Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Էջմիածին քաղաքի տոնի առիթով Հայաստան ժամանած Սերգիև Պոսադ քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Պոտյակինին (ՌԴ) և Շաղվիո Շավանիոյի քաղաքապետ Ժերար Դեշամին (Ֆրանսիա)` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ փաստեց, որ հայ-ռուսական և հայ-ֆրանսիական բարեկամական կապերը զարգանում են նաև քաղաքների միջև հաստատվող գործակցությամբ:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հյուրերին ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատմությունը` ընդգծելով, որ այն դարեր շարունակ մշտապես քայլել է հայ ժողովրդի հետ` առաջնորդելով համայն հայության հոգևոր կյանքը:
Իրենց հերթին քույր քաղաքների ղեկավարներն ուրախություն հայտնեցին համայն հայության հոգևոր կենտրոնում գտնվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությանն արժանանալու համար:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: