Հոկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով Ա. Դավթյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու առիթով, մաղթեց նրան արդյունավետ ծառայություն:
Կարևորելով գլխավոր դատախազության դերակատարությունը` Նորին Սրբությունն ընդգծեց արդարադատության և օրենքի նկատմամբ վստահության բարձրացման անհրաժեշտությունը: Վեհափառ Հայրապետը նաև հույս հայտնեց, որ այս ուղղությամբ ձեռնարկվող շարունակական և հետևողական քայլերը իրենց բարի պտուղները պիտի տան` իրականացնելով ժողովրդի սպասումները:
ՀՀ գլխավոր դատախազը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին օրհնության և բարեմաղթանքերի համար, իր հերթին վստահեցրեց, որ ամենը պիտի արվի առաջադրված նպատակների իրագործման համար: