Այսպես է կոչվում այն կեղծ գիտությունը, որն ուսումնասիրում է աստղերի եւ նրանց շարժման ենթադրվող ազդեցությունը մարդկանց եւ մարդկության ճակատագրի վրա:
Աստղագուշակությունը շատ հին ծագում ունի: Այն զարգանում եւ տարածվում էր հեթանոսության մեջ: Նույնքան հին է եւ այս ուսմունքի մերժումն ու հանդիմանությունը Իսրայելի մարգարեների կողմից:
Եթե հեթանոս ազգերն ակնածում էին աստղագուշակներից եւ նրանց իմաստուն համարելով՝ շատ հարցերում հնազանդվում նրանց, ապա Իսրայելում այդ ուսմունքը համարվում էր ունայն ու վնասակար, որը հեռացնում է ճշմարիտ Աստծո հավատից եւ հանգեցնում բազմաթիվ մոլորությունների:
Երբ հեթանոս ազգերը դարձի եկան, նրանց համար բացահայտվեցին չարի խաբեությունները, այդ թվում եւ՝ աստղագուշակության ունայնությունը: Սակայն վերջին ժամանակներում այն, եւ առհասարակ սնոտիապաշտությունը, նոր վերելք է ապրում: Պատճառն ընդհանուր բարոյազրկումն է, ուղղափառ հավատի եւ քրիստոնեական գիտելիքների նվազումը:
Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան: