Քրիստոնեական կրոնի ամենակարևոր և առանցքային գաղափարն է սերը, առանց որի անհնար է հասկանալ կյանքն ու աստվածային ճշմարտությունները:
«Բայց արդ մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13): Քրիստոնեական սերն այն մաքուր, անշահախնդիր զգացմունքն է, որը ստիպում է մարդուն իր ունեցած լավագույնը տալու ուրիշին, հոգալու, խնամելու, ցավելու դիմացինի համար՝ առանց որևէ սպասելիքի:
Սիրո կենսատու աղբյուրն Աստված է, ումից ստանում ենք այն: Եվ մեր ներսից դուրս հանելով՝ ուղղում ենք տարբեր մարդկանց՝ ընկերներին, ծնողներին, երեխաներին և այլն: Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ո՞րն է այն առաջնային նշանակետը, որին պիտի ուղղվի այդ ազնիվ զգացմունքը: Եթե սերը ստանում ենք Աստծուց, ուրեմն շատ բնական է, որ առաջինը հենց Աստծուն պիտի ուղղենք այն՝ հաճախ աղոթելով, Սուրբ Գիրք ընթերցելով, առօրյա կյանքում աստվածային պատվիրաններին հետևելով: Խոսելով ամենամեծ պատվիրանի մասին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծ և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մտ. ԻԲ 39):
Քրիստոնյա մարդու համար ամենակարևոր սկզբունքը սեփական անձը ուրիշի անձին հավասարեցնել կարողանալն է: Ինչպե՞ս կարող ենք վայելել Աստծո սերը և ողորմությունը, եթե չենք սիրում մեզ նմաններին, որոնք նույնքան Աստծո որդիներ են, որքան և մենք: Իսկապես, եթե չենք սիրում մեր ընկերոջը, մեր եղբորը, եթե թշնամությամբ, և որ ավելի վատ է, անտարբերությամբ ենք լցված մեր նմանի նկատմամբ, ի՞նչ իրավունքով է, որ Աստծո որդիներ կամ քրիստոնյաներ պիտի կոչվենք: Եթե հոգու խորքում ձգտում ունենք իսկական քրիստոնյաներ լինելու, Աստծո հաճությանը և ողորմությանն արժանանալու, ուրեմն պիտի լցվենք աստվածային անսպառ սիրով, ինչը պետք է արտահայտվի մեր առօրյա կյանքում, մեր ամեն մի գործի մեջ:
Եթե չարությամբ և ատելությամբ լցվենք մեր եղբոր կամ ընկերոջ նկատմամբ և ասենք, թե սիրում ենք Աստծուն, կստենք, քանի որ, եթե չենք սիրում մեր եղբորը, որին տեսնում ենք և ճանաչում, ապա ինչպե՞ս կարող ենք սիրել Աստծուն, որին երբեք չենք տեսել… (Ա Հովհ. Դ 20):
Պատրսատեց Եփրեմ Եփրեմյանը
Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 2-րդ համարից