Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու թեմերի միջեկեղեցական հարաբերությունների ներկայացուցիչներին և ուխտավորներին` ուղեկցությամբ Մադրիդի եպիսկոպոսական ժողովի գլխավոր քարտուղար, Մադրիդի կարդինալի օգնական եպիսկոպոս Խուան Անտոնիո Մարտինեսի:
Հանդիպմանը ներկա Մադրիդի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացնելով ուխտավորներին, նշեց, որ Քույր Եկեղեցու ներկայացոցիչների համար շատ կարևոր է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելը:
Երախտագիտության խոսք ասաց նաև եպիսկոպոս Խուան Անտոնիո Մարտինեսը, ով, ընթերցելով Մադրիդի եպիսկոպոսական ժողովի գրությունը, ընդգծեց, որ այս օրն Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորների համար մշտապես պիտի հիշվի, քանի որ նրանք հաղորդվելու են Հայ Եկեղեցու նվիրական արժեքներին և Մայր Տաճարում մասնակցելու են Ս. Պատարագի արարողությանը:
Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն ուխտավորներին բերեց իր գնահատանքի և օրհնության խոսքը: Նորին Սրբությունը գոհունակությամբ շեշտեց այն, որ Քույր Եկեղեցիների հոգևորական և աշխարհական ուխտավորները հայ ժողովրդի համար նվիրական տարում որոշում են կայացնում ուխտի գնալ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց հարգանքը բերելու ցեղասպանության ենթարկված հայ նահատակներին, ինչպես նաև բոլոր այն անձանց, ովքեր ի սեր Քրիստոսի կամավորաբար հանձն առան մարտիրոսության սուրբ պսակը:
Գոհունակ սրտով վերհիշելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Վատիկանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մատուցված սուրբ և անմահ Պատարագի արարողությունը` Նորին Սրբությունն ընդգծեց, որ սուրբ նահատակները բոլորին են պատկանում, քանի որ նրանք հավատքի վկաներն են և պանծացնում են Հիսուս Քրիստոսի հիման վրա կառուցված եկեղեցիները:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: