Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի եւ աւերածութիւնների կապակցութեամբ յունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիայ Բ-ին եւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգուելաշուիլիին:
Գերագոյն հոգեւոր խորհրդի, Հայոց Եկեղեցու հոգեւորականաց դասի եւ հաւատաւոր հայ ժողովրդի անունից ցաւակցութիւն յայտնելով զոհուածների ու անյայտ կորածների ընտանիքներին եւ վրաց ժողովրդին` Նորին Սրբութիւնը հայցել է, որ Բարձրեալ Տէրն Իր երկնային օթեւաններում խաղաղութեան մէջ յանգչեցնի մահացածների հոգիները:
Վեհափառ Հայրապետն ուժ եւ կորով է մաղթել վրաց հոգեւոր ու աշխարհիկ իշխանութիւններին եւ աղօթք վերառաքել առ Աստուած, որ Տէրը Վրաստանը եւ եղբայրական վրաց ժողովրդին հեռու պահի նման ողբերգութիւններից: