Աստվածաշնչի հեղինակությունն իջել կամ բարձրացել է պատմության ընթացքում: 16-րդ դարում բողոքականությունն առավել ընդգծեց Աստվածաշնչի հեղինակությունը` նվազեցնելով Եկեղեցու հեղինակությունը: Բողոքականները, պայքարելով Կաթոլիկ Եկեղեցու դեմ, հայտարարեցին, որ հավատացյալների համար հեղինակությունը պապի հրովարտակները չեն, և մարդն Աստծո պարգևները ստանում է իր անձնական հավատքի շնորհիվ ու ոչ թե Եկեղեցու արարողությունների, հետևաբար, նաև հոգևոր կյանքի համար հոգևորականների անհրաժեշտություն չունենք: Իհարկե, Ուղղափառ Եկեղեցիները մերժեցին եկեղեցական արարողությունների, հոգևորականների առաքելության արհամարհման և միայն հավատքով փրկվելու տեսակետները: Աստվածաշնչի հեղինակությունը նվազեց 18-րդ դարի սկզբում, երբ գյուղացիները կամ քաղաքների աղքատ մարդիկ հարստահարվում էին շահամոլ հոգևորականների և ազնվականների կողմից:
Դժբախտաբար, երբեմն Աստվածաշունչն արհամարվում է նույնիսկ մեր օրերում, և այդ արհամարհանքն իր պատճառներն ունի: Դրանցից մեկը հետևյալն է: Կապիտալիզմի և սոցիալիզմի առաջին շրջանում բանվոր դասակարգը գերակշռող մեծամասնություն էր կազմում զարգացող երկրներում: Այժմ բանվոր դասակարգը շատ փոքր է, որովհետև փոխվել է աշխատողների բնույթը: Հիմա մարդիկ հիմնականում աշխատում են տեղեկատվական ծառայություններում: Եվ նույնիսկ շատ գործարաններում աշխատողները նստում են հատուկ ծրագրավորված մեքենաների առջև և աշխատում համակարգիչներով: Այսպիսով, աշխատողների արտաքին ապրելակերպը, ինչպես նաև նրա ընտանիքի և իր անձնական կյանքի ձևը փոխվել են: Սակայն այս երևույթը նաև ճգնաժամ բերեց, և արդյունաբերության մեջ մեքենաների գործածության պատճառով շատ աշխատողներ հեռացվեցին` մնալով առանց օրական աշխատանքի: Այսօր աշխարհում գործազրկությունը խնդիրներից մեկն է, և նույնիսկ զարգացած երկրներում մեծ թվով գործազուրկներ կան, իսկ աշխատանք ունեցողներն էլ ջանում են ներկա պայմանների մեջ ապահովել իրենց սեփական հարմարավետությունն ու բարեկեցությունը: Նման իրավիճակում արդեն նոր ձևով նյութականը հոգևորից ավելի կարևոր է թվում, և Աստվածաշնչի ընթերցանությունը հաճախ մոռացության է մատնվում: Սակայն մեր Սուրբ Թարգմանիչները թարգմանեցին Սուրբ Գիրքը երազանքով փափագելով, որ հայ ժողովուրդը Աստվածաշնչի պատգամներին հաղորդ դառնալով կամ Սուրբ Գրքի ընթերցանությամբ հոգևոր ուժ ստանա` նաև իր կյանքն ավելի ծաղկուն դարձնելու:
Ներկայիս աշխարհը պայքարում է մարդկության դժբախտությունների, թշվառությունների, աղետների դեմ: Սակայն կարող ենք ասել, որ հնարավոր չէ որևէ արդյունքի հասնել առանց կարգավորելու մարդկային էակների հոգևոր վիճակը: Եվ այս նպատակի իրագործման համար պետք է պահպանեք կապը Եկեղեցու հետ և ձեր, ձեր ընտանիքի, ազգի հոգևոր վիճակը կարգավորելու համար պետք է գոնե ժամանակ առ ժամանակ Աստվածաշունչ ընթերցեք:
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)