ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ
1 (11)
ՄՈՒՐԹՔԷԻ ԵՐԱԶԸ
1 473 2 Արտաշէս մեծ արքայի թագաւորութեան երկրորդ տարում, առաջին օրն Ադար ամսի, որ հայերէն Արեգ ամիսն է, երազ տեսաւ Մուրթքէն՝ Բենիամինի ցեղից մի հրեայ մարդ, որ որդին էր Յայիրի, սա՝ Սեմէի, եւ սա՝ Կիսէի: 3 Մուրթքէն բնակւում էր Սուսա քաղաքում, մեծ մարդ էր եւ հաւատարիմ պաշտօնեայ թագաւորի տան բոլոր գործերի վրայ: 4 Նա այն գերինից էր, որոնց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան Երուսաղէմից գերեվարել էր Հրէաստանի արքայ Յեքոնիայի հետ միասին:
5 Այս է այն երազը, որ նա տեսաւ. երազում նա լսում էր ալեկոծութեան, որոտի եւ երկրաշարժի ձայն. երկրի վրայ մեծ խառնաշփոթութիւն էր: 6 Եւ ահա երկու շատ մեծ վիշապներ ելնում էին իրար դէմ՝ պատրաստ կռուելու: 7 Նրանցից լսուեց մի բարձր ձայն, եւ նրանց այդ ձայնից բոլոր ազգերը պատրաստուեցին պատերազմի, որպէսզի կռուեն մի արդար ազգի դէմ: 8 Դա խաւարի ու մթի օր էր, տառապանքի ու նեղութիւնների օր, իսկ երկրի վրայ մեծ խառնաշփոթութիւն էր: 9 Խռովքի մատնուեց ամբողջ արդար ազգը՝ իր վրայ հասնող չարիքների պատճառով եւ պատրաստուեց կործանման: Նրանք կանչեցին Աստծուն: 10 Նրանց ձայնից՝ ինչպէս փոքրիկ աղբիւրից, առաջացաւ մի մեծ ու յստակ գետ: 11 Արեգակը ծագեց, խոնարհ մարդիկ բարձրացան եւ ոչնչացրին սնափառներին:
12 Մուրթքէն զարթնեց այս երազից, մտածեց, թէ ինչ էր խորհել Աստուած անել. նա երազը պահում էր իր սրտում, եւ իր ամբողջ հոգով ցանկանում էր իմանալ, թէ ինչ կը լինի երազը, որ ինքը տեսաւ այդ գիշեր:
2 (12)
ԵՐԿՈՒ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆԸ
1 Մուրթքէն մնաց ապարանքում թագաւորի երկու ներքինիների՝ թագաւորի պալատի պահապաններ Դաբիթի ու Թառայի հետ միասին: 2 Երբ Մուրթքէն իմացաւ ներքինիների միտքը եւ պարզեց նրանց սրտի ցանկութիւնը, թէ նրանք պատրաստուել են ձեռք բարձրացնել Արտաշէս թագաւորի վրայ, արքային զեկուցեց նրանց մտադրութիւնների մասին: 3 Թագաւորը հարցաքննեց երկու ներքինիներին, եւ նրանք ամէն ինչ խոստովանեցին նրան: 4 Թագաւորն այս դէպքերի մասին գրեց յիշատակարաններում. Մուրթքէն եւս գրեց այս դէպքի մասին: 5 Թագաւորը Մուրթքէին հրամայեց մեծ զգուշութեամբ առաւել եւս հոգատար լինել թագաւորի տան նկատմամբ եւ նրան պարգեւներ տուեց: Ամադոթի որդի Բոկեցի Համանը, որը պատիւ ունէր արքայի առաջ, կամեցաւ ներքինիների համար չարչարել Մուրթքէին ու նրա ժողովրդին:
3 (1)
ԱՐՏԱՇԷՍ ԹԱԳԱՒՈՐԻ ԽՆՋՈՅՔԸ
6 Այս դէպքերից յետոյ, Արտաշէսի օրօք, – 1 այս Արտաշէսը տիրում էր Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը գաւառի, – 2 երբ նա Սուսա քաղաքում նստեց գահին, 3 իր թագաւորութեան երրորդ տարում խնջոյքի հրաւիրեց իր սիրելիներին ու մեծամեծներին, նաեւ այլ ազգերի՝ պարսիկների ու մարերի բոլոր նախարարներին եւ իշխաններին: 4 Նա հարիւր ութսուն օր նրանց ցոյց տուեց իր թագաւորութեան հարստութիւնը՝ իր ուրախութեան ու վայելչութեան փառքը: 5 Երբ խնջոյքի օրերն աւարտուեցին, յաջորդ անգամ կրկին հրաման տուեց խնջոյքի կանչելու իր ռամիկ քաղաքացիներին արքունի տան գաւթում: 6 Գաւիթը զարդարուած էր բեհեզներով ու կերպասներով, որոնք շարուած ու կապուած էին ծիրանի ու բեհեզի հիւսածոյ թելերով՝ ամրացուած ոսկէ խոյակներին: Կային նաեւ ծիրանագոյն պաստառներ գեղեցիկ սիւների ու ոսկեղէն խարիսխների վրայ: Գաւթի վարդագոյն յատակի վրայ կային մարգարիտներով ու թանկարժէք քարերով ընդելուզուած բազում ոսկէ եւ արծաթէ գահաւորակներ՝ ծածկուած նկարազարդ երփներանգ պաստառներով եւ պատուական զարդանախշերով: 7 Այնտեղ կային թագաւորի ոսկէ ու արծաթէ սափորներ եւ գաւաթներ, որոնք ունէին երեսուն հազար քանքարի գին: 8 Գինին առատ էր եւ արքայավայել: Բայց այս խնջոյքը չեղաւ այնպէս, ինչպէս կարգն էր, որովհետեւ թագաւորը ցանկացել էր, որ իր սպասաւորները կատարեն հիւրերի կամքը: 9 Իսկ թագաւորի կինը՝ Ասթինէն, Արտաշէս թագաւորի ապարանքում խնջոյք արեց կանանց համար:
ԱՍԹԻՆԷ ԹԱԳՈՒՀՈՒ ՇՆՈՐՀԱԶՐԿՈՒՄԸ
10 Եօթներորդ օրը թագաւորը, որի սիրտը լցուած էր ուրախութեամբ, ասաց Ամանին, Բազանին, Թառային, Բուրազէին, Աթելթային, Բատենզային եւ Թառաբբային՝ իր եօթը ներքինիներին, 11 որ կնոջը կանչեն արքունիք, որպէսզի թագադրի նրան եւ բոլոր իշխաններին ու ազգերին ցոյց տայ նրա գեղեցկութիւնը, որովհետեւ նա շատ գեղեցիկ էր: 12 Իսկ Ասթինէն չուզեց լսել հրամանը՝ ներքինիների հետ գալու նրա մօտ: Թագաւորը տրտմեց, խիստ բարկացաւ 13 եւ իր սիրելիներին պատմեց Ասթինէի վարմունքը: Թագաւորն ասաց. «Այժմ դատ ու դատաստան արէ՛ք»: 14 Եւ նրա մօտ մտան Արքինէոսը, Առնաթեւը եւ Մալիսեարը՝ պարսիկների եւ մարերի այն իշխանները, որ արքայի մերձաւորներն ու աթոռակիցներն էին. 15 սրանք յայտնեցին, թէ օրէնքով ինչ պէտք անել թագաւորի կին Ասթինէին, քանի որ չէր կատարել ներքինիների միջոցով իրեն տրուած արքայական հրամանը:
16 Այն ժամանակ Մուրթքէն ասաց արքային. «Տիկնանց տիկին Ասթինէն հակառակուեց ոչ թէ միայն արքային, այլեւ՝ արքայի բոլոր իշխաններին եւ կուսակալներին: 17 Այսպէս անհնազանդ կը լինեն նաեւ պարսիկների ու մարերի իշխանների բոլոր կանայք. 18 երբ նրանք լսեն թագաւորի կնոջ այս արհամարհանքը, համարձակ կարող են անարգել իրենց ամուսիններին: 19 Արդ, եթէ արքան կամենայ եւ հաճելի թուայ նրան, թող այդ կինն այլեւս չմտնի արքայի մօտ, եւ թող արքան նրա տիկնութիւնը տայ այն կնոջը, որը նրանից աւելի լաւը կը լինի: 20 Եւ երբ այս օրէնքը կը հրապարակես քո թագաւորութեան մէջ, կանայք՝ աղքատներից մինչեւ մեծամեծները, մեծ յարգանքով կը պատուեն իրենց ամուսիններին»: 21 Այս խօսքը հաճելի թուաց արքային եւ նրա բոլոր իշխաններին, եւ թագաւորն արեց այնպէս, ինչպէս ասաց Մուրթքէն: 22 Նա հրովարտակ ուղարկեց իր ամբողջ թագաւորութեան բոլոր գաւառները, որ այդ հրամանը դրուի բոլոր կանանց վրայ:
4 (2)
ԵՍԹԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԹԱԳՈՒՀԻ
1 Այս դէպքերից յետոյ թագաւորի բարկութիւնը հանդարտուեց, եւ նա Ասթինէին այլեւս չյիշեց իսկ, որովհետեւ մտքում պահում էր այն, թէ ինչ էր խօսել նա: Այսպէս մերժուելով՝ կինը շնորհազրկուեց: 2 Թագաւորի սպասաւորներն ասացին. «Թող արքայի համար փնտռեն տեսքով գեղեցիկ կոյս աղջիկներ. 3 թող արքան հրամայի իր թագաւորութեան բոլոր երկրներում նշանակել գաւառապետներ, որոնք կ՚ընտրեն կոյս աղջիկներ եւ բերել կը տան Սուսա քաղաք՝ մի կուսանոց: Նրանց կը յանձնեն արքունի ներքինուն, որը կանանց պահապանն է, եւ արքան կը հրամայի նրանց տալ իւղ, օճառ եւ այն ամէնը, ինչ պէտք է նրանց: 4 Թող Ասթինէի փոխարէն թագաորի այն կինը, որ հաճելի կը լինի արքային»: Արքային հաճելի թուացին այս խօսքերը, եւ նա այդպէս էլ արեց:
5 Սուսա քաղաքում կար Բենիամինի ցեղից մի հրեայ մարդ. նրա անունն էր Մուրթքէ. սա որդին էր Յայիրի, սա՝ Սեմէի, եւ սա՝ Կիսէի: 6 Մուրթքէն գերի էր բերուել Երուսաղէմից այն գերիների հետ, որոնց գերեվարել էր Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան: 7 Նա դաստիարակել էր մի մանկան՝ իր հօրեղբայր Ամինադաբի դստերը, որի անունը Եսթեր էր: Նրան վերցնելով իր հօրից ու մօրից՝ Մուրթքէն ուզում էր իրեն կնութեան առնել: 8 Աղջիկը տեսքով շատ գեղեցիկ էր: Երբ թագաւորի հրամանը տարածուեց, Սուսա քաղաքում հաւաքուեցին բազմաթիւ աղջիկներ, որոնք Օգէի ձեռքի տակ էին: Եսթերին տարան կանանց վրայ նշանակուած ներքինի Օգէի մօտ: 9 Աղջիկը նրան հաճելի թուաց եւ շնորհ գտաւ նրա առաջ: Օգէն շտապեց նրան տալ իր բաժին օճառն ու այլ պարագաներ, նաեւ եօթը աղջիկներին, որոնք արքունիքից նրան նաժիշտ էին տրուած: Նա Եսթերին, նոյնպէս եւ նաժիշտներին, աւելի էր խնամում, քան նրա միւս ընկերուհիներին: 10 Եսթերը չյայտնեց իր ազգութիւնն ու գաւառը, որովհետեւ Մուրթքէն նրան պատուիրել էր չյայտնել: 11 Մուրթքէն ամէն օր գնում էր շրջելու կանանց տան մօտ ու տեսնելու, թէ ինչ է պատահելու Եսթերին, 12 քանզի մօտեցել էր աղջկայ՝ թագաւորի մօտ մտնելու ժամանակը: Արդէն լրանում էր տասներկու ամիսը, որովհետեւ աղջիկների մարմնական խնամքի ընթացքն այսպէս էր արւում. նրանք վեց ամիս օծւում էին անուշահոտ իւղերով, վեց ամիս էլ՝ անուշաբոյր խնկերով եւ կանանց լուացուելու օճառներով: 13 Եւ աղջիկը նոր միայն մտնում էր արքայի մօտ: Ում որ ներքինին կամենում էր տալ արքայի ձեռքը, նա նրա հետ մտնում էր սենեակ՝ թագաւորի մօտ: 14 Երեկոյեան աղջիկը մտնում էր թագաւորի մօտ, իսկ ցերեկը վերադառնում իր ընկերուհիների եւ կանանց պահապան ներքինի Օգէի մօտ. նա մնում էր այնտեղ, մինչեւ որ նրան անունով կանչէին թագաւորի սենեակ:
15 Երբ լրացաւ Մուրթքէի հօրեղբայր Ամինադաբի դուստր Եսթերի՝ արքայի մօտ մտնելու ժամանակը, աղջիկը զանց չարեց ոչ մի բան, որ երբեւէ պատուիրել էր նրան կանանց պահապան ներքինին, որովհետեւ Եսթերը շնորհ էր գտնում բոլոր նրանց առաջ, ովքեր թէկուզ մի անգամ տեսնում էին նրան: 16 Եսթերն արքայի մօտ մտաւ տասներկուերորդ՝ Ադար ամսին, որ հայերէն Արեգ ամիսն է, նրա թագաւորութեան եօթներորդ տարում: 17 Եսթերն արքային շատ հաճելի թուաց, նա բոլոր կանանցից աւելի շնորհների արժանացաւ, եւ արքան նրա գլխին դրեց կանանց թագը: 18 Ապա թագաւորն իր բոլոր սիրելիների եւ իր զօրականների համար խնջոյք արեց եւ պատուեց Եսթերի հարսանիքը: Նա հրամայեց թեթեւացնել բոլոր նրանց հարկերը, ովքեր իր թագաւորութեան ներքոյ էին: Մուրթքէն խնամում ու կարգաւորում էր թագաւորի տունը: 19 Իսկ Եսթերը չյայտնեց իր հայրենի գաւառն ու երկիրը, որովհետեւ Մուրթքէն այսպէս էր պատուիրել. երկնչել Աստծուց եւ կատարել նրա հրամաններն այնպէս, ինչպէս նա անում էր առաջ, երբ իր մօտ էր: Եւ Եսթերը չփոխեց իր սովորութիւնը:
20 Այդ ժամանակ տրտմեցին արքայի երկու ներքինիները, որոնք նրա դռան պահապաններն էին, որովհետեւ նրանք Մուրթքէին նախանձում էին, որ թագաւորը իրենցից առաւել պատւում էր նրան, եւ ցանկանում էին սպանել Արտաշէս արքային: 21 Այս բանը յայտնի եղաւ Մուրթքէին. նա յայտնեց Եսթերին, իսկ Եսթերն էլ յայտնեց արքային սպանութեան այդ մտադրութիւնը: 22 Արքան կշտամբեց երկու ներքինիներին ու նրանց կախաղան հանեց: Թագաւորը հրամայեց ճշտութեամբ արձանագրել այս դէպքերը, եւ թէ ինչպէս իր նկատմամբ հաւատարիմ եղաւ Մուրթքէն:
5 (3)
ՀԱՄԱՆԻ ԵՒ ՄՈՒՐԹՔԷԻ ԲԱԽՈՒՄԸ
1 Սրանից յետոյ այնպէս եղաւ, որ Արտաշէս արքան փառաւորեց Համանին՝ Դաթուբէի եւ նրա ընկերների հետ միասին. նրան բարձրացրեց առաջին աթոռին՝ իր բոլոր սիրելիներից աւելի: 2 Բոլորը, ովքեր թագաւորի տանն էին, երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը հրամայել էր այդպէս անել: Բայց Մուրթքէն նրան չէր երկրպագում: 3 Թագաւորի մեծամեծները խօսեցին Մուրթքէի հետ ու ասացին. «Մուրթքէ՛, ինչո՞ւ ըստ թագաւորի հրամանի, չես երկրպագում Համանին»: 4 Թէեւ նրանք ամէն օր այդ մասին խօսում էին նրա հետ, բայց նա չէր լսում նրանց. նրանք Համանի առջեւ ամբաստանեցին Մուրթքէին, թէ Մուրթքէն չի հնազանդւում արքայի հրամանին, որովհետեւ հրեայ է: 5 Երբ Համանն իմացաւ, որ նա չի երկրպագում իրեն, շատ զայրացաւ. 6 նա մտածեց, թէ ինչպէս կորստեան մատնի Արտաշէս արքայի թագաւորութեան տակ եղած հրեաներին: 7 Արտաշէսի թագաւորութեան տասներկուերորդ տարում խորհուրդ արեցին թուահամարի վիճակ գցելու. նա օրից օր ու ամսից ամիս վիճակ էր գցում, թէ ինչպէս մի օրում կորստեան մատնի Մուրթքէի ազգը. եւ վիճակն ընկաւ Ադար ամսի տասնչորսին:
ՀԱՄԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀՐԵԱՆԵՐԻՆ ԲՆԱՋՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
8 Նա խօսեց արքայի հետ ու ասաց. «Կայ մի ազգ, որ ցրուած է ժողովուրդների եւ քո ամբողջ թագաւորութեան մէջ: Այդ ազգը բոլոր ազգերից աւելի ապիրատ ու խորամանկ է եւ արքունի օրէնքներին չի հնազանդուում. արքայի համար օգուտ չէ, եթէ դու թողնես, որ նրանք մնան: 9 Արդ, եթէ արքան կամենայ, նրանց կորստեան մատնելու հրաման կը տայ, իսկ ես արքունի գանձերին կ՚աւելացնեմ տասը հազար արծաթ քանքար»: 10 Եւ արքան հանեց իր մատանին ու այն տուեց Համանի ձեռքը, որպէսզի նա գրի ու կնքի հրաման՝ հրեաներին կոտորելու մասին: 11 Թագաւորն ասաց Համանին. «Արծաթդ պահի՛ր քեզ, իսկ այդ ազգի հետ արա՛, ինչպէս որ կամենում ես»: 12 Եւ առաջին ամսին, տասներեքերորդ օրը կանչեցին արքունի գրագիրներին, որոնք, ինչպէս նրանց հրամայել էր Համանը, Արտաշէսի հրամանով գիր գրեցին բոլոր գաւառների զօրավարներին եւ իշխաններին, Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը գաւառներին եւ նրանց ազգերի իշխաններին՝ իւրաքանչիւրին իր լեզուով: 13 Սուրհանդակների միջոցով հրովարտակներն ուղարկուեցին Արտաշէսի իշխանութեան բոլոր կողմերը՝ տասներկուերորդ ամսին, որ Ադարն է, որպէսզի մի օրում հրեաների ազգը կոտորեն եւ նրանց ամբողջ ունեցուածքն ու հարստութիւնը յափշտակեն: 14 Հրովարտակի հրամանն այսպէս էր.
6 (13)
ԱՐՏԱՇԷՍ ԱՐՔԱՅԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ
1 «Ես՝ մեծ արքայ Արտաշէսը, գրում եմ այս հրամանը ձեզ, որ Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի կողմերում էք, իշխաններիդ եւ պետերիդ, ձեր հպատակներին եւ իմ այս ամբողջ երկրին: 2 Կամենալով ո՛չ թէ իմ իշխանութեան յարուցած ահով հպարտանալ, այլ քաղցրութեամբ ու խոնարհութեամբ կառավարել, որպէսզի նրանք, որ հնազանդ են, աներկիւղ եւ միշտ ապահով կեանք ունենան, եւ իմ թագաւորութիւնը խաղաղութեամբ մնայ մինչեւ իմ երկրի ծայրամասերը, ինչպէս նաեւ վերահաստատելու համար բոլոր մարդկանց ցանկալի խաղաղութիւնը, 3 ես հարցրի իմ խորհրդակիցներին, թէ ինչպէս կարելի է գլուխ բերել այս ամէնը: Եւ Համանը, որի իմաստութիւնը, անփոփոխ հոգածութիւնը, հաստատուն հաւատարմութիւնը յայտնի է, եւ որով նա արժանացել է իմ երկրորդ աթոռակցութեանը, 4 մեզ ցոյց տուեց, որ ամբողջ աշխարհի ազգերին խառնուած է մի դժնդակ, օրինազանց ժողովուրդ, որ ընդդիմանում է թագաւորներին, չի լսում նրանց, մերժում է նրանց հրամանները, որոնք մեր կողմից սահմանուած ու հաստատուած են եւ պարտադիր են մեր իշխանութեան համար: 5 Արդ, միայն այս ազգն է, որ իր բոլոր ցեղերով հակառակ է միւս ազգերին, բոլոր մարդկանց եւ մերժում է օտար օրէնքներն ու կարգերը:Նրանք վատ մարդիկ են ու մեր օրէնքներին հակառակ, նրանց ձեռքով են կատարւում բոլոր չարիքները, նրանք մեր թագաւորութեան թշնամիներն են: 6 Այժմ որոշում եւ այդ մասին ազդարարում ենք մեր այս գրով՝ հաստատուած մեր եւ մեր գործերի կառավարիչ ու թագաւորութեան երկրորդ հայր Համանի կողմից, այս տարուայ տասներկուերորդ ամսի՝ Ադար ամսի չորրորդ օրը թշնամու սրով իսպառ ոչնչացնել բոլոր հրեաներին, կանանցով ու որդիներով հանդերձ, առանց գթալու եւ խնայելու: 7 Թող նրանք այս տարի չարաչար մահով մէ՛կ օրում դժոխք իջնեն: Միայն այդ ժամանակից, այդ գործերը կատարելուց յետոյ խաղաղութիւն կը լինի մեզ»:
8 Հրովարտակի պատճէնները գրուեցին եւ տարածուեցին բոլոր գաւառներում: Երբ հրապարակուեց այս հրամանը, բոլորն սկսեցին պատրաստուել այդ օրուան: Այդ լուրերն արագ հասան նաեւ Սուսա քաղաք: Մինչ թագաւորն ու Համանը իրենց մազերը յարդարած զուարճանում էին, ամբողջ քաղաքը խռովութեան մէջ էր:
7 (4)
ՄՈՒՐԹՔԷԻ ՏԱԳՆԱՊԸ
1 Երբ Մուրթքէն իմացաւ կատարուած դէպքերի մասին, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ իր գլխին մոխիր ցանեց ու ընթացաւ քաղաքի հրապարակով: Նա բարձր ձայնով աղաղակում էր եւ ասում. «Ինչո՞ւ էք իզուր եւ անտեղի վերացնում իմ ազգը, որ որեւէ չարիք չի գործել»: 2 Նա եկաւ մինչեւ արքունի տան դռներն ու կանգնեց. եւ որովհետեւ նա քուրձ էր հագել եւ մոխիր ցանել գլխին, արժանի չէր արքունի գաւիթ իսկ մտնելու: 3 Բոլոր գաւառներում, ուր որ կարդում էին հրովարտակը, հրեաները աղաղակ էին բարձրացնում, մեծ սուգ ու կոծ անում, քուրձ էին հագնում ու մոխիր լցնում իրենց վրայ: 4 Տիկնանց տիկնոջ ներքինիներն ու նաժիշտները մտան ու այդ մասին պատմեցին Եսթերին: Երբ նա իմացաւ թագաւորի տուած հրամանի մասին, սաստիկ յուզուեց, ապա հագուստ ուղարկեց՝ Մուրթքէին հագցնելու եւ քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չհամաձայնեց: 5 Եսթերը կանչեց իր ներքինի Առնաթեւին, որ մշտապէս լինում էր նրա մօտ, եւ նրան ուղարկեց Մուրթքէից ճշմարտութիւնն իմանալու, թէ իսկապէս դա այդպէ՞ս է: 7 Մուրթքէն իրազեկ դարձրեց նրան կատարուած դէպքերի մասին, ինչպէս որ դրանք եղել էին, նաեւ այն մասին, որ Համանը խոստացել էր տասը հազար քանքարի գանձ տալ արքային, որպէսզի կոտորի հրեաներին: 8 Եւ նա Սուսա քաղաքում նրանց կոտորելու մասին կարդացուած հրովարտակի պատճէնը տուեց ներքինուն, որպէսզի ցոյց տայ Եսթերին:
8 (15)
ՄՈՒՐԹՔԷԻ ՊԱՏՈՒԷՐԸ ԵՍԹԵՐԻՆ
1 Մուրթքէն, պատուիրելով, ասաց նրան, որ Եսթերը մտնի արքայի մօտ, խնդրի նրանից եւ աղաչի ժողովրդի համար: 2 «Յիշի՛ր, – ասաց, – քո տառապանքի օրերը եւ թէ ինչպէս մեծացար իմ ձեռքերի մէջ, որովհետեւ Համանը՝ արքայի երկրորդը, նրա հետ խօսել է մեզ մահուան մատնելու մասին: 3 Արդ, Տէր Աստծուն կ՚աղաչես պաղատանքով եւ թագաւորիդ հետ կը խօսես մեր մասին, որպէսզի մեզ փրկես այս մահուանից»: 4 Առնաթեւը մտաւ Եսթերի մօտ եւ նրան ասաց այս բոլոր բաները: 5 Եսթերն ասաց Առնաթեւին. 6 «Դու գնա՛ Մուրթքէի մօտ եւ ասա՛ նրան, թէ թագաւորութեան բոլոր ազգերը գիտեն, որ եթէ որեւէ տղամարդ կամ կին մտնի արքայի մօտ՝ ներքին սենեակը, առանց նրա կանչելու, փրկութիւն չկայ նրան. բայց ապրում է միայն նա, ում արքան մեկնում է իր ոսկի գաւազանը: Իսկ ես կանչուած չեմ մտնելու արքայի մօտ՝ ահա արդէն այս երեսուն օր է»:
9 (4)
ԵՍԹԵՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ
12 Առնաթեւը Մուրթքէին պատմեց Եսթերի բոլոր խօսքերը: 13 Մուրթքէն ասաց Առնաթեւին. «Դու գնա՛ եւ ասա՛ նրան. “Եսթե՛ր, դու մտքումդ մի՛ ասա, թէ այս թագաւորութեան մէջ բոլոր հրեաներից միայն ես կը փրկուեմ. 14 եթէ դու այս ժամանակ չլսես ու լռես, ապա այլ տեղից հրեաներին օգնութիւն եւ փրկութիւն կը լինի, իսկ դու եւ քո հօր տունը կը կորչէք. եւ, ո՛վ գիտէ, գուցէ հէնց այսպիսի ժամանակի համար դու թագադրուեցիր”»: 15 Եւ Եսթերը ներքինուն կրկին ուղարկեց Մուրթքէի մօտ եւ ասաց. 16 «Դու գնա՛ եւ հաւաքի՛ր Սուսա քաղաքում եղած հրեաներին, ինձ համար ծո՛մ պահեցէք եւ երեք օր՝ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը չուտէք ու չխմէք, իսկ ես եւ իմ նաժիշտները նոյնպէս ծոմ կը պահենք: Ապա ես կը մտնեմ արքայի մօտ, թէեւ այդ բանն անելն արքայի օրէնքներից դուրս է. սակայն ես կ՚անեմ դա. եթէ մեռնելու իսկ լինեմ, չեմ յապաղի»: 17 Եւ Մուրթքէն գնաց ու արեց՝ ինչպէս իրեն պատուիրել էր Եսթերը:
10 (13)
ՄՈՒՐԹՔԷԻ ԱՂՕԹՔԸ
8 Մուրթքէն թախանձագին աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով եւ յիշելով Տիրոջ փառաւոր գործերը: Նա ասաց. 9 «Տէ՛ր Աստուած, Թագաւո՛ր Ամենակալ, քո հրամանին է սպասում ամէն ոք, ոչ ոք չի կարող ընդդիմանալ քեզ, եթէ դու կամենում ես ապրեցնել քո ժողովրդին՝ Իսրայէլին, 10 որովհետեւ դու, Տէ՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ բոլոր սքանչելիքները. 11 դու տիրում ես ամէն բանի վրայ, եւ ոչ ոք չի կարող հակառակ լինել քո տէրութեանը. դու գիտես ամէն ինչ. 12 որովհետեւ ես ո՛չ հպարտութիւնից, ո՛չ ամբարտաւանութիւնից եւ ո՛չ էլ թշնամանքից ելնելով չերկրպագեցի ամբարտաւան Համանին: 13 Մինչդեռ ես հաճոյքով կը կամենայի համբուրել նրա ոտքերի գարշապարները Իսրայէլի այս տան փրկութեան համար: 14 Բայց ես այս բանն արեցի, որպէսզի փառք չտամ մարդ արարածին, այլ միայն քեզ՝ ճշմարիտ Աստծուդ. ես չեմ երկրպագի որեւէ մէկին, այլ միայն քեզ՝ իմ Տիրոջը. ես դա չարեցի ամբարտաւանութեամբ: 15 Արդ, Աբրահամի Տէ՛ր Աստուած, դու խնայի՛ր քո ժողովրդին, քանզի մեր դէմ բարձրացել են ապականիչները, որովհետեւ ցանկանում են կորստի մատնել քո սկզբնական ժառանգութիւնը: 16 Մի՛ անտեսիր քո բաժինը, որ դու ինքդ փրկեցիր Եգիպտացիների երկրից: 17 Լսի՛ր, Տէ՛ր, իմ աղօթքի ձայնը եւ քաւի՛չ եղիր քո ժառանգութեանը, մեր սուգն ուրախութեա՛ն փոխիր, որպէսզի մենք՝ ապրողներս, օրհնենք քո մեծ անունը, Տէ՛ր: Մի՛ ապականիր այն բերանը, որ օրհնում է քեզ»:
18 Եւ բոլոր իսրայէլացիները, իրենց ամբողջ զօրութեամբ, կանչեցին Տիրոջը, քանի որ մահը նրանց առջեւ էր:
[473] Հայերէն բնագրում գլուխների եւ նրանց հատուածների բաժանումները անկանոն են, բայց բովանդակութեան յաջորդականութիւնը չի խախտուած: