«Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտեի, և արգանդից դեռ դուրս չեկած՝ ես քեզ սրբեցի» (Երեմիա 1:5)
«…Ինձանից մահաբեր դեղամիջոց խնդրող ոչ մեկին այն չեմ տա և ուղիներ ցույց չեմ տա նման մտադրության իրագործման համար: Ճիշտ այդպես էլ ես ոչ մի կնոջ չեմ հանձնի վիժում առաջացնող միջոց…»: Ահա դեռևս հանրահայտ բժիշկ Հիպոկրատի (Ք. ա. 460-377 թթ.) ժամանակներից հղիության ընդհատումը համարվում էր զազրելի և կյանքի արժեքներին դեմ:
Արգանդում պտղի որպես մարդ ձևավորված լինելու վերաբերյալ տարբեր տեղերում տարբեր ժամանակներ է նշվում՝ 4-6 շաբաթական, 3 ամիս, 4 ամիս, 6 ամիս, հաճախ հաշվում են սրտի աշխատանքից սկսած կամ գլխուղեղի ձևավորումից: Մինչդեռ վաղուց թե՛ քրիստոնյա հայրեր, թե՛ անտիկ փիլիսոփաներ նշում են, որ ձևավորված սաղմն արդեն իսկ մարդ է:
Եթե պտղին մարդ չհամարենք, այդ դեպքում հղիության արհեստական ընդհատման ժամանակ ի՞նչն է ոչնչացվում: Միանշանակ՝ իր ձևավորման մեջ գտնվող մի կյանք, որը պետք է կոչվի մարդ: Այո՛, մարդ, որովհետև յուրաքանչյուր կենդանի արարած ներարգանդային կամ ձվային զարգացման ժամանակ պատկանում է իր տեսակին՝ օժտված լինելով իր տեսակին բնորոշ բոլոր գործառույթներով: Անշուշտ մարդուց մարդ է ծնվում՝ մարդկային բոլոր առանձնահատկություններով, առյուծից՝ առյուծ և կարապից՝ կարապ: Եվ ասել որ մարդկային արգանդում ձևավորվող պտուղը մարդ չէ իր ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական առանձնահատկություններով, կատարյալ անհեթեթություն է: Մոր որովայնից իսկ երեխան կապվում է մոր հետ հոգեբանորեն, զգում մոր շոյանքները և որովայնում կարծես թե պարում է, երբ լսում է ծնողի երգը:
Մի շարք երկրներում հղիության ընդհատումը օրինակնացված է բացառապես հատուկ դեպքերում.
1. երբ մոր կյանքին վտանգ է սպառնում,
2. երբ հղիանում են բռնաբարության հետևանքով,
3. երբ պտուղն ինցենստային (արյունակցական) հղիության հետևանք է,
4. երբ մորը վտանգ չի սպառնում, բայց երեխան մահացած կծնվի կամ լուրջ թերություններով:
Այս շարքը կարելի շարունակել՝ ելնելով երկրների զարգացվածությունից և այս կամ այն հասարակության արժեքներից:
Քրիստոնեական Եկեղեցին էլ իր դիրքորոշումն ունի այս հարցում, և այն ամենախիստն է: Բ դարի քրիստոնյա մտավորական և գիտնական Կղեմես Ալեքսանդրացին հորդորում է և տեղեկացնում. «Կինը, իր միջից պտուղը հանելիս, հանում է նաև իր մեջ եղած մարդկայնությունը»:
Եկեղեցին այս խնդրի շուրջ իր դիրքորոշումը հայտնել է դեռևս առաջին դարերից: Թադեոս առաքյալի կանոններում կարդում ենք. «Եվ հազար անգամ վա՜յ այն կնոջը, որը չար դեղերով ու հնարքներով խափանում է որդեծնությունը և ուրիշներին էլ խրատում նույնն անել: …Յուրաքանչյուր մանկան դիմաց, որի ծնունդը խափանել են չար դեղերով, Աստված նրանցից հասուն մարդու արյուն պիտի պահանջի ահավոր ատյանում»: Այսինքն՝ դեռ չծնված երեխային աստվածաստեղծ մարդ էին համարում և նրան արգանդում ոչնչացնողին սպասում էր նույն պատիժը, ինչ որ հասնում էր մարդասպանության համար: Թադեոսի մեկ այլ կանոնում խնդրի վերաբերյալ կարդում ենք. «…քահանան նրանց պետք է ապաշխարության կարգի բերի, և նա յոթ տարի ունկնդրի վիճակում թող մնա (չմասնակցի հաղորդությանը և Եկեղեցու այլ խորհուրդներին), երեք տարի արտասուքով ու աղքատներին հատուցելով թող արժանանա թողության: Իսկ եթե նույն սխալի մեջ մեռնի, ահա չար է մեղավորի մահը. այդպիսիները քրիստոնյաների դիրքով թող չթաղվեն»:
Իր տեսակետը Եկեցեցին հիմնավորում է այն պնդումով, որ Աստված է կյանք տալիս մանկանը, և ցանկացած մարդու կյանքը միմիայն նա է տնօրինում: Իհարկե, մարդը կարող է իր կամքով Աստծո գործակիցը դառնալ, նմանվել Աստծուն ուրիշ մարդկանց ստեղծելու գործում, բայց միևնույն ժամանակ կարող է դառնալ այդ գործը խափանողը:
Ամեն դեպքում բոլոր մարդիկ, անկախ տարիքից, սեռից, ազգից և այլ պայմաններից, իրավունք ունեն ապրելու, և մարդը չպիտի ուրիշ մարդու զրկի այդ կյանքից, որն Աստծո մեծագույն պարգևն է:
Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 8-րդ համարից
Պատրաստեց Ռոման սրկ. Մարուքյանը