Ա Կորնթացիներ 7.25-35։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.13-26։
Ա Կորնթացիներ
25Իսկ կոյսերի մասին Տիրոջից հրաման չունեմ. բայց խրատ եմ տալիս, որպէս Տիրոջից ողորմութիւն գտած մէկի, որ վստահելի է։ 26Կարծում եմ, թէ այսպէս լաւ է. այն նեղութեան պատճառով, որ ներկայումս կայ. մարդու համար լաւ է, որ այսպէս լինի։ 27Կապուա՞ծ ես կնոջ հետ. մի՛ փորձուիր արձակուել։ Չե՞ս կապուած. կին մի՛ փնտռիր. 28սակայն եթէ ամուսնանաս, մեղք գործած չես լինի. եւ եթէ կոյսն ամուսնանայ, մեղք գործած չի լինի։ Բայց այդպիսիները մարմնի նեղութիւն են ունենալու. իսկ ես պիտի խնայէի ձեզ։ 29Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թէ այսուհետեւ ժամանակը կարճ է։ Նրանք, որ կին ունեն, այնպէս ապրեն, որպէս թէ՝ ունեցած չլինէին. 30եւ նրանք, որ լաց են լինում, որպէս թէ՝ լացած չլինէին. եւ նրանք որ ուրախանում են, որպէս թէ՝ ուրախացած չլինէին. եւ նրանք, որ բան են գնում, որպէս թէ՝ ունեցած չլինէին. 31եւ նրանք, որ աշխարհիկ կեանք են վարում, որպէս թէ՝ վայելած չլինէին. որովհետեւ այս աշխարհը, այնպէս, ինչպէս որ է, անցնելու վրայ է։ 32Այլ ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինէք. որովհետեւ, ով կին չունի, հոգում է, թէ ինչպէս հաճելի լինի Տիրոջը։ 33Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում, թէ ինչպէս հաճելի լինի իր կնոջը։ 34Եւ այսպէս տարբերւում են իրարից ամուսնացած կինը եւ կոյսը. քանի որ կոյսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպէսզի սուրբ լինի մարմնով եւ հոգով։ Իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհի մասին, թէ ինչպէս հաճելի լինի իր մարդուն։ 35Եւ այս ձեր օգտի համար եմ ասում. ոչ թէ ձեզ ճնշելու համար, այլ պարկեշտութեան եւ Տիրոջը բոլորանուէր ծառայելու համար։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
13Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին։ 14Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»։ 15Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց։ 16Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։ 17Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»։ 18Նա ասաց. «Որո՞նք»։ Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, 19քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»։ 20Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ 21Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»։ 22Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր։ 23Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը։ 24Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»։ 25Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»։ 26Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»։