Ծն 4.1‐26։ Թվ 20.23‐30։ Բ Oր 34.5-12։ Հս 24.29‐33։ Ա Թգ 15.34‐16.13։ Եբ 11.1‐31։ Ղկ 20.34‐40։
ԾՆՆԴՈՑ
4 Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»։ 2Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին։ Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում։ 3Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն, 4իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից։ Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին, 5իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց։ Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց։ 6Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ։ 7Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»։ 8Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան։ 9Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»։ Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»։ 10Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ։ 11Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար։ 12Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը։ Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ»։ 13Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար։ 14Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»։ 15Տէր Աստուած ասաց նրան. «Այդպէս չէ։ Նա, ով կը սպանի Կայէնին, եօթնապատիկ վրէժի կ՚արժանանայ»։ Եւ Տէր Աստուած նշան դրեց Կայէնի վրայ, որպէսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի։ 16Կայէնը հեռացաւ Աստծու մօտից եւ բնակուեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց։ 17Կայէնը պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց Ենոքին։ Կայէնը քաղաք կառուցեց եւ քաղաքը կոչեց իր որդու՝ Ենոքի անուամբ։ 18Ենոքը Գայերիդադ անուամբ որդի ունեցաւ։ Գայերիդադը ծնեց Մայիէլին, Մայիէլը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամէքին։ 19Ղամէքն առաւ երկու կին. մէկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սէլլա։ 20Ադդան ծնեց Յոբէլին։ Սա խաշնարածների վրաններում բնակուողների նախահայրն է։ 21Նրա եղբօր անունը Յոբաղ է։ Նա է յօրինել երգն ու քնարը։ 22Սէլլան ծնեց Թոբէլին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին էր։ Թոբէլի քոյրը Նոյեման էր։ 23Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին։ Ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետեւ նա ինձ վիրաւորել եւ հարուածել էր։ 24Եթէ սպանութեան համար Կայէնից եօթն անգամ վրէժ է պահանջւում, ապա Ղամէքից՝ եօթանասունեօթն անգամ»։ 25Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց որդի, նրա անունը դրեց Սէթ եւ ասաց. «Կայէնի սպանած Աբէլի փոխարէն Աստուած ինձ ուրիշ զաւակ պարգեւեց»։ 26Սէթն ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Ենոս։ Նա յուսալով կանչում էր Տէր Աստծու անունը։
ԹՈՒԵՐ
23Տէրը Հոր լերան վրայ, Եդոմացիների երկրի սահմանի մօտ, խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 24«Ահարոնը մեռնելով թող միանայ իր նախնիների մեռելներին։ Նա չի մտնելու այն երկիրը, որ ես տուել եմ իսրայէլացիներին, որովհետեւ դուք ինձ բարկացրիք Հակաճառութեան ջրի հարցում։ 25Ահարոնին ու նրա որդի Եղիազարին ամբողջ ժողովրդի ներկայութեամբ բարձրացրո՛ւ Հոր լեռը։ 26Ահարոնի վրայից հանի՛ր նրա պատմուճանը եւ այն հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին, եւ Ահարոնն այնտեղ թող մեռնի ու միանայ իր նախնիների մեռելներին»։ 27Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրեն. նա ամբողջ ժողովրդի ներկայութեամբ Ահարոնին բարձրացրեց Հոր լեռը, 28նրա վրայից հանեց նրա զգեստները եւ դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին։ 29Ահարոնը մեռաւ լերան գագաթին, իսկ Մովսէսն ու Եղիազարը իջան լեռից։ 30Ամբողջ ժողովուրդը տեսաւ, որ վախճանուեց Ահարոնը, եւ բոլոր իսրայէլացիները երեսուն օր ողբացին Ահարոնի մահը։
ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ
5Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում, Տիրոջ խօսքի համաձայն։ 6Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը։ 7Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը խորշոմել։ 8Իսրայէլացիները Մովաբի երկրի Արաբոթ վայրում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց երեսուն օր ողբացին։ Վերջացան Մովսէսի սգոյ լացի օրերը։ 9Նաւէի որդի Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, որովհետեւ Մովսէսն իր ձեռքը դրել էր նրա վրայ։ Իսրայէլացիները հնազանդուեցին նրան եւ արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։ 10Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։ 11Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները 12Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով։
ՅԵՍՈՒ
29Եւ Իսրայէլը պաշտեց Տիրոջը Յեսուի կենդանութեան բոլոր օրերին եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Յեսուից 30յետոյ, եւ որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայէլի համար։ 31Սրանից յետոյ Նաւէի որդի Յեսուն՝ Տիրոջ ծառան, հարիւր տասը տարեկանում մեռաւ։ 32Նրան թաղեցին իր ժառանգութեան սահմաններում, Թամնասաքարում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում։ Այնտեղ, որտեղ թաղեցին նրան, որպէս յիշատակ նրա հետ դրին այն քարէ սրերը, որոնցով նա Գաղգաղայում թլփատել էր իսրայէլացիներին, երբ նրանց հանեց Եգիպտոսից, ինչպէս հրամայել էր Տէրը. դրանք այնտեղ են մինչեւ այսօր։ 33Իսրայէլացիները Եգիպտոսից հանեցին Յովսէփի ոսկորները եւ դրանք թաղեցին Սիկիմում, ագարակի այն մասում, որ հարիւր գառով առել էր Յակոբը Սիկիմում բնակուող ամորհացիներից եւ բաժին էր տուել Յովսէփին։
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա
34Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը։ 35Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում։ Եւ Տէրը զղջացել էր, որ Սաւուղին թագաւոր էր օծել Իսրայէլի վրայ։
16 Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց։ Քո եղջիւրը իւղով լցրո՛ւ, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհէմ, Յեսսէի մօտ, քանզի նրա որդիներից մէկին եմ թագաւոր ընտրել»։ 2Սամուէլն ասաց. «Ինչպէ՞ս երթամ։ Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանի»։ Տէրն ասաց. «Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛, թէ Տիրոջը զոհելու համար եմ եկել։ 3Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ՚ասեմ։ Դու կ՚օծես նրա՛ն, որին քեզ կ՚ասեմ»։ 4Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը թող խաղաղութեամբ լինի, ո՜վ տեսանող»։ 5Նա ասաց. «Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել։ Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօր»։ Նա Յեսսէին ու նրա որդիներին մաքրեց եւ զոհաբերութեան հրաւիրեց նրանց։ 6Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. «Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ է»։ 7Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. «Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել։ Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտին»։ 8Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից։ Սամուէլն ասաց. «Տէրը սրան չի ընտրել»։ 9Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. «Ոչ էլ սրան է ընտրել Տէրը»։ 10Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին. 11«Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրել»։ Սամուէլը Յեսսէին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Յեսսէն ասաց. «Մի փոքրիկ տղայ էլ ունեմ, որ ոչխար է արածեցնում»։ Սամուէլն ասաց Յեսսէին. «Մարդ ուղարկի՛ր ու բերել տո՛ւր նրան, քանզի մենք սեղան չենք նստի, մինչեւ նա այստեղ չգայ»։ 12Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան։ Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ 13Տէրն ասաց Սամուէլին. «Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ է»։ Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ օծեց նրան։ Այդ օրուանից եւ յետոյ Տիրոջ հոգին շարժուեց Դաւթի վրայ։ Սամուէլը վեր կացաւ ու գնաց Արիմաթէմ։
ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ
11 Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում. 2քանզի նախնիք հաւատո՛վ վկայութիւն ընդունեցին։ 3Հաւատո՛վ ենք իմանում, որ աշխարհներն ստեղծուել են Աստծու խօսքով՝ անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով։ 4Հաւատո՛վ էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ զոհ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար տրուեց նրան վկայութիւն Աստծուց։ Նա, թէպէտեւ հաւատով մեռաւ, սակայն խօսում է դեռ։ 5Հաւատո՛վ Ենոքը փոխադրուեց երկինք, որպէսզի մահ չճաշակի. եւ նա ոչ մի տեղ չգտնուեց, քանի որ Աստուած նրան տարել էր։ Եւ նախքան իր տարուելը, նրան վկայութիւն էր տրուել, որ ինքը հաճելի էր Աստծուն։ 6Բայց առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։ 7Հաւատո՛վ է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին, վախից բռնուած՝ իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց, որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան, որ հաւատից է։ 8Հաւատո՛վ է, որ Աբրահամը, երբ կանչուեց, հնազանդուեց եւ գնաց այն տեղը, որն ստանալու էր որպէս ժառանգութիւն. ելաւ գնաց. եւ չգիտէր՝ ուր էր գնում։ 9Հաւատո՛վ նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակուեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման. 10քանզի սպասում էր հիմքերով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստուած է։ 11Հաւատո՛վ ինքը Սառան էլ, որ ամուլ էր, որդեծնութեան սերմն ստանալու զօրութիւնը ունեցաւ եւ ծնեց առաջացած տարիքում, քանի որ հաւատարիմ համարեց նրան, ով խոստացաւ այդ բանը։ 12Ուստի մէկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնուեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը եւ անթիւ անհամար աւազը ծովի ափին։ 13Հաւատի՛ մէջ մեռան սրանք բոլորը եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ։ 14Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խօսում, յայտնի են անում, թէ մի հայրենի երկիր են փնտռում. 15քանզի եթէ յիշէին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունէին նորից դառնալու այնտեղ։ 16Յիրաւի, մի աւելի լաւ տեղ են տենչում, այսինքն՝ երկնաւոր մի վայր։ Ահա թէ ինչու Աստուած ամօթ չի համարում նրանց Աստուածը կոչուել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։ 17Հաւատո՛վ է, որ Աբրահամը, իր փորձութեան մէջ, Իսահակին որպէս զոհ մատուցեց. եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միամօրիկ որդուն էր որպէս զոհ մատուցում։ 18Աբրահամին ասուած էր, թէ՝ «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրուի»։ 19Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա յետ ստացաւ իր որդուն։ 20Հաւատո՛վ Իսահակը օրհնեց Յակոբին եւ Եսաւին՝ գալիք բաների յոյսով։ 21Հաւատո՛վ օրհնեց Յակոբը իր մեռնելու ժամանակ Յովսէփի որդիներից ամէն մէկին եւ երկրպագեց Աստծուն՝ իր գաւազանի ծայրին յենուած։ 22Հաւատո՛վ յիշեց Յովսէփը իր կեանքի վախճանին իսրայէացիների ելքը եւ իր ոսկորների վերաբերեալ պատուէր տուեց։ 23Հաւատո՛վ է, որ, երբ Մովսէսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը եւ չվախեցան թագաւորի հրամանից։ 24Հաւատո՛վ է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց Փարաւոնի դստեր որդի կոչուել. 25նախընտրեց չարչարուել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել. 26կարեւոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատութիւնը. որովհետեւ, աչքերը յառած, վարձատրութեան էր սպասում։ 27Հաւատո՛վ թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագաւորի ցասումից, քանզի համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում։ 28Հաւատո՛վ կատարեց զատիկը եւ արեան շաղ տալը, որպէսզի անդրանիկներին սպանողը չմօտենայ նրանց։ 29Հաւատո՛վ անցան նրանք Կարմիր ծովով, որպէս թէ ցամաք երկիր լինէր, մինչ եգիպտացիները, նոյնը փորձելով, խեղդուեցին։ 30Հաւատո՛վ ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք եօթը օր շրջեցին նրանց շուրջը։ 31Հաւատո՛վ է, որ անհաւատների հետ կորստեան չմատնուեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղութեամբ ընդունել էր լրտեսներին։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
34Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդու են գնում. 35իսկ նրանք, որոնք արժանի կը լինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու են գնում, 36քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծու որդիներ, քանի որ յարութեան որդիներ են։ 37Իսկ թէ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին՝ «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»։ 38Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»։ 39Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»։ 40Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել։