Եբ 5.11-6.8։ Ղկ 18.18-27։
Եբրայեցիներ
11Այս մասին մենք շատ խօսք ունենք ասելու, բայց դրանք դժուար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մէջ։ 12Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ պինդ կերակրի. 13քանի որ, ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է. 14իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ։
6 Ուստի, Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանուած ուսուցման՝ առանց վերստին հիմք դնելու մեռած գործերից ապաշխարելու, դէպի Աստուած հաւատի, 2մկրտութիւնների վարդապետութեան, ձեռնադրութեան, մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի վրայ։ 3Եւ արդ, այս բանը պիտի անենք, եթէ Աստուած թոյլ տայ. 4որովհետեւ մէկ անգամ մկրտուածների համար, – որ ճաշակեցին երկնաւոր պարգեւներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, 5Աստծու գեղեցիկ խօսքի վայելքն ունեցան եւ գալիք աշխարհի զօրութիւնները ճանաչեցին, – 6եթէ սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարութեամբ նորոգուել, որովհետեւ նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն եւ դարձեալ խաղք ու խայտառակ դարձնում. 7քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրայ թափուած անձրեւը եւ օգտակար արդիւնքներ է տալիս նրանց, որոնց համար մշակւում է, Աստծուց օրհնութիւն է ստանում։ 8Իսկ եթէ փուշ եւ տատասկ է տալիս, նա անպէտք է եւ արժանի է անէծքի. եւ նրա վախճանը այրուելն է։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
18Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 19Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած։ 20Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»։ 21Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»։ 22Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ՚ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»։ 23Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր։ 24Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն։ 25Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»։ 26Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»։ 27Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է»։