Արեւագալի ժամերգություն կատարվում է Մեծ Պահքի օրերին, առավոտ կանուխ, ժամը 7.30-ին: Այն հաստատվել է դեռ 7-րդ դարում` Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսի օրոք: Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետն այսպես է բնութագրել Արեւագալի ժամերգությունը. «Սքանչելի, խորհրդալից գաղափար կա սրա մեջ` աղոթքով ողջունել արեւի ծագելը երկրի վրա, աղոթքով զգալի լույսը տեղափոխել հոգեկան աշխարհի մեջ` հոգեպես բացվելով իմանալի լույսին»:
Այս ժամերգությունը Հիսուսի Հարությունն ու աշակերտներին երեւալն է խորհրդանշում: Այստեղ նույնացվում են Սուրբ Հարությունն ու արեւի ծագումը: Գլխավոր գաղափարը արդարության արեգակ Քրիստոսի ծնվելն է եւ խավար մտքերից հավատացյալներին փրկելը: Արեւագալի ժամերգությանը հնչում են առավելապես Շնորհալու շարականներից: Փառաժնակերտցի կաթողիկոսից 5 դար հետո Շնորհալին է անդրադարձել այս ժամերգությանը եւ վերանայել դրա երաժշտական եւ բառային կառուցվածը:
Հնչում են աղոթքներ ու սաղմոսներ, Ատյանի աջ ու ձախ կողմերում կանգնած ճեմարանական երգչախումբը հերթով կատարում է օրվա շարականները «Արեւելից մինչ ի մուտս», «Ճգնավոր Աստուծոյ», «Ճանապարհ եւ ճշմարտություն»: Հատկապես տպավորիչ է «Լույս, արարիչ լույս» շարականը. «Ի ծագել լույս առավոտուն, ծագես ի հոգիս մեր զլույս քո իմանալի»: