Վերջին շրջանում, կարծես, օրինաչափություն է դարձել, որ հատկապես ննջեցյալների հիշատակության օրերին, երբ ամենքը իր անցավորների հիշատակը խնկարկելով է զբաղված ու լրահոսում թեմաները սպառված են, հանկարծ սկսում է գրոհ Եկեղեցու դեմ: Ընդորում` որպես կանոն` օրվան համահունչ` հին մեռելներն են ոտքի հանվում, ու ծեծված թեմաները դառնում են գլխավոր մեգալուրը: Սուրբ Հարության տոնին հաջորդած Ննջեցյալների հիշատակության օրը բացառություն չէր, իսկ հերթական զոհը դարձավ Հաղարծինն ու Գոշավանքը:
ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ
Արի ու տես, որ հենց այդ օրը մարդիկ դիլիջանցիների անունից տարբեր լրատվամիջոցների ականջը գցեցին, թե Հաղարծին վանական համալիր մեքենայով մուտք գործելու եւ կայանելու համար պետք է վճարել 300 դրամ: Սա, իհարկե, բավարար էր, որ 300-ը դառնար 3 հազար մեկնաբանությունների, վերլուծությունների թեմա` փնտրելով մեղավորներ Եկեղեցու պատերի ներսում: Իսկ այդ ընթացքում մոռանալով ամենակարեւորը` որ խոսքը Տավուշի-Տահույսի թեմի մասին է` նույն այն թեմի, որը տավուշեցու կողքին կանգնած է սահմանապահ գյուղերում, որոնց անունը տալիս անգամ փշաքաղվում ես: Բայց, այս մասին մի ուրիշ առիթով, հիմա ըստ էության: Անանուն բողոքողների փոխարեն, մեզ հաջողվեց գտնել, իրական տավուշեցու, ով ոչ պակաս բորբոքված էր ու վիրավորված: Անդրադառնալով թեմային` որպես ի գիտություն` տավուշեցի ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄԵԼԻՔՅԱՆԸ նկարներ է հրապարակել սոցցանցում ու նշել. «Ես էլի այս նկարները չէի հրապարակի, ուղղակի հասունացավ պահը…Մարդ իր պաշտոնի աթոռապետը լինելուց առաջ` պետք է իր աշխատանքի բանվորը լինի: Էդ որ ամբողջ ձմեռ Բագրատ Սրբազանը Հաղարծնի ճամփի ձյունը բահով քերում էր, դուք ո՞ւր էիք: Ու այս նույն տեսարանն է ամեն ձյուն գալուց հետո: Ինչեւէ, այսպիսի բաներ գրեք էլի, թե՞ քննադատելու, քննարկելու բան չկա դրա մեջ: Դրել մեքենաների անվտանգ ու կարգավորված կայանումն ապահովելու համար ստեղծած ծառայությունն եք շահարկում: Տավուշի թեմում իրականացվող ծրագրերը միշտ իրենց արդյունքին ու նպատակին հասնում են, ու միշտ այդպես է լինելու»:
ՀԱՆՈՒՆ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆԻ
Ինչպես կասեր իմաստուն ժողովուրդը, խոսքերն ավելորդ են, բայց վերադառնանք ծագած խնդրին ու չարչրկված 300 դրամին, թեպետ վանական համալիրում գեթ մեկ անգամ եղած քրիստոնյան, նույնիսկ աթեիստը, կկարողանար բացատրել, թե ինչով է այս որոշումը պայմանավորված: Իրականում այնտեղ, որտեղ արգելափակոցն է տեղադրված, անընդհատ խցանումներ են լինում եւ վթարներ, քանի որ երկկողմ են մեքենաները կայանում, ինչի համար էլ գտնվել է այս լուծումը: Ի դեպ, վճարովի ավտոկայանատեղիի սպասարկումը կատարվում է ոչ թե թեմի, այլ ընտրված կազմակերպության կողմից: Այս մասին առավել մանրամասն պարզաբանել է Տավուշի-Տահույսի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ, ում մասին դիպուկ օրինակով արդեն իսկ իր խոսքում շեշտել էր իսկական տավուշեցին: Ըստ Սրբազանի. «Տարածքում կարգ ու կանոն հաստատելուց բացի այս ճանապարհով հսկվում են մեքենաները, ինչը թույլ կտա կանխել գողություններն ու այլ նյութական վնասները: Նախկին` մեկը մյուսի վրա, երկկողմանի կայանող մեքենաների փոխարեն, այժմ նախատեսվում է միակողմանի կայանում, ինչը կօգնի խուսափել նաեւ այդ տարածքում հաճախ տեղի ունեցող վթարներից: Իսկ անժամկետ կայանման համար սահմանաված 300 դրամ վարձավճարի դիմաց վարորդները ստանալու են հատուկ կտրոններ եւ վերոնշյալ վճարն ուղղվելու է սպասարկման ծախսերի հատուցմանը»:
«ԳՈՇԱՎԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՊԱՏԻՎԸ»
Ու այս ողջ պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ նույն տավուշեցին, երեւանցին կամ սփյուռքահայը այսքան ժամանակ բողոքում էր, թե բարեփոխումներ չեն իրականացվում`եկեղեցիները անմխիթար վիճակում են, ճանապարհները փակ են, բայց այսօր էլի պատերի տակ` սոցցանցերում կամ օֆլայն տիրույթում փնթփնթում տեղի ունեցող բարեփոխումներից: Այդ փնթփնթոցներից անմասն չէ նաեւ Գոշավանքը: Այդուհանդերձ, հիշեցնենք, որ Տավուշի թեմի առաջնորդը, երբ գրեթե նոր էր նշանակվել, Գոշավանքի Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցու վերանորոգված գմբեթին զետեղվեց եւ օծվեց մայր Խաչը, ինչի վերաբերյալ դեռ այն ժամանակ ասել էր. «Այն իմ զգացումով սկիզբն է լինելու Գոշավանքի ամբողաջական համալիրի թե՛ քարեղեն եւ թե՛ հոգեւոր վերազարթնումի եւ վերանորոգության: Մեր գնահատանքը ՀՀ Մշակույթի նախարարությանը, ում նյութական հովանավորությամբ եւ աջակցությամբ իրականացավ այս կարեւոր ձեռնարկը եւ բոլոր աշխատակիցներին, ճարտարապետ–շինարարներին, քարագործ եւ երկաթագործ վարպետներին, ում ջանքերով երկարատեւ աշխատանքներից հետո ամփոփվեց այս հանգրվանը: Սակայն, դեռ հիմնովին վերանորոգության կարիք ունեն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, պատմական սեղանատունը, գրադարանը, մյուս գմբեթները, Սուրբ Գեւորգ եկեղեցին, որ եղել է Մխիթար Գոշի կեցավայրը եւ վերջապես հենց մեծ վարդապետի՝ Մխիթար Գոշի դամբարանը»: Ապա հավելել. «Խորհդանշական էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի Տավուշ (ՏաՀույս) աշխարհը առաջին իսկ պահին այցելեցի Մխիթար մեծ վարդապետին եւ իրենից իմաստություն խնդրեցի առաջնորդական այս առաքելության համար: Այսօր դարձյալ, երբ ընդամենը մի քանի օր է անցել իմ պաշտոնակալությունից առաջին իսկ գործն էր Գոշավանքի գմբեթի խաչի օծումը: Գոշավանքի վերականգնումը մեր բոլորի արժանապատվությունն է եւ պատիվը»: «Իրավունքի» հետ զրույցում Գոշավանքի վերականգնմանն անդրադարձել էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ. «Գոշ համայնքում իրականացնում ենք երկու առանձին հուշարձանների` Գոշավանքի վանական համալիրի ծածկերի ամբողջական վերականգնման ծավալուն աշխատանքներ: Ավարտը նախատեսվում է մինչեւ 2020 թվականը: Վերականգնվում է նաեւ Մխիթար Գոշի դամբարանը, որը մի փոքր ավելի հեռու է գտնվում համալիրից, Դամբարանի աշխատանքները կավարտվեն հենց այս տարի»:
Այսքանից հետո խանգարե՞լ Տավուշի թեմի հոգեւոր-մշակութային վերազարթոնքին, թե՞ փորձել ձեռք մեկնել, որ թշնամու քթի տակ զորանա տավուշեցին ե՛ւ հավատքով, ե՛ւ ուժով, ընտրությունն ամենքինս է, բայց եւ այլընտրանք չկա, քանի որ ինչպես Բագրատ Սրբազանն է ասում. «Հայաստանը հրաշալի է, տավուշը` բացառիկ»:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից