Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի այցը Արցախ
Ապրիլի 14-ի երեկոյան, ավարտելով երկօրյա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերադարձան Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց զորակցությունը հայտնեցին ԼՂՀ իշխանություններին, Արցախի ժողովրդին ու Պաշտպանության բանակին` աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին:
Գարեգին Բ Կաթողիկոսը Արցախին փոխանցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և թեմերի կողմից հանգանակված հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար: Նույնքան գումար Արամ Ա Կաթողիկոսը փոխանցեց նույն նպատակի համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և թեմերի կողմից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կոչով կազմակերպված հանգանակությունները թեմերում կշարունակվեն: