Գրծ 4․13‐31։ Հկ 1․13‐27։ Մտ 5․1‐12։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
13Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութեանն ի տես եւ վերահասու լինելով, թէ նրանք տգէտ եւ անուս մարդիկ են, զարմացան, որովհետեւ ճանաչում էին նրանց, որ Յիսուսի հետ էին. 14եւ տեսնում էին նաեւ բժշկուած մարդուն, որ կանգնած էր նրանց հետ եւ չէին կարողանում որեւէ պատասխան տալ։ 15Եւ նրանց հրամայելով, որ ատեանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմեանց հետ եւ ասացին. 16«Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց, քանի որ նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարուեց. Երուսաղէմի բոլոր բնակիչներին արդէն յայտնի է, եւ մենք չենք կարող ուրանալ։ 17Բայց որպէսզի ժողովրդի մէջ առաւել չտարածուի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլեւս չխօսեն»։ 18Եւ նրանց կանչելով՝ պատուիրեցին Յիսուսի անունով ամենեւին չխօսել եւ չուսուցանել։ 19Իսկ Պետրոսն ու Յովհաննէսը պատասխանեցին եւ ասացին նրանց. «Եթէ Աստծու առաջ արդար է առաւել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցէք։ 20Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել»։ 21Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց՝ ոչ մի միջոց չգտնելով, թէ ինչպէ՛ս պատժեն նրանց՝ ժողովրդի պատճառով. որովհետեւ բոլորը փառաւորում էին Աստծուն՝ կատարուած բաների համար, 22քանի որ այն մարդը, որի վրայ բժշկութեան այս նշանը կատարուեց, աւելի քան քառասուն տարեկան էր։ 23Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատմեցին, թէ իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երէցները։ 24Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դո՛ւ, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, 25Սուրբ Հոգու միջոցով մեր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր.«Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները,եւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին. 26երկրի թագաւորները իրար մօտ եկան,եւ ժողովրդի իշխանները միասին հաւաքուեցին Տիրոջ եւ նրա Օծեալի դէմ»։ 27Արդարեւ, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը եւ Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների եւ Իսրայէլի ժողովուրդների հետ, 28անելու այնչափ, որչափ քո ձեռքը եւ քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի։ 29Եւ արդ, Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր. 30եւ երբ քո ձեռքը մեկնես բժշկութեան համար, նաեւ նշաններ եւ զարմանալի գործեր լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»։ 31Եւ մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին։ Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում։
Յակոբոս
14Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։ 15Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։ 16Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք, 17քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր։ 18Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը։ 19Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէ՛ք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ. 20որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծու արդարութիւնը չի կատարում։ 21Ահա թէ ինչու, դէ՛ն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։ 22Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ. 23քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը։ 24Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը։ 25Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կը գտնի։ 26Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը։ 27Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
5 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 4- Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։ 5- Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ 6- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։ 7- Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։ 8- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ 9- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։ 10- Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 11- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։