Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանի (ԱՄՆ) տեսուչ Արժանապատիվ դոկտոր Ջոն քահանա Բեռին` ուղեկցությամբ Ս. Ներսես հայկական ընծայարանի տեսուչ (ԱՄՆ) Արժանապատիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Չևյանի:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանի միջև ձևավորվող կապերին` նշելով, որ դա երկուստեք նպաստելու է կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և փորձի փոխանակմանը: Այս առումով Նորին Սրբությունը ողջունեց հունիսի 17-ին երկու ճեմարանների միջև համաձայնագիր կնքելու պատրաստակամությունը` վստահություն հայտնելով, որ սկզբնավորվող գործակցությունը մեծապես օգտակար կլինի թե՛ ուսանողների և թե՛ դասախոսական անձնակազմի համար:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ս. Վլադիմիր ճեմարանի տեսչին Ս. Ներսես հայկական ընծայարանի հետ ունեցած բազմամյա գործակցության համար` ընդգծելով, որ ընծայարանի բազում ուսանողներ, օգտվելով նաև Ս. Վլադիմիր ճեմարանի ընձեռած կրթական հնարավորություններից, այսօր իրենց հոգևոր ծառայությունն են բերում Հայ Եկեղեցու անդաստանում:
Հայոց Հովվապետը հյուրերին նաև տեղեկություններ փոխանցեց Քույր Եկեղեցիների բարձրագույն կրթական հաստատություններում հայ եկեղեցականների ուսումնառության վերաբերյալ:
Իր հերթին Արժանապատիվ Ջոն քահանա Բեռն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ճեմարանի գործունեությունը և այլ կրթական հաստատությունների հետ հաստատված սերտ հարաբերությունները: Վերջինս կարևորեց ճեմարանների միջև իրականացվող համատեղ կրթական ծրագրերը և աշխարհի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման գործում հատկապես ընդգծեց աստվածաբանական կրթության առաջնահերթությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցում հոգևորականների պատրաստությանը և իրականացվելիք տարբեր հոգևոր-կրթական ծրագրերին: