Ա Կորնթացիներ 2.12‐3.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.15‐22։
Ա Կորնթացիներ
12Ուրեմն մենք ոչ թէ այս աշխարհի հոգին առանք, այլ՝ այն Հոգին, որ Աստծուց է, որպէսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհուեց մեզ։ 13Եւ ինչ որ յայտնում ենք, ոչ թէ ճարտար խօսքերի մարդկային ուսուցումով է, այլ՝ Հոգու վարդապետութեամբ. հոգեւոր բաները հոգեւոր խօսքերով ենք բացատրում. 14քանզի ոչ հոգեւոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտութիւնները չի ընդունում, որովհետեւ այդ յիմարութիւն է նրա համար. եւ չի կարող հասկանալ, քանզի հոգեւոր կերպով են քննւում դրանք։ 15Իսկ հոգեւոր մարդը քննում է ամէն ինչ. եւ ինքը ոչ ոքից չի քննւում։ 16Իսկ արդ, ո՞վ իմացաւ Տիրոջ մտածումը, որ խորհուրդ տայ նրան. բայց մենք ունենք Քրիստոսի մտածումը։
3 Եւ ես, եղբայրնե՛ր, չկարողացայ խօսել ձեզ հետ՝ իբրեւ հոգեւորների հետ, այլ խօսեցի իբրեւ մարմնաւորների հետ։ 2Իբրեւ մանուկներ ի Քրիստոս կաթ տուեցի ձեզ եւ ոչ՝ կերակուր, քանի որ դեռ կարող էլ չէիք. եւ հիմա էլ կարող չէք, քանզի դեռ մարմնաւոր էք։ 3Հիմա էլ ձեր մէջ կան կռիւ եւ նախանձ. չէ՞ որ մարմնաւոր էք եւ մարդկայնօրէն էք ընթանում։ 4Երբ ձեզնից մէկն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես՝ Ապողոսեան, մարմնաւոր մարդիկ չէ՞ք։ Իսկ արդ, ո՞վ է Պօղոսը, կամ՝ ո՞վ է Ապողոսը. պաշտօնեաներ, որոնցով հաւատացիք. եւ իւրաքանչիւրն այն է, ինչ որ Տէրը տուեց նրան։ 5Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուեց, բայց Աստուա՛ծ աճեցրեց։ 6Այնպէս որ՝ մի բան չէ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տուեց, այլ՝ նա, ով աճեցրեց՝ Աստուած։ 7Ով որ տնկեց, եւ ով որ ջուր տուեց, մի են, բայց իւրաքանչիւր ոք իր վարձը կը ստանայ ըստ իր վաստակի. 8որովհետեւ Աստծուն գործակից ենք. Աստծու այգին էք, Աստծու կառոյցն էք։ 9Որպէս իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու այն շնորհի, որ տրուած է ինձ. բայց ուրիշն է, որ կառուցում է. սակայն իւրաքանչիւր ոք թող զգոյշ լինի, թէ ինչպէս է կառուցում. 10որովհետեւ ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
15«Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր։ 16Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ։ 17Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ՚ասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում։ 19Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. 20որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»։ 21Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թն անգամ»։ 22Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»։