Հուլիսի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում կատարվեց ճեմարանի` 2015-2016 ուսումնական տարվա փակման հանդիսությունը:
Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Ապա խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
«Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտ իր հետ խառը զգացումներ է բերում ճեմարանական մեր ընտանիքի կյանքում: Հիմնականում այդ զգացումները շաղախված են ուսումնական ու հոգևոր ձեռքբերումների բերկրանքով, ինչպես նաև բացթողածը, թերացածը լրացնելու, շտկելու միտումով:
Այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանը փակում է 2015-2016 ուսումնական տարվա իր մեկամյա պատմության գիրքը` այն նորովի, նոր սպասումներով վերաբացելու խանդավառ ակնկալիքով:
Անցած տարվա ընթացքին, միանալով այս հաստատության տեսչության առաքելությանը` ինձ համար վերաբացահայտեցի, որ Սբ. Գևորգյան տեսիլքով հիմնված այս ճեմարանը` որպես դարբնոց ոգու և մտքի, իր անվարան նավարկությունն է կատարում Տիրոջ անդաստանում, ուր յուրաքանչյուրս` որպես հավերժի ճամփորդ, պատմության մի հատվածում մասնակից ենք դառնում այս մեծ տեսիլքին», – նշեց Հայր Սուրբ իր խոսքում:
Ճեմարանի տեսուչն անդրադարձավ ուսումնական հաստատության շարժող հիմնական ուժի` դասախոսական կազմի` կրթական գործընթացին բերած ներդրմանը` երախտագիտություն հայտնելով դասախոսական ողջ անձնակազմին ուսումնական տարվա ընթացքում սրտացավ ու նվիրյալ գործունեության, ինչպես նաև տեսչության հետ համագործակցության համար:
Հայր Գարեգինը տեսչական ու դասախոսական կազմի և ճեմարանականների անունից ճեմարանի և քահանայից պատրաստության լսարանի շրջանավարտ սաներին մաղթեց իրենց անձերի հարանորոգ այլակերպության հույսով առաջիկա իրենց կյանքն ու ծառայությունը ուղենշել Ս. Գրքով և զորացնել աղոթքով ու Տիրոջ հետ անբեկան հաղորդությամբ:
Այնուհետև ճեմարանի տեսուչն անդրադարձավ ուսումնական տարում արձանագրված ձեռքբերումներին, որոնց թվում են «Գևորգյան ճեմարան» էլ. պարբերականի թաղարկումը, Նյու Յորքի Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրությունը և ուսանողների փոխանակման ծրագրերի մշակումը, Ճեմարանի տարեգրքի խմբագրումն ու տպագրությունը, արտադասարանային տարբեր դասախոսությունների ու միջոցառումների կազմակերպումը` Օքսֆորդի, Ստրասբուրգի և միջազգային հեղինակավոր այլ հաստատությունների, ինչպես նաև Հայաստանի տարբեր բուհերի հյուր դասախոսների մասնակցությամբ, «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համատեղ «Դասախոսություններ ճեմարանում» խորագրի ներքո տեսագրված և հատուկ ձևավորված դասախոսությունների շարքի պատրաստումը, ճեմարանցիների այցելությունները միջազգային ու հայաստանյան բարեսիրական մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև սոցիալական ծառայությունը էջմիածնի ու շրջանների կարիքավոր ընտանիքներին և այլն:
Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի և «Էջմիածին» երգչախումբը` ղեկավարությամբ բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի: Ուսանողության անունից խոսք ասաց ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Մանավազդ սարկավագ Մկրտչյանը, իսկ Թովմաս Առաքելյանը (1-ին լսարան) ասմունքեց Պ. Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը:
Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաև նվիրաբաշխություն. ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուսման մեջ բարձր առաջադիմության, կարգապահության և այլ արժանիքների համար պարգևների արժանացան տարբեր ուսանողներ:
Հանդիսությունն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամի ու օրհնության խոսքով:
Գոհունակությամբ անդրադառնալով անցնող տարում ճեմարանում իրականացված արդյունավոր աշխատանքին` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին և տեսուչ Հայր Սուրբին` իրենց նախանձախնդիր ու նվիրյալ աշխատանքի համար, տեսչական անձնակազմի ներկայացուցիչներին, դասախոսական կազմին և հատկապես ճեմարանականներին, որ այս ուսումնական տարեշրջանը փորձեցին լավագույնս ծառայեցնել իրենց անձերի ծառայությանը, գիտելիքի ամբարմանը:
«Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ տարեցտարի առաջադիմություն ենք տեսնում, տենում ենք, որ ճեմարանի հարկի ներքո աճում, հասակ են առնում և ձևավորվում գիտակից երիտասարդներ, ովքեր, հավատքի ապրումն իրենց մեջ կրելով, ծառայանվիրումի բարձր գիտակցությամբ գալիս են իրենց անձն ընծայաբերելու մեր ժողովրդի սպասավորությանը: Եվ գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ շնորհիվ մեր եկեղեցական սպասավորների ջանադիր, նվիրյալ, հավատավոր ծառայության, աստիճանաբար վերականգնվում է Հայոց Եկեղեցու վարկը մեր ժողովրդի կյանքում, նաև գիտելյաց պաշարի հետ միասին խորանում է հավատքը մեր հավատավոր զավակներ կյանքում», – ընդգծեց Նորին Սրբությունը:
Հայոց Հովվապետը հորդորեց ճեմարանականներին ուսումնառության ժամանակաշրջանը լավագույնս օգտագործել. ոչ միայն գիտելիքներ ամբարել, այլև աղոթքի մեջ կերտել իրենց գործերը, զորացնել իրենց հավատքի ապրումն ու զգացումը, որպեսզի այդ հավատքի բույրով հագենա ժողովրդի կյանքը, այդ հավատքով շենանա Հայրենիքը ու պայծառանա Ս. Եկեղեցին:
Գարեգին Բ Կաթողիկոսը, խոսելով եկեղեցականների ծանր ու պատասխանատու կոչման և հավատքի կարևորության մասին, նշեց, որ կրթական հաստատության հարկի ներքո ընտրյալներ են պատրաստվում` ծառայության կոչվելու Եկեղեցու առաքելության ասպարեզում: «Եկեղեցականը պետք է կարողանա ոչ միայն Կենաց Բանի քարոզիչը լինել, ոչ միայն հոգևոր-բարոյական դաստիարակը լինել, այլ նա պետք է կարողանա հավատքի կերտողը լինել անհատի, անձի հոգում, որպեսզի այս հավատքը հրաշագործի մարդու էության մեջ, կարողանա կյանքը ապրումի ու գործի վերածել և գեղեցիկ իրագործումներով զարդարել մարդկային կյանքը:
Այս հաստատության ներքո այս հավատքի մարդիկ են, որ պետք է կերտվեն, որովհետև եթե այս հաստատության մեջ ուսում առնող և շրջանավարտ դարձող անձը հավատքը չկրի իր մեջ, չի կարող այն սերմանել իրեն վստահված հավատացյալ հոգիներում: Եթե այդ հավատքի կերտումն ու սերմանումը` իբրև ձեռնհաս, բարի ու նախանձախնդիր հովիվ, չկարողացավ իրագործել, պիտի մարդկային կյանքում պակասեն այդ հավատքից բխած գործերը, և մարդկային կյանքը պիտի օրհնություններից զրկված և դժգույն դառնա: Հավատքն է, որ զգեստավորում է կյանքը գեղեցիկ արարումներով, հարստացնում աստվածահաճո գործերով և այն դարձնում հաճելի, ինչպես հասարակության յուրաքանչյուր անդամի, այպես և Երկնավոր մեր Տիրոջ համար», – ասաց Հայոց Հայրապետը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հայցեց Երկնավորի մշտական օրհնությունը երկրի, հայոց ազգի և մասնավորապես Հայոց Եկեղեցու կրթական հաստատության` եկեղեցականների մտքի և հոգու դարբնոցի համար: Նորին Սրբությունը նաև մաղթեց, որ Տերն Իր շնորհներն առատորեն հեղի ճեմարանի սաների և դասախոսների վրա, որպեսզի հաստատության մեջ դաստիարակվի ժողովրդի ակնկալած սերունդը` իր նվիրյալ ծառայությամբ շարունակելու մեր հայրերի փառավոր ուղին:
Ցերեկույթը եզրափակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:
Ճեմարանն անցնող տարում ունեցել է 104 ուսանող, հաստատությունում դասավանդել է 71 դասախոս, որոնցից 45-ը` աշխարհական և 26-ը` հոգևորական:
2015-2016 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 18 սան: