ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.51‐62։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 14.7‐17։ Բ Պետրոս 1.12‐19։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.1‐14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 12.22‐37։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 5.21‐34։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
51Եւ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապէս որոշեց գնալ Երուսաղէմ։ 52Եւ իրենից առաջ պատգամաւորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գիւղ՝ նրա համար պատրաստութիւն տեսնելու։ 53Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետեւ նա ուղեւորւում էր դէպի Երուսաղէմ։ 54Երբ նրա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, այդ տեսան, ասացին. «Տէ՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, եւ երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»։ 55Նա դարձաւ սաստեց նրանց եւ ասաց. «Չգիտէք ի՛նչ հոգուց էք դուք. 56որովհետեւ մարդու Որդին չեկաւ մարդկանց հոգիները կորստեան մատնելու, այլ՝ փրկելու»։ Եւ մի ուրիշ գիւղ գնացին։ 57Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կը գամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»։ 58Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»։ 59Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ յետեւից»։ Եւ սա ասաց. «Տէ՛ր, հրաման տուր ինձ՝ գնալ նախ թաղել իմ հօրը»։ 60Յիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայութիւնը»։ 61Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կը գամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։ 62Յիսուս նրան ասաց. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի եւ ապա յետ կը նայի, եթէ յարմար է Աստծու արքայութեանը»։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
7Եւ Լիւստրայում մի մարդ կար՝ նստած, ոտքից տկար, ի ծնէ կաղ, որը երբեք չէր քայլել։ 8Սա լսեց Պօղոսի խօսքերը, որը, նրան նայելով եւ տեսնելով, թէ փրկութեան հաւատ ունի, 9բարձրաձայն ասաց. «Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. կանգնի՛ր քո ոտքերի վրայ ուղիղ»։ Եւ նա վեր ցատկեց ու վազվզում էր։ 10Եւ ժողովրդի բազմութիւնը, տեսնելով այն, ինչ Պօղոսն արեց, իր ձայնը բարձրացրեց եւ լիկայոներէն ասաց. «Աստուածներ, մարդկանց կերպարանքով, իջան մեզ մօտ»։ 11Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պօղոսին՝ Հերմէս, քանի որ նա էր խօսքն առաջնորդողը։ 12Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր եւ պսակներ հասցնելով դռան մօտ, կամենում էր զոհ մատուցել բազմութեան հետ միասին։ 13Իսկ Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի միջից դուրս վազեցին. աղաղակում էին եւ ասում. 14«Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ էք անում դուք. մենք էլ բնութեամբ ձեզ նման մարդիկ ենք, որ ձեզ աւետարանում ենք, որպէսզի այդպիսի ունայնութիւններից դառնաք դէպի կենդանի Աստուածը, որն ստեղծեց երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ամէն ինչ, որ նրանց մէջ կայ։ 15Նա անցեալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թոյլ տուեց, որ գնան իրենց ճանապարհներով։ 16Եւ սակայն նա իրեն առանց վկայութեան չթողեց, այլ իր բարերարութեամբ երկնքից ձեզ անձրեւներ տուեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախութեամբ»։ 17Եւ այս ասելով՝ հազիւ հանդարտեցրին ժողովրդի բազմութիւնը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ իւրաքանչիւրը գնայ իր տեղը։
Բ Պետրոս
12Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնելու ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատուածներին, 13քանի որ իրաւունք եմ համարում, – քանի դեռ այս մարմնի մէջ եմ, – արթուն պահել ձեզ յիշեցումներով։ 14Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն ինձ յայտնեց։ 15Եւ շտապում եմ միշտ ձեզ յորդորել, որպէսզի այս աշխարհից իմ մեկնելուց յետոյ էլ վերյիշէք այս բաները։ 16Ոչ թէ հնարովի առասպելների յետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուսի Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. 17քանի որ նա Հայր Աստծուց ստացաւ փառք եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»։ 18Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լերան վրայ։ 19Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը, – որին եթէ անսաք, լաւ կ՚անէք, – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում՝ մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
6 Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ. 2եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ։ 3Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ։ 4Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը։ 5Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ։ Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»։ 6Այս ասում էր՝ նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ էր անելու։ 7Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»։ 8Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. 9«Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»։ 10Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։ 11Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին։ Նոյն ձեւով եւ ձկներից՝ որչափ որ կամեցան։ 12Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»։ 13Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից։ 14Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
22եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ։ 23Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները։ 24Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։ 25Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի։ 26Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»։ 27«Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի։ 28Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում։ 29Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում։ 30Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է։ 31Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ։ 32Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 33որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»։ 34Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»։ 35Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը. 36որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր։ 37Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
21Եւ երբ Յիսուս նաւակով նորից ծովի միւս կողմն անցաւ, նրա մօտ հաւաքուեց բազում ժողովուրդ։ Եւ ինքը ծովեզրին էր։ 22Ահա եկաւ ժողովրդապետներից մէկը, որի անունը Յայրոս էր. եւ երբ տեսաւ նրան, նրա ոտքերն ընկաւ. 23սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, եւ որ նա գայ ու նրա վրայ իր ձեռքը դնի, որպէսզի առողջանայ եւ ապրի։ 24Եւ Յիսուս գնաց նրա հետ. նրա յետեւից գնում էր նաեւ բազում ժողովուրդ եւ նեղում էր նրան։ 25Եւ մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր։ 26Նա շատ էր տառապել բազմաթիւ բժիշկների ձեռքից եւ իր ամբողջ ունեցուածքը ծախսել էր, բայց որեւէ օգուտ չէր գտել, այլ է՛լ աւելի վատացել էր։ 27Նա երբ լսեց Յիսուսի մասին, եկաւ ամբոխի մէջ նրա յետեւից եւ ձեռքը դիպցրեց նրա զգեստին, 28որովհետեւ մտքում խորհում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստներին, կը բժշկուեմ»։ 29Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, եւ իր մարմնի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց։ 30Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»։ 31Եւ աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ, եւ ասում ես, թէ՝ ո՞վ դիպաւ իմ զգեստներին»։ 32Եւ նա շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ ո՛վ այդ արեց։ 33Եւ այդ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել, – որովհետեւ գիտէր, թէ ինչ կատարուեց իր հետ, – եկաւ ընկաւ նրա առաջ եւ ամէն ինչ ստուգութեամբ ասաց։ 34Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»։