Այսօր մամուլի ազատության օրն է.
Դժվար է ասել, թե Հայաստանում մամուլն ազատ է կամ ոչ: Հաստատ է սակայն, որ մեր մամուլի շատ ու շատ օրգաններ կախված են այս կամ այն ծանոթ ու անծանոթ անձերից ու դեմքերից: Հաստատ է նաեւ, որ մեր զանգվածային մամուլի շատ ներկայացուցիչներ ազատությունը շփոթել են ամենաթողության հետ:
Մամուլն ազատ է անարգել պրպտելու ու հետազոտելու, վեր հանելու իրականությունը, խիստ քննադատության ենթարկելու հասարակական ու քաղաքական կյանքի հոռի երեւույթները, իշխանավորների եւ այլեւայլ պաշտոնյաների ու ծառայողների սխալներն ու թերացումները, բացթողումներն ու հանցանքները, պաշտպանելու արդարությունն ու իրավունքը, պախարակելու սուտն ու կեղծիքը, անարդարությունն ու ապօրինությունը եւ այլն, եւ այլն, եւ այլն…
Բայց նույն մամուլը ազատ չէ, Արեգնազի տատի հեքիաթներ պատմելով զրպարտելու, վարկաբեկելու, անվանարկելու, սեւացնելու եւ մրոտելու աջ ու ձախ: Սա արդեն կապ չունի ազատության հետ:
Պետք չէ մոռանալ, որ ազատությունն էլ սահմաններ ունի: Աստվածախոս Սուրբ Գիրքը պատգամում է` «Ապրեցե՛ք որպես ազատներ եւ ազատությունը իբրեւ չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրեցե՛ք որպես Աստծու ծառաներ» (Ա Պետրոս Բ 17)