Փետրվարի 28-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի ունեցավ ոգեկոչման հանդես` նվիրված նահատակ բանաստեղծի հիշատակին:
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը:
Այնուհետև ցուցադրվեց «Շողակաթ» Հ/Ը կողմից նկարահանված ֆիլմը` նվիրված Ռուբեն Սևակի կյանքին և նահատակության պատմությանը:
«Ռուբեն Սևակ առեղծվածային բանաստեղծը» խորագիրը կրող բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Ցերեկույթի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ հնչեցին Ռ. Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Մեծարենցի և Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններից:
Հանդեսի երաժշտական բաժնում ելույթ ունեցան «Հայաստանի նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտները:
Ոգեկոչման հանդեսը եզրափակվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնության խոսքով: