«Կանաչ աստվածաբանության» հիմքը բնապահպանության աստվածաբանական վերլուծությունն է, որի շրջանակներում աստվածաբանական հիմնավորում է տրվում հատկապես մեր օրերում առաջնային դարձած հարցին՝ ինչո՛ւ խնամքով վերաբերվել բնությանը: Քրիստոնեական վարդապետությանը և ուսուցումներին քաջատեղյակ չլինելու դեպքում կարելի է մտածել, որ քրիստոնեությունը հիմնական գծերով մարդակենտրոն է՝ ուղղված է միմիայն մեղավոր մարդկությանը բարձրացնելու, իսկ բնությունը տրվել է մարդուն միայն իշխելու և օգտագործելու համար: Քրիստոնեությունն իրականում մշտապես մեծ կարևորություն է տվել բնության նկատմամբ խնամք տածելուն: Այս խնդրի հետ կապված աստվածաբանության մեջ առանձնացվել են մի քանի մոտեցումներ:
Առաջինն ավանդական տեսությունն է, որ հիմնվում է հիմնականում Սուրբ Գրքի վրա, առանձնացնելով սուրբգրային այն տեղիները, որտեղ ցույց է տրվում բնության կարևորությունը մարդու համար: Բնությունը մարդուն Աստծո կողմից տրված ընծա է, որի հանդեպ մարդը պետք է ցուցաբերի կատարյալ խնամք և հոգատարություն, քանի որ առանց բնության մարդու գոյությունը հնարավոր չէ: Բնապահպանության անտեսման պատճառը համարվում է մարդու հոգևոր անկումը, քանի որ մարդկային խոնարհության փոխարեն իշխող է դարձել ժլատությունը և ագահությունը, ինչի հետևանքով էլ խախտվում են բնության մեջ իշխող ներդաշնակությունը և կարգավորվածությունը:
Երկրորդ տիեզերաբանական կամ սրբազնության տեսությունը, չսահմանափակվելով մարդ-բնություն հարաբերության մեջ, կարևորում է մարդու կենսագործունեության հետևանքները ամբողջ տիեզերքի ներդաշնակության պահպանման համար: Ամբողջ տիեզերքն Աստծո արարչագործությունն է և կրում է Աստծո կնիքը, քանի որ ամեն ինչ տիեզերքում ի սկզբանե բարի արարվեց: Այս տեսանկյունից տիեզերքը մարդու համար կարող է դառնալ աստվածային ճանաչողության և աստվածահայտնության աղբյուր: Այսպիսով առաջ է գալիս բնության սրբազնության հարցը, ըստ որի մարդը պետք է բնության հանդեպ խնամք ցուցաբերի ոչ միայն ինքն իրեն չվնասելու համար, այլև գիտակցելով, որ բնությունն Աստծո արարչագործությունն է և աստվածային խորհուրդների կրողը:
Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 7-րդ համարից
Պատրաստեց Վլադիմիր սրկ. Գևորգյանը