«Ոչ ոք նրան թող չարհամարհի, և նրան ճանապարհ դրեք խաղաղությամբ, որ գա ինձ մոտ, քանզի նրան սպասում եմ եղբայրներով հանդերձ… Արթո’ւն կացեք, հաստատո’ւն մնացե’ք հավատի մեջ, քա’ջ եղեք, զորացե’ք: Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա. Կորնթ. 16:11, 13-14):
Այսօր մեզանում տարածված մի արատավոր ու ոչ քրիստոնեական երևույթի մասին եմ ցանկանում գրել, որին հնարավոր չէ չանդրադառնալ. ԴԱ ՏԿԱՐՆԵՐԻ, ԹՈՒՅԼԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔՆ ՈՒ ԾԱՂՐԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ Է:
Բոլորս մեզ քրիստոնյա ենք համարում, բայց առիթն ու հնարավորությունը բաց չենք թողնում մեր առավելություններով ու դրական կողմերով հպարտանալու, սակայն գործնականում մեր ապրած կյանքով արդյոք կիրառում և կատարո՞ւմ ենք աստվածահաստատ պատգամներն ու պատվիրանները; Հիսուս ասում է. «Սիրեցեք միմյանց» և «Ոչ ոքի մի արհամարհեք»: «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք» (Հովհ.13:34): Այսօր մեր մեջ նկատվում է արհամարհանք և ծաղրական վերաբերմունք հատկապես մեզանից թույլ, տկար, հաշմանդամ և նույնիսկ ծեր անձանց նկատմամբ, ովքեր առավել մեր ուշադրության ու խնամքի կարիքն ունեն:
Վարդան վարդապետ Այգեկցին ասում է. «Նա, ով նախատում է գաճաճին, տգեղ մարդուն կամ էլ խեղվածին, նրա Արարչին է նախատում», քանի որ Աստված մարդուն Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց: Որպես ճշմարիտ քրիստոնյաներ մեր պարտքն է անկեղծորեն աղոթել մեզանից թույլ, տկար, ծեր և ֆիզիկական որևէ արատ ունեցող մարդկանց համար, որպեսզի Տերը համբերություն և զորեղ հավատ պարգևի նրանց՝ հաղթահարելու, համբերությամբ կրելու և հասարակու-թյան արհամարհական վերաբերմունքը հանդուրժելու համար: Ի վերջո, մտածենք նաև Աստծու արդար զայրույթի մասին, այնպես, որ շատ հնարավոր է, որ մենք հայտնվենք ավելի վատ վիճակում, քան նրանք, որոնց ծաղրում ու արհամարհում ենք:
Գնահատենք այն, ինչ որ Աստված մեզ պարգևել է: Եթե ֆիզիկական որևէ արատ կամ թերություն չունենք, հրաշալի է, կնշանակի ունենք առողջություն և գեղեցկություն, ուրեմն գոհանանք և խնդրենք, որ Աստված օգնի մեզ ունենալու նաև առողջ ու գեղեցիկ հոգի՝ մեր նմանին հարգելու, նրա մեջ Տիրոջ պատկերը և նմա-նությունը տեսնելու համար: Որքան տկար, ֆիզիկապես թույլ, հաշմանդամ և ծեր մարդիկ կան, որոնք կարոտ են մեր օգնության, մեր քաղցր ժպիտին, ջերմ վերաբերմուն-քին, սիրույն ու հարգանքին:
«Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում… Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանիր և ապա լավ կտեսնես` քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Ղուկ. 6:41-42):
Եթե իրապես ճշմարիտ հավատ ունենք, անկարելի է, որ որևէ մեկին կարողանանք ծաղրել ու արհամարհել:
Գուցե նրանք հոգով շատ ավելի լավ ու բարի են, ազնիվ, քան՝ մենք, որ մեզ անթերի ու կատարյալ ենք կարծում: Ուրեմն Քրիստոսով իբրև քույրեր և եղբայրներ չփորձենք առանց այն էլ մեր դժվարին կյանքը ավելի բարդացնել ու մեր բացասական վերաբերմունքի պատճառով նրանց հեռացնել մեզանից, այլ՝ ընդհակառակը, գրկաբաց ընդունենք, քանի որ Աստված սեր է: Սիրենք միմյանց, ինչպես Աստված սիրեց մեզ: Հիշենք, որ Դատաստանի օրը մեր յուրաքանչյուր արարքի համար պատասխան պիտի տանք, իսկ եթե բարի գործ ենք արել, դրա դիմաց հարյուրապատիկ պիտի վարձատրվենք երկնքում: Մտածենք այս մասին և բարի գործերով իմաստավորենք մեր կյանքի յուրաքանչյուր օրը, մեզ բարձր չդասենք մյուսներից, այլ՝ գութ և ողորմություն ունենանք մեկս մյուսի նկատմամբ, որպեսզի ողորմած Աստված գթա և ողորմի մեզ: Բարությամբ, ներողամտությամբ, սիրով և խոնարհությամբ նմանվենք Արարչին:
Պետրոս Առաքյալն ասում է. «Խոնարհվեցեք ուրեմն աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի Նա ձեզ բարձրացնի ժամանակին» (Ա. Պետրոս 5:6): Ամեն:
ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ» ԳՐՔԻՑ: