Օրերս «Իրավունքն» անդրադարձել էր ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հակազգային եւ հակապետական ելույթին, որի ժամանակ վերջինս մասնավորապես նշել էր. «Բացատրեք ինձ, ինչո՞ւ պետք է Հայ առաքելական եկեղեցին հարկ չտա: Աշխարհը փոխվել է: Էդ հարկի պատճառով եկեղեցու 1536 թվականին Հենրի 8-րդը անջատվեց կաթոլիկ եկեղեցուց: Ի շնորհիվ Նապոլիոնի` 19-րդ դարի սկզբներին կաթոլիկ եկեղեցին էդ նույնը փոխառեց բողոքական եկեղեցուց: Էդ նույն Հայ առաքելայկան եկեղեցու պատճառով պատմական տարբեր գնահատականներ կան, որ նրա տնտեսական հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք կորցրել, մեկը` 428 թվականին, մյուսը` 1045-ին»:
Բագրատյանական հարցադրման իրավական բացատրությունը չուշացավ: Արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում նշել է. «Բացատրեմ, թե ինչու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չպետք է հարկեր վճարի: Եկեղեցապատկան գույքի մի զգալի հատվածը, այդ թվում` մատենադարանի գրեթե բոլոր ձեռագիր նմուշները, բոլշեւիկյան հեղափոխության արդյունքում, այսպես կոչված, ազգայնացվել, դարձել է պետական սեփականություն եւ տնօրինվում է առ այսօր: Տասնյակ տարիներ այդ գույքը ոչ միայն չի վերադարձվել, այլեւ առավելապես ոչնչացվել է՝ պատճառելով անդառնալի նյութական ու բարոյական կորուստներ (կարծում եմ` հարցադրում անողը նվազագույնը պետք է տեղյակ լիներ, որ պատմական հուշարձան հանդիսացող բազմաթիվ վանքեր վերածված են եղել անասնագոմերի կամ մարագների)»:
Ըստ Գ. Դանիելյանի, այս եւ մի շարք այլ փաստարկների համատեքստում հարկերից ազատելը բնավ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ. «Այդ կերպ չի փոխհատուցվում պատճառված վնասի անգամ մի չնչին մասը: Եթե շատ եք ուզում հարկեր գանձել, նախ, լիարժեք փոխհատուցեք վնասները, բայց նկատի ունեցեք, որ հարկերը կկազմեն դրա մի չնչին մասը»:
Ի դեպ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսորը նաեւ ընդգծել է, որ վերոնշյալ պարզաբանումը ոչ այնքան հարցադրում անող պատգամավորին է ուղղված, որքան այն աղանդներին ու նրանց սատարող միջազգային «փորձագետներին», որոնք անտեղի ոգեւորվել են ու իբր, վերջապես, հայտնաբերել խղճի ու դավանանքի ազատության խախտման «աղաղակող փաստ». «Իսկ համազգային շահերից բխում է ոչ թե արկածային տարբերակը, այլ ձեռնարկատիրության ոլորտում հիրավի աճողական հարկային գործակիցներ սահմանելը (սա անհասկանալիորեն կիրառվում է միայն աշխատավարձից գանձվող եկամտային հարկի դեպքում), ինչը ոչ միայն կտրուկ կավելացնի պետական բյուջեի մուտքերը, այլեւ նկատելիորեն կխոչընդոտի գերիշխող դիրքի ձեւավորման գործընթացին…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Աղբյուր՝ http://iravunk.com/