«Փառք եմ տալիս Աստծուն, որ այսօրվա մեր եկեղեցական դասը գոհունակության առիթ է ընձեռում մեզ` իր ծառայանվիրումով, իր գիտակից գործունեությամբ և կյանքով». Գարեգին Բ Կաթողիկոս
Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայոց Եկեղեցու թեմերում և կառույցներում սպասավորող քահանաների պարգևաբաշխման հանդիսավոր արարողություն:
Սրբոց Ղևոնդյանց տոնի ոգեկոչման կապակցությամբ հոգևոր դասին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Շնորհավորելով քահանայից ողջ դասին` Միքայել Սրբազանը մասնավորաբար ընդգծեց նրանց բերած արդյունաշատ ծառայության կարևորությունը Հայ Եկեղեցու կյանքում: Սրբազան Հայրը մեծ ուրախությամբ փաստեց նաև այն պարագան, որ հավաքին մեկտեղված են Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ տարբեր թեմերից Մայր Աթոռ ժամանած շուրջ 240 քահանաներ:
Այնուհետև տեղի ունեցավ պարգևաբաշխությունը: Ծաղկյա փիլոն կրելու իրավունք ստացան Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Տ. Ադամ քահանա Մակարյանը և Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, Արագածոտնի թեմից Տ. Զորայր քահանա Կարապետյանը և Տ. Ղևոնդ քահանա Գափոյանը, Գեղարքունյաց թեմից Տ. Գնել քահանա Մարտիրոսյանը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունից Տ. Նորայր քահանա Գյանջումյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից Տ. Հակոբ քահանա Սարոյանը, Տ. Պողոս քահանա Տերտերյանը, Տ. Թադեոս քահանա Հայբարյանը, Տ. Տիրան քահանա Ավագյանը, Տ. Գառնիկ քահանա Լոռեցյանը, Տ. Սարգիս քահանա Չոփուրյանը, Տ. Մաղաքիա քահանա Օհանյանը, Տ. Գևորգ քահանա Վարդանյանը:
Լանջախաչ կրելու իրավունք ստացան Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Տ. Արսեն քահանա Միրզոյանը և Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ. Դավիթ քահանա Սահակյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը և Տ. Ներսես քահանա Խանանյանը:
Հավարտ հայրապետական պարգևաբաշխումների, իր գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհավորելով Մայր Աթոռ ժամանած քահանա հայրերին Ղևոնդյանց տոնի առիթով և գոհաբանական աղոթք բարձրացնելով առ Աստված եկեղեցական անդաստանում հոգևորականաց ներդրած ջանքերն արդյունավորելու համար:
«Ցանկանում ենք առաջին հերթին մեր գնահատանքի խոսքը բերել մեր քահանայից դասին, ովքեր նվիրումով և հանձնառությամբ իրենց ծառայությունն են մատուցում եկեղեցական անդաստանում և ամեն կերպ ջանում բավարարելու հոգևոր պահանջները հավատավոր մեր զավակների: Մենք գիտենք, որ բազում դժվարությունների առջև է մեր Սուրբ Եկեղեցին, տակավին կան շատ խնդիրներ, որոնք հաղթահարված չեն, տակավին կան շատ բացեր, որոնք նույնպես խոչընդոտում են լիարժեք կերպով արդյունավորելու մեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքից ներս: Բայց, փառք Աստծո, այս տարիների ընթացքին մենք ունեցել ենք բավականին առաջընթաց, բավականին հարցեր, խնդիրներ ստացել են լուծումներ: Առավել ուրախալի է, որ համալրվել է եկեղեցականաց դասը: Եթե 2000 թ. մենք ունեինք ընդամենը 70-80 քահանաներ, փառք Աստծո, այսօր արդեն 240-ից ավելի եկեղեցականներ միայն համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եվ փառք ենք տալիս Աստծուն, որ ամեն տարի նոր սպասավորներ գալիս են համալրելու մեր եկեղեցականաց շարքերը»,- ասաց Նորին Սրբությունը:
Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձավ նաև հոգևորականի կերպարին` մասնավորապես նշելով. «Ղևոնդյանց քահանայից տոնը գեղեցիկ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս յուրաքանչյուրս անդրադարձ կատարենք մեր կոչմանը, մեր առաքելությանը, քննենք մեր անձերը և տեսնենք, թե մենք իրապե՞ս կանգնած ենք այն ուղու, այն ճանապարհի վրա, որ մեզ համար գծել են մեր հայրերը` Ղևոնդյանց քահանայք: Եվ եթե մենք նրանց ուղենշած ընթացքով առաջնորդվում ենք և արժանի ենք նույն շնորհը կրելու` անբիծ, անարատ պահելով նրանց կերտած բարի անունը, համբավը, փառքը հայ եկեղեցականի:
Անշուշտ, շնորհընկալ եկեղեցականաց դասը նույնպես զերծ չէ մարդկային տկարություններից, մեղանչումից, բայց առավել պատասխանատվություն կա ծանրացած մեր ուսերի վրա, և մենք մշտապես պիտի քննենք մեր անձերը, անդրադառնանք մշտապես մեր կյանքին, մեր գործին, մեր վարքին, բարքին, ընթացքին: Եվ եթե ինքներս կարող ենք տեսնել այն թերությունները, անմիջապես ևեթ նախանձախնդրորեն ձեռնամուխ լինենք այդ թերությունների վերացմանը: Կամ եթե մեր ուշադրության կբերեն մեր եղբայրները որոշակի հարցեր, որոնք մեր անձերի կողմից դրսևորված թերացման արդյունք են, նույնպես անհապաղ սրբագրել, քանի որ յուրաքանչյուրիս անձը ներամփոփում է իր մեջ ամբողջ Եկեղեցին:
Մեր անձով բարձրանում է Եկեղեցին, և մեր անձով նաև ստվերվում են Եկեղեցու բարի համբավն ու անունը: Եվ մենք յուրաքանչյուրս առավել չափով բծախնդիր և նախանձախնդիր պիտի լինենք անթերի կյանքի ընթացք ունենալու և անթերի իրականացնելու հոգևոր մեր առաքելությունը»:
Խոսելով Հայոց Եկեղեցու հասցեին հնչող մեղադրանքների, տարբեր կառույցների, կազմակերպությունների և անձանց կողմից Եկեղեցու նկատմամբ դրսևորվող անհանդուրժողական վերաբերմունքի մասին` Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորեց այս ամենի լույսի ներքո առավել նախանձախնդիր լինել իրենց ծառայության մեջ, որպեսզի տեղ չգտնեն այնպիսի արարքներ, որոնց թյուր մեկնաբանության հետևանքով կարող են հարվածել Եկեղեցու հեղինակությանն ու բարի անվանը:
«Այս տարին կարևոր, նշանակալի տարի է մեր ժողովրդի կյանքում: Մենք ոգեկոչում ենք 100-ամյակը Հայոց ցեղասպանության: Եվ այս իրողությունը նույնպես պիտի ոգեշնչի մեզ, որպեսզի առավել արդյունավոր կերպով մենք մեր ծառայությունն իրականացնենք ազգային մեր կյանքի մեջ, համախումբ պահենք մեր ժողովրդին, սերը առատացնենք նրանց մեջ, անհանդուրժողության ոգին դուրս վանենք մեր կյանքից, արատավոր երևույթները նույնպես, որոնք խոչընդոտում են լիարժեք առաջընթացը մեր կյանքի, պատճառ են հադիսանում, որ մեր զավակունք հաճախ նաև թողնեն հայրենի մեր երկիրը: Այս առումով մենք` իբրև եկեղեցականներ, պատասխանատու, լուրջ աշխատանք ունենք իրականացնելու: Եվ իմ աղոթքն է, որ Տերը զորացնի մեզ ամենքիս` մեր առաքելությունը, մեր ծառայությունը ամբողջական, անթերի կերպով կատարելու ազգային մեր կյանքում և նպաստելու, որ մեր Եկեղեցու անունն ու պատիվը միշտ բարձր լինի, և հարգանքը առատանա ավելիով մեր հոգևորականաց նկատմամբ», – հավելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հայցելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունը ամենքին` Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին, ովքեր ամենայն ջանք են ի գործ դնում, որպեսզի Եկեղեցին իր առաքելության մեջ առավել զորանա, շարունակի լինել ժողովրդի հույսն ու ապավենը:
Արարողությունն եզրափակվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով: