Մեկ օր վարպետի մոտ է գալիս մի երիտասարդ տղա և ասում.
-Ես եկել եմ ձեզ մոտ, որովհետև ինձ այնքան անպետք և խեղճ եմ զգում, որ ապրելու ցանկություն չունեմ: Շուրջբոլորս ասում են, որ անհաջողակ եմ և հիմար: Խնդրո՜ւմ եմ, օգնե՛ք ինձ:
Վարպետը, նայելով երիտասարդին, ասում է.
-Ների՛ր ինձ, բայց ես հիմա զբաղված եմ և չեմ կարող օգնել քեզ: Այս պահին մի հրատապ և կարևոր գործ ունեմ անելու:
Մինչ երիտասարդը հուսալքված հեռանում է, վարպետը կանգնեցնում է նրան և ասում.
-Եթե համաձայնես ինձ օգնել իմ գործում, ապա ես էլ ուրախությամբ կօգնեմ քեզ՝ քո գործում:
-Սիրո՛վ,- ասում է տղան՝ կրկին իրեն մերժված զգալով, քանի որ իր խնդրանքը երկրորդական էր համարվել:
-Լա՛վ, ասում է վարպետը՝ ճկույթից հանելով իր ոսկյա գեղեցիկ մատանին:
-Ձի հեծնի՛ր, գնա շուկայի հրապարակ և անմիջապես վաճառիր այս մատանին, որպեսզի ես կարողանամ պարտքս վճարել: Փորձիր որքան հնարավոր է բարձր գնով վաճառել, և հանկարծ չհամաձայնես այն վաճառել մեկ ոսկե մետաղադրամից ցածր: Այս ամենն անելուց հետո որքան հնարավոր է շուտ վերադարձիր:
Երիտասարդը վերցնում է ոսկե մատանին և գնում: Հասնելով շուկա՝ նա սկսում է մատանին առաջարկել տարբեր գնորդների և վաճառողների, ովքեր հետաքրքությամբ զննում էին այն:
Մատանին բոլորին շատ դուր էր գալիս, բայց երբ իմանում էին, որ մեկ ոսկե մետաղադրամից պակաս չեն կարող գնել, հիասթափվում էին:
Շատերը նույնիսկ ծիծաղում էին, երես թեքում, և միայն մի ծեր պապիկ սիրալիր բացատրում է երիտասարդին, որ իր ասած գինը չափից դուրս բարձր է այդ մատանու համար և, որ այն արժե մի պղնձե դրամից ոչ ավելի:
Լսելով ծերունու խոսքերը՝ երիտասարդը շատ տխրում է ու այդպես վերադառնում վարպետի մոտ:
-Վարպե՛տ, ես չկարողացա կատարել ձեր խնդրանքը,- տխրությամբ ասում է տղան,- լավագույն դեպքում ես այն կարող էի վաճառել մի քանի պղնձե դրամով, բայց մատանին շատ թանկ արժե:
-Դո՛ւ, հենց նոր շատ կարևոր խոսքեր ասացիր,- ասում է վարպետը:- Նախքան մատանին վաճառելը, մենք պետք է պարզենք դրա իրական արժեքը, իսկ այդ գործում մեզ միայն կարող է օգնել մասնագետը՝ ոսկերիչը:
-Գնա՛, նրա մոտ և պարզիր մատանու իրական արժեքը, սակայն որքան էլ գին սահմանի մատանու համար, հանկարծ չվաճառես:
Տղան հեծնում է ձին և գնում ոսկերչի մոտ:
Ոսկերիչը, մատանի երկար զննելու, կշռելուց հետո, ասում է տղային.
-Փոխանցիր վարպետին, որ այս մատանու համար ես այս պահին պատրաստ եմ վճարել 58 ոսկի: Սակայն, եթե նա ինձ ժամանակ տա, ապա ես պատրաստ եմ այն գնել 70 ոսկով:
-Յոթանասու՜ն,- ուրախացած բացականչում է տղան և մատանին հետ վերցնելով՝ գնում վարպետի մոտ:
Տեսնելով տղայի ուրախությունն ու ոգևորությունը՝վարպետն ասում է.
-Իմացի՛ր, տղաս, որ դու հենց այս մատանու նման ես՝ անգին և անկրկնելի: Ինչպես ոսկե մատանին կարող է ճիշտ գնահատվել միայն ոսկերիչի կողմից, այնպես էլ քո իրական արժեքը կարող է հասկանալ միայն «մասնագետը»: Ինչո՞ւ ես կարծում, որ ցանկացած մեկը կարող է հասկանալ ու ճշմարտապես գնահատել քեզ:
Աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=35454121806154