Ավագ շաբաթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվեց յուրահատուկ խորհրդավորությամբ: Ավագ շաբաթ` երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, ապա Մայր Աթոռի չորս միաբան սարկավագների կողմից ընթերցվեց Դանիելի մարգարեությունը: Այնուհետև մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ, Մայր Տաճարի ջրօրհնեքի խաչի կնքահայրը` հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը (ԼՂՀ ՊԲ), զինվորականներ և բազում ուխտավոր հայորդիներ:
Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին և կարևորությանը, իր քարոզում մասնավորաբար ասաց. «Գարնանային այս խաղաղ երեկոյան վերստին ուրախ ենք, վերստին ցնծուն և զվարթ է ամենքիս հոգին, քանզի մեկ անգամ ևս վստահ եղանք, որ Աստված, Ով Իր կյանքը տվեց մեզ համար, անսահմանորեն սիրում և մեզ Իր բարեկամներն է համարում, քանզի «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։
Մայրամուտի շառագույնից գեղեցկացած այս օրը կրկին սփոփանք և ամոքում է բերում յուրաքանչյուրիս հոգուն, քանզի մեր հավատքի կիզակետ ճշմարտության ավետիսը, հավիտենականության ձգտող մարդու հույսը վերանորոգող երգակցությունն է թևածում ամենուր, թե «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Մինչդեռ երեկ էր, երբ ամենքս ծնրադիր, աղոթական մտահայեցողությամբ վերապրում էինք Ավագ Շաբաթվա աշխարհացունց դեպքերը։ Երեկ էր, երբ առաքյալների պես գլխահակ տուն էինք դառնում խաչելության Գողգոթայից՝ դեռ ամբողջովին չսթափված և չգիտակցած, թե ինչո՞ւ եղավ այդ ամենը։ Երեկ էր, որ Մեկը կյանքը տվեց Իր բարեկամների համար՝ մահը ճաշակելով…
Այսօր անժխտելի է, որ եթե Քրիստոս հարություն առած չլիներ, քրիստոնեությունը երբևէ ծնված չէր լինի: Եթե Հիսուս հարություն առած չլիներ, այսօր թերևս պիտի հիշվեին կամ մեջբերվեին միայն Նրա որոշ խոսքերը: Եվ եթե Քրիստոս հարություն առած չլիներ, Նա կլիներ անարդարորեն մահվան դատապարտված և սպանված միլիոնավորներից մեկը: Մեր հավատամքը մասնավորապես շեշտում է, որ այդ մահը եղել է «մեզ համար», «վասն մերոյ փրկութեան»։ Ամեն անգամ այս խոսքերն արտաբերելիս կարող ենք «զմտաւ ածել», իսկ ինչպիսի՞ն էր փրկագործական այս ավարտի մասին Քրիստոս ընկալումը… Իր տառապանքի ու Խաչի վրա մահվան գնով Քրիստոսի կողմից կատարված Փրկագործությունը մարդկության պատմության մեջ նշանակալից մի իրադարձություն է, ոչ միայն նրա համար, որ իր լրումին տարավ արդարության ու ողորմածության աստվածային ծրագիրը, այլև մարդու գիտակցության մեջ արթնացրեց տառապանքի մի նոր նշանակություն: Տառապանքի փրկարար ուժը սիրո մեջ է: Տառապանքն արդեն պատիժ չէ, այլ Քրիստոսի Փրկագործության միջոցով փոխակերպվում է չարից ազատվելու և բարության հաղթանակի ուժի: Տառապանքով մահն արդեն Նոր կյանքի, Նոր Ուխտի սկիզբ է: Հիսուսի կողմից Խաչի վրա հեղված Նոր Ուխտի արյունը Աստծո արդարադատության նժարը դեպի մեղավոր մարդը չի ծանրացնում, այլ, ընդհակառակը, ցույց է տալիս, թե մինչև ուր է հասել Նրա սերը դեպի մարդը»։
Ներկայացնելով Ս. Հարության կարևորությունը քրիստոնյաների կյանքում` Սրբազան Հայրը հավելեց. «Քրիստոսի հարությունը ոչ միայն ամրացնում է հավատացյալի հույսը, այլև վհատության զգացումն է իսպառ վերացնում, քանի որ Հարուցյալ Հիսուսին հավատալը ոչ միայն նշանակում է ընդունել անցյալի ինչ-որ մի իրողությունը կամ գալիք իրադարձությունները ապագայում, այլ իր մեջ ընդգրկում է նաև ներկան. Հարուցյալը մեզ հետ է, որպեսզի հույսի ու հավատի բոլոր արգելքներն ու խոչընդոտներն իսպառ վերացնի»:
Ս. Պատարագի ավարտին Նորին Սրբությունը, բարձրանալով Ավագ Ս. խորան, վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, և այն զետեղվեց Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց օջախներ տանելու Հարուցյալ Աստվածորդուն մատնանշող կենդանարար լույսը:
Պատարագից հետո հոգևորականների թափորը Մայր Տաճարից առաջնորդվեց դեպի Հին Վեհարան, ուր, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ս. Հարության Տնօրհնեքի արարողություն: