Վերջին օրերին լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների ու քննադատության թիրախում է հայտնվել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Պատճառը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցն է, որի ժամանակ Սրբազանը մեջբերել է Մեսրոպ Մաշտոցի խոսքը՝ եթե դու հայ ես ՝ քրիստոնյա ես: Այս արտահայտությունը զայրույթ առաջացրեց, որը որոշ դեպքերում ուղեկցվեց ոչ կոռեկտ մեկնաբանություններով, հատկապես աթեսիտների կողմից:
Այն, որ ցանկացած նախադասություն կամ խոսք՝ կոնտեքստից դուրս, բոլորովին այլ իմաստ կարող է ստանալ, պարզ է:
,,Չի կարելի բառը կտրել նախադասությունից, նախադասությունը տեքստից ու իմաստ ընկալել,,- Karabakh-life-ի հետ զրույցում ասում է Արցախի հոգևոր առաջնորդը:
,,Մարդ կա աթեիստ է, մարդ կա՝ կոմունիստ է: Մենք ունենք համշենահայեր, որ 100 -120 տարի առաջ իսլամ են ընդունել, բայց հայ են ու իրենց էլ հայ են համարում: Այսօր էլ իսլամ ընդունած մեր հայերը ոչ ամենալավ օրերն են ապրում Միջին Ասիայում, որովհետև հայ են: Նրանք դիմել են Արցախի իշխանություններին: Հատուկ դիմել են ինձ և ես ասել եմ՝ եկեք Արցախ, հանգիստ ձեզ համար ապրեք: Մենք կրոնի, դավանանքի հարցեր չենք դնելու ձեր առջև,,- իր խոսքերին սխալ մեկնաբանություն տալու պատճառով տարակուսում է Սրբազանը:
,, Եվ ես համոզված եմ, որ ոչ մի կաթիլ արյուն չպիտի կորցնենք: Մենք պետք է բոլորին հավաքենք, փրկենք,,-ասում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Զրույցի ընթացքում, Սրբազան հոր խոսքը ավելի քան հիմնավոր էր՝ ներկայացված փաստերով ու օրինակներով:
..Իմ ամենասիրած քեռին՝ երկրորդ համաշխարհայինի գնդապետ, խիզախ ու ազնվագույն մարդ, իմ հարազատ գյուղի՝ Չարդախլուի վերջին գյուղապետ Սուրեն Եղյանը կոմունիստ էր: Մի անգամ ինձանից Աստվածաշունչ խնդրեց, կարդաց, հետո ասաց՝ ախր, ես կոմունիստ եմ, երդում եմ տվել: Հիմա ինչպես կարող եմ իմ երդումը դրժել, դավաճանել ինքս ինձ,,-հիշում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
,,Հիմա դուք ինձ ասեք՝ ինչպես կարող եմ չընդունել մարդուն, որ հավատարիմ է իր սկզբունքին, իր երդումին: Նա ինձ համար իդեալական մարդ է: Ավելին ասեմ. Եկեղեցական ու քրիստոնյա լինելով հանդերձ, ես ամեն երեկո՝ իմ բոլոր նախնիների համար աղոթք անելիս, անպայման նշում եմ որոշ հայերի անուններ՝ Տիգրան Առաջին, Տիգրան Երկրորդ, Արտաշես Երկրորդ, Արգիշտի, Մենուա… Նրանք հեթանոս թագավորներ են, որոնց շնորհիվ է նաև, որ գոյատևում ենք: Կամ ինչով եմ ես՝ քրիստոնյա հայս՝ ավելի լավ հայ, քան Մյասնիկյանը, Ֆադեյ Սարգսյանը, Ջոն Կիրակոսյանը, Կարեն Դեմիրճյանը, որոնց հետ շփվել եմ ու պարծենում եմ, որ մենք ունեցել ենք այդպիսի նվիրյալներ,,:
Արցախի թեմի առաջնորդի սկզբունքը այս է. Հայը հայի համար ամենամեծագույն սրբությունը պետք է լինի՝ անկախ նրանից՝ աթեիստ է, քրիստոնյա է, թե այլ դավանանքի:
Ինչպես ամեն մի արցախցու, Սրբազան հորն էլ են հաճախ հարցնում, թե որ կուսկացությանն է համակրում:
,,Ես կարող եմ բազմաթիվ կուսակացականների համակրել՝ միայն մեկ պարագայում՝ եթե նա ազգային է և գործում է հայրենիքի, ազգի համար,- ասում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ավելացնում,- Սա է իմ կարգախոսը և ես չէի ուզենա, որ կոնտեքստից զատ մեկնաբանություններ տան իմ ասածին:
Օրինակները Արցախի թեմի առաջնորդի խոսքում բազում են: Շարժման ակունքներում կանգնած հոգևորականը, որ իր սքեմի տակ միշտ զենք էր կրում՝ օրհասական պահին զինվորի կողքին կանգնելու նպատակով, հիշում է նաև արցախյան պատերազմի տարիները:
,,Միշտ էլ լավ հարաբերությունների մեջ եմ եղել հեթանոս հայերի հետ: Շարժման տարիներին ՝ Երևանի էլեկտրական գործարանում, զենք էինք պատրաստում միասին: Նույն նպատակին էինք ծառայում: Ինչպես կարող եմ ես նրանց հայ չհամարել:
Կամ մեր ազատամարտիկները, որոնցից շատերը նույնիսկ մկրտված չէին: Որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ Սրբազանը մեզ ստիպել է, որ կնքվենք,,:
Անդրադառնալով Մաշտոցի խոսքին, ինչը նաև ինքն է մեջբերել, Սրբազան հայրը մեկնաբանում է. ,, Հայը քիրստոնյա է: Քրիստոնյան այս պարագայում ընկալվում է, որպես վեհ արժեքների կրող: Մաշտոցը նկատի է ունեցել, որ հայը ոչ միայն մարմնավոր, նա նաև հոգևոր է ազնիվ: Նա բարձրագույն արժեք է դնում հայի մեջ:
Ինձ համար ամենամեծ հայը Հայկ նահապետն է, ով սպանեց սատանայի որդուն, մնաց հավատարիմ Աստծուն և դարձավ չարահաղթ: Սա է հայի միսիան:
Պիտի միշտ լինենք անվախ ու բարձրագույն արժեքների պաշտպան: Սա է ասել Մաշտոցը և սա էլ մեջբերել եմ ես,,:
Ամփոփելով իր խոսքը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հիշեց Խրիմյան հայրիկի խոսքերը. ,, Ցանկացած հայ, նույնիսկ նա, ով եկեղեցի չի գնում՝ կաշին յոթնապատիկ քերթես՝ ամենահզոր քրիստոնյային այնտեղ կգտնես,,:
Արցախի ազատագրական պայքարի նվիրյալ հոգևորականը նաև Նժդեհին հիշեց. ,, Քրիստոսը մեր իդեալն է , որ մեզ համար անհասանելի է, բայց մենք պիտի ձգտենք նրան: Մեր հավատքը մեր ցեղակրոնությունն է: Մենք պիտի պատվով մեր ուխտը պահենք, հավատարիմ լինենք մեր երդումին,,:
Իսկ ամեն մի խոսք իր կոնտեքստում պետք է ընկալել,-եզրափակեց զրույցը Սրբազան հայրը:
Աղբյուր՝ www.karabakh-life.am