NewsBook-ը Մայր Աթոռից փորձեցք պարզել՝ նախ ինչպե՞ս է մեկնաբանում բաց նամակը, նամակում հնչեցված տեսակետներն ու մեղադրանքները:
Բացի այդ, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին հարցեցինք, թե ե՞րբ է կարգալույծ արվել Վարդգես Սահակյանը և ի՞նչն է կարգալույծ անելու պատճառ հանդիսացել:
Ի պատասխան մեր հարցմանը՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից պատասխանել են. «Նախկին եկեղեցականներ Վարդգես Սահակյանի (նախկին Հովհաննես աբեղա) և Հովիկ Հովհաննիսյանի (նախկին Հայրիկ աբեղա) կարգալուծությունների վերաբերյալ մեր հավատացյալների կողմից պարզաբանումներ ստանալու ազնիվ ցանկություններին ընդառաջ, փարատելու համար նաև որոշ ԶԼՄ-ներում տարածվող ասեկոսեներից առաջացած սխալ պատկերացումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը: Հիշյալ եկեղեցականները կարգալույծ են հռչակվել ծառայության վայրը ինքնակամ լքելու պատճառով, ինչպես հաղորդվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի օգոստոսի 16-ի ծանուցման մեջ: Կարգալուծության որոշումները կայացվել են՝ հիմք ընդունելով Մայր Աթոռում գործող Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը: Նախկին եկեղեցականների հետ առչված գործերը քննարկվել են հանձնախմբի մի քանի նիստերում, որոնց արդյունքում նրանց ամիսներ շարունակ հորդորվել է վերադառնալ եկեղեցական բնականոն ծառայության, ինչը սակայն, որևէ արդյունք չի տվել»:
Իսկ թե ինչպե՞ս է Մայր Աթոռը մեկնաբանել բաց նամակը, նամակում հնչեցված մեղադրանքները, պատասխանի մեջ նշված է. «Ինչ վերաբերում է նախկին միաբանների կողմից Մայր Աթոռին ուղղված հրապարակային մեղսագրումներին, դրանք ակնհայտորեն չարացածության հետևանք են: Կարծում ենք, չարացածությունը պետք է հաղթահարել զղջմամբ ու աղոթքով և ոչ թե սեփական մեղքերի համար պատասխանատուներ փնտրելով և հավատացյալների մոտ շփոթություն և գայթակղություն ստեղծելով»:
Ավելին կարող եք կարդալ՝ newsbook.am