HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի կողմից գողացված տեղեկատվության հրապարակումը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքում, որտեղ նաև տեղ է գտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, լայնորեն տարածում է գտել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում, նաև տեղիք տվել անհարկի մեկնաբանությունների:
Տեղեկացնում ենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից Մայր Աթոռին կատարված հարցումին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխան նամակով անհրաժեշտ պարզաբանումը տվել է, որը և հատվածաբար արդեն իսկ ներկայացված է կոնսորցիումի կայքում:
Որևէ տարօրինակ և զարհուրելի երևույթ այս ամենի մեջ չկա և պետք չէ փնտրել: Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով: Այդպես եղել է և Վազգեն Առաջինի, և Գարեգին Ա, և Գարեգին Բ կաթողիկոսների պարագային: Հաշվեհամարը տվյալ կաթողիկոսի ի Տեր ննջումից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխումը: Նույնն է նաև այս հաշվեհամարի պարագան: Այս հաշվեհամարը, որ բացվել է Գարեգին Ա հայրապետության շրջանում, մատնանշված գումարով հանդերձ ժամանակին որպես Մայր Աթոռի հաշվեհամար փոխանցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Վահրամ քահանա Մելիքյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ