ընդդէմ մեզ: 5 Ես գիտեմ, նա կը յիշի իր դէմ, իր եղբայրների ու իր ազգի դէմ մեր կատարած չարագործութիւնները»: 6 Եւ նա նրան իրաւունք տուեց զօրք հաւաքելու, սպառազինուելու, որպէսզի նա իր նիզակակիցը դառնայ, իսկ ամրոցում գտնուող պատանդներին հրամայեց յանձնել նրա ձեռքը: 7 Յովնաթանն եկաւ Երուսաղէմ: Նա նամակը կարդաց ամբողջ ժողովրդի առաջ եւ նրանց առաջ, ովքեր բերդում էին: 8 Նրանք խիստ վախեցան, որովհետեւ լսեցին, թէ արքան նրան իրաւունք է տուել զօրք հաւաքելու: 9 Բայց պատանդներին բերեցին ու յանձնեցին նրան, իսկ նա նրանց յանձնեց իրենց ընտանիքներին:
10 Յովնաթանը բնակուեց Երուսաղէմում, սկսեց բարեկարգել ու նորոգել քաղաքը: 11 Նա պարսպի շինարարութեան վրայ աշխատողներին ասաց. «Շինեցէ՛ք այդ պարիսպը եւ պատեցէ՛ք Սիոն լերան շուրջը քառանկիւն որձաքարերով»: Այդպէս էլ արեցին: 12 Այն ժամանակ Բաքիդէսի կառուցած բերդում ապրող այլազգիները փախուստի դիմեցին: 13 Նա ամէն մէկին թողեց իր տեղում, իսկ ինքը գնաց իր հայրենի երկիրը: 14 Բեթսորում մնացել էին Օրէնքին ու հրամաններին չենթարկուող մի քանի մարդիկ, որովհետեւ դա նրանց ապաստարանն էր:
15 Երբ Ալեքսանդր արքան լսեց այն խոստումները, որ Դեմետրիոսը տուել էր Յովնաթանին, եւ պատմեցին նրան այն պատերազմի մասին, որ նա քաջաբար մղել էր իր եղբայրների հետ, եւ այն տանջանքները, որ նա կրել էր, ասաց. 16 «Մի՞թէ երբեւէ կարող ենք գտնել այսպիսի մի տղամարդ: Եկէք նրան դարձնենք մեր բարեկամն ու օգնականը»: 17 Նա հրամայեց նրանց հրովարտակ ուղարկել հետեւեալ խօսքերով. 18 «Ալեքսանդր արքայից ողջո՜յն իր եղբայր Յովնաթանին: 19 Քո մասին լսել ենք, թէ քաջ տղամարդ ես, եւ արժանի է, որ լինես մեր բարեկամը: 20 Արդ, մենք քեզ այսօր նշանակում ենք քո ազգի քահանայապետ եւ քեզ կոչում ենք արքայի բարեկամ (եւ հրամայեց նրա համար տանել ոսկէ պսակ ու ծիրանիներ): Արդ, հաստատո՛ւն մնա մեր դաշինքի վրայ եւ պահպանի՛ր մեր նկատմամբ ունեցած քո հաւատարիմ բարեկամութիւնը: Ո՛ղջ եղիր»:
21 Յովնաթանը հագաւ այդ ընտիր պատմուճանը: Հարիւր վաթսուն թուականին, տաղաւարահարաց տարեկան տօնի ժամանակ զօրք հաւաքեցին, սպառազինուեցին եւ ուրախութիւններ կատարեցին:
ՀՐԵԱՆԵՐԸ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
22 Այս բաները լսելով՝ Դեմետրիոսը խիստ տրտմեց 23 ու ասաց. «Այս ի՞նչ արեցինք, ինչո՞ւ մենք նրանց չդարձրինք մեզ օգնական: Ալեքսանդրը կանխեց մեզ, նրանց հետ խաղաղութեան դաշինք կնքեց եւ Հրէաստանը հաստատապէս իր ձեռքն առաւ: 24 Արդ, եկէք մենք էլ նրանց գրենք ողջոյնի ու մեծարանքի խօսքեր, պարգեւներ խոստանանք, որպէսզի նրանք դառնան մեր օգնականները»: 25 Եւ նա նրանց հրովարտակ ուղարկեց հետեւեալ խօսքերով.
«Դեմետրիոս արքայից ողջո՜յն հրեայ ազգին: 26 Քանի որ դուք պահպանեցիք մեզ հետ կնքած ուխտն ու դաշինքը, շարունակեցիք մնալ մեր բարեկամը, թշնամիներին աջակից չեղաք, մենք, լսելով այդ, ուրախ եղանք: 27 Արդ, շարունակեցէ՛ք, պահպանեցէ՛ք մեր նկատմամբ ունեցած հաւատարմութիւնը, 28 եւ մենք դրա փոխարէն բազում բարեգործութիւններով կը հատուցենք ձեզ, բազմաթիւ պարգեւներ կը տանք: 29 Ձեզ ազատ կ՚արձակենք, բոլոր հրեաներին կ՚ազատենք տուրքերից, աղի ու պսակի, սերմի երրորդ բաժին հարկերից, 30 իսկ ինձ պատկանող հանրային այգիներն ու ծառերը այսօրուանից սկսած եւ յետագայում կը թողնեմ ձեզ: 31 Երուսաղէմը թող մնայ սուրբ ու նուիրական իր շրջակայ սահմաններով: Տասանորդից վերցրած մաքսը վերացնում ենք ձեզանից: 32 Միջնաբերդի իշխանութիւնը յանձնում ենք քահանայապետին: Դա պահպանելու համար նա թող այնտեղ կարգի այն մարդկանց, որոնց ինքը կ՚ընտրի: 33 Հրէաստանից իմ թագաւորութեան երկրները բերուած ամէն մի գերի հրեայ առանց փրկագնի՝ ձրի թող ազատ արձակուի: Թող վերանան հասի, մաքսի ու գրաստի հարկերը: 34 Իմ թագաւորութեան մէջ գտնուող բոլոր հրեաները տարեկան բոլոր տօներին, շաբաթ օրերին, ամսուայ սկզբներին, տօնին նախորդող եւ տօնին յաջորդող երեք օրերին հարկ թող չվճարեն: 35 Ոչ ոք թող չյանդգնի որեւէ մէկին պահանջ ներկայացնել կամ որեւէ մէկին նեղել իմ բոլոր գործերի պատճառով: 36 Անդրանիկ զաւակները թող մտնեն արքունի զօրքի մէջ, նրանց թիւը թող լինի մինչեւ վեց հարիւր հազար502 զօրական, եւ նրանք ըստ օրէնքի պարգեւներ թող ստանան արքունի առաջին զօրքի մեծամեծներին հաւասար: 37 Ովքեր հաւատարիմ են, դարձեալ նրանցի՛ց թող նշանակուեն արքունի պաշտօնեաներ, նրանք թող դառնան իշխաններ ու վերակացուներ, նրանք թող առաջնորդուեն այն օրէնքներով, որ արձակել է արքան Հրէաստանում: 38 Նախկինում Հրէաստանին պատկանող երեք գաւառները Սամարացիների երկրից թող վերադարձուի Հրէաստանին, եւ երկուսի համար թող գործի մէկ օրէնք, որ ուրիշը չկարողանայ իշխել նրանց վրայ, այլ՝ քահանայապետը: 39 Պտղոմէացիների քաղաքը թող պարգեւ տրուի Երուսաղէմում գտնուող սրբարանին, որպէսզի հոգացուեն սրբարանի համար յատկացուող ծախսերը: 40 Ամէն տարի ես արքունի գանձարանից կը տամ տասնհինգ հազար կշիռ արծաթ, որոնք կը ստացուեն ինձ ենթակայ վայրերից: 41 Այն մթերքը, որ կը պակասի, եւ իրենք չեն կարողանայ ձեռք բերել, արքունիքից կը տրուի, ինչպէս եղել է առաջին սերունդների ժամանակ: 42 Դրանք սրանից յետոյ թող տրուեն արքունի միջոցներից: Բացի այդ, սրբարանի եկամուտներից ամէն տարի գանձուող հինգ հազար կշիռ արծաթը զեղչում եմ, որովհետեւ դա պէտք է քահանաներին ու պաշտօնեաներին: 43 Ով արքունիքին պարտք ունենալու պատճառով կը ցանկանայ փախչել ու մտնել Երուսաղէմի տաճարը, կամ ով դրա սահմաններում է գտնւում, թող ներում ստանայ: Նրանք թող ազատ արձակուեն: 44 Սուրբ շինութիւններից ամէն ինչ, որ աւերուած-կործանուած կը լինի, թող կառուցուի ու նորոգուի, իսկ ծախսերը թող վճարուի արքունիքից: 45 Թող կառուցեն Երուսաղէմի պարիսպը, չորս կողմը թող ամրացնեն, իսկ ծախսերը թող վճարուի արքունիքից: Թող կառուցուեն Հրէաստանի բոլոր բերդապարիսպները»:
ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ՄԱՀԸ
46 Երբ Յովնաթանն ու ժողովուրդը լսեցին այս բանը, երբեք չհաւատացին ու չընդունեցին նրանց, որովհետեւ յիշեցին Երուսաղէմում նրանց կատարած մեծամեծ չարագործութիւնները, նրանց պատճառած նեղութիւնները: 47 Նրանք գերադասեցին Ալեքսանդրի հետ հաշտութիւնը, որովհետեւ նախ նա էր խաղաղութիւն առաջարկողը, իրենք նրա նիզակակիցներն էին, եւ նա իրենց օգնականն էր եղել իրենց կեանքի բոլոր օրերում:
48 Ալեքսանդր արքան զօրաժողով արեց, բազմաթիւ զօրքեր հաւաքեց, որ գայ, պատերազմ տայ Դեմետրիոսի դէմ: 49 Երկու թագաւորները եկան միմեանց բախուեցին, եւ Դեմետրիոսի զօրագունդը փախուստի դիմեց: Ալեքսանդրը հետապնդեց նրանց. 50 ճակատամարտը սաստկացաւ մինչեւ արեւի մայր մտնելը: Այդ օրն այդտեղ, Ալեքսանդրի առաջ սպանուեց Դեմետրիոսը: Հարուածեցին, հալածեցին եւ նոյն օրն էլ ամէն ինչ աւարտի հասցրին:
ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ՊՏՂՈՄԷՈՍ Զ-Ի ԴՍՏԵՐ ՀԵՏ
51 Ալեքսանդրը Եգիպտացիների երկիր՝ Պտղոմէոս արքայի մօտ բանագնացներ ուղարկեց եւ հետեւեալը պատուիրեց. «Թող յայտնի լինի քեզ, ո՜վ արքայ Եգիպտոսի, 52 որ ես տէր դարձայ իմ տէրութեանը, ես նստեցի իմ հայրերի գահին, իշխանութիւնը վերցրի իմ ձեռքը, հարուածեցի ու վանեցի Դեմետրիոսին իր զօրքով հանդերձ եւ վերանուաճեցի իմ երկիրը: 53 Պատերազմում հարուածեցի ու վանեցի նրան ու իր զօրքերը, նստեցի նրա թագաւորական գահին: 54 Արդ, ե՛կ միմեանց միջեւ խաղաղութիւն հաստատենք. դու քո դստերն ինձ կնութեա՛ն տուր, որ նա ինձ արժանի կին լինի, իսկ ես էլ՝ քո արժանի փեսան»:
55 Եգիպտացիների արքան պատասխան տուեց ու ասաց. «Բարի է այն օրը, երբ դու վերադարձար քո նախնիների երկիրը եւ նստեցիր քո հայրերի արքայական գահին: 56 Ես պատրաստ եմ յօժար կամքով անել այն ամէնը, ինչ դու գրել ես ինձ: Եկ հանդիպենք իրար պտղոմէացիների քաղաքում, տեսնենք միմեանց, եւ քեզ իմ փեսան դարձնեմ, ինչպէս որ դու ես ասել»:
57 Պտղոմէոս արքան ելաւ Եգիպտացիների երկրից հարիւր վաթսուներկու թուականին եւ իր Կլէոպատրա դստեր հետ եկաւ պտղոմէացիների քաղաքը: 58 Երկու թագաւորները հանդիպեցին միմեանց, եւ Պտղոմէոսը իր Կլէոպատրա դստերը տուեց նրան: Պտղոմէացիների քաղաքում հարսանիք արեցին մեծ ճոխութեամբ ու մեծ շուքով, ինչպէս վայել է թագաւորներին:
59 Ալեքսանդրը Յովնաթանին հրովարտակ ուղարկեց, որ սա գայ իր մօտ: 60 Յովնաթանը մեծ շուքով գնաց պտղոմէացիների քաղաքը, երկու թագաւորներին հանդիպելով մեծամեծ նուէրներ տուեց եւ ինքն էլ նրանցից նուէրներ ստացաւ: 61 Երուսաղէմի անօրէն մարդիկ հաւաքուեցին, որպէսզի ամբաստանեն նրան, սակայն թագաւորը նրանց չլսեց: 62 Արքան հրամայեց հանել Յովնաթանի զգեստները. նրան հագցրին ծիրանի զգեստներ. արքան նրան նստեցրեց իր կողքը 63 եւ ասաց իշխաններին. «Կը գնաք նրա հետ, բոլոր քաղաքներում կը յայտնէք իմ հրամանը, որ ոչ ոք չյանդգնի ամբաստանել նրան, եւ ոչ ոք չնեղացնի նրան ոչ մի բանով»:
64 Երբ չարագործները տեսան նրա նկատմամբ ցուցաբերուած պատիւը, լսեցին հրամանի խօսքերը եւ տեսան ծիրանի զգեստները, բոլորը փախան, թաքնուեցին, անհետացան: 65 Թագաւորը պատիւ տուեց նրան առաջին բարեկամների հետ հաւասար, նրան նշանակեց սպարապետ եւ կուսակալ: 66 Յովնաթանը վերադարձաւ Երուսաղէմ՝ լցուած ուրախութեամբ ու խաղաղութեամբ:
ԱՊՈԼՈՆԻՈՍԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ ԵՒ ՆՐԱ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
67 Հարիւր վաթսունհինգ թուականին Դեմետրիոսի որդի Դեմետրիոսը կրետացիների կողմերից եկաւ իր հայրերի երկիրը: 68 Ալեքսանդրը խիստ տրտմեց ու այնտեղից վերադարձաւ անտիոքացիների քաղաքը: 69 Դեմետրիոսն այնտեղ նշանակեց Ապոլոնիոսին, որն առաջ Ստորին Ասորիքի վերակացուն էր: Նա բազմաթիւ զօրք հաւաքեց, եկաւ, բանակ դրեց Յամնիայի շրջակայքում: Նա Յովնաթան քահանայապետի մօտ մարդ ուղարկեց, որ ասի հետեւեալը. 70 «Դու ես միայն, որ գլուխդ բարձրացրել, գոռոզացել ես մեզ վրայ, իսկ ես քո պատճառով նախատինքի ու ծաղրի եմ ենթարկուել: Ի՞նչ ես փքուել ու նստել քո լեռներում: 71 Արդ, եթէ յոյսդ քո զօրքի վրայ է, ե՛կ, իջի՛ր դաշտ, մեզ մօտ, հանդիպենք միմեանց, որովհետեւ ես էլ այստեղ ինձ հետ քաղաքի զօրք ունեմ: 72 Արդ, հարցրո՛ւ, փորձի՛ր, տե՛ս, թէ ով եմ ես, կամ ովքեր են մեր օգնականները. նրանք քեզ կ՚ասեն. “Դու մեզ հետ կռիւ անել չես կարող, որովհետեւ ձեր հայրերին իրենց իսկ երկրում երկու անգամ պարտութեան ենք մատնել մենք”: 73 Արդ, դու չես կարող դիմադրել այսքան հեծելազօրին այս դաշտում, ուր թաքնուելու համար ո՛չ թուփ կայ, ո՛չ փախուստի տեղ, ո՛չ ապաւինելու ժայռ եւ ո՛չ էլ նետելու քար»:
74 Երբ Ապոլոնիոսի այս խօսքերը լսեց Յովնաթանը, բարկացաւ իր մտքում, անմիջապէս ոտքի ելաւ, իր զօրքից ընտրեց մօտ տասը հազար ընտիր զինուոր եւ դուրս եկաւ Երուսաղէմից: Նրան ընդառաջ եկաւ իր եղբայր Շմաւոնը՝ օգնելու նրան: 75 Նրանք եկան հասան յոպպէացիների քաղաքը: Քաղաքացիները դռները փակեցին նրանց դէմ, որովհետեւ Ապոլոնիոսը սրանց վրայ պահապան ոստիկաններ էր նշանակել: Նրանք յարձակուեցին, պատերազմ մղեցին քաղաքի դէմ: 76 Քաղաքի բնակիչները վախից բաց արեցին քաղաքի դռները, եւ նրանք մտան ու գրաւեցին քաղաքը: 77 Երբ դա լսեց Ապոլոնիոսը, պատրաստութիւն տեսաւ, իր հետ վերցրեց երեք հազար սպառազէն մարդ ու բազմաթիւ այլ զօրքեր, 78 գնաց Ազոտի կողմերը, իբր պիտի անցնէր դաշտի մօտով, մինչդեռ նա ուղիղ գնում էր դէպի դաշտավայրը, որովհետեւ վստահ էր իր հեծելազօրի վրայ: Յովնաթանը հետապնդեց նրան, որպէսզի ճակատամարտ տայ: 79 Ապոլոնիոսը նրա հետքերով դարան էր դրել հազար հեծեալ: 80 Յովնաթանն իմացաւ, որ իր համար դարան են դրել, ուստի եկաւ, փակեց, պաշարեց դարանակալների ամրոցը եւ դրա շուրջը պատնէշ կառուցեց: Դրանց պաշարուած էին պահում առաւօտից մինչեւ երեկոյ, ինչպէս հրամայել էր նրանց Յովնաթանը: 81 Հեծեալները յոգնեցին, տանջուեցին ու թուլացան: 82 Շմաւոնն իր գնդով բռնեց գաղտնի ճանապարհը, եկաւ կանգնեց ձորակի գլխին ու յարձակուեց նրանց վրայ: Քանի դեռ սրանք թուլացած էին ու յոգնած, յարձակուեց սրանց վրայ, շատերին սպանեց հէնց դարանում, 83 հեծելազօրից շատերին դաշտի վրայ փախուստի մատնեց ու հալածեց մինչեւ Ազոտի կողմերը: Նա այնպիսի իրարանցում գցեց սրանց մէջ, որ փախստականները եկան Դագոնի մեհեանում պատսպարուելու: 84 Յովնաթանն իր զօրքով եկաւ, պաշարեց Դագոնի մեհեանն ու ազոտացիների քաղաքը եւ աւարի մատնեց դրա շրջակայքի քաղաքները, հրկիզեց Դագոնի մեհեանն այնտեղ պատսպարուողներով հանդերձ: 85 Սրից ընկածների ու այրուածների թիւը հասաւ մօտ ութ հազարի: 86 Յովնաթանն այնտեղից շարժուեց գնաց ու բանակ դրեց Ասկաղոնի կողմերում: Այդ քաղաքից մարդիկ ընդառաջ եկան նրան եւ պատիւներ մատուցեցին: 87 Յովնաթանն իր զօրագնդով վերադարձաւ Երուսաղէմ հարուստ աւարով, որովհետեւ կողոպտել ու յափշտակել էր բազում թշնամիների:
88 Երբ դա լսեց Ալեքսանդրը, առաւել եւս սկսեց փառաւորել Յովնաթանին: 89 Նրան ուղարկեց ոսկէ ճարմանդ, որ աւանդաբար տալիս էին թագաւորի եղբայրներին, եւ, իբրեւ ժառանգութիւն, նրան տուեց Ակկարոնն իր բոլոր սահմաններով:
11
ՊՏՂՈՄԷՈՍ Զ-Ի ԱՐՇԱՒԱՆՔԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԴԷՄ
1 Եգիպտացիների թագաւորը զօրք կազմեց, ծովափի աւազի չափ բազմաթիւ զինուորներ եւ շատ նաւեր հաւաքեց: Նա ուզում էր նենգութեամբ Ալեքսանդրի թագաւորութեանը տիրանալ եւ այն միացնել իր թագաւորութեանը: 2 Նա խաղաղութեան պատգամներով եկաւ Ասորիքի կողմերը: Դարպաս էին բաց անում նրա առաջ եւ ընդառաջ գնում նրան: Դա Ալեքսանդր արքայի պատուէրն էր, որովհետեւ Պտղոմէոսն իր աներն էր: 3 Երբ Պտղոմէոսը մտնում էր քաղաքները, ամէն մի քաղաքում իր զօրքից պահապաններ էր թողնում: 4 Երբ նրանք եկան մօտեցան ազոտացիների քաղաքին, նրան ցոյց տուեցին Դագոնի հրկիզուած մեհեանը, քաղաքը եւ պատերազմի ժամանակ կրակի մատնուած նրա շրջակայ քաղաքների այրուած դիակները, որ բերել կոյտ-կոյտ դիզել էին ճանապարհի վրայ: 5 Արքային պատմեցին այն ամենի մասին, ինչ կատարել էր Յովնաթանը, եւ աչքից գցեցին նրան: Թագաւորը լուռ էր: 6 Յովնաթանը մեծ պատիւներով դիմաւորեց թագաւորին յոպպէացիների քաղաքում: Իրար ողջոյն տուեցին ու միասին անցկացրին այդ օրը: 7 Յովնաթանն արքայի հետ գնաց մինչեւ Ազատ կոչուող գետի կողմերը եւ այդտեղից վերադարձաւ Երուսաղէմ, 8 իսկ Պտղոմէոս արքան գրաւեց ծովեզրեայ քաղաքները մինչեւ սելեւկացիների քաղաքը. նա Ալեքսանդրի դէմ դաւադրութիւն էր պատրաստում:
9 Նա Դեմետրիոս արքայի մօտ բանագնացներ ուղարկեց ու ասաց. «Եկ իրար հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք: Ես քեզ կը տամ Ալեքսանդրի մօտ գտնուող իմ դստերը, եւ դու կը տիրանաս քո հօր թագաւորութեանը: 10 Ես զղջում եմ, թէ ինչու իմ դստերը տուեցի նրան կնութեան, քանի որ նա մահուան դաւ է նիւթում իմ դէմ»: 11 Այսպէս նա զրպարտեց Ալեքսանդրին, որովհետեւ աչք էր դրել նրա տէրութեան վրայ: Նա իր դստերը յետ բերեց ու տուեց Դեմետրիոսին: 12 Նա երես դարձրեց Ալեքսանդրից եւ յայտնի դարձրեց իր թշնամանքը: Պտղոմէոսը մտաւ ու գրաւեց քաղաքները, ծովեզրեայ Սելեւկիան եւ Ալեքսանդրի դէմ դաւ էր նիւթում: 13 Նա եկաւ մտաւ անտիոքացիների քաղաքը, գլխին դրեց ասիացիների թագն ու իրեն պսակեց կրկնակի թագով՝ ասիացիների թագով ու եգիպտացիների թագով:
14 Այդ ժամանակ, սակայն, Ալեքսանդր արքան Կիլիկիայի կողմերում էր, որովհետեւ ապստամբութիւն էին բարձրացրել նրա դէմ: 15 Երբ դա իմացաւ Ալեքսանդրը, եկաւ պատերազմ տալու: Պտղոմէոսը նրա դէմ ելաւ բազմաթիւ զօրքով եւ նրան պարտութեան մատնեց: 16 Ալեքսանդրը փախաւ արաբացիների կողմերը, որպէսզի թաքնուի այնտեղ ու ազատուի նրանից: Հզօրացաւ Պտղոմէոս արքան: 17 Եկաւ արաբ Զաբեէլը, կտրեց Ալեքսանդրի գլուխը եւ տուեց, որ այն տանեն Պտղոմէոս արքային: 18 Երրորդ օրը մեռաւ Պտղոմէոսը, եւ բոլոր նրանք, ովքեր բերդի շուրջն էին գտնւում, կոտորուեցին բնակիչների կողմից: 19 Դեմետրիոսը թագաւորեց հարիւր վաթսունեօթը թուականին:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԴԵՄԵՏՐԻՈՍ Բ-Ի ԵՒ ՅՈՎՆԱԹԱՆԻ ՄԻՋԵՒ
20 Այդ օրերին Յովնաթանը Հրէաստանում զօրք հաւաքեց, որ գայ պատերազմ մղի Երուսաղէմում գտնուող բերդի համար: Նրա շրջակայքում կանգնեցրին բազմաթիւ ռազմական մեքենաներ: 21 Հրեայ ազգին թշնամի մի քանի անօրէն մարդիկ գնացին պատմեցին թագաւորին, թէ Յովնաթանը մեքենաներ է կանգնեցրել ու շրջապատել բերդը, պատրաստուել է գրաւելու այն: 22 Երբ դա լսեց Դեմետրիոսը, խիստ բարկացաւ, վեր կացաւ ու եկաւ պտղոմէացիների մօտ, հրովարտակներ ուղարկեց Յովնաթանին, որ բերդն այլեւս պաշարման մէջ չպահի, այլ անմիջապէս վեր կենայ ու գայ պտղոմէացիների քաղաքը, որպէսզի այնտեղ հանդիպեն միմեանց: 23 Երբ դա լսեց Յովնաթանը, հրամայեց առաւել եւս ուժեղացնել բերդի պաշարումը, իսկ ինքը ժողովրդի ծերերից ու քահանաներից վերցրեց ազնիւ եւ իմաստուն մարդկանց, 24 ճանապարհ ընկաւ նուէրներով, ոսկով ու արծաթով, իր անձը մահուամբ վտանգելով գնաց, որ պտղոմէացիների քաղաքում հանդիպի թագաւորին: 25 Նա նրա կողմից պատուի արժանացաւ, թէեւ շատ անօրէններ էին ամբաստանել նրան: 26 Թագաւորը նրան մեծարեց, ինչպէս իր նախնիներն էին մեծարել, պատուեց նրան իր բոլոր բարեկամների մօտ, 27 նրան տուեց քահանայապետութեան իշխանութիւն եւ այն բոլոր պատիւները, որ ունէին քահանայապետները նրանից առաջ: Նա նրան իր առաջին բարեկամների շարքը դասեց:
28 Յովնաթանը խնդրեց արքային, որ վերացնի Հրէաստանի եւ Սամարիայի երեք կուսակալութիւնների հարկերը: Նա խոստացաւ նրան տալ միայն երեք հարիւր քանքար: 29 Թագաւորին դա ընդունելի թուաց, եւ նա այս բոլորի համար հրամայեց Յովնաթանին տալ հրովարտակ հետեւեալ բովանդակութեամբ.
30 «Դեմետրիոս արքան ողջունում է իր եղբայր Յովնաթանին: 31 Այս հրովարտակի պատճէնը մենք ուղարկել ենք մեր եղբայր Լասթենէսին: Նոյնի օրինակն էլ ձեզ ենք գրում, որ տեղեակ լինէք: 32 “Արքայ Դեմետրիոսը ողջունում է հայր Լասթենէսին: 33 Մեր բարեկամ, օգնական, նիզակակից, ուխտապահ հրեաներին արժանի ենք համարում, որ հանգիստ թողնենք նրանց, բարութիւն հատուցենք այն արդարութեան ու հաւատարմութեան համար, որ նրանք ցուցաբերել են մեր նկատմամբ: 34 Հաստատում ենք Հրէաստանի սահմանները եւ երեք գաւառները՝ Ափարիմը, Լուդան ու Ռաթամինը: Դրանք թող անջատուեն Սամարիայից եւ կցուեն Հրէաստանին: Այսուհետեւ օրէնքով սահմանուած այդ գաւառների հարկերը թող յատկացուեն Երուսաղէմի պաշտօնեաներին: Արքունի այն եկամուտները, որոնք ամէն տարի ստացւում են հողի արտադրանքից ու պտղատու ծառերի բերքից, 35 արքունի հարկերը, տասանորդները, մաքսերը, արքունի այլ եկամուտները, աղի տուրքը, պսակների հարկը, – 36 այս բոլորը զիջում ենք նրանց: Սրանցից ոչ մէկը թող չխախտուի յաւիտենապէս: 37 Արդ, հո՛գ տարէք, որ այդ հրովարտակի մի պատճէնը հանէք եւ յանձնէք Յովնաթանին, որպէսզի այն դնի սրբարանի գանձարանում, աչքի ընկնող եւ յարմար տեղում”»:
ՅՈՎՆԱԹԱՆԻ ՕԳՆՈՒԹԻՒՆԸ ԴԵՄԵՏՐԻՈՍ Բ-ԻՆ
38 Երբ Դեմետրիոս արքան տեսաւ, որ ողջ երկիրը հնազանդուել է իրեն, եւ աշխարհում չկար մի բան, որ հակառակուէր իր կամքին, հրաման տուեց, որ ամէն մի զօրք արձակուի ու վերադառնայ իր տեղը, բացի հեռաւոր ազգերի զինուորներից ու կղզիներից հաւաքուած ռազմիկների գնդից: Բոլոր ազգերի զօրքերը թշնամացան նրա դէմ:
39 Ալեքսանդրի տոհմում կար Տրիփոն անունով մէկը: Երբ տեսաւ, որ բոլոր զօրքերը տրտնջում են Դեմետրիոսի դէմ, գնաց Իմալկուս Արաբացու մօտ, որը սնում ու դաստիարակում էր Ալեքսանդրի պատանի որդի Անտիոքոսին: 40 Նա ստիպեց նրան, որ պատանուն իրեն յանձնի, որպէսզի ինքը բերի նրան ու հօր գահին նստեցնի: Նա նրան պատմեց նախկինում Դեմետրիոսի կատարած գործերի մասին եւ այն բոլոր թշնամութիւնների, որ մի ժամանակ ունէր զօրքը նրա նկատմամբ: Նա նրա մօտ մնաց շատ օրեր:
41 Յովնաթանը Դեմետրիոս արքայի մօտ մարդ ուղարկեց, որ նա հրաման տայ միջնաբերդից եւ միւս բերդերից դուրս հանելու զօրքերը, որովհետեւ սրանք թշնամաբար էին տրամադրուած Իսրայէլի նկատմամբ: 42 Դեմետրիոսը մարդ ուղարկեց Յովնաթանի մօտ ու ասաց. «Ես ոչ միայն քեզ ու քո ազգի համար կ՚անեմ այդ, այլեւ պատուի կ՚արժանացնեմ քո ազգը, միայն թէ ժամանակ գտնեմ: 43 Դու լաւ կ՚անես, եթէ օգնական մի գունդ ուղարկես, որովհետեւ իմ զինուորներն ինձ լքել են»:
44 Երբ դա լսեց Յովնաթանը, անմիջապէս լաւ սպառազինուած երեք հազարանոց մի գունդ ուղարկեց անտիոքացիների քաղաքը իբրեւ թագաւորի օգնական: Թագաւորն ուրախացաւ, որ նրանք հասան իր մօտ: 45 Երբ դա իմացան քաղաքի բնակիչները, զանազան տեղերից եկան հաւաքուեցին քաղաքի կենտրոնում հարիւր քսան հազար մարդ եւ թագաւորի վրայ յարձակուելով՝ ուզում էին նրան անմիջապէս սպանել, 46 բայց նա խոյս տուեց նրանցից: Նրանք անմիջապէս գրաւեցին քաղաքի բոլոր փողոցների մուտքերը եւ սկսեցին կռուել: 47 Իսրայէլեան գունդն այդ իմանալով՝ կուտակուեց թագաւորի ապարանքի մօտ. մարդիկ ձայն տուեցին միմեանց ու տարածուեցին ամբողջ քաղաքում: 48 Հարուածելով սպանեցին, կոտորեցին մօտ տասը հազար մարդ, հրդեհի մատնեցին քաղաքի փայտակերտ բոլոր շէնքերը եւ կողոպտեցին նրանց կայքն ու ունեցուածքը, իրենց մօտ բերեցին թագաւորին ու փրկեցին նրանց ձեռքից:
49 Երբ քաղաքի գնդի մնացած զինուորները տեսան, որ իսրայէլեան գունդը հզօրացել է, կատարելապէս յաղթել իրենց, յուսալքուեցին, թուլացան ու հրաժարուեցին իրենց մտադրութիւնից: Նրանք աղաչական ձայնով սկսեցին դիմել թագաւորին ու ասացին. 50 «Խղճա՛ մեզ, մոլեգնած գունդը թող դադարեցնի քաղաքի բնակիչների կոտորածը»: 51 Ասում էին այս, եւ ամէն մէկն իր զէնքը նետում էր յաղթողների ոտքերի առաջ: Իսրայէլեան գնդի փառքն ու պատիւը բարձրացաւ թագաւորի ու նրա ողջ զօրքի աչքին: Դրանից յետոյ նրանք մեծ պատուով ու բազում աւարով վերադարձան Երուսաղէմ: 52 Դեմետրիոս արքան նստեց իր տէրութեան գահին, եւ ամբողջ երկիրը դողաց նրա առաջ: 53 Բայց նա դրժեց այն բոլոր խոստումները, որ տուել էր իսրայէլացիներին, բոլորովին օտարացաւ Յովնաթանից եւ չհատուցեց նրա հաւատարիմ ծառայութեան փոխարէն:
ՅՈՎՆԱԹԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՆՏԻՈՔՈՍ Զ-ԻՆ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ԴԷՄ
54 Այս դէպքերից յետոյ վերադարձան Տրիփոնն ու նրա հետ պատանի Անտիոքոսը, որն արդէն թագաւոր էր դարձել ու նստել տէրութեան գահին: 55 Նրա մօտ հաւաքուեցին Դեմետրիոսի բոլոր ցրուած զինուորները, պատերազմեցին Դեմետրիոսի դէմ ու խայտառակ կերպով նրան փախուստի մատնեցին: 56 Տրիփոնն եկաւ փղերով ու գրաւեց անտիոքացիների քաղաքը:
57 Պատանի Անտիոքոսը հրաման արձակեց, որ Յովնաթանին հրովարտակ ուղարկեն, ուր ասուած էր. «Քեզ քահանայապետ եմ նշանակում, քեզ հաստատում եմ չորս գաւառների վերակացու, քեզ համարում եմ մեր իսկական եւ առաջին բարեկամներից մէկը»: 58 Նա հրամայեց, որ նրան տանեն ոսկէ գաւաթներ ու տաճարի սպասքը: Նրան իրաւունք տուեց ըմպել ոսկէ գաւաթներով, ծիրանի զգեստներ հագնել, թագաւորական նշանի նման ճարմանդ կրել: 59 Հրաման տուեց, որ նրա եղբայր Շմաւոնը նշանակուի իշխան եւ զօրավար Ծուրից մինչեւ եգիպտացիների սահմանը:
60 Յովնաթանը ելաւ, որ շրջագայի Յորդանան գետի այն կողմում եւ քաղաքներում: Իբրեւ օգնական նրա մօտ հաւաքուեցին Ասորիքի բոլոր զինուորները: Նա եկաւ Ասկաղոնի կողմերը: Մեծամեծ գովաբանութիւններ անելով նրան ընդառաջ ելան քաղաքացիները: 61 Այնտեղից նա գնաց Գազա, բայց գազացիները նրա առաջ փակեցին դարպասները: Նա շրջապատեց նրանց, հրդեհի մատնեց նրանց աւանները, բռնագրաւեց նրանց ինչքն ու ունեցուածքը: 62 Դրանից յետոյ եկան գազացիները, կանգնեցին ու խոնարհուեցին նրա առաջ, իրենց իշխանների որդիներին պատանդ տուեցին: Նա նրանց ուղարկեց Երուսաղէմ, իսկ ինքն անցաւ երկիրը մինչեւ Դամասկոսի կողմերը:
63 Յովնաթանը լսեց, որ Դեմետրիոսի իշխանները բազում զօրքերով հասել են գալիլիացիների կողմերը՝ Կադէս, նրան իշխանութիւնից զրկելու դիտաւորութեամբ: 64 Նա իր եղբայր Շմաւոնին վերակացու թողեց երկրի վրայ, իսկ ինքը գնաց նրանց ընդառաջ: 65 Շմաւոնը յարձակուեց Բեթսորի վրայ, բազում օրեր պաշարեց այն, կալանքի տակ պահեց նրա բնակիչներին: 66 Նրանք սկսեցին աղաչել նրան, որ իրենց հետ դաշինք կնքի: Շմաւոնը համաձայնեց, նրանց տեղահան արեց քաղաքից եւ այդտեղ, քաղաքի վրայ պահապաններ նշանակեց:
67 Յովնաթանն իր զօրքով եկաւ ու բանակ դրեց Գեննեսարեթի ջրերի մօտ: Երբ առաւօտեան հասաւ Նասորի դաշտը, 68 այլազգիների մի գունդ ընդառաջ եկաւ նրան մի դաշտավայրում, բայց նրանք ծուղակ էին պատրաստել. գնդի կէսը դարան էր մտել, իսկ միւս կէսը յարձակուեց նրա վրայ: 69 Դարանակալները ելան իրենց տեղերից, հետապնդեցին նրանց, Յովնաթանին զօրքով հանդերձ շրջապատեցին 70 եւ Յովնաթանի զօրքը փախուստի մատնեցին: Նրա մօտ ոչ ոք չմնաց, բացի Բեսալոմի որդի Մատաթիայից ու Կափի որդի Յուդայից, որոնք զօրքի զօրավարներն էին: 71 Յովնաթանը բռնեց իր օձիքից, պատառոտեց պատմուճանը, հող լցրեց գլխին: 72 Նա մեծ բարկութեամբ յարձակուեց ու պարտութեան մատնեց նրանց: 73 Այն ժամանակ բոլոր փախստականները վերադարձան ու հալածեցին թշնամուն մինչեւ իրենց բանակատեղին՝ մինչեւ Կադէս: Նրանք եկան հասան այլազգիների բանակի մօտերքը: 74 Այդ օրն սպանեցին երեք հազար սպառազէն հեծեալ, եւ Յովնաթանը վերադարձաւ Երուսաղէմ:
12
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԴԱՇԻՆՔԸ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
1 Երբ Յովնաթանը տեսաւ, որ ժամանակը նպաստաւոր է իր համար, մարդիկ կանչեց, բանագնացներ ընտրեց նրանցից եւ ուղարկեց հռոմէացիների քաղաքը, որպէսզի գնան ու նորոգեն իրենց հետ կնքուած հաշտութեան դաշինքը: 2 Նա սպարտացիներին ու այլ վայրերի մարդկանց հրովարտակներ ուղարկեց նոյն բովանդակութեամբ: 3 Բանագնացները գնացին, հասան հռոմէացիների քաղաքը, հանդիպեցին նրանց խորհրդարանի դահլիճում ու ասացին. «Յովնաթան քահանայապետն ու հրեայ ազգը մեզ ուղարկեցին ձեզ մօտ, որպէսզի նորոգենք հաշտութեան նախկին դաշինքը, առաջուայ նման լինենք միմեանց զինակից ու օգնական»: 4 Հռոմէացիներն ընդունեցին, համաձայնեցին, տարբեր վայրեր հրովարտակներ ուղարկեցին, որ նրանց խաղաղութեամբ Հրէաստան ուղեկցեն: 5 Այս է նրանց փոխարքաներին, իշխաններին ու կուսակալներին գրած Յովնաթանի հրովարտակի պատճէնը.
6 «Յովնաթան քահանայապետը, ժողովրդի աւագների խորհուրդը, քահանաները, հրեայ ազգի բանակն ու սպաները ողջունում են իրենց սպարտացի եղբայրներին: 7 Դարեհ արքան Օնիա քահանայապետին անցեալում հրովարտակներ էր ուղարկել, թէ դուք մեր նիզակակիցներն էք, մեր եղբայրներն ու բարեկամները, ինչպէս մեզ ցոյց են տալիս այդ հրովարտակների պատճէնները, 8 Օնիան մեծ պատուով էր ընդունել ուղարկուած մարդուն, ձեռքն առել հրովարտակը, ուր նշւում էր, թէ մենք նիզակակիցներ ու սիրելի բարեկամներ ենք: 9 Մենք, որ հարուստ ենք եւ ոչնչի կարիք չենք զգում ու մխիթարուել ենք ձեր հրովարտակներով, 10 այժմ դարձեալ ուզում ենք նորոգել հաւատարմութիւնը, որպէսզի չօտարանանք ձեզանից: Երկար ժամանակ է անցել նախկին համաձայնագրերից յետոյ, որ դուք ուղարկել էք մեզ: 11 Արդ, մենք ամէն ժամանակ, տարեկան տօներին ու յիշարժան միւս բոլոր օրերին, միշտ յիշում ենք ձեզ, երբ զոհ ենք մատուցում, յիշում ենք մեր աղօթքներում, ինչպէս վայել ու արժանի է յիշել մեր եղբայրներին: 12 Մենք ուրախանում ենք ձեր փառքով: 13 Արդ, մեզ պատել են պատերազմների պատճառած նեղութիւնները: Պատերազմներ մղեցին մեր դէմ մեր շրջակայքում գտնուող թագաւորները, 14 բայց մենք առ այսօր ոչնչով նեղութիւն չտուեցինք ո՛չ ձեզ եւ ո՛չ էլ նրանց, ովքեր ձեզ սահմանակից լինելով՝ այս պատերազմում մեր նիզակակից բարեկամներն են եղել, 15 որովհետեւ մեր օգնութիւնը գալիս էր երկնքից, եւ մենք ազատուեցինք մեր թշնամիների ձեռքից. նրանք մեր առաջ պարտութեան մատնուեցին: 16 Արդ, մենք ընտրեցինք Անտիոքոսի որդի Նումենիոսին ու Յասոնի որդի Անտիպատրոսին, ուղարկեցինք նրանց հռոմէացիների մօտ, որպէսզի նորոգեն հաշտութեան, բարեկամութեան, եղբայրութեան ու օգնութեան նախկին դաշինքը: 17 Նրանց պատուիրել ենք, որ անցնեն ձեզ մօտ, ձեզ հաղորդեն մեր ողջոյնը եւ ձեզ մատուցեն մեր եղբայրական սիրոյ նորոգման նամակը: 18 Արդ, բարեհաճեցէ՛ք հրամայել, որ պատասխանեն մեզ»:
19 Այս է հրովարտակների պատճէնը, որ այնտեղից ուղարկեցին Օնիա քահանային. 20 «Սպարտացիների արքայից ողջո՜յն Օնիա մեծ քահանայապետին: 21 Սպարտացիներին ու հրէաստանցիներին վերաբերող հին մատեաններ են գտնուել, ուր գրուած է, թէ նրանք հաւասար եղբայրներ են եւ սերել են Աբրահամից: 22 Այն բանից յետոյ, երբ այս մասին տեղեկացանք, բարեհաճեցէ՛ք ամէն անգամ գրել մեզ մեր նկատմամբ ձեր եւ ձեր նկատմամբ մեր ունեցած խաղաղութեան ու ողջոյնի մասին: 23 Մեր ունեցած ինչքն ու հարստութիւնը, բոլոր անասունները նաեւ ձե՛րն են, ինչպէս եւ ձերը մե՛րն է: Արդ, մենք այս պատուէրն ենք տալիս ձեզ, որ դուք միշտ այս բանը պահանջէք մեզանից»:
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՓԱԽՈՒՍՏԻ Է ՄԱՏՆՈՒՄ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ԲԱՆԱԿԸ
24 Յովնաթանը տեղեկացաւ, որ Դեմետրիոսի իշխանները առաջուանից շատ զինուորներով գալիս են իր դէմ պատերազմելու: 25 Նա դուրս եկաւ Երուսաղէմից, գնաց նրանց դէմ, հասաւ ու բախուեց Ամաթիտի մօտ: Քանի դեռ նրանք չէին հասցրել մտնել եւ հետախուզել իր երկիրը, 26 ինքը հետախոյզ ուղարկեց նրանց բանակը: Նրան հաղորդեցին, որ պատրաստւում են գիշերով յարձակուել իրենց վրայ: 27 Երբ արեւը մայր մտաւ, Յովնաթանը զօրքին հրաման տուեց, որ մինչեւ առաւօտ կազմ ու պատրաստ, զինուած, համախմբուած լինեն պատերազմելու համար: Պարեկներ նշանակեցին, փակեցին իրենց չորս կողմը, ու իրենք պատրաստուեցին յարձակում գործելու: 28 Երբ թշնամիները տեղեկացան, թէ նրանք գիշերով են պատրաստւում յարձակում գործելու, սրտները վախ ընկաւ, զարհուրեցին: Բոլոր տեղերում, խիտ առ խիտ, խարոյկներ վառեցին, իսկ իրենք գիշերով փախան ու գնացին: 29 Յովնաթանն ու զօրքը չիմացան նրանց փախուստը, որովհետեւ տեսնելով բորբոքուող խարոյկները, կարծում էին, թէ իրենց տեղում են նրանք: 30 Դրանից յետոյ թէեւ հետապնդեցին նրանց, բայց հասնել չկարողացան, որովհետեւ նրանք արդէն անցել էին Ազատ գետը:
31 Դրանից յետոյ Յովնաթանը վերադարձաւ այդտեղից ու յարձակուեց զաբդեցի կոչուող արաբացիների վրայ: Նա հարուածեց, կոտորեց, փախուստի մատնեց նրանց բանակը, աւար առաւ նրանց ինչքն ու ունեցուածքը: 32 Ապա նա շուռ եկաւ Դամասկոսի կողմը, իսկ Շմաւոնը հասաւ Ասկաղոն, 33 գրաւեց նրա շրջակայքում գտնուող բոլոր բերդերը, գնաց յոպպէացիների կողմերը: Նա շտապում էր զօրքը ներս մտցնել: 34 Քանի որ լսել էր, թէ բերդի բնակիչները օգնում են Դեմետրիոսին, ուստի դրանց վրայ պահապան ոստիկաններ նշանակեց:
ՅՈՎՆԱԹԱՆԸ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
35 Յովնաթանը վերադարձաւ, զօրք հաւաքեց, ծերակոյտը խորհրդի կանչեց. ուզում էր Հրէաստանում բերդեր կառուցել, 36 միջնաբերդում ու քաղաքում բարձր պարիսպներ շինել, անջրպետել դրանք քաղաքից, որպէսզի Դեմետրիոսի մարդիկ առանձին լինեն, ոչինչ չտան ու չառնեն, չգնեն ու չվաճառեն: 37 Հաւաքուեցին, որ կառուցեն քաղաքը եւ այն պատը, որ պարիսպներից հասնում էր մինչեւ Քափնաթա կոչուող ծմակների ջրառատ հեղեղատները: 38 Շմաւոնն Ափիլայում սկսեց կառուցել Ալեդա քաղաքը, ամրացրեց այն, դարպասներ դրեց ու նիգերով ամրացրեց դրանք:
ՏՐԻՓՈՆԻ ԽԱՐԴԱՒԱՆՔԸ ՅՈՎՆԱԹԱՆԻ ԴԷՄ
39 Տրիփոնն ուզում էր թագաւորել ասիացիների կողմերում, թագ դնել գլխին, ձեռք բարձրացնել անտիոքացիների արքայի վրայ, 40 բայց վախեցաւ, զգուշացաւ, թէ գուցէ Յովնաթանը չհամաձայնի ու պատերազմի գայ իր վրայ: Դրա համար հնար էր փնտռում, որ բռնի նրան ու կորստեան մատնի: 41 Նա շարժուեց ու եկաւ Բեթսանի կողմերը: Յովնաթանը նրան ընդառաջ եկաւ քառասուն հազար զինավառ ընտիր զինուորներով, եկաւ հասաւ Բեթսան: 42 Երբ Տրիփոնը տեսաւ, որ Յովնաթանը եկել է բազմաթիւ զօրքով, վախեցաւ ձեռք բարձրացնել նրա վրայ, 43 ուստի նրան ընդունեց պատուով, նրան ներկայացրեց իր բարեկամներին, նրան նուէրներ տուեց, իսկ զօրքին հրամայեց, որ հնազանդ լինեն նրան: 44 Նա սկսեց խօսել Յովնաթանի հետ ու ասաց. «Ինչո՞ւ ես այդքան նեղութիւն տուել զօրքին, չէ՞ որ պատերազմելու պատճառ չկար: 45 Արդ, զինուորներին ուղարկի՛ր իրենց տեղերը եւ ընտրի՛ր սակաւաթիւ մարդկանց, որ քեզ հետ շրջեն միշտ, իսկ դու ինձ հետ ե՛կ պտղոմէացիների քաղաքը: Ես այն կը յանձնեմ քեզ, ինչպէս նաեւ այլ բերդեր՝ դրանք հսկող զօրքերի հետ միասին, ինչպէս յարմար է քեզ, իսկ ես կը վերադառնամ այնտեղից, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»:
46 Յովնաթանը հաւատաց նրան ու արեց այնպէս, ինչպէս նա հրամայել էր. զինուորներին ուղարկեց իրենց տեղերը՝ Հրէաստան, 47 իսկ իր մօտ թողեց շուրջ երեք հազար մարդ: Սրանցից երկու հազարին էլ թողեց Գալիլիացիների երկրում, իսկ ինքը նրա հետ գնաց հազար հոգով: 48 Երբ Յովնաթանը մտաւ պտղոմէացիների քաղաքը, քաղաքացիները փակեցին դարպասները, ներսում արգելափակեցին նրան եւ սրախողխող արեցին բոլոր նրանց, ովքեր նրա հետ ներս էին մտել: 49 Տրիփոնն իր զօրքն ուղարկեց Գալիլիացիների երկիրն ու մեծ դաշտը, որ գնան կոտորեն Յովնաթանի ամբողջ զօրքը: 50 Երբ սրանք իմացան, որ նա բանտարկուած է եւ նրա հետ եղած բոլոր մարդիկ սպանուած են, սթափուեցին ու միասին համախմբուած՝ գնացին պատերազմելու: 51 Յարձակուողների զօրականները երբ տեսան, որ անձնազոհաբար են մարտնչում նրանք, վախեցան, մարտադաշտը թողեցին ու վերադարձան, 52 իսկ նրանք հանգիստ եկան հասան Հրէաստան: Կոծեցին ու ողբացին Յովնաթանի եւ նրա հետ եղած զինուորների համար: Նրանք սարսափի մէջ էին: Ողջ Իսրայէլը սգում ու ողբում էր Յովնաթանին: 53 Շրջակայքում ապրող բոլոր հեթանոսներն ուզում էին կոտորել սրանց, որովհետեւ այսպէս էին ասում. 54 «Սրանք այլեւս զօրապետ չունեն, որ մեր դէմ պատերազմի: Արդ, եկէք յարձակուենք սրանց վրայ ու երկրի երեսից ջնջենք սրանց յիշատակը»:
13
ՇՄԱՒՈՆԸ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ՅՈՎՆԱԹԱՆԻՆ
1 Շմաւոնը լսեց, որ Տրիփոնը մեծ զօրք է հաւաքել Հրէաստանի վրայ յարձակուելու, բնակիչներին կոտորելու համար: 2 Երբ տեսաւ, որ ժողովուրդը ահի եւ խուճապի մէջ է, ինքը վեր կացաւ եկաւ Երուսաղէմ, հաւաքեց ժողովրդին, խրախուսեց նրանց ու ասաց. 3 «Դուք ինքներդ էլ գիտէք, թէ որքան գործ ենք արել ես, իմ եղբայրներն ու իմ հօր տունը: Քանի՜-քանի՜ մարտ ու պատերազմներ ենք մղել, որքա՜ն նեղութիւններ կրել յանուն մեր սրբարանի, մեր օրէնքների ու քաղաքի, 4 որովհետեւ Իսրայէլի ու ձեր բոլորի համար զոհուեցին մեր բոլոր եղբայրները, եւ ես եմ մնացել միայն: 5 Ոչ մի նեղութեան ժամանակ ես իմ անձը չեմ խնայի: Թէեւ ես աւելի քաջ չեմ, քան իմ եղբայրները, 6 բայց մեր սրբարանի եւ օրէնքների, մեր կանանց ու որդիների վրէժը լուծելու համար աւելի կը զօրանամ: Բոլոր հեթանոսներն ահա հաւաքուել են, որ յարձակուեն, մեր յիշատակը ջնջեն երկրի երեսից»:
7 Երբ նա խօսում էր, ժողովուրդը յուսադրւում, ոգեւորւում էր: 8 Նրանք պատասխան տուեցին, սկսեցին խօսել բարձր ձայնով ու ասացին. «Դու ես մեր առաջնորդը Յուդայի ու քո եղբայր Յովնաթանի փոխարէն: 9 Ղեկավարի՛ր մեր պատերազմը, ինչ որ ասես, մենք կը հնազանդուենք քեզ»: 10 Նա հաւաքեց բոլոր ռազմիկներին, շտապ կառուցեց Երուսաղէմի պարիսպը, 11 Աբիսողոմի որդի Յովնաթանին մեծ զօրքով ուղարկեց յոպպէացիների քաղաքը: Սա այնտեղից հանեց պահապաններին, ինքը մտաւ ու ամրացաւ այնտեղ եւ պահպանում էր այն:
ՅՈՎՆԱԹԱՆԻ ՎԱԽՃԱՆԸ
12 Դրանից յետոյ Տրիփոնը մեծ զօրքով շարժուեց պտղոմէացիների քաղաքից, որ գայ Հրէաստան: Նա Յովնաթանին իր մօտ պահելու զգուշութեան համար ման էր ածում իր հետ: 13 Շմաւոնը բանակ էր դրել Դիդայում, դաշտի դիմաց: 14 Երբ Տրիփոնը տեղեկացաւ, որ Շմաւոնը նստել է իր եղբայր Յովնաթանի փոխարէն եւ պատրաստւում է պատերազմ տալու, բանագնացներ ընտրեց եւ ուղարկելով նրա մօտ՝ ասաց. 15 «Յովնաթանն արքունիքում բանտարկուած է այն արծաթների համար, որ նա պարտք է: 16 Արդ, բերե՛լ տուր հարիւր քանքար արծաթ, ինձ մօ՛տ բեր նրա որդիներից երկուսին, որ, երբ իրեն ազատ արձակենք, չապստամբի մեր դէմ»:
17 Շմաւոնը հասկացաւ, որ խաբէութիւն կայ նրա խօսքերի մէջ, բայց տուեց, որ տանեն արծաթն ու պատանիներին, որպէսզի չլինի թէ թշնամութիւն ծագի ժողովրդի ու իր միջեւ, 18 եւ չասեն, թէ՝ «Շմաւոնը խնայեց արծաթը եւ չտուեց պատանիներին, որ տանեն, դրա համար էլ մարդը կորաւ»: 19 Նա տուեց, որ տանեն հարիւր քանքարն ու պատանիներին, բայց Տրիփոնը խաբեց եւ Յովնաթանին ազատ չարձակեց:
20 Դրանից յետոյ Տրիփոնն եկաւ երկրի կողմերը, որ մտնի, կոտորի նրանց: Նա բռնեց Ադոր տանող ճանապարհը: Նա որտեղ էլ որ գնար, Շմաւոնն իր բանակով հետապնդում էր նրան: 21 Երուսաղէմի միջնաբերդում գտնուողները Տրիփոնի մօտ բանագնացներ ուղարկեցին ու ստիպեցին, որ նա իրենց մօտ գայ անապատի միջով ու բերդի համար պաշար ուղարկի: 22 Տրիփոնն իր գնդով պատրաստուեց գալ ու միջնաբերդ մտնել այդ գիշերն իսկ, բայց քանի որ սաստիկ ձիւն էր եկել, այդ պատճառով էլ չկարողացաւ մտնել, շարժուեց եկաւ Գաղաադի կողմերը: 23 Երբ նա մօտեցաւ Բասկանային, այնտեղ սպանեց Յովնաթանին, որն այնտեղ էլ թաղուեց: 24 Տրիփոնն այդտեղից վերադարձաւ ու եկաւ իր երկիրը:
25 Շմաւոնը մարդ ուղարկեց, որ այնտեղից հանեն իր եղբայր Յովնաթանի ոսկորները: Նրա աճիւնը բերեցին եւ թաղեցին Մոդիիմում՝ իր հայրերի քաղաքում: 26 Մեծ ողբով լաց եղան նրա վրայ բոլոր իսրայէլացիները եւ բազում օրեր սուգ պահեցին: 27 Նա իր հօր ու եղբայրների գերեզմանի վրայ մահարձան բարձրացրեց, կոփածոյ քարերով պարիսպ քաշեց նրա շուրջը, 28 իսկ պարսպի վրայ իրար դէմ-դիմաց բուրգեր կանգնեցրեց եւ կողք-կողքի երեք զարդանշաններ դրեց ի պատիւ իր հօր ու եղբայրների: 29 Գերեզմանը վանդակապատ էր եւ ունէր բարձր սիւներ: Այդպէս նա յաւերժացրեց իր անունը: Նա վանդակի կողքերին նաւերի նմանութեամբ քանդակներ արեց, որպէսզի դրանք երեւան նրանց, ովքեր նաւերով անցնում են ծովով: 30 Մոդիիմի շիրիմների վրայ կառուցուած այդ դամբարանը մնում է մինչեւ այսօր:
ԴԵՄԵՏՐԻՈՍԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԴԱՇԻՆՔԸ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏ
31 Տրիփոնը նենգ մտադրութեամբ վարուեց նաեւ պատանի Անտիոքոս արքայի հետ, 32 սպանեց նրան ու թագաւորեց նրա փոխարէն: Իր գլխին դրեց ասիացիների թագը եւ մեծամեծ հարուածներ հասցրեց երկրին:
33 Շմաւոնը Հրէաստանում բերդեր կառուցեց, պարիսպներ բարձրացրեց, աշտարակներ կանգնեցրեց, դարպասներով ու նիգերով ամրացրեց, բերդերը լցրեց պարէնով: 34 Շմաւոնը հաւաքեց ընտիր մարդկանց, ուղարկեց Դեմետրիոսի մօտ, որ երկրին զիջումներ անի, որովհետեւ Տրիփոնի բոլոր գործերը յափշտակութիւններ էին եղել: 35 Դեմետրիոս թագաւորը հետեւեալ բովանդակութեամբ պատասխան ուղարկեց նրան, գրեց այսպիսի հրովարտակներ.
36 «Դեմետրիոս արքան ողջունում է Շմաւոն քահանայապետին՝ թագաւորների բարեկամին ու հրեայ ամբողջ ազգի ծերակոյտին: 37 Ստացանք ոսկէ պսակն ու օրհնութիւնը, որ ուղարկել էք մեզ: Մենք պատրաստ ենք կայուն խաղաղութիւն հաստատել եւ գրել հարկահաւաք պաշտօնեաներին, որ զիջեն ձեր պարտքերը, 38 եւ ինչ որ մի անգամ հաստատել ենք ձեզ հետ, հաստատ թող մնայ: Ձեր կառուցած բերդերը թող ձեզ պատկանեն: 39 Մինչեւ այսօր կամայ թէ ակամայ ձեր կատարած մեղքերը ներում ենք: Վերացնում ենք պսակի հարկը եւ Երուսաղէմից ապրանք դուրս բերելու համար գանձուող մաքսը: 40 Եթէ կայ պիտանի մէկը, որ արժանի է մեր ցանկի մէջ մտնելու, համարձակ թող ցուցակագրուի: Մեր ու ձեր միջեւ խաղաղութիւն թող հաստատուի»:
41 Հարիւր եօթանասուն թուականին հեթանոսների լուծը վերացաւ իսրայէլեան ցեղի վրայից: 42 Ժողովուրդն սկսեց ազգահամար կատարել եւ ցուցակագրել գոյքը՝ գրանցելով մատեաններում. Շմաւոն մեծ քահանայապետի եւ հրեայ ազգի առաջնորդ զօրավարի առաջին տարում»:
ՇՄԱՒՈՆԸ ԳՐԱՒՈՒՄ Է ԳԱԶԱՐԱՆ ԵՒ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԸ
43 Այս օրերին նա յարձակուեց Գազարա քաղաքի վրայ, զօրքով պաշարեց այն, մարտական մեքենաներ կառուցեց, դրանք մօտեցրեց պարիսպներին ու կործանեց աշտարակներից մէկը: 44 Մեքենաներից դուրս եկան զինուորներն ու յարձակուեցին քաղաքի վրայ: Մեծ խռովութիւն բարձրացաւ քաղաքում: 45 Բոլոր քաղաքացիներն առհասարակ, կանանց ու երեխաների հետ, ճչալով, օձիքները պատառոտելով եւ աղաղակ բարձրացնելով դիմեցին Շմաւոնին. 46 խնդրում էին խնայել իրենց, իրենց կատարած չարագործութիւնների համեմատ չդատել, այլ ողորմածութեամբ գթալ իրենց: 47 Մեղմացաւ Շմաւոնը, դադարեցրեց պատերազմը եւ հրամայեց քաղաքից դուրս հանել նրանց: Տները մաքրեցին նրանց կուռքերի բոլոր պիղծ աղտեղութիւններից, որից յետոյ նա եկաւ, ներս մտաւ ցնծութեամբ ու օրհնութեամբ, 48 այնտեղից մաքրեց բոլոր պղծութիւնները եւ այնտեղ բնակեցրեց Օրէնքին հետեւող մարդկանց: Նա դարձեալ ամրացրեց այն, այնտեղ շինեց բազմատեսակ ապարանքներ:
49 Երուսաղէմի միջնաբերդում մնացածները դեռեւս պաշարուած, շուրջկալի մէջ էին. նրանք ո՛չ ելումուտ ունէին, ո՛չ առեւտուր էին կարողանում անել: Նրանք նեղւում, սովամահ էին լինում, եւ նրանցից շատերն էլ մեռան: 50 Նրանք դիմեցին Շմաւոնին՝ խնդրելով հաշտութիւն: Նա խնայեց նրանց, բայց դուրս արեց նրանց այնտեղից, միջնաբերդը մաքրեց նրանց ամէն տեսակի պղծութիւններից 51 եւ այնտեղ մտաւ հարիւր եօթանասունմէկ թուականի երկրորդ ամսի քսաներեքերորդ օրը: Նա օրհնութիւն ու գոհութիւն մատուցելով, արմաւենու ճիւղերով, ցնծութեամբ շեփոր ու սրինգ հնչեցնելով՝ մտաւ այնտեղ, որովհետեւ խորտակուել էր Իսրայէլի երկրի ահեղ թշնամին: 52 Նա հրաման տուեց ամէն տարի տօնել այդ օրը ուրախութեամբ եւ ցնծութեամբ: 53 Նա ամրացրեց միջնաբերդի մօտ գտնուող լեռը, որի վրայ էր տաճարը, եւ ինքն իր սեփական զօրագնդով ապրեց այնտեղ: 54 Շմաւոնը տեսնելով, որ իր որդի Յովնաթանը չափահաս ու կատարեալ տղամարդ է դարձել, նրան նշանակեց բոլոր զօրքերի իշխան՝ առաջնորդ զօրավար, եւ նրան վերակացու կարգեց Գազարայի կողմերում:
14
ԴԵՄԵՏՐԻՈՍ Բ-Ի ՄԱՀԸ
1 Հարիւր եօթանասուներկու թուականին Դեմետրիոս արքան զօրք հաւաքեց եւ գնաց մարերի ու պարթեւների մօտ, որպէսզի նրանցից օգնութիւն խնդրի, գայ եւ պատերազմի Տրիփոնի դէմ: 2 Երբ պարսից ու պարթեւաց արքայ Արշակը լսեց, թէ Դեմետրիոսը եկել-մտել է իր երկրի սահմանները, ուղարկեց իր իշխաններից մէկին, որ գնայ ու ձերբակալի նրան: 3 Սա գնաց, հարուածեց, կոտորեց Դեմետրիոսի զօրքը, ձերբակալեց նրան ու նրան բերեց Արշակի մօտ: Վերջինս հրամայեց ոստիկաններին կապկպել նրան եւ բանտ դնել:
4 Շմաւոնի բոլոր օրերին երկիրը խաղաղ կեանք ունեցաւ. նա ազգի համար շատ բարեգործութիւններ կատարեց503: 7 Նա տիրեց գաւառների, բազմաթիւ գերիներ վերցրեց, տիրեց Գազարայի, Բեթսորի կողմերի բերդերին: 8 Մարդիկ հանգիստ իրենց հողն էին մշակում, երկիրը տալիս էր իր պտուղները, մրգատու ծառերը առատ բերք էին տալիս: 9 Ծերերը նստում էին հրապարակներում, բարի գործեր անելու մասին իրար հետ խորհրդակցում, երիտասարդները զինուորական շքեղ զգեստներ էին հագնում: 10 Նրանք քաղաքն ապահովում էին պարէնով ու իրենց նախապատրաստում յուսալի սպառազինութեամբ: Նրանց փառքի համբաւը հասաւ մինչեւ երկրի չորս կողմերը: 11 Իսրայէլը խաղաղ էր ապրում, ցնծում մեծ ուրախութեամբ: 12 Ամէն մէկը նստում էր իր այգում, իր թզենու տակ, եւ ոչ ոք նրանց չէր վախեցնում: 13 Այդ ժամանակներում աշխարհի երեսից վերացան իրենց դէմ կռուողները, խորտակուեցին թագաւորները: 14 Նա ոտքի կանգնեցրեց, լիացրեց ժողովրդի խեղճ մարդկանց, Օրէնքի նկատմամբ մարդկանց դարձրեց նախանձախնդիր, երկրի երեսից բնաջնջեց բոլոր չար ու անօրէն մարդկանց: 15 Նա փառաւոր դարձրեց սրբարանը, շատացրեց նրա սպասքն ու անօթները:
ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՇՄԱՒՈՆԻՆ
16 Երբ հռոմէացիների քաղաքից մինչեւ սպարտացիների կողմերը լսեցին, որ մեռել է Յովնաթանը, խիստ տրտմեցին, 17 բայց երբ նաեւ լսեցին, թէ նրա փոխարէն իր եղբայր Շմաւոնն է դարձել քահանայապետ եւ տիրել այդտեղ գտնուող գաւառներին ու քաղաքներին, 18 բանագնացներ ուղարկեցին, պղնձէ տախտակների վրայ հրովարտակ գրեցին, որպէսզի նորոգեն եղբայրներ Յուդայի ու Յովնաթանի հետ հաստատած հին բարեկամութեան ուխտը: 19 Դա բերեցին ու կարդացին Երուսաղէմի ժողովրդի առաջ: Այս է սպարտացիների ուղարկած հրովարտակի պատճէնը.
20 «Սպարտացիների իշխաններն ու առաջնորդները մեծ քաղաքի բնակիչների հետ ողջունում են Շմաւոն մեծ քահանային, իսրայէլացիների ծերակոյտին ու քահանաներին, հրեաների բոլոր գնդերին՝ մեր եղբայրներին: 21 Ձեր ուղարկած բանագնացները պատմեցին մեզ ձեր փառքի ու պատուի մասին: Մենք ուրախ ենք նրանց գալստեան համար: 22 Մենք ձեր պատգամները գրեցինք մեր բանակի խորհուրդների մատեանում՝ ըստ այս օրինակի. “Անտիոքոսի որդի Նումենիոսն ու Յասոնի որդի Անտիպատրոսը՝ հրեաների պատգամաւորները, եկել են մեզ մօտ, որպէսզի նորոգեն մեր ազգի հետ բարեկամութիւնը: 23 Բոլոր սպարտացիների համար հաճելի էր մեծ պատուով ընդունել այդ մարդկանց եւ նրանց ասածների պատճէնը դնել սպարտացիների բանակի խորհուրդների մատեանի աչքի ընկնող մի տեղում եւ հրովարտակի պատասխանն ուղարկել Շմաւոն մեծ քահանային”»:
24 Այս դէպքերից յետոյ Շմաւոնը մեծ նուէրներով եւ հազար քանքարի ոսկեայ վահանով նորից պատգամաւորներ ուղարկեց Հռոմ, որ գնան, վերահաստատեն նախկին բարեկամութիւնն ու հովանաւորութիւնը:
ՇՄԱՒՈՆԸ ՀՐԷԱՍՏԱՆԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ԵՒ ԶՕՐԱՎԱՐ
25 Երբ հռոմէացիների բանակն այդ լսեց, զինուորներն սկսեցին խորհել ու ասացին. «Այժմ մենք ինչո՞վ կարող ենք հատուցել Շմաւոնի ու նրա որդիների երախտիքը, 26 որովհետեւ նա, նրա եղբայրներն ու նրա հօր տոհմը մեզ հետ բարեկամութիւն են հաստատել: Նա կոտորել է իր թշնամիներին, մեզ դարձրել իր բարեկամն ու օգնականը եւ ազատութիւն է տուել իր ժողովրդին»: Այս մասին նրանք գրեցին պղնձէ տախտակների վրայ, դրանք ամրացրին մի կոթողի եւ այն կանգնեցրին Սիոն լերան վրայ: 27 Այս է նրանց գրած նամակի պատճէնը.
«Հարիւր եօթանասուն թուականին, ամսի տասնութին, Շմաւոնի քահանայապետութեան երրորդ տարում, 28 Սամարէքում հաւաքուած ժողովրդի առաջնորդ մեծ քահանաներին, ժողովրդին, ազգերի իշխաններին, բոլոր գաւառների ծերակոյտին. յայտնի է դարձել մեզ, թէ բազմաթիւ պատերազմներ են մղուել ձեր երկրում, 29 որ Յովարիմի որդիներից Մատաթիա քահանայապետի որդի Շմաւոնն իր եղբայրներով կեանքը վտանգի ենթարկելով՝ պատերազմներ է մղել: Նա դիմակայել է իր ազգի թշնամիներին, որ իրենց սրբութիւններն ու օրէնքները չպղծուեն: Նա մեծապէս փառաւորել է իր ազգը: 30 Յովնաթանը միաւորել է իր ազգը, դարձել քահանայապետ, մեռել ու գերեզման մտել: 31 Երբ թշնամին կամեցել է յարձակուել նրանց երկրի վրայ ու ձեռք մեկնել նրանց սրբութիւններին, 32 այդ ժամանակ վեր է կացել Շմաւոնը, յանուն իր ազգի պատերազմ մղել, իր մեծ հարստութիւնը ծախսել, որ իր ազգի համար կռուողներին սպառազինի, պարէն կուտակի ու զինուորներին թոշակ վճարի: 33 Նա ամրացրել է Հրէաստանի քաղաքները, նաեւ Բեթսորան, որ գտնւում է Հրէաստանի սահմաններում, ուր նախկինում պահում էր իրենց թշնամի զօրքերի զէնքն ու զրահը, այնտեղ կանգնեցրել է հրեայ պահապաններ, 34 ամրացրել ծովեզրին գտնուող յոպպէացիների քաղաքները եւ Ազոտի սահմանների մօտ գտնուող Գազարան: Նախկինում դա թշնամու ձեռքին է եղել: Նա այնտեղ հրեաներ է բնակեցրել: Ինչ որ հարկաւոր է եղել իրենց, նա արել է հաստատապէս: 35 Երբ ժողովուրդը տեսել է Շմաւոնի այս բոլոր գործերը, նաեւ այն փառքը, որ իր ազգի համար նա խորհում էր ստեղծել, նրան քահանայապետ եւ իշխան է կարգել, որովհետեւ այս ամէնը նա արել էր նրանց համար: Բացի այդ, նա իր ազգը ղեկավարել է արդարութեամբ ու հաւատով: Նա ձգտում էր ամէն կերպ բարձրացնել իր ժողովրդին: 36 Իր օրօք նրան յաջողուել է իր երկրից վերացնել հեթանոսներին ու նրանց, ովքեր Երուսաղէմի միջնաբերդում են եղել: Սրանք դուրս էին գալիս, գնում ու հիմնովին պղծում սրբարանի շրջակայքը, եւ սրբարանը դրանից մեծապէս տուժել է: Նա նրանց արգելափակել է ու բնաջնջել: 37 Երկրի ու քաղաքի ապահովութեան համար նա պահապաններ է նշանակել, ամրացրել ու բարձրացրել քաղաքի պարիսպները: 38 Դեմետրիոս արքան եւս հաստատել է նրա քահանայապետութիւնը: 39 Այս ամենի համար նա իր բոլոր բարեկամների հետ մեծ պատուի է արժանացրել նրան, 40 որովհետեւ լսել է, թէ հրեաները հռոմէացիներին բարեկամ, եղբայր, հովանաւոր ու նիզակակից են անուանել եւ Շմաւոնի պատգամաւորներին փառքով են ընդունել: 41 Հրեաներն իրենք ու քահանաները բարեհաճել ու յանձն են առել նրան ընտրել յաւիտենապէս քահանայապետ իշխան, մինչեւ որ գար հաւատարիմ մի մարգարէ, 42 որպէսզի նրան դարձնէր առաջնորդող զօրավար, եւ նա հոգ տանէր սրբութիւններին, գործավարներ կանգնեցնէր երկրի գործերի վրայ, գաւառների վրայ, զէնք ու զրահի վրայ, բերդերի վրայ: 43 Շմաւոնը պիտի հոգ տանէր սրբութիւններին, ամբողջ ժողովուրդը պիտի հնազանդուէր նրան, նրա անունով պիտի կնքուէին երկրի բոլոր պայմանագրերը: Նա իրաւունք պիտի ունենար ծիրանի զգեստներ հագնելու եւ ոսկով զարդարուելու: 44 Ժողովրդի կամ քահանաների միջից ոչ ոք իրաւունք չպիտի ունենար հակառակուելու նրա հրամաններին կամ առանց նրա թոյլտուութեան երկրում ժողովներ գումարելու, կամ ծիրանի զգեստներ հագնելու, կամ ոսկէ ճարմանդ կրելու: 45 Եթէ որեւէ մէկը զանց առնէր եւ կամ արհամարհէր սրանք, մահուան կը դատապարտուէր:
46 Ժողովրդին հաճելի թուաց ենթարկուել Շմաւոնի ասածին: 47 Շմաւոնը յանձն առաւ եւ հաճոյքով ընդունեց քահանայապետութիւնը, դարձաւ Հրէաստանի բանակի զօրավար եւ սպարապետ, առաջնորդեց բոլորին: 48 Պատուիրեցին պղնձէ տախտակների վրայ գրել այս հրովարտակը եւ հրամայեցին այն դնել բերդում, սրբարանի մէջ, նշանաւոր, աչքի ընկնող մի տեղ, 49 իսկ դրա պատճէնները դնել գանձարանում, որպէսզի Շմաւոնն ու նրա որդիները այն միշտ ունենան իրենց մօտ»:
15
ԱՆՏԻՈՔՈՍ Է-Ի ԹՈՒՂԹԸ ՇՄԱՒՈՆԻՆ
1 Դեմետրիոս արքայի որդի Անտիոքոսը կղզիներից հրովարտակներ ուղարկեց քահանայապետ Շմաւոնին, Հրէաստանի կուսակալին ու նրա ամբողջ ազգին: 2 Հրովարտակներն ունէին այսպիսի բովանդակութիւն.
«Անտիոքոս արքայից ողջո՜յն մեծ քահանայապետ Շմաւոնին եւ հրեայ ազգի կուսակալին: 3 Քանի որ մի քանի անօրէններ եկան ու խլեցին իմ հայրերի թագաւորութիւնը, ուստի ուզում եմ նոյն թագաւորութիւնը վերականգնել եւ հաստատել ինչպէս առաջ: Արդ, ես մեծ զօրք եմ հաւաքել, ռազմանաւեր պատրաստել, 4 որպէսզի ելնեմ ու իմ հայրերի վրէժը լուծեմ այն ազգերից, որոնք մեր երկրին վնաս պատճառեցին, աւերեցին մեր մեծամեծ քաղաքները: 5 Արդ, ես վերահաստատում եմ նախկին թագաւորների այն բոլոր պայմանագրերը, որոնցով վերացւում էին ամէն տեսակի հասոյթի հարկերը: 6 Միաժամանակ հրաման ենք տալիս, որ դու իրաւունք ունես քո երկրում առանձին դրամ հատելու: 7 Երուսաղէմն ու սրբավայրերը ամէն ինչից թող ազատ լինեն, քո պատրաստած զէնքն ու զրահը, քո ամրացրած բերդերը թող պատկանեն քեզ: 8 Արքունի բոլոր պարտքերը, նաեւ հարկերն ու տուրքերը, որ դուք տալիս էք, այսուհետեւ յաւիտեան թող պատկանեն քեզ: 9 Երբ վերականգնենք մեր տէրութիւնը, մեծ փառքով կը պատուենք քեզ, քո ազգն ու քո տաճարը, որպէսզի քո փառքը յայտնի լինի ամբողջ երկրում»:
ԴՈՐԱՅԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ
10 Հարիւր եօթանասունչորս թուականին Անտիոքոսն եկաւ հասաւ իր հայրերի երկիրը: Նրա մօտ հաւաքուեցին բոլոր զօրքերը, իսկ Տրիփոնի մօտ մնացին սակաւաթիւ մարդիկ: 11 Անտիոքոսը նրան հալածեց, նրան քշեց ծովեզրեայ Դորա բնակավայրը: 12 Երբ բոլոր զինուորները տեսան նրա գլխին եկած չարիքները, լքեցին նրան: 13 Անտիոքոսն եկաւ տասներկու հազար504 հետեւակ զինուորներով եւ ութ հազար սպառազէն հեծեալներով, բանակ դրեց Դորայի շուրջը: 14 Նա նաւերով փակեց ծովի կողմը եւ քաղաքը շրջափակեց ծովի ու ցամաքի կողմից: Ոչ ոքի չէին թողնում ելնել կամ մտնել:
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ
15 Նումենիոսն ու նրա ուղեկիցները եկան, Հռոմ քաղաքից երկրի թագաւորներին հրովարտակներ բերեցին, ուր գրուած էր հետեւեալը. 16 «Հռոմէացիների հիւպատոս Լեւկիոսից ողջո՜յն Պտղոմէոս արքային: 17 Հրէաստանից աւագներ եկան մեզ մօտ, որպէսզի նորոգեն նախկին բարեկամութիւնը, նիզակակցութիւնն ու օգնութիւնը: Նրանց մեզ մօտ էին ուղարկել քահանայապետ Շմաւոնն ու հրեաների բանակը: 18 Նրանք մեզ բերեցին հինգ հազար քանքարի ոսկեայ վահան: 19 Դրա համար հաճելի է մեզ գրել ձեր երկրի թագաւորներին եւ բոլոր ազգերին, որ ոչ ոք չար բան չխորհի նրանց նկատմամբ, պատերազմ չմղի նրանց քաղաքների ու երկրի դէմ, որպէսզի նրանք մեր թշնամիներին բարեկամ չլինեն: 20 Մեզ համար հաճելի եղաւ նրանցից ընդունել վահանը: 21 Արդ, եթէ իրենց երկրից փախած անօրէն մարդիկ կան, յանձնեցէ՛ք քահանայապետ Շմաւոնին, որպէսզի նրանք կարողանան իրենց օրէնքի համաձայն դատել նրանց»:
22 Որպէսզի դա հաճելի լինի սպարտացիներին, նոյնը գրեց Դեմետրիոս արքային, Աթալային, Արիարէթին, Արշակին, 23 ուղարկեց բոլոր գաւառները՝ Դելոս, Մինդոն, Սիկիոնա, Կարիդա, Սամոն, Պամփիլա, Լիդիա, Ալիկառնաս, Ռոդոն, Փասելիդա, Սիդէն, Արադոն, Գորտինա, Կնիդոս, Կիպրոս եւ Կիւրէն: 24 Հրովարտակների պատճէնը ուղարկեցին քահանայապետ Շմաւոնին:
ԱՆՏԻՈՔՈՍԸ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԻՐ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
25 Անտիոքոս արքան եկաւ եւ պաշարեց Դորան: Վաղ առաւօտեան այնտեղ մօտեցրեց մարտական մեքենաներ ու սկսեց յարձակումը: Նա ներսում արգելափակուած, պաշարուած պահեց Տրիփոնին: Ոչ ոք չէր կարողանում ներսից դուրս գալ, եւ ոչ ոք չէր կարողանում ներս մտնել: 26 Շմաւոնը նրան օգնելու համար ուղարկեց երկու հազար սպառազէն ընտիր ռազմիկներ, մեծարժէք նուէրներ՝ ոսկի եւ արծաթ, 27 բայց սա դրժեց նրա հետ կնքած իր ուխտը եւ օտարացաւ նրանից: 28 Նա իր բարեկամներից մէկին՝ Աթենոբիոսին ուղարկեց նրա հետ բանակցելու համար եւ ասաց. «Դուք գրաւել ու տիրացել էք իմ թագաւորութեան քաղաքներին՝ յոպպէացիների եւ գազարացիների քաղաքներին ու Երուսաղէմի միջնաբերդին: 29 Դուք աւերել էք դրանց սահմանները, մեծ հարուածներ հասցրել երկրին, շատ գաւառներ գրաւել, բազմաթիւ գաւառներ անջատել իմ տէրութիւնից: 30 Արդ, վերադարձրէ՛ք քաղաքները, գաւառներն ու շրջանները, դրանցից գանձուող հարկերը, ինչպէս նաեւ Հրէաստանից դուրս գտնուող այն վայրերը, որ նախկինում բռնութեամբ նուաճել էք մեզանից, 31 ապա թէ ոչ, դրանց փոխարէն տուէ՛ք հինգ հարիւր քանքար արծաթ, ինչպէս նաեւ քաղաքների մինչեւ այսօր չվճարած հարկերն ու ձեր պատճառած աւերի վարձը՝ եւս հինգ հարիւր քանքար: Այլապէս կը գանք ու կը պատերազմենք, կը հարուածենք երկիրը եւ կը կոտորենք»:
32 Երբ արքայի բարեկամ Աթենոբիոսը եկաւ Երուսաղէմ, տեսաւ Շմաւոնի փառքը, ոսկէ ու արծաթէ սպասքը, մեծաթիւ զօրքի պատրաստի հանդերձանքը, ոտքի կանգնեց նրա առաջ եւ յարգանքով հաղորդեց թագաւորի պատգամը: 33 Շմաւոնը պատասխանեց նրան ու ասաց. «Օտար երկիր չենք մտել, ոչ էլ որեւէ մէկի բաժնին բռնութեամբ, յանիրաւի ձեռք ենք մեկնել: Անօրէն թշնամիների ձեռքից իզուր տեղը վտարանդի դարձած մեր հայրերի ժառանգութիւնն է, 34 որ քաջութեամբ, ժամանակի ընթացքում յետ ենք վերցրել: 35 Ինչ վերաբերում է յոպպէացիների ու գազարացիների քաղաքներին, որ դուք պահանջում էք, ապա դրանք մեծ վնասներ են հասցրել մեր աշխարհին, ուստի մենք էլ վրէժ ենք լուծել նրանցից: Դրա համար մենք կը վճարենք հարիւր քանքար»:
Բայց Աթենոբիոսը պատասխան չտուեց, 36 զայրացած վերադարձաւ թագաւորի մօտ, նրան հաղորդեց Շմաւոնի վայելած փառքն ու իր տեսած շքեղութիւնը: Թագաւորը խիստ բարկացաւ:
ԿԵՆԴԵԲՈՍԸ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀՐԷԱՍՏԱՆ
37 Տրիփոնը փախաւ Օրթոսիա: 38 Թագաւորը ծովեզրեայ շրջանների վրայ սպարապետ նշանակեց Կենդեբոսին, նրան յանձնեց մեծաթիւ հեծեալ եւ հետեւակ զօրքեր: 39 Պատուիրեց նրան, որ բանակ դնի Հրէաստանի դէմ-յանդիման եւ բերդեր շինելով իսրայէլացիների բանակի դէմ՝ պատերազմելու համար պատրաստութիւն տեսնի: Թագաւորն ի՛նքը հետապնդեց Տրիփոնին:
40 Կենդեբոսը եկաւ հասաւ Յամնիայի կողմերը, սկսեց հրահրել զօրքերին, որ մտնեն Հրէաստան, գերեն ու սպանեն: 41 Նա կառուցեց Կեդրոնը եւ այնտեղ շատ հեծելազօր հաւաքեց, որ ներխուժեն Հրէաստան, շրջափակեն նրանց ճանապարհները, ինչպէս թագաւորն էր հրամայել:
16
ՇՄԱՒՈՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՓԱԽՈՒՍՏԻ ԵՆ ՄԱՏՆՈՒՄ ԿԵՆԴԵԲՈՍԻՆ
1 Յովհաննէսը վերադարձաւ Գազարայից, եկաւ պատմեց իր հայր Շմաւոնին, թէ ինչեր է անում Կենդեբոսը: 2 Շմաւոնը կանչեց իր երկու որդիներին՝ Յուդային ու Յովհաննէսին, եւ ասաց նրանց. «Ես, իմ եղբայրներն ու իմ հօր տոհմը մեր մանկութիւնից մինչեւ այսօր կռուել ենք իսրայէլացիների թշնամիների դէմ: Մենք յաջողութիւններ ենք ունեցել, մեր ձեռքով բազմաթիւ իսրայէլացիներ ենք փրկել: 3 Հիմա, սակայն, ես ծերացել եմ, իսկ դուք արդէն հասուն տղամարդ էք: Փոխարինեցէ՛ք ինձ ու իմ եղբօրը: Արդ, ելէ՛ք, կռի՛ւ մղեցէք յանուն մեր ազգի, եւ երկնքից օգնական ուժեր կը հասնեն ձեզ»:
4 Նա իր երկրից ընտրեց սպառազէն մօտ քսան հազար հեծեալ եւ գնաց Կենդեբոսի դէմ: 5 Այդ օրը գիշերեցին Մոդիիմում: Առաւօտեան, վեր կենալով, դաշտ մտան: Այնտեղ նրանք տեսան բազմաթիւ հեծեալ ու հետեւակ զօրքեր, որոնք գալիս էին իրենց դէմ: Երկու կողմերի միջեւ մի հեղեղատ կար: 6 Նրանց դիմաց ճակատ յարդարեցին ինքն ու իր զօրքը: Երբ Յովհաննէսը տեսաւ, թէ նրանց զօրքը դանդաղում է անցնել հեղեղատը, նախ ինքն առաջ ընկաւ, իսկ յետոյ զօրքը միահամուռ գնաց նրա յետեւից: 7 Նա հետեւակ գունդը բաժանեց երկու մասի, իսկ հեծելազօրը դասաւորեց հետեւակների միջեւ: Թշնամու հեծելազօրը շատ-շատ էր: 8 Շեփոր հնչեցրին, միմեանց քաջալերեցին ու անցան յարձակման: Կենդեբոսը պարտութեան մատնուեց, եւ այդ օրը նրա զօրքից բազմաթիւ մարդիկ սպանուեցին, իսկ կենդանի մնացածները փախան մտան բերդերը: 9 Այդ օրը վիրաւորուեց Յուդան, իսկ Յովհաննէսը հալածեց փախուստի դիմածներին, մինչեւ որ նրանց հասցրեց Կենդեբոսի կառուցած Կեդրոնի կողմերը: 10 Նրանց մի մասը գնաց մինչեւ Ազոտի կողմերի բուրգերը. Յովհաննէսը կրակի ճարակ դարձրեց դրանց: Այդ բերդում հրդեհից այրուեց մօտ երկու հազար մարդ, իսկ ինքը խաղաղութեամբ վերադարձաւ Հրէաստանի կողմերը:
ՊՏՂՈՄԷՈՍԻ ԽԱՐԴԱՒԱՆՔԸ ԵՒ ՇՄԱՒՈՆԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
11 Աբուբի որդի Պտղոմէոսը Երիքովի դաշտի վերակացուն էր: Նա շատ արծաթ ու ոսկի ունէր, 12 որովհետեւ քահանայապետի փեսան էր: 13 Նա մեծամտացաւ, հպարտացաւ ինքն իր մէջ եւ ուզում էր տիրել այդ կողմերի գաւառներին: Նա նենգ դաւեր էր նիւթում Շմաւոնի ու նրա որդիների դէմ, որպէսզի մէջտեղից վերացնի նրանց: 14 Շմաւոնը շրջագայում էր այդ կողմերի բնակիչների գաւառները, տեսնում եւ հոգում էր կարիքները: Նա Մատաթիայի, Յուդայի ու իր որդիների հետ եկաւ իջաւ Երիքով: Դա հարիւր եօթանասունեօթը թուականի շաբաթ ամսի տասնմէկերորդ օրն էր: 15 Պտղոմէոսն իր կառուցած Դորա քաղաքում ընդունեց նրանց կեղծ մեծարանքով, խնջոյք սարքեց հիւրերի պատուին, մինչդեռ նա դարանում մարդիկ էր թաքցրել: 16 Երբ Շմաւոնն ու իր որդիները կերան, խմեցին ու հարբեցին, Պտղոմէոսը եւ թաքնուած մարդիկ վերցրին իրենց զէնքերը, յարձակուեցին Շմաւոնի վրայ եւ խնջոյքի սրահում սպանեցին նրան, նրա որդիներին ու նրանց հետ եկած ծառաներին: 17 Նրանք անօրէն մեծ գործ կատարեցին, բարութիւնը չարութեամբ հատուցեցին:
18 Պտղոմէոսը թագաւորին գրեց, որ իրեն օգնական զօրք ուղարկի, որպէսզի թագաւորին յանձնի իրենց քաղաքներն ու հարկերը: 19 Նա զօրքի մի մասն ուղարկեց Գազարայի կողմերը, որպէսզի այնտեղից վերացնի Յովհաննէսին: Նա գրեց նաեւ զօրապետներին, որ գան ու իրենից ստանան ոսկի, արծաթ ու բազմաթիւ պարգեւներ: 20 Միւսներին ուղարկեց Երուսաղէմ, որ շտապ հասնեն, գրաւեն այն լեռը, որի վրայ գտնւում էր տաճարը: 21 Մի մարդ աւելի շուտ եկաւ Գազարա եւ գոյժ տուեց Յովհաննէսին, թէ՝ «Քո հայրն ու եղբայրները սպանուել են, նենգ մտադրութեամբ մարդիկ են գալիս քո յետեւից, որ սպանեն նաեւ քեզ»:
22 Երբ Յովհաննէսը լսեց այս, խիստ զարմացաւ, զայրացաւ, բռնել տուեց իրեն սպանելու եկած մարդկանց ու անմիջապէս սպանեց նրանց, որովհետեւ իմացաւ, որ նրանք եկել էին նենգութեամբ սպանելու իրեն:
23 Ինչ վերաբերում է Յովհաննէսին, նրա պատերազմներին, տարբեր մարդկանց քաջագործութիւններին, պարիսպների շինարարութիւններին կամ բարի գործերին եւ այլ պատմութիւններին, 24 դրանք բոլորը գրի են առնուած քահանաների մատեաններում, սկսած այն օրից, երբ Յովհաննէսը իր հօրից յետոյ դարձաւ քահանայապետ:
[491] Այլ բնագրեր ունեն բոլորովին հակառակ իմաստ. Իսրայէլի վրայ սուգ իջաւ կամ Իսրայէլը մեծ սգի օրեր ապրեց:
[492] Եբրայերէնում՝ սամարացիների:
[493] Հայերէնում՝ Պարգեւական Պտղոմէոսին:
[494] Այլ բնագրերում՝ քառասուն հազար հետեւակ եւ եօթը հազար հեծեալ:
[495] Այլ բնագրեր չունեն 61-62 համարները:
[496] Հայկական այս բնագիրը չունի Դ գլխի 1-11 համարները:
[497] Եբրայերէնում՝ վաթսուն հազար:
[498] Յունարէնը այս համարում չունի կամարակապ դահլիճը ու ներքնախցերը բառերը:
[499] Այլ բնագրերում՝ Անտիոքոս Հօրամոյն, այսինքն՝ ազնիւ հօր որդի:
[500] Այլ բնագրերում՝ Աւարանի որդի Եղիազարը:
[501] Բնօրինակում 44-րդ համարը չկայ:
[502] Այլ բնագրերում՝ մինչեւ երեսուն հազար, որ աւելի հաւանական է:
[503] Հայերէն բնագրում պակասում են 5-րդ եւ 6-րդ համարներ:
[504] Այլ բնագրերում՝ հարիւր քսան հազար: